Saturday 8 March 2008

ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ 07.03.08

ընդհատակյա թերթ
www.Payqar.net
07.03.08

Խիստ շեշտադրումներ

Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը երեկ շարունակում էր մնալ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:ՀՀ-ին վերաբերող հոդվածներ էին տպագրվել «Նյու Յորք Թայմս», «Ֆայնենշլ Թայմս», եւ մի շարք այլ համաշխարհային հեղինակություն ունեցող թերթերում: Հայաստանից հատուկ ռեպորտաժ էին տարածել նաեւ «Ռոյթերը», «BBC»-ին, «Ասոշիեյթիդ Փրես»-ը եւ այլն: «Այն բանից հետո, երբ Հայաստանի ընդդիմությունը սկսեց պայքարել անցյալ ամիս կայացած նախագահական ընտրությունների կեղծիքների դեմ, իշխանությունը երկրում դաժան արտակարգ դրություն մտցրեց: ԱՄՆ նախագահ Բուշը եւ Արեւմտյան մյուս լիդերները պետք է հասկացնեն Հայաստանի իշխանություններին, որ այդ պահվածն անընդունելի է եւ կարող է խաթարել Հայաստանի հետ հետագա հարաբերությունները»,-գրել էր «Նյու Յորք Թայմս»-ը, որտեղ նաեւ նշված էր, որ ականատեսները թերթի թղթակցին պատմել են, որ անցյալ կիրակի իշխանության ներկայացուցիչները զենքեր եւ պայթուցիկներ են տեղադրել քնած ցուցարարների շարքերում, այնուհետեւ հայտարարելով, թե ցուցարարները պատրաստվում են գրոհի, ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրա: «Հաջորդ օրը գործող նախագահը տանկերը հանեց փողոց, արգելեց հանրահավաքները եւ հրամայեց ՀՀ ԶԼՄ-ներին հրապարակել միայն իր կառավարության տրամադրած տեղեկատվությունը»,-շարունակել է թերթը: «Նյու Յորք Թայմս»-ը գրում է նաեւ, որ Ջորջ Բուշը պետք է բարձրաձայն արտահայտվեր Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչը ավելի ազդեցիկ կդարձներ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը: Գրեթե նույն շեշտադրումներով են հանդես եկել նաեւ արեւմտյան վերը նշված թերթերը:


Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Պրեսկոտին եւ Բրայզային

Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի խմբակցությունների հետ:«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի, խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանի եւ Վարդան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ Պրեսկոտն անդրադարձել է նախընտրական շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հանդիպմանը եւ նշել, որ նրա տեղեկացմամբ, այդ շրջանում արդեն ստեղծվել էր լուրջ իրավիճակ` կապված խոսքի ազատության եւ մարդու իրավունքների հետ: Ներկայացնելով հետընտրական իրավիճակի վերաբերյալ իր տպավորություններն ու մտահոգությունները` Պրեսկոտն անհրաժեշտ է համարել երկխոսության ծավալումը եւ հավաստիացրել, որ դրա համար եվրոպական միջազգային կառույցները կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները: ԵԽԽՎ-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ է համարել արտակարգ դրության պայմաններում որոշ սահմանափակումների կրճատումը, բաց եւ հրապարակային քննության անցկացումը, ինչը եւս կնպաստի հասարակության վստահության բարձրացմանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է հետընտրական զարգացումներին եւ կարեւորել տարբեր մակարդակներում երկակի ստանդարտների կիրառման բացառումը: Նա ներկայացրել է նախընտրական եւ հետընտրական իրադարձությունները եւ նկատել, որ ներկայումս Սահմանադրական դատարանում ընթացող դատաքննությունը կատարվում է արտակարգ դրության պայմաններում, ինչը չի կարող օրինական համարվել եւ հասարակության մեջ կխորացնի դատական համակարգի նկատմամբ անվստահությունը: «Ժառանգության» ղեկավարը կարծիք է հայտնել, թե քիչ բան է արվում երկխոսություն ծավալելու համար. մասնավորապես, տրվում է միակողմանի տեղեկատվություն, ձերբակալվում են բացառապես ընդդիմության ներկայացուցիչները: Րաֆֆի Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ Ջոն Պրեսկոտի այցը կնպաստի երկխոսության ծավալմանը:Իսկ երեկոյան էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ-ի պետքարտուղար տեղակալի օգնական Մեթյու Բրայզային եւ ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզե‎ֆ Փենինգթոնին: «Ժառանգություն» կուսակցության տրամադրած հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին առնչվող մարտահրավերները:

Այնուհետեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը Մեթյու Բրայզայի հետ են հանդիպել նաեւ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանը եւ Ստեփան Սաֆարյանը: Պատգամավորները ներկայացրել են նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված լարվածության լիցքաթափման վերաբերյալ իրենց մոտեցումները:

Ասենք, բոլորին ազատազրկեցին, հետո՞

«Մենք ոստիկանության տեսանյութերում տեսնում ենք, որ առանց որեւէ անձանագրություն կազմելու, առանց ընթերակաների, առանց համապատասխան ձեռնոցների եւ այլն, ոստիկանները ձեռք են տալիս Ազատության հրապարակում գտնվող զենք զինամթերքին:Այսինքն, եթե դրանք իրեղեն ապացույցներ են, ապա քրեական դատավարության մեջ կան հստակ չափանիշներ, թե ինչպես պետք է այդ իրեղեն ապացույցները հավաքվեն, ինչ որոշման հիման վրա, ինչ կարգով: Փաստացի, ոստիկանն իր ձեռքով ձեռք է տալիս զենքին: Հիմա ինչպե՞ս կարող է արտաքին դիտորդը համոզված լինի, որ այդ գործընթացը տեղի է ունեցել օրենքի սահմաններում, տեղի է ունեցել իրավաչափ, տեղի է ունեցել իրապես ինչ-որ հանցագործություն բացահայտելու եւ կանխելու համար: Ես կարող եմ որպես արտաքին դիտորդ ասել, որ այս զենքերը ինչ-որ մեկի կողմից, հենց նույն իրավապահների կողմից, կարող է բերել էին եւ այդտեղ տեղադրել»,- երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նաեւ հայտարարել է, որ որեւէ անձի կարելի է բերման ենթարկել ոստիկանություն միայն որեւէ քրեական գործի շրջանակներում: Այնինչ արդեն փետրվարի 19-ից հետո եւ 19-ին էլ ներառյալ, Լեւոն Տեր-Պետրոսյանի բազմաթիվ վստահված անձինք, դիտորդներ, համախոհներ անհետացել են եւ գտնվել են ոստիկանության բաժանմունքներում: Մարտի 1-ի առավոտյան, ժամը 8-11.30-ը Զարուհի Փոստանջյանն ականատես է եղել, թե ինչպես են ծեծված, արյունահոսող վերքերով մարդկանց բերում ոստիկանության բաժանմունք, հետո բաժանմունքից սեփական համարանիշներով մեքենաներով տանում էին հայտնի չէ, թե ուր: «Այնտեղ կար անչափահաս, 10-12 տարեկան երեխա: Մինչդեռ օրենքն ասում է, անչափահաս երեխային, հղի կնոջը բերման ենթարկելու իրավունք չունեն: Ինչպես էր այդ երեխան` ծեծված վիճակում այնտեղ հայտնվել, ո՞ւր տարան այդ երեխային, բացարձակ պարզ չէ»- հարցրել է պատգամավորը: Նա ասել է նաեւ, որ տեսել է, թե ինչպես են բազմաթիվ ծեծված մարդիկ, արյունահոսող վերքերով դուրս հանվում ոստիկանության բաժանմունքից: Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը համապատասխանում ԵԽ-ի առաջ ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին, Զարուհի Փոստանջյանն ասել է, որ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը մենք պարտավոր էինք եվրոպական կոնվենցիայի 15 հոդվածի համաձայն, անհապաղ այդ մասին տեղյակ պահել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, քանի որ մենք վավերացրել ենք այդ կոնվենցիան: Ընդ որում, ըստ տիկին Փոստանջյանի, դա պետք է արվեր ոչ թե 1 էջի վրա, այլ դա պետք է լիներ հստակ հիմնավորված փաստաթուղթ, թե որն է արտակարգ դրություն մտցնելու հիմքը: Դա, սակայն, չի արվել: Այսինքն, այդ պահին, ըստ պատգամավորի, խախտվել են կոնվենցիայի մի շարք հոդվածներ: Բացի այն, որ ԵԽ գլխավոր քարտուղարին այդ մասին տեղյակ չի պահվել, նաեւ անհիմն կասեցվել է որոշ լրատվամիջոցների գործունեությունը: Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ այն ընտրություններից հետո, որոնք տեղի ունեցան փետրվարի 19-ին, հասարակության լայն շերտերը չէին կարող դուրս չգալ փողոց եւ իրենց դժգոհությունը չհայտնել: Մարդիկ հասկանում էին, որ իրենց իրավունքները կոպտորեն ոտնահարվել են եւ չէին կարող լռել: Այն հարցին, թե արդյո՞ք միջազգային ճնշումները բավարար են, որ այսօր իշխանությունների կողմից մարդկանց վրա կիրառվող ճնշումները կանխվեն, պատգամավորը պատասխանել է,- «Մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, եւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ենթարկվել են բռնությունների ու ապօրինությունների, պետք է հետամուտ լինեն եւ մինչեւ վերջ իրավական հարթության մեջ իրենց բողոքները տեղ հասցնեն»: Ըստ նրա, բավական շատ նյութ կա, որ իրավապահ մարմինները թե’ մարտի 1-ի առավոտյան, թե երեկոյան չեն գործել օրենքի շրջանակներում: Այսինքն, երբ առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է բռնություն, որեւէ հիմք չի եղել դրա համար: «Նրանք կիրառել են նաեւ էլեկտրաշոկ: Ու քնած կնոջ, երեխաների նկատմամբ նման ձեւով կիրառված ուժը, բնական է, պետք է զայրույթ առաջացներ: Բայց իշխանությունն ուներ ջրցան մեքենաներ, գոնե դա օգտագործեին, ոչ թե զենք: Մահտեսյանն ասում է` հրազեն չի կիրառվել: Բայց 8 զոհվածներից առնվազն մեկին ես գիտեմ, որ հրազենից է մահացել: Այսինքն, արդեն ոչ լիարժեք տեղեկատվություն են տալիս, որն իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:

«Ժառանգություն» կուսակցությունն այժմ զբաղված է մարտի 1-ի զոհերի իրական թիվը ճշտելով: Դա, սակայն, բավական բարդ գործ է, քանի որ իշխանությունների կողմից ամեն կերպ փորձ է արվում այդ թիվը գաղտնի պահել: Ի դեպ, այս օրերին իրավապահ համակարգում այնպիսի խայտառակ իրավիճակ է տիրում եւ այնքան մարդու են փաստացի անազատության մեջ պահում, որ անգամ իրենք չգիտեն, թե որ քննիչը որ գործով է զբաղվում: Իսկ փաստաբաններին էլ օրերով թույլ չեն տալիս տեսակցել իրենց պաշտպանյալների հետ: Մի խոսքով, ըստ պատգամավորի, ամբողջ այս նախաքննությունը բավական տարերային բնույթ է կրում, քանի որ իշխանությունների մոտ խուճապային վիճակ է ու հենց այդ խուճապն էր պատճառը, որ նրանք գնացին բռնությունների: «ՀՀ-ում նախագահի պաշտոնում պաշտոնավարող անձն իրեն հռչակել է Սադամ Հուսեյն: Ես այդպես եմ գնահատում, որովհետեւ արտակարգ դրությունը մտցվել է կոնվենցիայի խախտմամբ: Եթե նման պայմաններում արձակվում է հրամանագիր, որով փակվում են ԶԼՄ-ներ, տեղի են ունենում զանգվածային բռնաճնշումներ, մարդու իրավունքների սահմանափակում, զանգվածային ձերբակալություններ ու կալանավորումները, ահաբեկում, նախ, այդ ամենի համար պետք է պատասխան տա հրամանագիր տվողը: Ինչքա՞ն կարող են այսպես պահել: Որքա՞ն մարդ պիտի ազատազրկեն: Յուրաքանչյուր ազատազրկված անձ իր հետեւից ունի մի մեծ բանակ, որոնք նույնպես դառնում են մի հսկայական զանգված, որոնք նույնպես դեմ են այդ գործողություններին: Ասենք, բոլորին ազատազրկեցին, հետո՞: Նրանք ընտրել են մի ճանապարհ, որը նախապես դատապարտված է: Լավ, մենք մեկ ամիս հետո ինչպե՞ս ենք ապրելու: Հրամանագիր ստորագրողը չի գնահատել, թե ինչ հետեւանքներ է այն ունենալու»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:


Դիմելու են Եվրադատարան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարել է, որ իրենք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:Այս մասին տիկին Փոստանջյանը հայտարարել է այն բանից հետո, երբ լրագրողները նրան հարցրել են, թե ինչու այն գիշերը, երբ Քոչարյանն ԱԺ-ին նախագիծ էր ներկայացրել Երեւանում արտակարգ դրություն մտցնելու մասին, «Ժառանգություն» խմբակցությունն այլ նախագիծ չի ներկայացրել: «Այդ պահին եթե մենք որեւէ նախագիծ ներկայացնեինք, միեւնույն է, որեւէ ազդեցություն չէր ունենալու: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք գնալ ուրիշ ճանապարհով: Մենք ներկայումս պատրաստում ենք բողոք` միանգամից դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվրոպական դատարանն ունի նման ընթացակարգ, որը նման իրավիճակներում նախատեսում է միանգամից դիմել այնտեղ, երբ որեւէ երկրի պետական մեխանիզմներն արդյունավետ չեն»,- ասել է Զարուհի Փոստանջյանը: Նրա կարծիքով, այս ճանապարհով պայքարն ավելի արդյունավետ կլինի, քան եթե իրենք Աժ-ին նախագիծ ներկայացնեին, որը, միեւնույն է, չէր անցնելու, որովհետեւ, ըստ նրա, մենք ունենք ԱԺ, որը շատ հեշտ ու հանգիստ, առանց որեւէ իրավական ու բարոյական հիմքերի կարողացավ հանձնել 4 պատգամավորների: Խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող պատգամավորների մասին է` Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի եւ Խաչատուր Սուքիասյանի, որոնց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: «Դատախազի նման միջնորդագրի դեպքում մեր պատգամավորները նման քայլի չպետք է դիմեին եւ չպետք է հանձնեին մեր այդ 4 գործընկերներին»,- երեկ ասել է Զարուհի Փոստանջյանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը Երեւանում հայտարարված արտակարգ դրության հրամանագրի օրինականությունը վիճարկելու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց կուղարկի, ըստ ամենայնի, արդեն վաղը:

Դիմելու են Հաագա

Խիստ հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ ֆրանսահայ մի շարք փաստաբաններ պատրաստվում են դիմել Հաագայի դատարան` պատասխանատվության ենթարկելու Ռոբերտ Քոչարյանին:Արդեն Քոչարյանի դեմ պատրաստվում է գործ` կապված 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ:


«Սպեցնազի» հագուստ` թիկնապահներին

Ըստ Գրիգոր Լուսավորիչ փողոցի եւ դրա մոտակայքի բնակիչների, ովքեր իրենց պատշգամբներից ականատես են եղել մարտի 1-ի գիշերվա դեպքերին, այդ փողոցներում են գտնվել զինված բազմաթիվ մարդիկ Ազգային անվտանգության ծառայության «սպեցնազի» համազգեստով:«Սպեցնազի» շորերով այդ մարդկանց հագին, սակայն, եղել են տարբեր կոշիկներ: Իսկ ինչպես հայտնի է, «սպեցնազի» համազգեստն առանձնանում է եւ բոլորը կրում են միեւնույն ձեւի համազգեստ ու կոշիկներ: Արդեն հավաստի տեղեկություններ կան այն մասին, ԱԺ պատգամավորներ Լֆիկ Սամոյի, Ալյուր Լյովիկի եւ մի քանի այլ մականունավոր պատգամավորների թիկնազորին բաժանվել է «սպեցնազի» հագուստ եւ հենց նրանք են կրակել ժողովրդի վրա: Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ «դեպքի» վայրում է եղել նաեւ անձամբ Ալյուր Լյովիկը:


3-ի վիճակը ծանր է

Ըստ REGNUM գործակալության տվյալների, մարտի 1-ի հայտնի դեպքերից տուժածներից 3-ը գտնվում են շատ ծանր վիճակում:Նրանցից մեկը կրիտիկական վիճակում է, եւ գտնվում է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի վերակենդանացման բաժնում, մյուս 2-ը գտնվում են «Արմենիա» հանրապետական-կլինիկական հիվանդանոցում:


Ինտենսիվ հանդիպումներ

Մարտի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսսովը, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուզենբերգերը և այլ անձինք:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը` հիմնված ԵՄ Նախագահության մարտի 4-ի հայտարարության վրա, որը, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը հավաստել է Սահմանադրական դատարանում ունեցած իր ելույթում, նա ընդունում է ամբողջությամբ և համարում իրավիճակից դուրս գալու լավագույն առաջարկը:

Մարտի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգտոնը, ԱՄՆ Դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին իրավիճակի կարգավորման հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև վերջին օրերին շփման գծում արձանագրված զինադադարի խախտման դեպքերին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը:


փորձում են չձանձրանալ

Երեւանի փողոցներում հանդիպող զինվորականների թիվը, կարծես, չի նվազում: Նրանք, որ հիմնականում երիտասարդ տղաներ են, արդեն քանի օր է իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են դրսում` անիմաստ հերթապահության կանգնելով:Դա, իհարկե, առանձնապես հետաքրքիր զբաղմունք չէր լինի, եթե գոյություն չունենար աղջիկների հանգամանքը:

Զինվորական երիտասարդները ժամանակն անտեղի չեն անցկացնում եւ շատ ուշադիր զննում են իրենց կողքով անցնող աղջիկներին: Եւ եթե հանկարծ նկատում են, որ իրենցից որոշակի հեռավորության վրա գտնվող ընկերը բաց է թողնում այդպիսի տեսարանը, անմիջապես ձայն են տալիս նրան: Որոշ ոստիկաններ, եթե կա այդպիսի հնարավորություն, փորձում են իրենց ձանձրույթը մեղմել երաժշտություն լսելով, որը միացնում են իրենցից մի քիչ հեռու կանգնած եւ իրենց պատկանող ավտոմեքենայում: Իսկ մայրաքաղաքի բնակիչները, որոնք գործի բերումով, ասենք` տրանսպորտի սպասելիս, ստիպված են լինում երկար կանգնել զինվորականների հարեւանությամբ, սկսում են մեկը մյուսին հարցնել. «Էս էրեխեքի՞ն ինչու են էստեղ բերել կանգնեցրել»: Նշենք նաեւ, որ գնալով արդեն սովորական է դառնում զինվորների եւ նրանց հարազատների հանդիպումների տեսարանները: Իրենց զինվորի համար հարազատները նաեւ ուտելիք են տանում: Ի դեպ, տեղեկություններ կան, որ մարտի մեկի իրադարձությունների ժամանակ էլ զինվորները, որոնք ժամեր շարունակ շրջափակման օղակի մեջ էին պահում ցուցարարներին, զանգահարել են տուն եւ խնդրել, որ իրենց ուտելիք բերեն:


ԱՄՆ-ի վերաբերմունքը կախված կլինի իշխանությունների հետագա քայլերից

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը երեկ տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է, որ մարտի 7-ին Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:Այցի ընթացքում նա հանդիպել է ՀՀ նախագահ Ռոբերտ քոչարյանին, Վարչապետ Սերժ Սարգսյանին, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ընդդիմադիր այլ քաղաքական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

Հանդիպումների ընթացքում նա խոսել է արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին: Բրայզան նաեւ նշել է, որ լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցը բոլոր կողմերի միջեւ երկխոսությունն է, ինչը խրախուսելու համար անհրաժեշտ է հանել լրատվամիջոցների վրա դրված սահմանափակումները եւ վերականգնել մամուլի լիակատար անկախությունը:Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ընդգծել է, որ ոստիկանությունն ու դատարանները պետք է մանրակրկտություն ցուցաբերեն մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի հետ կապված հետաքննություններում, որպեսզի քաղաքական ընդդիմության հանդեպ հալածանքների տպավորություն չստեղծվի: Մեթյու Բրայզան նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները կախված կլինեն այն բանից, թե ինչ արագությամբ Հայաստանի իշխանությունները կկարողանան ժողովրդավարական ինստիտուցիոնալ դաշտ ձեւավորել երկրում:


Իրեն «պատին դեմ տված իշխանությո՞ւն, թե` Տեր-Պետրոսյանի աճող ժողովրդականությո՞ւն

Ռուսական «FinTimes» ինտերնետային պարբերականը երեկ հրապարակել է հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձություններին նվիրված հոդված:Դրանում, մադնավորապես, նշվում է, որ փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործընթացը, ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքները, որոնք իշխանությունների կողմից զսպվում են արյունահեղությամբ, եւ հայտարարված արտակարգ դրության ռեժիմը հանգեցրել է նրան, որ այսօր Հայաստանը ոչ այնքան Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից է, որքան` Սերժ Սարգսյանի դեմ: «FinTimes»-ը գրում է, որ իրեն խայտառակ ընտրություններով վարկաբեկած իշխանությունը կրիտիկական պահին չդիմացավ եւ «ձեռքերին ազատություն տվեց»` մի ակնթարթում իր դեմ տրամադրելով ամբողջ միջազգային հասարակայնությանը: Պարբերականը նշում է, որ Հայաստանում ընդդիմադիր շարժումը գլխավորում է հենց այն նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը 1980-ականների վերջերին իր կազմակերպած հանրահավաքներով կարողացավ Հայաստանում ջախջախել խորհրդային իշխանությունը: Հոդվածագիրը իրադարձությունների հետագա զարգացման մի քանի տարբերակներ է կանխատեսում: Ըստ հոդվածագրի, այն տարբերակները, որոնք ենթադրում են կողմերի միջեւ փոխզիջում, ճշմարտանման չեն, իսկ մյուս տարբերակները, որոնք ենթադրում են, որ արտակարգ դրության չեղյալ հայտարարումից հետո լարվածությունը ավելի կխորանա, Տեր-Պետրոսյանին կամ տանում են նախագահի նստավայր, կամ էլ` բանտ: «Երկու դեպքում էլ իշխող կոալիցիան վարկաբեկվելու է, ինչը վերջինիս համար ձեռնտու չէ»-կարծիք է հայտնում հեղինակը:«Ռուսաստանի համար ի՞նչ է ներկայացնում իրեն «պատին դեմ տված» հայաստանյան իշխող կոալիցիան եւ ի՞նչ Տեր-Պետրոսյանի աճող ժողովրդականությունը»,-հարց է տալիս հեղինակը: «Այն, որ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական տեսանկյունից շատ կարեւոր երկիր է, կասկած չկա: Եվ, ի տարբերություն, Ռուսաստանի դեմ ագրեսիվորեն տրամադրված Վրաստանի կամ Ադրբեջանի, ուր ԱՄՆ-ը «նշանակել է իր մարդկանց» մենք դեռ Հայաստանը պահում ենք: Իսկ Հայաստանի նկատմամբ վերահսկողության կորստով Կրեմլը ամբողջությամբ կկորցնի Կովկասը»-եզրափակում է հոդվածագիրը:



ՍԴ-Ն ԳՆԱՑ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ

ՀՀ Սահմանադրական դատարանում այսօր ավարտվեց փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով դիմումների քննարկումը: ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը, Վահե Գրիգորյանը եւ Պարգեւ Օհանյանը հանդես եկան եզրափակիչ խոսքերով, իսկ պատասխանող կողմը շարունակեց պնդել իրենց իրականացրած կեղծիքները: Այդքանով, ՍԴ-ն ավարտեց դիմումների քննարկումը եւ գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Ստորեւ ներկայացնում ենք փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքն ամբողջությամբ.
«Ի լրումն նախկինում մեր կողմից ներկայացված դիմումի եւ բացատրությունների` սույն ամփոփիչ ելույթում ընդամենը հակիրճ կանդրադառնանք հետեւյալ 3 հարցադրումներին.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը միջամտել է նախընտրական քարոզչությանը, իրականացրել է նախընտրական քարոզչություն հօգուտ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի եւ ընդդեմ դիմողի: Սույն հանգամանքը որեւէ կերպ չի առարկվել պատասխանողների կողմից: Ավելին,ի պատասխան մեր հարցի` պատասխանողի ներկայացուցիչ Գ. Ազարյանը պատասխանեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը «ոչ թե զբաղվել է նախընտրական քարոզչությամբ, այլ քաղաքական գործունեությամբ»: Իրականության մեջ սա ոչ թե առարկություն էր մեր պնդմանը, այլ դրա հաստատումը, քանի որ նախընտրական քարոզչությունը քաղաքական գործունեության ամենավառ դրսեւորումներից է: Ավելին, դատարանի հարցերից մեկին պատասխանելիս նույն ներկայացուցիչը իր խոսքում բառացիորեն նշեց, որ ներկայացված քաղաքական գործունեության մեջ որոշակիորեն կային նախընտրական քարոզչության տարրեր: Բացի այս, եթե մի պահ վերանանք մեր բոլոր առարկություններից առ այն, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվել Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003թ.-ին, ապա զուտ պաշտոնական վիճակագրության հիման վրա նրան կողմ են քվերակել ընտրողների 1 մլն-ից ավելին:

Դատարանին խնդրում ենք այս թվին համադրել Սերժ Սարգսյանին ընտրված համարելու համար անհրաժեշտ այն 46.000 ձայները, որոնք նրա համար ապահովել են մեկ փուլով ընտրվելու հնարավորություն: Մի՞թե Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս երկրում չունի 46.000 համակիրներ եւ ընտրողներ, որոնք նրա կոչով եւ հորդորով իրենց ձայնը կտային թեկնածու Սերժ Սարգսյանին:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման արդյունքում ձեւավորված թեկնածուների միջեւ պայմանների հավասարության վերաբերյալ թեկնածուի ներակայացուցիչը Բարձր դատարանի առջեւ հայտնեց, որ այդ հավասարությունը կարող է լինել միայն հարաբերական: Ըստ էության չենք կարող առարկել այն փաստարկին, որ հավասարությունը բացարձակ չի կարող լինել ամեն դեպքում, սակայն եթե հարաբերական հավասարության սահմանը ընդգրկում է նաեւ վարչապետի լիազորությունների ծավալը, ապա այդ դեպքում ո±րն է անհավասարությունը: Վարչապետի լիազորությունների ծավալից առավել լիազորություններ ունի միայն հանրապետության Նախագահը, որը, ինչպես մեր ընդդիմախոսներն են պնդում, պարտավոր չէ նախընտրական քարոզչության մասնակցելիս դադարեցնել իր լիազորությունները: Փաստորեն, հարաբերական հավասարության սահմանը ներառում է այն առավելագույնը, որից դուրս այլեւս չկա որեւէ լիազորություն կամ դիրքի առավելություն: Այս դեպքում տարակուսելի է, թե ինչու է առհասարակ օրենսդրորեն ամրագրված թեկնածուների միջեւ հավասարության ապահովման պայմանը, այն դեպքում, երբ թեկնածուների միջեւ անհավասարությունը տեսականում եւ գործնականում անհնար է: Մեր կարծիքով հարաբերական հավասարության սահմանը ոչ մի դեպքում իր մեջ չի կարող ներառել Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանադրական լիազորություններից եւ ոչ մեկը:

3. Ընդամենը 29.02.2008թ. մեր դիմումի մեջ այս դատարանին մենք կանխատեսումների ձեւով դատողություններ էինք ներկայացրել առ այն, որ ինչքան վտանգավոր կլիներ մեր երիտասարդ հանրապետության ժողովրդավարության համար Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներքաղաքական հարցերի հորձանուտում ներքաշվածությունը, եւ ինչ անդառնալի վնաս կհասցվեր մեր երկրում մարդկանց ազատություններին եւ իրավունքներին Զինված ուժերի` սահմանդրորեն ամրագրված ներքաղաքական հարցերում չեզոքության պայմանի խախտումը:

Արդեն 7 օր է` ներառյալ նաեւ սույն դատավարության ողջ ընթացքի համար մեր դատողություններն այլեւս կանխատեսումներ չեն. դրանք իրականություն են:
Պատմության ընթացքում շատ հազվադեպ է պատահում, երբ այս կամ այն համայնքի, պետության, հասարակության տնտեսական, մշակութային, սոցիալական, քաղաքական պատասխանատվությունն ընկնում է արդարադատության ատյանի վրա:
Այս դատարանն իր որոշմամբ կհավաստի, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն եւ հավատարիմ այդ պետության սկզբունքներին:
Այս դատարանի պատասխանատվության ներքո է նաեւ պատասխանել, թե որքանով է մեր հանրապետությունը սոցիալական պետություն` հաշվի առնելով այն իրողությունը, որ վիճարկվող որոշման ուժի մեջ մնալը բացառելու է ցանկացած քաղաքացիական համերաշխության դրսեւորում: Իսկ քաղաքացիական համերաշխությունը ցանկացած սոցիալական պետության առաջնային բնութագրիչն է:

Ժողովրդավարության սկզբունքին հավատարիմ մնալը բացառվում է ցանկացած անազատ ընտրության իրականացմամբ: Եւ այս դատարանի հայեցողության սահմաններում է գտնվում որոշել, թե որքանով է գոյություն ունեցող փաստացի պետական կառույցը հավատարիմ ժողովրդավարության սկզբունքներին:

Եւ ի վերջո, ամենակարեւորը` ճգնաժամը, որ առկա է մեր երկում պայմանավորված զանգվածային եւ համակարգված ընտրախախտումներով, ստանալու է իր լուծումը: Այն կարող է լինել ներքին ռեսուրսի կամ օտար միջամտությունների արդյունքում: Ներքին իրավական ռեսուրսը ամբողջությամբ սպառված է: Մնացել է միայն օտար միջամտությունների ռեսուրսը, որի կիրառումը մեր երիտասարդ հանրապետությանը արտաքին քաղաքական ասպարեզում որոշակի ազատություններից զրկելու վտանգ է պարունակում: Եւ ուրեմն, 8 դատավորների ուսերին է ծանրացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմանի որոշումը: Հուսով եմ, որ այդ սահմանը համապատասխանելու է մեր Սահմանադրության նախաբանին»:

Ի դեպ, ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը մարտի 8-ի 24.00-ն է:


Սպանվածը Ապերն էր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանության հաղորդագրության համաձայն մարտի 4-ին անհայտ անձը հրազենով կրակել եւ սպանել է 1972 թ. ծնված Արսեն Գալստյանին:
Արդեն տեղեկացրել ենք, որ Գալստյանը եղել է Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի մերձավորներից: Ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, սպանվածը Թոխմախի Մհերի աջ թեւերից մեկն էր, ով հայտնի էր Ապեր մականունով:


Վրացական հ/կ-ները դիմում են

Երեկ վրացական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես են եկել պետիցիայով, որտեղ իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին եւ դատապարտել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իրականացվող ռեպրեսիաները:

Այդ մասին վրացական հ/կ-ները հայտարարություն են արել «Շերատոն Մետեխի-Պալաս»-ում կայացած ասուլիսի ժամանակ: Միջազգային հանրությանն ուղղված պետիցիայում հ/կ-ների ներկայացուցիչները կոչ են արել պատժել հայկական իրավապահ մարմինների աշխատակիցներին, նպաստել ընդդիմադիր քաղաքական գործիչների ազատ արձակմանը, արտակարգ իրադրության վերացմանը, ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների ուսումնասիրությանն ու հայկական ԶԼՄ-ների ժողովրդավարացմանը:


Արտակարգ դրությունը միայն Երեւանում չէ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է, որ «Երևանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոչ մայրաքաղաքային տարածաշրջանների բնակիչները հայտվել են տեղեկատվական շրջափակման մեջ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հաշվի առնելով ստեղծված պայմանները, փորձեց ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում գոյություն ունեցող իրավական մեխանիզմներով իրականացնել իր իրավունքները: Վանաձորցիներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով կազմակերպությունը որոշեց հանրահավաք կազմակերպել Վանաձորում՝ ՀՀ «ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան: 2008թ. մարտի 3-ին կազմակերպությունը գրությամբ դիմեց Վանաձորի քաղաքապետին 2008թ. մարտի 6-8-ը իրազեկման հանրահավաքների կազմակերպումը թույլատրելու համար: Քաղաքապետարանը, սակայն, մերժեց՝ պատճառաբանելով, որ հանրահավաքները կարող են վտանգ սպառնալ մասնակիցների կյանքին և առողջությանը: Այնուհետև կազմակերպությունը փորձեց տպագրել «Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի հատուկ համարը:

Նախապատրաստվեցին համապատասխան հոդվածները, սակայն այս անգամ էլ Լոռու մարզպետարանից տպարանի տնօրենին ուղղակիորեն հրահանգեցին չտպագրել մեր թերթը: Այսպիսով, արտակարգ դրության ռեժիմի պայմաններում վարչական ռեսուրսների կիրառմամբ, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ճնշումներով տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինները խախտում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները նաև այլ բնակավայրերում: Այս պայմաններում փաստորեն մեզ ստիպում են գործել իրավական դաշտից դուրս, որպեսզի այնուհետև պատասխանատվության ենթարկեն չգրված օրենքները խախտելու համար»,-ասված է հայտարարության մեջ:


Որ միտինգի չգնան

Ինչպես հաղորդում է ԱԱԾ մեր աղբյուրները, հետընտրական շրջանում բավականին ուշագրավ իրավիճակ էր ստեղծվել ԱԱԾ-ում:

ԱԱԾ ղեկավարությունը ստիպում է իր աշխատակիցներին տուն գնալ բավականին ուշացումով, որպեսզի որեւէ մեկը հանկարծ չգնար ընդդիմության հանրահավաքներին: Բանն այն է, որ ԱԱԾ ղեկավարությունը պարզել է, որ իր աշխատակիցների մի մասը ոչ աշխատանքի բերումով հաճախում էին հանրահավաքներին:


Մահացել է Երվանդ Զախարյանի եղբայրը

Մարտի 4-ին մահացել է ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր, Երվանդ Զախարյանի եղբայր Սայադ Զախարյանը: Նշվում է, որ Զախարյանի մահված պատճառ է եղել քաղցքեղը:
Հիշեցնենք, որ Զախարյանը 2003-ից մինչեւ 2006-ի մայիսի 22-ը (Արթուր Բաղդասարյանի հրաժարակը ԱԺ նախագահի պաշտոնից) եղել է Օրինաց Երկիր կուսակցության եւ խմբակցության անդամ: Բաղդասարյանի հրաժարականից հետո Զախարյանը եղել է ՕԵԿ-ից թռած 11 պատգամավորներից մեկը: Ուշագրավն այն է, որ Զախարյանի մահվան մասին համառորեն լռություն են պահպանում հայրենի պատասխանատու լրատվամիջոցները:


Հանդիպել է Պրեսկոտի հետ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ ինքն ամբողջությամբ համաձայն է Եվրամիության Նախագահության հայտարարության մեջ արտացոլված կետերի հետ, որը նա դիտում է իր սեփական դիրքորոշում եւ ակնկալում իշխանությունների համարժեք պատասխանն այդ հայտարարությանը:


Սերժ Սարգսյանի տխուր ելույթի մեկնաբանությունները

Մարտի 6-ին կայացած կառավարության նիստում Սերժ Սարգսյանը մի տխուր ելույթ է ունեցել իր նախարարների առջեւ, որը ոչ թե պատասխաններ, այլ հարցեր է առաջացրել: Մեկնաբանենք Սերժ Սարգսյանի ելույթի որոշ դրույթներ:

«Ուզում եմ մեկ անգամ եւս փաստել, որ տեղի ունեցավ այն, ինչի մասին ամիսներ շարունակ մենք խոսում էինք, բայց չկարողացանք կանխել: Եւ եթե չկարողացանք կանխել, ապա մեղավոր ենք նաեւ մենք»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանություն.
Եթե Սերժ Սարգսյանն ընդունում է, որ մեղավոր են նաեւ իրենք, ուրեմն իրենք պետք է բարոյականություն ունենան եւ առաջինը հրաժարական տան: Եթե վարչապետը չի կարողանում, ոստիկանապետը չի կարողանում, ազգային անվտանգության ծառայության պետը չի կարողանում կանխել իրադարձությունների ընթացքը, ուրեմն գործ ունենք ապաշնորհների հետ, ուրեմն նրանք բոլորը պետք է առաջինը հրաժարական տան: Սերժ Սարգսյանը չկարողացավ կանխել նաեւ հոկտեմբերի 27-ը: Բայց հրաժարական տալու փոխարեն սկսեց պատժել 27-ի զոհերի հարազատներին, բոլոր նրանց, ովքեր ուզում էին բացահայտել հոկտեմբերի 27-ը: Հիմա չի կարողացել կանխել մարտի մեկը, բայց հրաժարական տալու փոխարեն խոսում է բոլորին պատժելու մասին:

-------

«Մենք ունեցանք նյութական կորուստներ, բարոյական կորուստներ` կապված մեր երկրի անվտանգության հետ, եւ կորուստներ` կապված մեր երկրի միջազգային հեղինակության հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանություն.
Բա ինչպիսի~ բարոյական կորուստներ ունեցանք հոկտեմբերի 27-ից հետո, միջազգային հեղինակության ինչպիսի~ կորուստներ ունեցանք: Ինչո՞ւ պիտի հանդուրժենք, որ սերժսարգսյանների նմանների շնորհիվ անընդհատ ունենանք մարդկային, բարոյական, նյութական, հեղինակության կորուստներ: Այդ ինչ բարոյականությամբ նրանց պիտի հանդուրժենք, նրանց հետ պիտի երկխոսության գնանք: Իսկ ավելի բարոյական չէ՞, որ նրանք ինքնակամ հեռանան:

------

«Հասարակության մեջ չարությունը մեծացել է, հասարակությունը երկփեղկված է, եւ այս առումով, ես ակնկալում եմ բոլորիդ ակտիվ աշխատանքը այս ուղղությամբ: Պետք է մտնել երկխոսության մեջ, պետք է վիճել, բացատրել նույնիսկ` եթե դիմացինդ չի հասկանում: Նույնիսկ` եթե դիմացինդ ատելությունից կուրացած է: Երրորդ, ես պասիվություն եմ նկատում բոլորիդ աշխատանքներում, միջազգային կազմակերպությունների հետ կապված, ընդհանրապես, իրավիճակը ճիշտ ներկայացնելու հետ կապված: Ես առաջարկում եմ, որպեսզի բոլորդ ուշադրությամբ ուսումնասիրեք բոլոր այն նյութերը, որոնք մատուցվում են պաշտոնական խողովակներով, պետական կառավարման մարմինների կողմից եւ ձեզ հավաստիացնում եմ, որ այս տեղեկատվությունը ճշմարտություն է եւ առանց վարանելու դուք կարող եք հենվել այս փաստերի վրա»:

Մեկնաբանություն.
Արդյո՞ք սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի նախարարները չեն հավատում իրենց վարչապետին, չեն հավատում նրա ներկայացրած նյութերին, չեն հավատում պաշտոնական խողովակներով տրվող քարոզչությանը, չեն հավատում ոստիկանության ներկայացրած տեղեկատվությանը, չեն հավատում Ռոբերտ Քոչարյանի ելույթներում ասվածներին: Եթե հավատում են, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը պիոների նման երդվում, որ դրանք ճշմարտություններ են: Ճշմարտությունն ապացուցելու համար չեն երդվում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած բուրգն իրոք քանդվել է, իրոք ճաքեր է տվել եւ այն պահվում է ռեպրեսիվ ապարատի միջոցով: Պատկերացնու ե՞ք, եթե նախարարները հավատային իրենց վարչապետին, ի~նչ ոգեւորությամբ կլծվեին նրա ճշմարտությունները պաշտպանելու գործին:

-----

«Փառք Աստծո, որ մեր բանակը կարողացավ մեկ անգամ եւս ապացուցել, որ կայացած կառույց է եւ կարողացավ համարժեք արձագանքել մեր անվտանգությանն սպառնացող խնդիրներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանություն.
Ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը. որ բանակը կարողացավ կրակել սեփական ժողովրդի, խաղաղ ցուցարարների վրա՞, որ կարողացավ սադրել մարտի 1-ի իրավիճակը՞: Ադրբեջանական բանակը մեկ հարձակումով կարողանում է գրավել տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պահպանած դիրքերը եւ մի քանի ժամ հետո միայն, երկու վիրավոր զինվոր թողնելով, տարածաշրջանի ամենամարտունակ բանակը կարողանում է ետ վերցնել գրաված դիրքերը: Սա պաշտոնական տեղեկատվությամբ: Իրականում խոսակցություններ կան, որ այդ դիրքերը դեռ ադրբեջանակլան բանակի ձեռքում են: Ինչո՞ւ, որովհետեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը ուղնուծուծով ներքաշված են Սերժ Սարգսյանի ներքաղաքական խաղերում, բանակը թողած պաշտպանում են Սերժ Սարգսյանի դիքերը: Նրանք պատրաստ են կորուստներ ունենալ նաեւ ղարաբաղյան դիրքերում, միայն թե պահպանեն Սերժ Սարգսյանին:

-------

«Բոլորիդ կոչ եմ անում լինել ակտիվ, լինել նախաձեռնող, մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն: Սա հարյուր տոկոս խոստանում եմ բոլորիդ. սա խոստում չի, սա պարտականություն է, որ ես անելու եմ»,-ասում է Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանություն.
Իսկ եթե մեղավորը Սերժ Սարգսյանն է, ո՞վ պիտի հետամուտ լինի, որ նա պատժվի: Մենք իրավունք ունե՞նք ունենալ մեղավորներին պատժելու մեր հետամուտ լինելու իրավունքը: Եվ ինչու՞ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ից հետո 100 տոկոսով չխոստացավ պատժել մեղավորներին եւ ինչու՞ դա Սերժ Սարգսյանի համար պարտականություն չէր: Եվ ընդհանրապես, զարմանալի է չէ՞, որ հոկտեմբերի 27-ից հետո Սերժ Սարգսյանի «Հայլուրն» այսքան ողբերգական տոներով չէր, այսքան շատ չէր խոստանում պատժել մեղավորներին, այսքան շատ երեւանցիներից կարծիք չէր հարցնում, որ դատապարտեն 27-ի կազմակերպիչներին: 27-ի գործը Քոչարյանը համարեց ուչաստկովիի բացահայտելու գորրծ, իսկ այսպիսի ծավալով գործ Քոչարյանն ու իր գլխավոր դատախազը դեռ չէին տեսել:

No comments: