Wednesday 12 March 2008

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ես կարեկցում եմ Սերժ Սարգսյանին»

ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ www.Payqar.org
12.03.08

ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ըստ էության, գտնվում է տնային կալանքի տակ, մարտի 11-ի երեկոյան իր առանձնատանը ասուլիս էր հրավիրել: Ստորեւ ներկայացնում ենք նրան ուղղված հարցերը եւ պատասխանները աննշան կրճատումներով:

-Մի քիչ անհասկանալի կլիներ, թե ինչո՞ւ շուտ չեմ արել ասուլիսը, բայց սպասում էի` նախ, Սահմանադրական դատարանի որոշմանը, երեք օր էլ սպասեցի, մինչեւ գրավոր ստացա որոշումը. մինչեւ այդ որոշումը ձեռքիս չլիներ, ես չէի կարող խոսել: Հիմա այդ գրավոր որոշման մասին ես մի հայտարարություն եմ արել:

«Ս.թ. մարտի 5-ին ես Սահմանադրական դատարանի ուշադրությունը հրավիրեցի երկու իրավական հարցի վրա: Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի համաձայն` վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր գրանցվել ՀՀ նախագահի թեկնածու, այն է` եթե ունենար ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակ, եւ քանի որ Սերժ Սարգսյանը այդպիսի կարգավիճակ չուներ հետեւաբար նրա գրանցումն անօրինական է: Իսկ ըստ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածի` «Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում»: «Նախագահի ընտրություն» նշանակում է ընտրական ողջ գործընթացը` սկսած առաջադրումից մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է` Սահմանադրական դատարանի որոշումը: Ուստի, քանի որ Սահմանադրական դատարանի նիստերը կայացել են այդպիսի դրության պայմաններում, ապա ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել»:

Իմ կողմից բարձրացված այս հարցերի վերաբերյալ դատարանում իր առարկությունները ներկայացրեց պատասխանող կողմի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:Այսպիսով, Սահմանադրական դատարանն ուներ ընտրական օրենսգրքի 78.1 եւ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածների վերաբերյալ թե’ դիմող, թե’ պատասխանող կողմի կարծիքները: Ըստ այդմ, դատարանը պարտավոր էր իր վերաբերմունքն արտահայտել դրանց նկատմամբ եւ համապատասխան եզրակացության հանգել, ինչը զարմանալիորեն տեղի չունեցավ:Սա նշանակում է մեկ բան. Սահմանադրական դատարանը, իրավական փակուղու առջեւ չկանգնելու կամ անհարմար վիճակի մեջ չընկնելու համար խուսափեց անդրադառնալ անցած ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնող ամենաանառարկելի հիմքերին:

Սակայն գերադասելով անտեսել այդ հիմքերը` Դատարանն ընկավ ավելի անպատվաբեր եւ խայտառակ վիճակի մեջ. փաստորեն լռելյայն անվավեր ճանաչելով անցած ընտրությունները եւ ական դնելով Սերժ Սարգսյանի լեգիտիմության տակ: Ես այս հայտարարությունը վերնագրել եմ այսպես «Սահմանադրական դատարանը ականապատեց Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը»:
Մի երկրորդ տեղեկություն էլ իմ կողմից. ես բազմիցս հայտարարել էի, որ մենք առայժմ հարգում ենք արտակարգ դրության պայմանները, ոչ մի միջոցառում, ոչ մի զանգվածային բողոք չենք կատարել եւ ընդհանրապես, մարտի 1-ից հետո մեր կողմից իրադրությունը սրելուն ուղղված բացարձակապես որեւէ քայլ չի կատարվել: Բայց ասել էի, որ արտակարգ դրությունը վերացնելուց անմիջապես հետո մենք պիտի սկսենք մեր հանրահավաքները: Երեկ մենք դիմել էինք քաղաքապետարան` մարտի 21-ին հանրահավաքի իրազեկում տալու համար: Այսօր առավոտյան մեզ մերժել են: Մերժում կա գրավոր, ինձ հետաքրքիր էլ չէ դրա հիմնավորումը, բայց փաստ է` այսպիսի բան չի եղել ընդհանրապես: Մերժելու պրակտիկա գոյություն չունի: Կարող էին մերժել ասելով` Թատերական հրապարակը հարմար չէ, մենք ձեզ տրամադրում ենք այլ տեղ: Ուրիշ հիմք չկա: Դա էլ չեն արել` ընդհանրապես են մերժել: Սա շատ կարեւոր բան է:
ՍԴ որոշման մասին: Ի՞նչ է ստացվում: ՍԴ 19 էջանոց որոշումը մանրամասներին է վերաբերվում: Հիմնական մասը կոնստատացիա է` դիմողի եւ պատասխանողի հարցադրումների շարադրանք: Մնացածը` դատարանի վերաբերմունքը, նորից մանրամասներին է վերաբերվում. ինչ-որ տեղամասերում կատարվածի, մամուլի անհավասարության եւ այլն: Բայց այս ամբողջը նշելուց հետո, վերը նշված ամենագլխավոր երկու խնդիրը լրիվ անտեսել են: Լրիվ անտեսված են այս 2 գլխավոր խնդիրները: Ինձ համար շատ հասկանալի է: Եթե նրանք անդրադառնային այս 2 հարցին, պիտի կայացնեին մի հեղհեղուկ մեկնաբանություն, այն դեպքում, երբ այս 2 հոդվածները մեկնաբանության ենթակա չեն: Ոչ մի դատարան իրավասու չէ մեկնաբանելու այս 2 հոդվածները: Ուրեմն, կատարվել է մի մեկնաբանություն, որ արել է Դավիթ Հարությունյանը:

Բայց այնքան հեղհեղուկ է եղել նրա մեկնաբանությունը, որ դատարանը դա չի ներկայացրել որպես իր կարծիք: Ուղղակի տվել է որպես պատասխանողի կարծիք: Ասենք, կարող էր ասել` մենք համաձայն ենք Դավիթ Հարությունյանի մեկնաբանության հետ, կամ իրենց մեկնաբանությունը տալ: Եթե սա չեն արել, եթե իմ հարցադրմանը չեն պատասխանել, դա նշանակում է, որ իմ հարցադրումները ապացուցված են:

-Պարոն Տեր-Պետրոսյան, ՍԴ-ն իր որոշման մեջ այդ նկարագրական մասում նաեւ նշեց, որ ՍԴ-ն չպիտի քննի օրենսդրական վեճերը եւ ասաց, որ դրանք քննության են ենթակա վարչական դատարանում, որ դա դուք պիտի վիճարկեք վարչական դատարանում: Դա ինչպե՞ս եք մեկնաբանում:

-Գուցե զուտ ձեւական առումով նրանք շատ ճիշտ են, այդպիսի ընթացակարգ կա, որոշ հարցեր վերաբերվում են վարչական դատարանների իրավասությանը: Այսինքն, իրենք այստեղ կարող են շատ ճիշտ լինել: Նույնը Եվրոպական դատարանները, եթե բոլոր ինստանցիաները չեն անցել, չեն բողոքարկել, նրանք չեն ընդունում գործը: Այստեղ ֆորմալ առումով նա կարող էր ասել` սա ինձ չի վերաբերվում: Բայց այս 2 հարցերը միայն իրեն են վերաբերվում, ուրիշ ոչ մեկին: Ինձ համար, ասում եմ, մանրամասները կարեւոր չեն: Դրված են ամենակոնկրետ եւ ամենագլխավոր հարցերը, որոնց ՍԴ-ն չի պատասխանել, չի անդրադարձել, վերաբերմունք չի արտահայտել եւ եզրակացության չի հանգել:

-Պարոն նախագահ, ՍԴ-ն փաստացի այն վերջին իրավական ատյանն էր Հայաստանում, որտեղ կարելի էր բողոքարկել ընտրությունների արդյունքները: Սրանից հետո ի՞նչ իրավական քայլեր եք պատրաստվում անել:

-Չկա: Եվրոդատարանը չի ընդունում գործեր նախագահի ընտրության արդյունքները վերանայելու վերաբերյալ: Բայց կան ուրիշ խդնիրներ, որ կարելի է բարձրացնել, ասենք մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների իրավունքների, մարդիկ, որոնք ձայն են տվել եւ փաստորեն այդ ձայները գողացվել են նրանցից: Բազմաթիվ այլ հարցերով կարելի է դիմել ՍԴ:

-Պարոն նախագահ, այն, որ մերժեցին հանրահավաքը, արդյոք դա չի՞ նշանակում, որ իշխանությունները ցանկանում են ընդդիմության գործողությունները տանել դեպի փակուղի:

-Իհարկե: Ուրիշ ի՞նչ է նշանակում: Հենց դա էլ նշանակում է: Մենք հիմա կդիմենք հաջորդ օրվա համար` մարտի 22-ի համար, թող էլի մերժեն, կդիմենք մարտի 23-ի համար:

-Իսկ հնարավո՞ր է հանրահավաքները Երեւանից դուրս անել:

-Կա այդպիսի հնարավորություն, բայց հիմա այնպիսի երկրում ենք ապրում… Մերոնք դիմել էին Էջմիածնում, այնտեղ էլ էին արգելել: Ասացին, որ ԳԱԼԱ-ն չի հեռարձակվում, թեեւ արտակարգ դրությունը չի տարածվում Երեւանից դուրս:

-Չարտոնված հանրահավաքներ չե՞ք անելու: Եթե անընդհատ մերժեն, ի՞նչ եք անելու:

-Ինչքա՞ն պիտի մերժեն: Չեն կարող այդքան մերժել: Ուրիշ ձեւ կգտնեն: Պարզապես կերկարացնեն արտակարգ դրությունը: Իրենց պետք է 20 օր, որ մինչեւ ապրիլի 9-ը հանրահավաք չլինի: Մենք չենք պատրաստվում չիրազեկված հանրահավաք անել: Իրազեկված կլինի, կանենք:

-Հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը ինչպե՞ս եք մեկնաբանում:

-Շատ ցավալի էին այս վերջին իրադարձությունները սահմանի վրա, որովհետեւ լուրջ էին: Համենայնդեպս, ըստ արտասահմանյան աղբյուրների, զինադադարի 14 տարվա ընթացքում սրանք ամենալուրջ խախտումներն են եղել: Դա արդեն լուրջ բան է: Հիմա մոտիվների մասին չեմ ուզում խոսել: Ակնհայտ մոտիվներ կան: Հնարավոր է, որ Ադրբեջանում, ամենավերին մակարդակներում ինչ-որ մարդկանց թվա, որ Հայաստանը թուլացած է, ներքին քաղաքական լարվածությունը կոտրել է կառավարելիությունը եւ այլն: Հետախուզական բան կա այս ամենի մեջ` թեթեւ հետախուզություն անել, տեսնել, թե ինչպիսի դիմադրություն կլինի: Հնարավոր է: Խոսում են նաեւ հայկական կողմի մոտիվների մասին: Ես չեմ ուզում հիմա չեղած տեղը ենթադրություններ անել: Ասում են, որ միգուցե Հայաստանի իշխանությունները շահագրգռված լինեն Հայաստանի ներքին խնդիրներից շեղել մեր ժողովրդին: Չգիտեմ` որքանով է լուրջ: Եթե տեղյակ չեմ, ենթադրություններ ես երբեք չեմ անում: Բայց փաստն արդեն մտահոգիչ է:

-Պարոն նախագահ, կարո՞ղ եք կոնկրետացնել, շարունակելո՞ւ եք պայքարել հանուն նոր ընտրությունների եւ եթե այո, ինչ մեթոդներով:

-Ես հիմա մեկ միջոց ունեմ պայքարելու` կլինի հնարավորություն հանրահավաքներ անցկացնելու, մամուլը կբացվի, կօգտագործենք մամուլը, կօգտագործենք հանրահավաքները, բոլոր օրինական միջոցները, որոնցով մենք հնարավորություն կունենանք ժողովրդի հետ շփվելու, խոսելու, այն, ինչ արել ենք 5 ամիս: Հինգ ամիս մեր կողմից որեւէ խախտում տեղի չի ունեցել: Այդքան երթեր եղան, մեծ հանրահավաքներ, որեւէ երթի ժամանակ որեւէ մեքենա չքերծվեց, մի ապակի չկոտրվեց, այդ ի՞նչ պատահեց, որ հանկարծ մեկ օրում ժողովուրդը փոխվեց: Մի բան պատահեց` ժողովրդի վրա մահակ բարձրացրեցին, հետո տարերային բողոքներ եղան, հավաքվեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, հայտնվեցին պրովոկատորներ, սկսվեց մի պրոցես, որը կառավարելիությունից դուրս եկավ: Բայց ես վստահ եմ, որ այդ պրոցեսը հրաշալիորեն կառավարվում էր իշխանությունների կողմից: Ես այսօր էլ 100 տոկոսով վստահ եմ, որ եթե լինեն հանրահավաքներ` իրազեկված, թույլ տրված եւ իշխանությունները մահակ չկիրառեն, ոչ մի հասարակական կարգի խախտում տեղի չի ունենա:

Հիմա այն մասին, թե ինչ պիտի ասեմ ժողովրդին: Պիտի ասեմ, որ ես չեմ ընդունում այս իշխանությունների լեգիտիմությունը, պիտի բացատրեմ: Եթե կոռուպցիա է, կոռուպցիա, եթե մարդու իրավունքների խախտում է, մարդու իրավունքների խախտում է: Քաղաքական պայքար է: Կլինեն նոր հնարավորություններ, չգիտեմ` ընտրություններ` տեղական, պառլամենտական, բոլոր միջոցներով մենք պետք է պայքարենք այս իշխանությունների դեմ` քաղաքակիրթ, հասկանալի, հստակ, անզիջում: Մեր կարծիքի կամ կամքի ինչ-որ փոփոխության պարտադրանքի մենք չենք ենթարկվի, ոչ ոք Սահմանադրությամբ էլ չի կարող ստիպել մեզ փոխել մեր կարծիքը:

Դա իմ իրավունքն է: Ինչ վերաբերվում է ոչ քաղաքական լարվածությանը, դրան մենք չենք գնում:

Ոչ քաղաքական ես համարում եմ ֆիզիկական կոնտակտը` բռնություններ եւ այլն: Այդպիսի բանի մենք երբեք չենք գնացել եւ չենք էլ պատրաստվում գնալ:

-Պարոն նախագահ, անընդհատ միջազգային կառույցները ներկայացուցիչները այցելում են Հայաստան, հետո մենք ստանում ենք տարբեր հաղորդագրություններ, միջազգային մամուլը բոլորովին այլ բան է ասում, իսկ մեր մամուլը հայտարարում է, որ եկան Սերժ Սարգսյանին շնորհավորեցին եւ գնացին: Ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ:

-Դա հավատի խնդիր է: Ով ուզում է, հավատում է Սերժ Սարգսյանի պրոպագանդային, ով ուզում է` հավատում է միջազգային հանրությանը: Դա ինձ թվում է, ցույց է տալիս, թե մենք ինչ երկրի հետ գործ ունենք: Իսկապես, մարդկաց անհարմար վիճակի մեջ են դնում: Մարդիկ գալիս են, իրենց հետ մի բանի մասին են խոսում, դուրս են գալիս, այդ մարդու անունից ինչ-որ բաներ են հայտարարում: Նույնիսկ կոնֆլիկտներ…: Դուք այսօրվա Բրայզայի հայտարարությանը ծանո՞թ եք, թե ոչ: Ես չգիտեմ, թե ինչ խոսակցություն է եղել նրանց միջեւ, բայց ես տեսնում եմ ինչ-որ անձնական վիրավորվածության տարր էլ կա այդտեղ: Նրանք մի բան են խոսել, արել են լրիվ հակառակը: Ես անգամ դա եմ տեսնում այս հայտարարության մեջ:

-Իսկ ի՞նչ հետեւանք կարող է դա ունենալ:

-Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ: Գալու ենք Բրեժնեւի շրջանին, երբ մեր ժողովուրդը մեր պաշտոնական հեռուստատեսության ոչ մի ասածին չի հավատալու: Կամ հակառակն է հասկանալու: Նրանք մի բան են ասելու, հակառակն են հասկանալու: Գալու ենք այս վիճակին:

-Ըստ էության, քանի որ գնում է ուղեղների լվացման պրոցես եւ մարդիկ կամ հասարակության մեծ մասը չունեն ինտերնետի հնարավորություն, տարվում են այդ ինֆորմացիայով եւ հավատում են նրան ինչ տրվում է պետական հեռուստատեսության եթերով: Եւ նաեւ հաշվի առնելով ձերբակալվածների մեծ թիվը` դուք կարծում եք, եթե հաջողվի հետագայում ստանալ հանրահավաքի թույլտվություն, ժողովուրդ կհավաքվի՞:

-Ուղեղների լվացումն, իհարկե, նոր չէ, այս իշխանությունները 10 տարի դրանով էին զբաղված: Ալտերնատիվն էլ շատ թույլ էր: 17 հեռուստաընկերությանը դիմադրում էր ընդամենը 3-4 թերթ` ընդհանուր` 15-20 հազար տպաքանակով: Ալտերնատիվ դարձան մեր հանրահավաքները, մեր CD-ները: Դրանք շատ լուրջ ալտերնատիվ դարձան: Հիմա դա էլ կօգտագործենք, եթե հանրահավաքներ թույլ չտան: Մենք կհասցնենք ժողովրդին: Ժողովուրդն էլ սիրում է… արդեն ճաշակ է ձեւավորվել: Նույնիսկ պահանջում են` բա ո՞ւր է մեր կինոն: Ուղեղների լվանալը երբեք արդյունք չի տալիս: Ուղեղներ լվանալով հասարակությանը հնարավոր չէ խաբել: Կարող էին խաբել, եթե այս վերջին 6 ամսվա իրադարձությունները տեղի ունեցած չլինեին: Ես գտնում եմ, չգիտեմ, ինձ հետ համաձայն եք, թե չէ, այսօր մենք ունենք լրիվ ուրիշ հասարակություն, ուրիշ ժողովուրդ, քան ունեինք 6 ամիս առաջ: Ես սա համարում եմ մեր ամենամեծ նվաճումը: Իմ համակիրների, իմ թիմի հետ հրաշք ենք գործել: Մենք ստեղծել ենք նոր հասարակություն, քաղաքացիական հասարակություն, գիտակից հասարակություն, ինտելեկտուալ հասարակություն, որի հետ ուզած-չուզած, պիտի հաշվի նստեն: Այո, ձերբակալություններով կարող է փորձեն չեզոքացնել մեզ: Այսօր ամենասուր հարցը դա է: Ձերբակալությունները շարունակվում են նույն թափով: Այդ ձերբակալությունները բացառապես քաղաքական ռեպրեսիայի բնույթ ունեն: Ըստ էության, բախումների ոչ մի մասնակից չի ձերբակալվել, ձերբակալվել են միայն քաղաքական դեմքեր: ՀՀՇ վարչության 70 տոկոսն է ձերբակալված, մի մասն էլ թաքնվում են, իմ կենտրոնական շտաբից 3-ն են ձերբակալված, 3-ը թաքնվում են, իմ տարածքային շտաբների բոլոր ղեկավարները ձերբակալված են, բոլոր այն մադրիկ, ովքեր ակտիվ են եղել այս ընտրությունների ժամանակ, ձերբակալված են: Աշխարհը սա շատ լավ հասկանում է եւ սրա տակից դուրս չեն գալու: Ինչքան շատ ձերբակալեն, այնքան դժվարանալու է իրենց գործը: Իրենց թվում է, փակելո՞ւ են աչքերը: Ոչ: Քաղբանտարկյալն այսօր շատ հազվագյուտ կատեգորիա է: Քաղբանտարկյալներ աշխարհի շատ քիչ երկրներում կան: Դարն անցել է, եւ Հայաստանը չունի այն ռեսուրսները: Ասենք, Իրաքը կարող է 20 տարի սահմանները փակել, նավթ ուներ, բրինձ ուներ, յուղ ուներ, կարագ ուներ, ոչ մեկի օգնության կարիքը չուներ, կարող էր դիկտատուրա լինել: Հայաստանը չունի այդ ռեսուրսները: Ե’ւ քաղաքական հալածանքներ իրականացնի, ե’ւ մարդու իրավունքներ ոտնահարի ե’ւ ընտրությունների այսպիսի վայրագ միջոցառում իրականացնի, ե’ւ նաեւ կախված լինի ամբողջ աշխարհից. չի դիմանա: Հայաստանը դիկտատուրա հաստատելու ռեսուրս չունի: Կարող է ինչ-որ ժամանակավոր խրախճանք լինի նրանց մոտ: Բայց չեմ կարծում, նրանք խրախճանքի մեջ են այսօր: Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այսօր շատ ավելի մտահոգ են, քան մեզանից յուրաքանչյուրը, որովհետեւ իրենք հասկանում են` ինչ են արել, ինչպիսի պատասխանատվության տակ են մտել: Արյուն է թափվել, մեծ արյուն է թափվել: Այս արյան պատասխանատվությունն իրենք շատ լավ զգում են: Այո, շատ վայրագ ընտրություններ են կատարվել: Դրա գնահատականն արդեն տրվեց ԵԱՀԿ-ի այս երկրորդ զեկույցում: 1995-ից մինչեւ 2007-ի ընտրությունները բոլոր զեկույցները եթե գումարեք, այսքան խիստ, այսքան կոշտ զեկույց չի եղել: Սրանք երեւույթներ են, որ չեն կարող անտեսվել: Ինչքան շուտ իշխանությունները գիտակցեն այս բանը եւ ավելի չծանրացնեն վիճակը, այնքան լավ: Մարտի 1-ից հետո մենք իրադրությունը սրող որեւէ քայլ չենք կատարել: Իսկ նրանց բոլոր քայլերն անընդհատ գնում են դեպի սրման: Այս ձերբակալությունները… անընդհատ խոսում են երկխոսությունից, բայց անում են ամեն ինչ, որպեսզի դա խափանեն:

-Պարոն Տեր-Պետրոսյան, ես որքան հասկացա, դուք շատ հավանական եք համարում արտակարգ դրության երկարաձգումը: Կասե՞ք ինչ հիմնավորմամբ:

-Իշխանությունները երբեք էլ չեն հավատացել, որ հանրահավաքներն ինչ-որ վտանգ են ներկայացնում հասարակական կարգը խախտելու տեսանկյունից: Եթե մեզ թույլ չեն տալիս, ուրիշ պատճառով թույլ չեն տալիս: Հիմա Սերժ Սարգսյանը վերջապես ստացավ «օծություն» ՍԴ-ի կողմից: Նա ուզում է թագադրվել ապրիլի 9-ին: Հիմա ի՞նչ կստացվի, եթե հանկարծ մարտի 21-ին նորից 300 հազար մարդ կանգնի հրապարակում, ասի` Սերժիկ, հեռացիր: Դա կնշանակի, որ ժողովուրդը չի ընդունում ՍԴ-ի որոշումը: Այսինքն, ժողովուրդը չի ճանաչում այդպիսի նախագահ: Իրեն դա պետք չէ: Գոնե, ասում եմ, հասցներ մինչեւ 9-ը, հետո ինչ կլինի, կլինի: Ես նրանց շատ լավ հասկանում եմ: Աշխարհն այդպես է դատում. ինչ դատարան կուզի վճռի, ինչ դիտորդներ ուզեն` գնահատեն… եթե ժողովուրդը չի ընդունում այդ իշխանությունը, սրա հետ է հաշվի նստում աշխարհը: Ժողովուրդը հավատ չի տածում այս ընտրությունների նկատմամբ: Այդ հավատը չկա: Սա ամենակարեւոր հարցն է: Չկա, ժողովուրդը չի ընդունում, ծանր բան է Սերժ Սարգսյանի համար: Ես նրան կարեկցում եմ:

-Պարոն նախագահ, այնուամենայնիվ, քրեական գործը, որ քննչական հատուկ ծառայությունում է քննվում, այսպես է սկսվում, «Լեւոն Տեր-Պետրոսյանը…», այսինքն, ձեր անունը առաջինն է: Ինչքանո՞վ եք հնարավոր համարում, որ այնուամենայնիվ այն խոսակցությունները, որոնք շրջում են ձեզ ձերբակալելու մասին, իրակացվեն:

-Ես չեմ բացառում, որ ձեզ էլ ձերբակալեն: Չեմ բացառում այս կանխավարկածը:

-Պարոն նախագահ, միջազգային հանրությունը կարեւորում է քաղաքական երկխոսությունը: Այս պահի դրությամբ եղե՞լ է երկխոսություն սկսելու որեւէ փորձ:

-Միջազգային հանրությունը լուրջ հանրություն է: Նրանք երբեք դատարկ կոչ չեն արել: Նրանք դրել են օրակարգը` 4 կետ, եւ 5-րդը` երկխոսություն: Ես էլ ՍԴ-ում պաշտոնապես հայտարարել եմ, որ այս օրակարգով ես պատրաստ եմ հենց այս պահին, խնդրեմ, սկսենք երկխոսություն: Մեր կողմը ընդունել է, մյուս կողմը չի ընդունել: Դա դնում են մի կողմ, ինչ-որ ուրիշ վերացական բաներ են ասում` շոու, կլոր սեղան, մյուս կողմից շարունակում են ձերբակալությունները: Մեր դիրքորոշումը շատ լուրջ է: Մենք չենք հնարել, մենք չենք հուշել, Եվրամիության նախագահությունը դրել է, թե ինչ օրակարգով երկխոսություն: Մենք համաձայնել ենք: Հիմա թող Եվրամիությունը բարի լինի, տեր կանգնի իր առաջարկներին, շարունակի պնդել: Ես անընդհատ հանդիպում են նրանց հետ, ասում եմ` ձեզանից բան չենք ուզում, դուք եք ընկել թակարդը, դուք առաջարկել, տեր կանգնեք: Ասել եմ, որ դա ձեզ համար էլ է քննություն: Դրանով մենք կտեսնենք, թե դուք որքան լուրջ եք, որքան եք պնդում ձեր իսկ առաջարկը: Օրակարգի առաջին հարցն է` արտակարգ դրությունը վերացնել, բոլոր ձերբակալվածներին ազատել, ապահովել խոսքի, մամուլի, զանգվածային միջոցառումների ազատությունը եւ անցկացնել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն: Ոչ մի նշանակություն չունի` ես ընդունում եմ իշանությունների լեգիտիմությունը, թե ոչ: Իշխանությունը կա, դա քաղաքական ֆակտոր է, դա ուժ է, նշանակություն չունի` ընդունում ես, թե չես ընդունում, դու կարող ես նրանց հետ բանակցել: Աշխարհը երկար ժամանակ չէր ընդունում Յասեր Արաֆաթի լեգիտիմությունը, բայց նրա հետ խոսում էր: Աշխարհն այսօր չի ճանաչում Ղարաբաղի նախագահի լեգիտիմությունը, բայց նրա հետ խոսում է: Ոչ մի նշանակություն չունի: Եթե քաղաքական ֆակտոր կա, քաղաքական ֆակտորի հետ պետք է խոսես, պետք է հաշվի նստես: Ես չեմ ընդունելու Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, բայց դա չի նշանակում, որ ես նրա հետ չեմ խոսի: Կա մարդ, իշխանություն ունի, լծակներ ունի, ո՞նց կարող ես անտեսել: Ինքն էլ ինձ չի կարող անտեսել: Իմ հետեւում էլ ժողովուրդ կա: Առայժմ անտեսում է, ոչինչ, վաղ թե ուշ հաշվի կնստի:

-Այսինքն, այդ եվրոպական եւ ամերիկյան դիվանագետների միջնորդական ջանքերն առայժմ ապարդյո՞ւն են:

-Ես չեմ կարող ասել: Բավական բանի հասել են, ինչո՞ւ:

-Արմեն Հարությունյանի մասին Քոչարյանի ունեցած ելույթն ինչպե՞ս կգնահատեք:

-Ես չեմ ուզում գնահատել: Դուք գնահատեք: Ռոբերտ Քոչարյանն այսպիսի բնավորություն ունի. մարդը կա, աշխատում է, պաշտոն ունի, երբ իրեն տհաճ մի բան է ասում, 2-րդ օրը նա կարող է գոյություն չունենալ: Ջհանգիրյանը մի հայտարարություն արեց, մի րոպե հետո գործից ազատեցին, մի օր հետո էլ ձերբակալեցին: Տասը դիվանագետ հայտարարություն արեցին, նույն պահին նրանք հեռացվեցին աշխատանքից` քիչ էր, Սահմանադրության խախտումով նրանց կոչումներից էլ զրկեցին: Արմեն Հարությունյանը կարող էր 100 տարի էլ աշխատել, եթե այսպիսի հայտարարություն չաներ: Լարիսա Ալավերդյանը դրանից առաջ մի երկու բան ասաց, վերջացավ: Հիմա դուք վաղը մի բան կասեք, դուք էլ կվերջանաք: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանն ամեն օր ապացուցում է այն, ինչ ես 5 ամիս ուզում էի ապացուցել ժողովրդին:

-Այս վիճակի լուծումը դուք ինչպե՞ս եք պատկերացնում:

-Երբ որ կստացվի, մենք մեր հանրահավաքը կանենք, կխոսենք ժողովրդի հետ:

-Այսինքն, դուք այսօր խնդիր տեսնում եք միայն հանրահավաքների՞ միջոցով:

-Ուրիշ միջոցները դուք ասեք, ես ասացի` թերթերի միջոցով, հանրահավաքի միջոցով, կտան հեռուստատեսություն, հեռուստատեսության միջոցով: Ես դա էլ եմ ասել մի անգամ: Միջնորդներին ասացի` չե՞ք ուզում հանրահավաք, խնդրեմ, տվեք ինձ հնարավորություն ամեն օր կես ժամ խոսել ժողովրդի հետ, դա ինձ համար ավելի լավ է: Ամեն օր էլ պետք չէ, ես շաբաթը մեկուկես ժամ ուղիղ եթերով խոսեմ ժողովրդի հետ: Ի՞նչ եք ուզում, ասում եք` չեք ուզում զանգվածներ հավաքվեն: Շատ լավ, ես էլ չեմ ուզում, մեղք է ժողովուրդը, տանը կխոսեմ: Ասել եմ:

-Դուք ասացիք, որ Հայաստանը ռեսուրս չունի բռնապետական երկիր կառուցելու համար եւ նաեւ անդրադարձաք միջազգային դիտորդատական առաքելության միջազգային զեկույցի գնահատականներին: ԵԱՀԿ գործող նախագահն ասաց, որ վերջնական զեկույցն ավելի խիստ է լինելու: Ի՞նչ եք կարծում, դրան կոնկրետ պատժամիջոցներ կարո՞ղ են հետեւել:

-Բազմաթիվ պատժամիջոցներ կան արդեն: Ուրիշ երկրների հանդեպ կիրառված են: Ասենք, Եվրամիությունը, Եվրոպառլամենտը չընդունեց Ալբանիայի ընտրությունները, չճանաչեց Բելառուսի ընտրությունները, նրանց պատվիրակություններին զրկեցին Եվրոպառլամենտում, Եվրախորհրդում ձայնի իրավունքից, մանդատից: Կան հետո ռեզոլյուցիաներ, նույնիսկ վիզաներ…: Բելառուսի նկատմամբ վիզաների սահմանափակում կիրառեցին: Եթե ուզեն, ինչ ասես, կարող են անել: Ես չգիտեմ, թե հիմա ինչ կանեն: Ես եվրոպացիների մտադրությունների մեջ չեմ թափանցում: Մինչեւ հիմա, իհարկե, դժգոհություններ արտահայտել եմ, բայց մարդիկ գործ էլ արեցին: Այսինքն, այնպիսի գնահատականներ են տվել, որ դրանից ետ նահանջել չեն կարող: Եթե չավելացնեն քննադատության դոզան, այլեւս ետ գնալու տեղ չունեն:

-Իշխանությունները փորձում են տարբեր պաշտոնյաների մակարդակով հայտարարություններ անել եւ ասել, որ մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուն դուք եք:

-Վերագրել ինչ ասես կարող են: Վերագրելով 20 միլիոն մարդ Սիբիրում կործանեցին: Բայց ոչ միայն ես, մեր այս ամբողջ շարժումը, այս բռնությունների մեջ, այս բախումների մեջ որեւէ պատասխանատվություն չունենք: Դա ամենաէլեմենտար բանն է, որ նրանք իհարկե պետք է փորձեն մեզ վրա բարդել: Կհաջողվի, կհաջողվի, դրանից էլ չենք վախենում: Ես ասել եմ, ոչ ոք չի կարող իմ առջեւ որեւէ պահանջ դնել, թե ես որեւէ օրենք եմ խախտել: Հինգ ամիս բացարձակապես չի խախտվել, այո, փետրվարի 21-ից հետո մենք անցկացրել ենք չիրազեկված հանրահավաքներ: Եթե սրա համար պատիժ է հասնում, ես պատրաստ եմ կրել այդ պատիժը: Դրա պատիժը գիտե՞ք ինչ է, 300-400 դոլար տուգանք. Գորբաչովը 88-ին 2 անգամ ինձ տուգանել է:

-Պարոն նախագահ, դուք իրադարձությունների նման ընթացք կանխատեսո՞ւմ էիք մինչեւ հանրահավաքային շարժում սկսվելը:

-Չէ, ես չէի կանխատեսել այսպիսի բան եւ հանրահավանքներից մեկում ասել եմ, հիմնավորել եմ, ռացիոնալ հարթության վրա ես չէի պատկերացնում, որ այսպիսի բան հնարավոր է: Ռոբերտ Քոչարյանը գնացող նախագահ է եւ իրեն բացարձակապես պետք չէր այսպիսի բանի տակ մտնել, իսկ Սերժ Սարգսյանն էլ եկող նախագահ էր, նրան պետք չէր սրանով սկսել իր 5 տարվա իշխանությունը: Ես մոտեցել եմ մեր երկրին ռացիոնալ կատեգորիաներով, այստեղ կարող եք ասել, ես սխալվել եմ: Մեր երկիրը շատ ավելի վայրագ է, քան իրեն կարելի էր այդ կատեգորիաներով դատել: Համարեք, որ սխալվել եմ: Ես ավելի լավ պատկերացում եմ ունեցել այս մարդկանց մասին, քան նրանք կան:

-Պարոն նախագահ, մարտի 1-ի իրադարձություններից հետո միջազգային գրեթե բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների աննախադեպ ուշադրությունն ինչո՞վ է բացատրվում:

-Որովհետեւ աննախադեպ վայրագություն է կատարվել Հայաստանում: Եթե այսպիսի ընտրություն չլիներ, եթե դրանից հետո էլ այս արյունահեղությունը չլիներ, իհարկե, այդպիսի ուշադրություն էլ չէր լինի: Աննախադեպ վայրագություն է կատարվել այս երկում: Ո՞նց կարող էր դա չնկատվեր:

-Պարոն նախագահ, եթե ձեր հանրահավաքը արտոնեն եւ կրկին դրվի նույն պահանջը` կամ պահպանության ծառայությունից հրաժարվել կամ տանից դուրս չգալ, դուք ի՞նչ որոշում կընդունեք:

-Այդպիսի պահանջը, նախ, անօրինական է: Ոչ ոք այդպիսի պահանջ չի կարող դնել իմ առջեւ: Դա օրենքն է սահմանել, եթե ես անգամ դուրս գամ մենակ, ինձ պիտի ձերբակալեն, բերեն հետ եւ միայն պահպանությամբ թողնեն: Այդ ինչի՞ համար է օրենքը; Դա ոչ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդպիսի առաջարկ անել, ոչ նրա զորքերի հրամանատարը: Օրենքը նրանցից վեր է: Օրենքն ինչի՞ համար են սահմանել` մի քանի պատճառով; Նախ, ես գաղտնիք կրող եմ: Պատկերացրեք, ադրբեջանական հետախուզությունն ինձ վերցնի, ինչքա՞ն գաղտնիքի կրող եմ ես: Երկրորդ, լավ, ես դուրս եկա մենակ, ոչ մի քաղաքական բան չէ, մի խուլիգան կամ մի շիզոֆրենիկ մի բան անի, դա պետության հեղինակության խնդիր է: Հետո Ռոբերտ Քոչարյանի, ներողություն, երեսին են թքելու, թե դու ինչպես կարող էիր նախկին նախագահին այդպես… Դա երկրի պատիվն է, իր պատիվն է: Ծիծաղելի բաներ են անում, որ չարժեր անգամ մեկնաբանել: Եթե ես անգամ ուզենամ էլ մենակ դուրս գալ, ինձ պիտի ձերբակալեն, թույլ չտան:

-Տասն օր առաջ, երբ օպերայի ջարդն էր տեղի ունեցել, դուք ասացիք, որ 10 օր չեն դիմանա, հրաժարական կտան: Դրան հետեւեցին ավելի վայրագ գործողություններ: Հիմա ի՞նչ եք կարծո՞ւմ, հրաժարական կտա՞ն, ե՞րբ, ի՞նչ պայմաններում:

-Դա ոչ մի նշանակություն չունի. մի երկու շաբաթ, 10 օր, 20 օր: Ես մի բան գիտեմ, ստեղծվել է մի այնպիսի հասարակություն, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չեն կարող կառավարել այս հասարակությունը: Չեն կարող: Կարող է, Սադամ Հուսեյնի մեթոդներով, բայց դա էլ ռեսուրսներ է պահանջում: Այդ ռեսուրսները Հայաստանը չունի: Հայաստանը պիտի այս բանն անի, մյուս կողմից Հազարամյակի մարտահրավերների ծրագիրն են դադարեցնելու: Չեն տալու այդ փողը: Վաղը չգիտեմ, ամերիկյան օգնություններն էլ կարող են կրճատվել: Չունի ռեսուրս այս երկիրը: Կամ, կամ:

-Պարոն Տեր-Պետրոսյան, եթե Հազարամյակի մարտահրավերներից զրկեն, եթե նույնիսկ այդ գումարները չտան, ձեր կարծիքով, այդ դեպքում կհրաժարվե՞ն իշխանությունները պաշտոններից, թե՞ էլի կշարունակեն պաշտոնավարել թեկուզ առանց այդ գումարների, թեկուզ ժողովրդի շատ ծանր սոցիալական պայմաններում:

-Բայց թելը մի օր կտրվում է, չէ՞: Կարող է փորձեն դա անել, բայց ինչքա՞ն: Մի օր կկտրվի: Հայաստանում դիկտատուրա չի կարող լինել: Փորձեն, չի ստացվի: Ուղղակի վատ կլինի, որ անշրջելի բաների կարող են բերել: Եթե իրենք էլ ռացիոնալ մտածեին, այսքան չէր խորանա:

-Ձեր աղբյուրների միջոցով որեւէ այլ տեղեկություն ունե՞ք զոհերի մասին:

-Չունեմ: Փորձում ենք ճշտումներ անել: Հիմա ասված է պաշտոնապես: Ութը քի՞չ է: Եւ բացարձակապես անհարկի, ժողովուրդն ի՞նչ էր անում: Միտինգ էր անում: Ես այլ մեխանիզմ էլ էի առաջարկել: Լավ է, Քոչարյանն էլ հաստատեց, որ ես իր հետ խոսել էի գեներալի միջոցով: Կարող է դա էլ չասեր: Շատ պարզ միջոց էր, բայց իրենց պետք չէր այդպիսի մեծ միտինգների պայմաններում Սահմանադրական դատարանի նիստ անել: Սա արեցին, որ արտակարգ դրություն հայտարարվի, ՍԴ-ն այդ պայմաններում վճիռ կայացնի: Եւ հասան իրենց նպատակին: Բայց սա վերջը չէ:

-Դուք զոհերի մասին ե՞րբ իմացաք:

-Միայն դատախազի հայտարարությունից հետո: Այդ գիշեր, երբ Քոչարյանն արտակարգ դրություն մտցրեց, խոսում էր ընդամենը, որ 8 ոստիկան հրազենից վիրավորվել են: Ես 3 անգամ Քոչարյանի հետ բանակցել եմ` գնալ այնտեղ ցրել հանգիստ: Եթե դա չեղավ, ինձ վերջին անգամ ժամը 22-ի մոտերքն էր, դեռ արտակարգ դրություն չէր հայտարարվել, ինձ տեղյակ պահեցին, որ այլեւս ոչ մի կոմպրոմիս, նրանց պիտի ցրենք, դա հաստատեցին նաեւ 9 դեսպանները, որոնք գնացել էին նախագահական նույն առաջարկով: Նրանց էլ Արմեն Գեւորգյանն էր ասել` ոչ մի կոմպրոմիս, պիտի ցրենք: Դրանից հետո, երբ լսեցի, որ Քոչարյանն էլ արտակարգ դրություն հայտարարեց, ես կապի մեջ էի, իմացա, որ այնտեղ քիչ մարդ է մնացել` 4-5 հազար մարդ, որ սպասում էին, ես հասկացա, որ մի նոր ջարդ է լինելու: Այդ ժամանակ ես զանգահարեցի այնտեղ, Արամ Սարգսյանին ասացի, որ իմ անունից փոխանցի, խնդրեցի, ժողովուրդը հասկացավ, մեծ մասը գնաց Արամի հետ: Այնտեղ մնացել էր մի 200-300 հոգի, նրանց էլ համոզում էր Նիկոլը, նա էլ միկրոֆոնով ասում էր իմ բառերը, այդտեղ էլ ահագին մարդ պոկվեց, ասում է` մնացել էր 50-60 հոգի, նրանց էլ մեկ առ մեկ համոզել, տարել են:

-Պարոն Տեր-Պետրոսյան, Վեհափառը ձեր մոտ ե՞րբ է եկել, ո՞ր ժամին:

-Կարծում եմ, ժամը 14-ին, 15-ին, երբ արդեն շատ ժողովուրդ էր կուտակված, դեռ բախումները չէին եղել: Բայց կրկեսից մինչեւ Մաշտոց արդեն լիքը լցված են եղել: Մինչեւ իմ դարպասն է եկել:

-Իսկ հնարավո՞ր է, որ եթե ձեր հանդիպումը լիներ, բախումը չլիներ:

-Բայց բախումը մեզ հետ ի՞նչ կապ ուներ: Ժողովուրդն արդեն հավաքվել էր, ես էլ լավ միջոցն առաջարկում էի: Ես ասեմ, թե Վեհափառին ինչու չեմ ընդունել: Շատ պարզ պատճառով, որ սխալ հասցեով էր եկել: Նա պիտի նրա դուռը գնար, ասեր` ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես անում, եղբայր:

--> download / բեռնաթափել word (zip) 36KB

No comments: