Monday, 10 March 2008

ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ 10.03.08 Մաս 1

ընդհատակյա թերթ
www.Payqar.org
10.03.08

թանկացումները սկսվել են
Վերջին մեկ շաբաթում Հայաստանի սպառողական շուկայում նկատվում է գրեթե բոլոր ապրանքատեսակների գների աճ:

Այս պահի դրությամբ առավել շատ բարձրացել է հացի գինը` 10-15 տոկոսով: Այսինքն, նախկին ասենք 130-140 դրամանոց հացը երեկվանից խանութներում սկսել են վաճառել 150-160 դրամով:

Չնայած, հացից բացի մնացած մթերքների արժեքները խանութներում էապես չեն փոխվել, սակայն, դրանց մեծածախ գներն այս օրերին դանդաղ բայց հաստատուն աճում են: Բանն այն է, որ ձեթերի, մակարոնեղենի, քաղցրավենիքների, մսամթերքների, սուրճերի եւ մնացած այլ մթերքների մեծածախ գները` մեկ միավորի կտրվածքով, վերջին մեկ շաբաթում բարձրացել են մինչեւ տաս դրամով: Այս հանգամանքի շնորհիվ խանութներն առայժմ պահպանում են հին գները: Բայց հասկանալի է, որ հետագայում եւս թանկացումները շարունակվելու դեպքում խանութները ստիպված են լինելու իրենց վաճառքի գները եւս բարձրացնել:

ՍԴ-ն` մարդասպանների հովանավոր
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, որով այդ մարմինը հավանություն տվեց փետրվարի 19-ին տեղի ունեցած խայտառակությանը, ինչը պաշտոնապես որակվում է, որպես Հայաստանի նախագահի ընտրություններ, հայ հանրության շրջանում էական արձագանք չստացավ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ ՍԴ-ից ավելին չէին էլ ակնկալում:

Ի վերջո անհեթեթություն է մինչեւ ուղնուծուծը ստրկացած մարդկանցից ակնկալել, որ նրանք կարող են հանուն ազատության ինչ-որ քայլեր անել` գիտակցելով, որ դրա համար կարող են զրկանքներ կրել:

Այն հանգամանքը, որ ՍԴ-ում ամեն ինչ կանխորոշված էր, ակնհայտ էր հենց մարտի 4-ին, երբ այդ մարմինը սկսեց քննել փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրությունները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները: Այն փաստը, որ ՍԴ նիստին չէր մասնակցում դատարանի անդամներից մեկը` Վալերի Պողոսյանը, արդեն իսկ վկայում էր, որ ամեն ինչ ի սկզբանե որոշված է: Վ. Պողոսյանը նախկին ԽՍՀՄ տարիներին դիսիդենտ է եղել եւ նրա ազատական հայացքները բոլորին են հայտնի: Ավելին, որոշ լուրերի համաձայն Պողոսյանը իր գործընկերների վարքի մասին իմանալուց հետո միանգամից վատացել է եւ հրաժարվել է ՍԴ քննարկումներին մասնակցել` չբացառելով, որ դատարանի դահլիճում կարող է սրտի կաթված ստանալ:

ՍԴ մնացած անդամները դատաքննությանը սկսվելուց առաջ եւ դրա ընթացքում մի քանի անգամ Ռոբերտ Քոչարյանին անձամբ հավաստիացրել են, որ իրենք հնազանդ են եւ իրենց «խելոք» կպահեն: Ավելին, որոշ լուրերի համաձայն ՍԴ որոշումը հրապարակելուց առաջ այդ դատարանի բոլոր անդամները առանձին-առանձին հրավիրվել են Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ կրկին անգամ հավաստել, որ իրենք հնազանդ են: Նույնիսկ ՍԴ անդամ Կիմ Բալայանը, որը ինչպես հայտնի է մազերով է զգում, թե իրենից ինչ են ակնկալում իշխանությունները, նա եւս ստիպված է եղել եւս մեկ անգամ «պախանին» հավաստել, որ հնազանդ է:

Ավելին, ՍԴ նիստերի օրերին դատարանի անդամները սեփական ստրկական վիճակը նկարագրելու համար լուրեր էին շրջանառության մեջ դնում այն մասին, որ դատարանի շենքը գտնվում է Ազգային անվտանգության աշխատակիցների կատարյալ հսկողության տակ: Ըստ այդ լուրերի, ԱԱԾ աշխատակիցները արձանագրել են անգամ ՍԴ անդամների հոգոցները: Արդյունքում, ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, որ ՍԴ-ն գործնականում ղեկավարել է ոչ թե այդ դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը այլ Կիմ Բալայանը:Իհարկե, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը յուրովի բոյկոտել էր դատաքննությունը` դատարանի որոշման ընթերցումը հանձնարարելով Հրանտ Նազարյանին: Սակայն, նման ստից «բոյկոտներով» միեւնույն է իրական մեղքերդ չես կարող թաքցնել, առավել եւս, որ ՍԴ անդամները իրենց ձեռքով վերջնականապես քարուքանդ արեցին ՀՀ արդարադատության համակարգը:

Այսօր արդեն ակնհայտ է, որ ապագայում ՍԴ անդամների հիմնական փաստարկը լինելու է այն, որ իբր իրենք մեղավոր չեն եւ այդ Ռոբերտ Քոչարյանն է իրենց պարտադրել խայտառակությունը դարձնել, որպես նախագահական ընտրություն: Իրականում, ՍԴ-ի հետ կապված միակ փաստը, որը անհրաժեշտ է արձանագրել եւ ՀՀ ապագան կերտելիս չմոռանալ, այն է, որ սահմանադրական արդարադատություն իրացնելուն կոչված այդ մարմնի բոլոր 9 անդամները, այդ թվում նաեւ նիստերին մասնակցելուց հրաժարված Վալերի Պողոսյանը, փաստացի Ռոբերտ Քոչարյանի հետ միասին ստանձնել են մարտի 1-ին խաղաղ ցուցարարներին սպանելու պատասխանատվությունը:

Միքայել Դանիելյան,-«Ես լուրջ կասկածներ ունեմ, որ իրականում սպանվել է 8-ից ավելի մարդ»
Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը «Կավկազսկիյ ուզել» պարբերականի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ իշխանությունների կողմից Հայաստանում իրականացվող ձերբակալությունները միանշանակ քաղաքական բնույթ են կրում:

Նա նաեւ տեղեկացրել է, որ իր ունեցած տեղեկություններով, ձերբակալվել են 85 մարդ: Իրավապաշտպանի խոսքերով, դրա մեջ մտնում են նաեւ այն մարդիկ, ովքեր ձերբակալվել են փետրվարի 20-ից 29-ը Ազատության հրապարակում տեղի ունեցած նստացույցի ժամանակ: Դանիելյանի հրապարակած թվերը տարբերվում են պաշտոնական տվյալներից, ըստ որի` Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով ձերբալավել է 59 մարդ: Միաժամանակ, Միքայել Դանիելյանը նշել է, որ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները շարունակվում են: Ըստ նրա, մարտի 9-ին ձերբակալվել են եւս 9 հոգի. 7-ը` Եղվարդում, 2-ը` Կապանում: Նրա խոսքերով, ձերբակալվածների մեջ կան նաեւ մարդիկ, որոնք մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երեւանի կենտրոնում զբաղվում էին խանութների թալանով: Մասնավորապես, կողոպուտ կատարելու մեղադրանքով ձերբակալվել է 4 մարդ, սակայն, ըստ իրավապաշտպանի, նշված 4 հոգին չեն մտնում իր հրապարակած ձերբակալվածների ցուցակի մեջ: «Մենք հստակ տարբերակում ենք մեր ցուցակները, դրանցում չպետք է խառնաշփոթ լինի»,- ընդգծել է Դանիելյանը: Վերջինս նաեւ տեղեկացրել է, որ հանդիպել եւ խոսել է ազատ արձակված ընդդիմադիրների հետ: Ըստ նրա, դրանք ընդդիմության ակտիվիստներ են. մեկը` Մասիս քաղաքի բնակիչ Արմեն Մանուկյանն է, որը զբաղվում է մանր բիզնեսով. իսկ մյուսը` նստացույցի մասնակից, Վանաձոր քաղաքի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Չախոյանը: Նրանք, ըստ իրավապաշտպանի, դաժան ծեծի են ենթարկվել ոստիկանությունում: Նա նաեւ ավելացրել է, որ Երեւանի քրեակատարողական հիմնարկներից մեկում դաժան ծեծի է ենթարկվել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Մյասնիկ Մալխասյանը, որի հետ թույլ չի տրվել հանդիպել: Միքայել Դանիելյանը նաեւ տարակուսանք է հայտնել, որ ձերբակալվածների մեջ կան նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր հանրահավաքներին եւ երթերին չեն մասնակցել, սակայն նրանց մեղադրում են զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ իշխանության զավթման մեջ, ինչպիսիք են, օրինակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Դանիելյանը տեղեկացրել է նաեւ, որ Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից Երջանիկ Աբգարյանը որպես բողոքի նշան հացադուլ է հայտարարել:

Իրավապաշտպանը նաեւ հայտարարել է, որ շարունակում է ցուցմունքներ հավաքել տուժածներից` պարզելու մարդկանց վիճակը, որոնք ոստիկանության եւ հատուկ ջոկատայինների կողմից բռնության են ենթարկվել:Նա հաղորդել է, որ ասոցիացիան տեղեկություններ ունի այն մասին, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում հանրահավաքը ցրելու ժամանակ օգտագործվել են դիպուկահարներ, ինչի մասին, վկայում են մի շարք ականատեսներ: «Ես լուրջ կասկածներ ունեմ, որ իրականում սպանվել է 8-ից ավելի մարդ»-նշել է Դանիելյանը: Վերջինիս խոսքերով, մարտի 1-ին 23.00-ի սահմաններում ներքին զորքերի ստորաբաժանումները հարձակվել եւ ծեծի են ենթարկել մոտ 30 հոգանոց մի խմբի` հիմնականում կանանց, որոնք գտնվում էին Լուսավորիչ եւ Լեոյի փողոցների խաչմերուկում եւ զինվորներին կոչ էին անում չենթարկվել իրենց հրամանատարների հրամաններին: Դանիելյանը ընդգծել է, որ ծեծի ենթարկվածների մեջ է եղել նաեւ հայտնի հասարակական գործիչ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի այրին` Գրիզելդան, եւ դուստրը` 23-ամյա Գայանեն:


Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալությունը չի նպաստի լարվածության նվազեցմանը

Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը երեկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը երեկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Դրանում, Փենինգտոնը մասնավորապես, նշել է. «Մենք ընդունում ենք, որ որոշակի պահի, երբ բռնություններ են կիրառվում, կարգ ու կանոնը պետք է վերականգնվի: Բայց մենք հավատում ենք, որ այժմ արտակարգ դրությունը կարող է վերացվել, եւ լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները դադարեցվեն: Որքան արագ դա արվի, այնքան արագ Հայաստանը կվերադառնա այն ուղուն, որտեղ մենք նրան ցանկանում ենք տեսնել, այսինքն` ժողովրդավարության ուղուն, որտեղ քաղաքական հայացքներն արտահայտվում են օրինական եղանակով եւ մամուլը ազատորեն տարածում է այդ հայացքները»: «Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, եւ ԱՄն-ի կառավարության եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության անունից մեր խորը ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում», - նշել է Ջոզեֆ Փենիգթոնը: Անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի` անցած շաբաթավերջին Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ արած հայտարարություններին, ամերիկացի դիվանագետը շեշտել է, որ որոշ մեկնաբանություններ ընդհանուր համատեքստից կտրված էին, իրար կպցրած եւ չեն արտացոլում Բրայզային այցի ընդհանուր էությունը` ավելացնելով, թե նա Հայաստանի իշխանություններին հստակորեն փոխանցել է, որ արտակարգ իրավիճակը պետք է վերացվի: Հարցին, թե ինչպիսին կլինի Միացյալ Նահանգների արձագանքը, եթե մարտի 20-ին արտակարգ իրավիճակը Հայաստանում չվերացվի եւ շարունակվեն ընդդիմադիրների ձերբակալությունները, Ջոզեֆ Փենինգթոնը պատասխանել է. «Մենք հստակ կերպով Հայաստանի իշխանություններին ենք հասցրել մեր դիրքորոշումը, որ թեեւ մենք ճանաչում ենք մարտի 1-ի եւ 2-ի բռնություններին մասնակցածներին եւ քրեական վարքագիծ ցուցաբերածներին ձերբակալելու` իշխանությունների իրավունքը, սակայն պետք է հստակ տարբերակում լինի այդ մարդկանց եւ նրանց միջեւ, ովքեր ընդամենը իշխանություններին դուր չեկող եւ նրանց զայրացնող կարծիքներ են հայտնում: Նման մարդկանց` կամ երթերին մասնակցած, կամ էլ որոշակի կուսակցությանը պատկանող կամ թեկնածուի աջակցող մարդկանց ձերբակալությունները կարող են դիտվեն որպես քաղաքական ձերբակալություններ: Մենք դա չենք խրախուսում եւ կարծում ենք, որ նման քայլը չի նպաստի կայունության հաստատմանը եւ լարվածության նվազեցմանը»: Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալման հնարավորությունը ակնհայտորեն իրավիճակը մեղմացնող քայլ չի լինի: «Չենք կարծում, որ դա անհրաժեշտ քայլ է: Հավանաբար դա միայն կսրի լարվածությունը»-ընդգծել է դիվանագետը: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ Մեթյու Բրայզայի եւ իր հիմնական ուղերձը նրան, Փենինգթոնի խոսքով, եղել է կառուցողական երկխոսությանը վերադառնալու անհրաժեշտությունը` որպես քայլ, որը Հայաստանը կվերադաձնի ժողովրդավարական ուղի: Պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ նշմարել են քաղաքական երկխոսության գնալու կամք, եւ կա արդյոք փոխզիջումների դաշտ, ամերիկացի դիվանագետն նշել է. «Դա գործընթացի մասնակից կողմերի գործն է, բայց երկխոսությունը չպետք է լինի ինքնանպատակ, այլ հստակ հասցեագրում ունենա իրական բարեփոխումների, որոնց ձգտում է հայաստանցիների մեծ մասը»: Ինչ վերաբերում է լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին, ըստ Ջոզեֆ Փենինգթոնի, ազատ եւ բազմակարծ մամուլը ժողովրդավարական համակարգի ամենաառանցքային բաղկացուցիչն է եւ որ սահմանափակումները, որոնք արտակարգ դրության պայմաններում տարածվել են էլեկտրոնային, տպագիր լրատվամիջոցների, ինչպես նաեւ ինտերնետային կայքերի վրա, առողջ քայլ չէ եւ Հայաստանն ավելի չի մոտեցնում ժողովրդավարությանը: «Սա նաեւ հակաարդյունավետ է, քանի որ եթե չունեք վստահելի տեղեկատվություն եւ ստանում եք հասարակության շերտերում շրջանառվող երբեմն նաեւ սուտ բամբասանքներ, մարդիկ չեն հասկանում` ինչ է կատարվում իրականում, ինչն իր հերթին նպաստում է լարվածության աճին: Որքան արագ բացվեն հաղորդակցության եւ տեղեկատվության այդ ուղիները, այնքան լավ կլինի Հայաստանի համար»,- շեշտել է Փենինգտոնը:

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 10-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի հետ, որն այժմ գտնվում է Բրյուսելում և մասնակցում է ԵԽ Նախարարների խորհրդի` Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախաձեռնված քննարկումներին:
Լևոն Տեր-Պետրոսյանը Պիտեր Սեմնեբիին է ներկայացրել արտակարգ դրության չհիմնավորվածությունը, նշել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ դրական քայլ` ուղղված երկրում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ու լարվածության մեղմացմանը, չի կատարվել: Հակառակը` շարունակվում են իր համախոհների համատարած ձերբակալությունները, որոշ մարզերում և գյուղական վայրերում (Հատկապես Արարատի և Արագածոտնի մարզերում) քրեական տարրերը ոստիկանության համատեղ խմբերով բռնություններ են իրականացնում ինչպես շարժման համախոհների, այնպես էլ իր նախընտրական շտաբի ներկայացուցիչների նկատմամբ:

«Սումգայիթ» հայկական ձեւով
Փաստագրական նյութերի եւ վկայությունների աճող քանակը արդեն այժմ թույլ են տալիս արձանագրել, որ մարտի մեկին գրանցված մահերը հանդիսանում են իշխանությունների կողմից իրականացված հատուկ ակցիաների արդյունք, ակցիաներ, որոնք իրականացվել են ընդդիմության հանրահավաքից բավականին հեռու։

Ըստ երեւույթին, արտակարգ դրություն հայտարարելու համար անհրաժեշտ էին ծանրացուցիչ հանգամանքներ։

Հայաստանի իշխանությունները մինչ այժմ չեն հրապարակում զոհերի գնդակահարության վայրերը, ինչը եւս մեկ անգամ հաստատում է վերեւում ասվածը։ Ավելին, ութ զոհերի առկայության փաստը հրապարակվեց միայն մարտի երկուսի առավոտյան հնչեցված պաշտոնական հայտարարությամբ, երբ Երեւանում կայունությունն արդեն ապահովվում էր բանակի կողմից։

Հիշեցնենք, որ մարտի մեկի երեկոյան մամլո ասուլիսի ժամանակ Քոչարյանը հայտարարեց, որ չունի տվյալներ բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ, բայց կա զեկույց Ոստիկանության ութ վիրավոր զինվորների վերաբերյալ։ Առավոտյան արդեն պաշտոնապես հայտարարվեց ութ զոհերի մասին։ Միեւնույն ժամանակ այդ հայտարարությունը, ըստ որի քաղաքացիական զոհերը մահացել էին հրազենային վնասվածքներից, մարտի հինգին փոխարինվեց Գլխավոր դատախազության պաշտոնական հայտարարությամբ, որով բոլոր զոհերը ստացել էին բեկորային վնասվածքներ, իսկ ոստիկանների կողմից հրազեն չի օգտագործվել։

Անհրաժեշտ է մինչեւ վերջ պարզել, թե ինչպես հայտնվեցին այդ զոհերը Քոչարյանի հայտարարությունից հետո /կամ հայտարարությունն անելու պահին/։ Սակայն ձեռքի տակ արդեն առկա փաստերն ու վկայությունները թույլ են տալիս բացահայտել «դիակների պատրաստման» դեպքերից մեկը, որը տեղի է ունեցել Պռոշյան եւ Լեո փողոցների խաչմերուկում մարտի մեկի երեկոյան՝ ուշ ժամերին։ Պռոշյան փողոցի բակերից մեկից անհայտ օպերատորը նկարահանել է հրաձգության կադրեր եւ վերջինիս ընթացքում զոհված մեկ անձնավորության, որին ինչ-որ մեկը քարշ է տալիս դեպի մայթեզր։

Ըստ հասած տեղեկությունների` մահացածը մինչ այդ նստած էր Ոստիկանությունից խլված բեռնատարի ղեկին։ Բեռնատարը Մաշտոցի պողոտային կողմից շարժվում էր դեպի Պռոշյան փողոց, որը փակել էին ոստիկանները։ Ոստիկանները կրակ են բացել բեռնատարի ուղղությամբ։ Սակայն սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զոհը դուրս է եկել արդեն կանգնած ավտոմեքենայից։

Բացի այդ, ըստ մեկ այլ տեղեկության, որ եւս մի ծանր վիրավոր, ում ընկերները փորձում էին տեղափոխել շենքերից մեկի բակ, դաժան ծեծի է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի աշխատակիցների կողմից եւ մահացել է /բաժանմունքը գտնվում է այդ բակում/։Ականատեսի խոսքերով, Պռոշյանը շղթայած ոստիկանների դեմ կանգնած էին տասնհինգից ոչ ավելի մարդիկ։ Նրանցից ոչ մեկը զինված չէր հրազենով, եւ ոստիկաններից պաշտպանվում էին քարերով եւ խողովակներով /ինչը պարզորոշ երեւում է նկարահանված կադրերում/։ Մահակներով եւ վահաններով զինված ոստիկանների թիկունքից ավտոմատային կրակ է բացվել այդ խմբի ուղղոթյամբ։ Կադրերի ձայնային փորձաքննությունը ֆիքսել է նաեւ դիպուկահար հրացանի կրակոցներ։

Արձանագրվել են նաեւ խմբի ուղղությամբ կրակոցներ՝ արձակված ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների կողմից /բակի կողմից/։ Փաստորեն, մարդկանց գնդակահարության մեջ ներգրավված էր նաեւ տեղական ոստիկանությունը։ Ականատեսները նշում են, որ Ներքին զորքերի զինվորներն անընդհատ կոչ էին անում ավտոմատավորներին՝ չկրակել մարդկանց վրա։Դեռեւս չկա ամփոփ տեղեկատվություն, թե որքան մարդ է սպանվել քաղաքի այդ մասում։ Առկա փաստագրական բազան վկայում է առնվազն երեք սպանվածների մասին:

Բերված ամբողջ տեղեկատվությունը թույլ է տալիս Հայաստանի իշխանություններին մեղադրել զոհեր ստանալու նպատակաուղղված ակցիայի կազմակերպման մեջ։ Այն փաստը, որ չի հրապարակվում նաեւ Ոստիկանության սպայի մահվան հանգամանքները, եւս խոսում է դրա օգտին։ Իրավիճակում առավել ծանրացուցիչ հանգամանքներ ստեղծելու նպատակով իշխանությունները գնացին այդ հանցագործությանը։ Դրա մասին են վկայում նաեւ այն ստացված տվյալները, որոնք ապացուցում են, որ Կենտրոնի այլ հատվածներում նույնպես կատարվել են նպատակաուղղված սպանություններ /Գրիգոր Լուսավորիչի փ., Մաշտոցի փակ շուկա եւ այլն/:
Հայտնվելով ժողովրդական զանգվածների համատարած մոբիլիզացիայի վտանգի առջեւ՝ Հայաստանի իշխանությունները գնացին բացահայտ հանցագործության, որպեսզի ներգրավեն բանակը իրենց դիրքերի պաշտպանության մեջ։ Բացի այդ, այդ ակցիան /մեկ այլ ակցիայի՝ Մաշտոցի պողոտայում կեղծ հրկիզումների եւ խուլիգանության կազմակերպման հետ մեկտեղ/ պետք է դառնար հիմք ընդդիմության առաջնորդների հետ հաշվեհարդար տեսնելու համար, որոնց պետք է վերագրվեր զոհերի եւ բռնությունների ողջ պատասխանատվությունը։Ա Ս

Հայաստանի իշխանությունները թակարդում
Այսօր Հայաստանում գրեթե բոլորը փորձում են իմաստավորել երկրում ձեւավորված քաղաքական իրավիճակը։

Արտակարգ դրության ներդրումը Հայաստանում, որն ուղեկցվում է ոչ պաշտոնական տեղեկատվության տարածման լիակատար արգելքով, ինչպես նաև ընդդիմության առաջնորդների չդադարող ձերբակալությունները շատ դիտորդների հիմք են տալիս երկրում իրավիճակը բնութագրել որպես իշխանությունների կողմից ընդդիմադիր շարժման ճնշում /հեղափոխության իրականացման փորձի ճնշում/։

Ձեւավորված իրավիճակն արտաքուստ հաստատում է այդ կարծիքը։ Բավարարվել է ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած դիմումը ԱԺ չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու եւ նրանց կալանավորելու մասին։ Իշխանությունները չեն բացառում ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ձերբակալությունը։Երկրի բոլոր հեռուստաալիքները զբաղված են Լևոն Տեր-Պետրոսյանի վարկաբեկմամբ՝ նրան ներկայացնելով որպես հետընտրական զոհերի և բռնությունների պատասխանատու։ Կանխարգելվում է ցանկացած այլընտրանքային տեղեկատվության տարածումը։ Արգելված է առավել ազդեցիկ անկախ լրատվական աղբյուրների գործունեությունը։ Սահմանափակվում է արտասահմանյան հեղինակավոր հեռուստաալիքներից ստացվող ինֆորմացիան։

Միաժամանակ իշխանությունները ամրացրեցին պրոիշխանական կուսակցությունների կոալիցիան՝ նրա մեջ ներառելով Բարգավաճ Հայաստանը, ՀՀԿ-ն, եւ իշխանությունների կողմն անցած Օրինաց երկիրը։ ԱԺ շուրջ 80 պատգամավորներ /131-ից/ մոբիլիզացված են և պատրաստ են աջակցել գործող նախագահի ցանկացած որոշմանը։ Նման պատրաստակամություն են արտահայտում նաև իրավապահ մարմինները։ Թվում է, որ հիմքեր չկան «ճնշված հեղափոխության» վարկածը մերժելու համար…

Սակայն ներկա իրավիճակն ունի նաև այլ առանձահատկությություններ։ Մասնավորապես, արևմտյան առաջատար պետությունների կողմից մերժումը՝ ճանաչել Սերժ Սարգսյանի հաղթանակը անցած ընտրություններում, Հայաստանի իշխանություններին ուղղված կտրուկ պահանջները արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ, ամերիկյան եւ եվրոպական պահանջները իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու մասին, արեւմտյան մամուլում տեղ գտած բացասական գնահատականները Հայաստանի իշխանությունների հետընտրական գործողությունների նկատմամբ եւ այլն հաստատում են, որ Իիավիճակը Հայաստանում շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։
Եվ կարեւոր նույնիսկ դա չէ. հիմնախնդիրը առկա է երկրի ներսում։ Արդեն այն հանգամանքը, որ մարտի հինգին Հայաստանի իշխանությունները փորձեցին բարձրաձայնել արտաքին վտանգի մասին լոզունգը, հեռուստաալիքներով տարածելով Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման մասին լուրերը, վկայում է իշխանությունների շփոթվածության մասին։ Արտաքին վտանգի միջոցով հասարակությանը շանտաժի ենթարկումը հասարակական կարծիքի վերակողմնորոշման փորձն անտեղի կլիներ, եթե իշխանություններն իրենք նույնպես գնահատեին երկրում առկա իրավիճակը որպես «իրենց կողմից ճնշված հեղափոխություն»։
Սակայն գնահատականներն այս պահին թերեւս ավելի սթափ են։ Եվ իշխանությունը հիմքեր ունի նման վարք դրսեւորելու համար։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները հասկացան, որ ընդդիմության առաջնորդների մեկուսացումը, ինչպես նաեւ Երեւանի փողոցներում վերահսկողողության վերականգնումը նրանց տրվեցին չափազանց թանկ գնով։ Վերջին օրերի բոլոր որոշումներն ընդունվել են վախի ազդեցության տակ։ Ռացիոնալ չգնահատվեց հասարակության գործոնը եւ չկանխատեսվեցին ընդդիմության բոլոր գործողությունները։ Արդյունքում, Հայաստանի իշխանությունները փաստորեն հայտնվեցին թակարդում։

Մի կողմից հասարակությունը լի է նիհիլիզմով եւ իշխանությունների նկատմամբ ատելությամբ, իսկ նրա նշանակալից մասը պատրաստ է շարունակել պայքարը այս իշխանություններից ազատվելու համար։ Մյուս կողմից արեւմտյան հասարակայնությունը ոչ միանշանակ է տրամադրված Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Եվ ամենակարեւորը՝ իշխանությունները մնացին երես առ երես իրենց կողմից իրականացված եւ ողբերգական հետեանքների հանգեցրած հակաօրինական գործողությունների հետ։ Հենց այս պայմաններում է , որ Հայաստանի իշխանությունները պետք է մարսեն հետընտրական իրադարձությունները։
Ստացվեց այնպես, որ այսուհետ Հայաստանի իշխանությունները կարող են գոյություն ունենալ բացառապես հասարակության ակտիվության լիակատար ճնշման պայմաններում։ Խոսքի ազատության նույնիսկ նվազագույն հնարավորությունն ընդունակ է համախմբել հայ հասարակությունը իշխանությունների դեմ։ Հաշվի առնելով, որ արդեն առաջին իսկ հետընտրական օրերին Հայաստանի մարզերը որոշ տեղերում բացահայտել են իրենց ապստամբ կեցվածքը՝ իշխանությունների համար խիստ դժվար, եթե ոչ անհնար կլինի ըմբոստության հերթական դրսեւորումների ճնշումը։

Անկասկած, խոսքի ազատությունն առաջին հերթին հասարակության առջեւ կբացահայտի իշխանությունների հակաօրինական գործողությունների բովանդակությունը՝ սկսած մարտի մեկի առավոտից։ Առանց այդ էլ հասարակությունը խորապես վիրավորված է իշխանություններից Ազատության հրապարակի հանրահավաքը բռնի ուժով ցրելու համար։ Այդ թեմայի ներառումը հանրային քննարկումների օրակարգում լիովին բավարար է, որ իշխանական ճամբարը կորցնի իր հավասարակշռությունը։ Արդեն իսկ նկատվում են հակասությունները նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի միջեւ՝ պայմանավորված իրավապահ մարմիններին՝ վերջինիս ուղղած հարցադրումներով։ Բավականին բարդ իրադրություն է նաեւ Ազգային ժողովում, որտեղ նախ քվորում չհավաքվեց արտակարգ դրություն մտցնող որոշումն ընդունելու համար, իսկ այնուհետ, ըստ Ժառանգության եւ ՀՀԿ պատգավորների, հարցը նույնիսկ չդրվեց քվեարկության։ Այսինքն՝ Երեւանում հայտարարված արտակարգ դրությունն ի սկզբանե կրում է ոչ լեգիտիմ բնույթ։ Նման միտումները կարող են ունենալ անդառնալի բնույթ։

Պատահական չէ, որ մարտի հինգին կայացած մամլո ասուլիսում նախագահ Քոչարյանը հայտարարեց հանրահավաքների անցկացման ընթացակարգի խստացման անհրաժեշտության մասին։ Իշխանությունների վիճակի հետագա բարդացումը կարող է դրդել նրանց երկրում հայտարարել ավելի խիստ ռեժիմ՝ ընդհուպ մինչեւ ռազմական դրություն։Իշխանության վիճակը ավելի է ծանրանում նաեւ նրանով, որ արտակարգ դրության պայմաններում ՀՀ Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում չի կարող ճանաչվել լեգիտիմ։ Հայաստանի սահմանադրությունն արգելում է ընտրությունների անցկացումը արտակարգ իրավիճակում, իսկ Սահմանադրական դատարանում տեղի ունեցող գործընթացը հանդիսանում է ընտրական գործընթացների բաղկացուցիչ մասը։

Այսիսով, արդեն նախընտրական շրջանում անհրաժեշտ էր ընդունել, որ հայ հասարակության քաղաքական գործունակությունը ներկայումս ակնհայտորեն գերազանցում է իշխանությունների գործունակության մակարդակը։ Այդ հանգամանքը շատ ավելի որոշակի երեւաց հետընտրական ժամանակաշրջանում։ Նախագահ հայտարարված Սերժ Սարգսյանն ի սկզբանե չկայացավ որպես երկրի ընդունված ղեկավար։ Նա ասելիք չունի ո՛չ հասարակությանը, ո՛չ իշխանական ճամբարի անդամներին։ Դա միայն կարող է նշանակել, որ իշխանությունն այսուհետ կարող է գոյություն ունենալ միայն հասարակությունը լիովին ճնշելու մեխանիզմների շրջանակում։ Նախագահի աթոռից Ռ.Քոչարյանի հեռանալուց հետո պրոիշխանական ճամբարում իրադրությունը պետք է էլ ավելի բարդանա։

Իշխանության ցանկացած հետագա սխալ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալությունը կամ նրա արտաքսումը երկրից կարող է վերջնականապես փակել թակարդը։ Իսկ դա կարող է միայն նշանակել, որ Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացները տանում են երկրի քաղաքական որակի կտրուկ փոփոխության։

Հարցազրույց Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի հետZhamanak.com
շաբաթ, մարտի 8-ին Zhamanak.com հրապարակել է հարցազրույց քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի հետ: Հարցազրույցը ամբողջությամբ ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողին:

-Անկախ ձեր կարգավիճակից` դուք ակտիվորեն հետեւում եք երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպե՞ս կբնութագրեք մարտի 1-ին տեղի ունեցածը:

- Հակառակ Լեւոն Տեր-Պետրոսյանի համառ ջանքերին, որ չարիքի վարչախումբը կազմաքանդվի առանց արյունի եւ առանց զոհերի, ցավոք` չստացվեց: Եվ տեղի ունեցավ բոլորիս համար ամենաանցանկալին: Գարնան առաջին օրը` մարտի 1-ը, զուգադիպեց այն դաժան օրերին, երբ 20 տարի առաջ, Սումգայիթում մոնղոլ-թաթարների հետնորդները սպանդի ենթարկեցին հայերին: Ինչպես Սումգայիթում, այնպես էլ Երեւանում զոհվածները հայերն էին, իսկ ոճրագործները` մոնղոլ-թաթարների հետնորդները: Մարտի 1-ը պատմության մեջ կմնա որպես ենիչերիների կողմից մեր ժողովրդի նկատմամբ իրագործած կոտորածի օր, որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի համար նահատակված նվիրյալների հիշատակի օր:

Իհարկե, հոգեվարքի մեջ գտնվող չարիքի իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկության դեպքում մարտի 1-ին վերջնականապես կտապալվեր, բայց Լեւոնն ամեն ինչ անում էր, որ արյուն չթափվի: Սակայն եղկելի սադրիչները ու նրանց ողորմելի տերերը դա արեցին: Նրանք մարտական փամփուշտներով կրակեցին ժողովրդի վրա ու սկսեցին անխնա կոտորել, որից հետո միայն ժողովուրդն անցավ ինքնապաշտպանության: Եվ եթե իշխանությունները կարծում են, թե իրենք պետք է կրակեն ժողովրդի վրա, իսկ ժողովուրդն ինքնապաշտպանության չդիմի, դա արդեն խաբկանք է: Թող Քոչարյանը մեկընդմիշտ մոռանա այն քստմնելի միտքը, թե ինքը միակ տղամարդն է այս երկրում: Եվ եթե մինչեւ այսօր կասկածներ կային, որ այս իշխանությունների մեղքով եղել են առեղծվածային սպանություններ, ապա մարտի 1-ի դեպքերը դրանք բացահայտ հիմնավորեցին: Իսկ հետագա օրերին իշխանավորներն իրենց անմարդկային դեմքն ու էությունը բացահայտեցին նաեւ նրանով, որ որեւէ ձեւով չցավակցեցին անգամ զոհվածների հարազատներին: Այսպիսի դեպք եթե տեղի ունենար որեւէ այլ պետությունում, անկախ դեպքի մեղավորներից, հաջորդ օրն իսկ համազգային սուգ կհայտարարվեր: Այս փաստը մեկ անգամ եւս հիմնավորում է, որ մենք չենք գտնվում նորմալ պետությունում, այլ կատարյալ ավազակապետությունում:

Այս ողբերգական դեպքերի հետագա շարունակությունն ու արյունահեղությունը կանխվեց միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ջանքերով եւ նրա հրահանգով, ի տարբերություն այն բարբաջանքների, թե իբր բանակային ուժերին գործի դնելու շնորհիվ իշխանությունները կարողացան զսպել իրավիճակը: Դա անամոթ, լկտի սուտ է: Մազից կախված սարսափահար իշխանությունները լավ գիտեին, որ դրանք գործի դնելու դեպքում բանակը կմիանա ժողովրդին, քանի որ բացի մի քանի ծախված, թալանչի եւ ստորաքարշ գեներալներից, բանակը հիմնականում ժողովրդի հետ է: Իրականում հետագա արյունահեղությունը կանխեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ նա երբեք չի ցանկացել բռնությամբ կամ հեղաշրջմամբ իշխանության գնալ:

- Ու՞մ մեղքն եք տեսնում այս ամենում:

- Տեղի ունեցածը մեր ժողովրդի նկատմամբ վերջին 10 տարիներին իրագործված ամենօրյա հանցանքների գագաթնակետն էր: Եվ եթե մինչեւ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները պահանջում էին, որ Սերժիկն ու Ռոբերտը հեռանան երկրից, ապա այսօր մենք ասում ենք, որ պետք է խիստ միջոցներ ձեռնարկել, որ նրանք չճողոպրեն, չհեռանան երկրից: Ընդամենը վերջին օրերն ապրող այս մեռնող իշխանության տապալումից հետո նրանք պետք է կանգնեն օրենքի ու դատարանի առաջ: Որեւէ մեկը մազաչափ անգամ թող չկասկածի, որ ինչպես քոչարյանասերժական կլանը, այնպես էլ նրանց կամակատար ենիչերիները խստագույնս պատասխան են տալու հայ ժողովրդի նկատմամբ թույլ տված բոլոր ոճրագործությունների համար:

- Ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակից դուրս գալու ելքը: Ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ ըստ Ձեզ:

- Մեր համոզմամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին փուլով ընտրված նախագահ է: Սակայն, միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակությունը համապատասխան դիրքում պահելու համար անհրաժեշտ է անցկացնել նոր ընտրություններ: Բայց այդ ընտրությունները պետք է տեղի ունենան Քոչարյանի եւ Սերժիկի հրաժարականից հետո միայն, քանի որ այս իշխանությունների օրոք ընտրություններ անցկացնելը ուղղակի անհեթեթություն է:

Վերջապես 1991-ից հետո թող մեր ժողովուրդը մեկ անգամ էլ տեսնի արդար ընտրություններ եւ վերականգնի իր կորսված հավատը մեր պետականության նկատմամբ: Եթե իրոք ցանկանում ենք ունենալ օրենքի գերակայության երկիր, ուրեմն պետք է գործի դնել վերը նշված տարբերակը, որն իրականացնելու համար մեր ժողովուրդն այսօր պատրաստ է: Եվ եթե քաղաքակիրթ աշխարհը հավատարիմ է իր դավանած արժեքներին ու սկզբունքներին, ապա նրանք նույնպես պետք է երաշխավոր լինեն այս տարբերակին:

- Ի՞նչ կոչով կդիմեք ժողովրդին, ընդդիմությանը կամ իշխանություններին:

- Այս չարագործ իշխանություններին հորդորում ենք իրավիճակը ճիշտ գնահատել եւ օր առաջ հրաժարական տալ: Բացի այդ, պետք է նրանք պատրաստ լինեն նաեւ դատարանի առաջ պատասխան տալ իրենց կատարած ոճրագործությունների համար: Եթե նրանք չհամակերպվեն այս պահանջների հետ, իրենք իրենց ձեռքով ընկնելու են տխրահռչակ Չաուշեսկուի օրը:

Իսկ ժողովրդին եւ ընդդիմությանը այսօր մենք միացնում ենք իրար, քանի որ կա ոչ թե ընդդիմություն, այլ համաժողովրդական շարժում, որի նպատակն է ազատագրել մեր երկիրը կեղեքիչներից ու բռնատիրությունից:Ազգային-ազատագրական շարժման յուրաքանչյուր անդամի մենք կոչ ենք անում լինել ավելի համախմբված ու վճռական, ավելի տոկուն ու համարձակ, անվերապահ հավատալ ու վստահել համաժողովրդական առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, կատարել նրա բոլոր հրահանգներն ու առաջադրանքները:
Մեր հաղթանակն անկասելի եւ անխուսափելի է: Մեր հաղթանակը շատ մոտ է:

Սրբություն չունեն
Մարտի 3-ի առավոտյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները իր բնակարանից ԱԱԾ են տարել արցախյան պատերազմի մասնակից, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանին:

Առաքելյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով (զանգվածային անկարգություններ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Սա ազատամարտիկի համար, ըստ էության նշանակում է մահապատիժ, քանի որ նա լրջագույն առողջական խնդիրներ ունի, հեռացված է թոքերի մի մասը, ունի մաշկի պրոբլեմներ եւ այլն: Տեղեկություններ կան, որ Վլադիմիր Առաքելյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել են Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ:

Բոյկոտում են
Երեւանի Ավան համայնքի բնակիչները բոյկոտ են հայտարարել «Միլենա» տաքսի ծառայությանը:

Սույն ծառայության տերը Հանրապետական կուսակցության անդամ է եւ նախագահական ընտրություններից առաջ իր տաքսիներին փակցրած սպիտակ դրոշներով փորձում էր քարոզչություն անել Սերժ Սարգսյանի օգտին, իսկ արդեն փետրվարի 19-ին այս ծառայության մեքենաներով Ավան համայնքի բնակիչները տեղափոխվում էին ընտրատեղամասեր` Սերժիկի օգտին քվեարկելու համար: Ավանցիները համատարած սկսել են չօգտվել «Միլենայից» եւ նախընտրում են այլ ծառայություն:

Կոչ են արել վերացնել արտակարգ դրությունը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ:

Դրանում, մասնավորապես, նշվում է.«Որպես Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ` մենք խորապես վշտացած ենք մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած անկարգություններով եւ մեր անկեղծ կարեկցանքն ենք հայտնում այդ միջադեպերից բոլոր տուժածներին: Կոչ ենք անում բոլոր կողմերին գտնել այս ճգնաժամի խաղաղ լուծումը` հանուն կայուն ու ժողովրդավարական Հայաստանի»:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը նաեւ արտակարգ դրությունը վերացնելու կոչով դիմել են Հայաստանի իշխանություններին: «Այս դժվարին պահին օրենքի գերակայության ու իրավական մարմինների անկախության ապահովումը, ինչպես նաեւ իրադարձությունների ճշգրիտ լուսաբանումը մամուլում անչափ կարեւոր են` հասարակական կարգ ու կանոնը վերահաստատելու համար:

Մենք համոզված ենք, որ քաղաքական երկխոսության մեջ ներգրավումն ու ազգն առաջ ուղղորդելու պատասխանատվության ցուցադրումը լավագույն ուղին են բոլոր շահագրգիռ կողմերի համար»,- ասված է հայտարարության մեջ:

Մարտի 1-ը սպանդի օր էր
Մարտի 8-ին` կանանց միջազգային օրը, մի քանի տասնյակ սեւազգեստ կանայք հավաքվել էին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում:

Չնայած հայտարարված արտակարգ դրությանը` նրանք եկեղեցում մոմ վառելուց հետո երթով շարժվել են դեպի Լեոյի փողոց: Կանայք սեւ ժապավենով ծաղիկներ են կապել ծառերին:

«Այստեղ մարտի 1-ի գիշերը ժողովրդին ուղղակի ջարդեցին: Առնցվազն 8 զոհ ունենք, դա սպանդի օր էր: Հայ կնոջ համար այլեւս տոն գոյություն չունի, մինչեւ մեր վրայից չմաքրենք այդ անմեղ արյունը»,- ասում էին ակցիայի մասնակիցները եւ աշխարհի կանանց կոչ անելով նմանատիպ ակցիաներով միանալ իրենց:

Կրակ բոլոր ուղղություններով
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի համապատկերի վրա մի պահ կարծես թե երկրորդ պլան մղվեցին Ղարաբաղում տեղի ունեցած սահմանային բախումները:

Ամեն դեպքում, բոլորի համար էլ պարզ դարձավ, որ դրանք պետք է դիտարկվեն ընդհանուր կացության համատեքստում: Եվ մինչ փոխադարձվող մեղադրանքներում հակամարտող կողմերը վիճարկում էին այն հարցը, թե նրանցից որ մեկն էր նախահարձակ եղել, մի խնդրում ընդհանուր հայտարարն ակնհայտ էր: Երկուսի մոտ էլ հաստատուն էր այն համոզմունքը, որ փոխհրաձգություններն անմիջականորեն առնչվում էին մարտի 1-2-ի երևանյան իրադարձություններին` մի դեպքում որպես հետևանք, մեկ այլ դեպքում իբրև ծրագրված շարունակություն: Առաջնորդվելով կարծրացած այն տեսակետով, թե հակառակորդը միշտ կեղծում է փաստերը, և օգտվելով լրատվական ամլության ընձեռած հնարավորություններից, Հայաստանի իշխանությունները հույս ունեն այս նոր արկածախնդրությունը ևս «սաղացնել» հալած յուղի տեղ, իրենց ձեռնտու լույսի ներքո: Միայն թե այս անգամ և լույսն էր աղոտ, և յուղը` վատորակ:Ավելի պարզ լինելու համար սկսենք հարակից փաստերից և նոր միայն անդրադառնանք դրանց ընդհանուր միտումներին: Դիտարկենք ակնհայտ մի դրվագ` համոզվելու համար, թե իրականում ինչ արժեք կարող են ունենալ իշխանությունների խոսքերը և դրանց տակ ինչ ճշմարտություն է թաքնված: Խոսենք միջադեպքի ընթացքում թշնամու կրած կորուստների մասին: Մեծ բան չէր պահանջվում: Պետք էր ընդամենը հաղորդել չոր թվեր և փաստեր: Սակայն ի՞նչ ստացվեց: ԼՂՀ ռազմական գերատեսչությունը պաշտոնապես հայտարարեց, որ հակառակորդն ունի 8 զոհ (ի դեպ, վերջին օրերին այս թիվը մի տեսակ չափանիշ է դարձել):

ԻՏԱՌ- ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում կատարելով հայաստանյան աղբյուրներին, հաղորդեց ադրբեջանցի երկու սպանված զինվորականների մասին: Ղարաբաղցի գեներալ Մովսես Հակոբյանը տեղեկացրեց, թե թշնամին մարտի դաշտում թողել է 11 դիակ:

Արտգործնախարարություն մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը խոսեց 8 զոհվածի և 7 վիրավորի մասին այն դեպքում, երբ նախօրեին իր շեֆը` Վ. Օսկանյանը հաստատել էր ընդամենը երկուսի սպանության փաստը: Սերժիկ Սարգսյանին կոնկրետ թվերն ընդհանրապես չբավարարեցին և Հայաստանիս խրոխտ զավակն իր ասուլիսում արդեն պատմում էր ճակատամարտի վայրում թափված բազում դիակների ու լալահառաչ վիրավորների մասին: Մի խոսքով, մի հսկա շիլաշփոթ:Սակայն բանը միայն դրանով չավարտվեց: Պաշտոնական Երևանն էլ ավելի ծիծաղելի դրության մեջ հայտնվեց, երբ Ադրբեջանը նույն կերպ պատասխանեց նրան` ի լուր աշխարհի հայտնելով, թե հայերն էլ ունեցել են 12 զոհ և 15 վիրավոր: Այս անգամ Երևանը մեջտեղ հրեց տրամաբանության իր ծանր հրետանին` ի դեմս պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի: Եվ փառապանծ զորավարը զոռ տվեց ուղեղին. «Կարծում եմ, որ յուրաքանչյուր զինծառայող, վերլուծելով միջադեպը, կարող է եզրակացնել, որ այս դեպքում էլ չի խախտվել դասական օրենքը. մեծ կորուստներ է կրել հարձակվող կողմը»,- ավետեց նա:Ի՞նչ է ստացվում: Նախարարն իր մտքի խորունկ ծալքերում երկյուղածորեն պահում-պահպանում է միջնադարյան մարտավարական դոգման, համոզված է, թե հարձակվողը միշտ տուժողն է, իսկ այդ մասին, արի ու տես, աշխարհն անտեղյակ է:

Պատկերացնու՞մ եք, որ եթե այդ մասին ժամանակին իմանային, ասենք, Միացյալ Նահանգներում, ապա նրանք հաստատ չէին հարձակվի ոչ Հարավսլավիայի, ոչ Իրաքի ու ոչ էլ Աֆղանստանի վրա: Եվ ինչպե՞ս ամերիկացիները հանդգնեցին այդքան քիչ զոհեր տալ, երբ Մ. Հարությունյանի դասական օրենքն այլ բան էր ասում....Շարունակությունը ոչ պակաս անհեթեթ կարող է ներկայանալ, եթե միևնույն տրամաբանությունը բումերանգի նման ետ թռչի: Այսինքն մեր կողմից մեծաթիվ զոհեր ունենալու հնարավորությունը հերքելու համար ասվածը կարող է դառնալ նույնի հաստատումը: Ուսադիրավոր պաշտոնյաները մոռանում են, որ հենց իրենց տեղեկատվության համաձայն, հայկական ուժերը նույն օրվա երկրորդ կեսին հակահարձակման են անցել` ետ գրավելով նախկին դիրքերը: Կնշանակի, որ եթե հարձակվել են, ուրեմն իսկապե՞ս շատ զոհեր են տվել...Բայց թողնենք այս կասկածներն ու առաջ անցնենք:Մի պահ ընդունենք, թե սահմանային միջադեպի հրահրողն իսկապես Ադրբեջանն էր: Այդ դեպքում էլ հարց է առաջանում` ինչու՞: Սոսկ այն բանի պատճառով, որ Հայաստանում իրավիճակը լարվա՞ծ է: Բայց չէ՞ որ, նախկինում ևս բազում լարված պահեր են եղել, ի վերջո եղել է 1999 թ հոկտեմբերի 27-ը, երբ շատ ավելի նպաստավոր պահ էր սահմանը խախտելու համար, միայն թե, չգիտես ինչու, նրանք այն ժամանակ ոչինչ չձեռնարկեցին: Իսկ ո՞ր պարագայում հակառակորդը կտրուկ գործողություների կդիմի: Երբ համոզված լինի, որ դիրքերը թույլ են պաշտպանված: Այդպես կարո՞ղ էր լինել: Որքան էլ տարօրինակ է, այս հանգամանքը չի հերքում նույնիսկ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը` իր ասուլիսի ժամանակ խոստովանելով, թե «որոշ տեղերում սադրանք իրականացնելու հնարավորություն կա», ասել է թե` պաշտպանական բնագծերը խոցելի են: Հարց է ծագում. ինչու՞ են խոցելի և ինչու՞ հատկապես հիմա: Գուցե այն պատճառով, որ երևանյան փողոցներում պարապ-սարապ թրևող զինվորները հենց այդ դիրքերի՞ց են մայրաքաղաք եկել:Խիստ կասկածելի էր նաև Հայաստանի իշխանությունների տրամադրության այն փոփոխությունը, որ կատարվեց միջադեպին հաջորդած երկու-երեք օրերի ընթացքում: Առաջին օրը պաշտոնական Բաքվի հասցեին բարձրագոչ սպառնալիքներ ու մեղադրանքներ շռայլողները շփման գծում միջազգային դիտորդների հատնվելուց անմիջապես հետո հանկարծ կտրուկ փոխեցին ձայնի երանգը և սկսեցին շփոթմունքով կմկմալ այն մասին, թե իբր գիտե՞ք, բանն այլ կերպ է եղել, Բաքուն նույնիսկ տեղյակ էլ չէր դրանից, այլ պատահածն ընդամենը տեղային բնույթի լարվածություն էր, որի մեղավորը կարող էին լինել Ադրբեջանական 703-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտիկները, որոնք այդ օրը նշում էին իրենց զորամիավորման տարելիցը, և այլն, և այլն... Նույնիսկ հեքիաթն այսքան զավեշտական ավարտ չի ունենում:

Սակայն մեր պատմածը, ցավոք, հեքիաթ չէ, այլ դառն իրականություն:Ղարաբաղյան սահմանի վրա այսօր էլ փոխհրաձգությունները շարունակվում են: Ադրբեջանցիները գնդակոծում են Նոյեմբերյանի, Տավուշի, Արարատի ու Վայքի դիքերը, հայերը կրակի տակ են առել Աղդամի, Գերանբոյի, Թովուզի, Թարթառի ու Ֆիզուլու տարածքները: Եվ հիմա կարելի է անսխալ գուշակել, որ մոտ ժամանակներս դրանք կարող են ունենալ ամենաանսպասելի և լուրջ հետևանքները: Դժբախտաբար, այդպես ենթադրելու բոլոր հիմքերը կան: Վերջին ճիգերով իրենց իշխանության ավերակներից կառչած Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը առանց աչք թարթելու կզոհաբերեն նույնիսկ ամենաթանկ բանը, կրակահերթեր կտեղան ինչպես երկրում, այնպես էլ սահմաններից դուրս, միայն թե ևս մի քանի օրով երկարաձգեն իրենց խայտառակ գոյությունը: Իսկ Ղարաբաղն այս պահին շատ հարմար խայծ է նրանց ձեռքում: Արտաքին թշնամու դեմ հասարակությանը համախմբելու էժանագին կոչերի ծածկույթի տակ, մեծ աղետի սպառնալիքով ժողովրդի ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու մշտական փորձերով նրանք դեռ հույս ունեն դուրս մղել մեր ներսից բռնատիրության հանդեպ ունեցած ատելությունն ու գարշահոտությունը թարմությամբ փոխարինելու ձգտումը:Սրան զուգահեռ չեն զլանա նաև բոլոր դժբախտությունների մեջ մեղադրել Լևոն Տեր-Պետրոսյանին` ասելով, թե նրա պատճառով խախտվեց այնքան մեծ ջանքերի գնով ձեռք բերված խաղաղությունն ու կայունությունը: Սակայն այդ ո՞ր միամիտն է, որ դեռ չգիտի կամ չի տեսնում ակնհայտը, չի կշտացել այն ապաշնորհության պտուղներից, որ ճաշակում է մեր երկիրն արդեն տասը տարի...

Ծանուցագիր չի ստացել
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանը որեւէ հրավեր կամ ծանուցագիր չի ստացել իրավապահ մարմիններից:

Մուսինյանը նաեւ նշել է, որ Տեր-Պետրոսյանը գտնվում է իր առանձնատանը, որը դեռեւս հսկվում է ոստիկանական ստորաբաժանումների կողմից: Մուսինյանը նաեւ չի բացառել, որ առաջիկայում Լեւոն Տեր-Պետրոսյանը ասուլիս հրավիրի: «Այս պահին մենք պետք է ուսումնասիրենք Սահմանադրական դատարանի ընդունած վճիռը, որից հետո, եթե դրա անհրաժեշտությունը լինի, առաջին նախագահը, իհարկե, ասուլիս կտա», - նշել է Արման Մուսինյանը:


արգելել են
Ըստ մեր տեղեկությունների, զինվորականներին, որոնք արդեն քանի օր է իրենց ծառայությունն անցկացնում են Երեւանի փողոցներում, արգելվել է հանդիպել հարազատների հետ:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ առիթից օգտվելով` զինվորականների հարազատները այցելում են նրանց ու նաեւ ուտելիք տանում, քանի որ իրենց զինվորը նորմալ չի կերակրվում:

նաեւ այլ ալիքներով
Ուրբաթ օրվանից սկսած` Երեւանի ժամանակով ժամը 19:00-ից, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները հեռարձակվում են նաեւ կարճ ալիք հաճախականություններով:
«Ազատություն» ռադիոկայանի երեկոյան ծրագիրը, որը սկսվում է Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին եւ տեւում մեկ ժամ, այսուհետ կարելի է լսել նաեւ 31 մետր կարճ ալիքով` 9830 կիլոհերց հաճախականությամբ, եւ 25 մետր կարճ ալիքով` 11695 կիլոհերց հաճախականությամբ:

հասարակությանը հնարավոր չէ խաբել
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայաստանյան վերջին իրադարձությունների կապակցությամբ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Հարցազրույցի ընթացքում նա, մասնավորապես, նշել է, որ ներկա պայմաններում ճնշումները հասարակության վրա կարող են հանգեցնել նոր ցնցումների:
«Եթե փորձ արվի հասարակությանը ճնշել, միայն ճնշումներով փորձել լուծումներ գտնել, դա ոչ մի ապագա չի ունենա, եւ կարծում եմ, մենք ապագայում կտեսնենք նոր ցնցումներ»,- նշել է քաղաքագետը: Բոզոյանի կարծիքով, ըստ էության, այսօր հասարակությանը խաբել հնարավոր չէ: Նրա խոսքերով, հասարակությունն ավելի ակտիվացած է, հասարակությունն արդեն պահանջում է լուրջ լուծումներ, եւ իշխանությունը տեսել է դա:

հանդիպել է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 8-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգտոնին և ԱՄՆ Դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքսին:
Ի շարունակություն նախորդ օրը կայացած հանդիպման, քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու հնարավոր ճանապարհները:

իրավունք չունեն անտարբեր մնալ
Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ «Բալկանյան քաղաքական ակումբը»` ի դեմս դրա նախագահ Գ. Դ. Ժելյու Ժելեւի, երեկ տարածել է հայտարարություն:
Դրանում, մասնավորապես, նշվում է. «Որպես «Բալկանյան քաղաքական ակումբի» նախագահ` ես ուզում եմ հայտնել այս ակումբի անդամների խորին մտահոգությոնը Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների անցանկալի զարգացումներով: Որպես կանոն` մեր ակումբը չի միջամտում այն երկրների ներքին քաղաքական խնդիրներին, որոնց հետ աշխատում է: Առավել ևս այն չի արտահայտում իր համակրություններն այս կամ այն քաղաքական ուժին և աջակցում որևէ կողմի: Սակայն խոսելով համատարած ընտրակեղծիքների արդյունքում առաջացած զանգվածային բողոքների մասին, որի արդյունքում հարյուր հազավոր մարդիկ դուրս եկան փողոց` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, անելով դա ոչ մեկ օր, այլ շաբաթներ շարունակ, երբ կառավարության պաշտոնյաները ձերբակալում էին ընդիմության առաջնորդներին և նույնիսկ թույլ էին տալիս իրենց փաստացի տնային կալանքի տակ պահել նախագահի թեկնածուի ուժեղագույն հավակնորդ պարոն Տեր-Պետրոսյանին, երբ նույն պաշտոնյաները խաղաղ ցուցարարների դեմ հանեցին անվտանգության ուժերը` կրակելու և սպանելու մարդկանց /համաձայն պաշտոնական տվյալների զոհերը 8-ն են, իսկ համաձայն ընդիմության տվյալների` 40, սա արդեն իսկ հարցականի տակ է դնում ժողովրդավարական կարգը երկրում և ինքնին ոչնչացնում ժողովրդավարությունը: Այս դեպքում անհնար է մեր ակումբի համար մնալ անտարբեր, քանզի Բալկաններում հաղորդակցման ենթակառուցվածքների արագացված ձևավորման առաքելությունից բացի, մեր ակումբի հիմնական նպատակների ու առաջնայնությունների թվում է աշխարհի բոլոր մայրցամաքներում տևական խաղաղության պահպանումը և անվտանգությունը, ժողովրդավարության կատարելագործումն ու զարգացումը: Ժողովրդավարությունը, միտված լինելով դարձնել մեր աշխարհն ավելի թափանցիկ և կանխատեսելի, ժամանակակից մարդկության անվտանգության, կայունության և բարեկեցության լավագույն երաշխիքն է: Այդ իսկ պատճառով, ժողովրդավարության հանդեպ ոտնձգության դեպքում, անկախ նրանից` որտեղ և ում կողմից է այն իրականացվում, ոչ միայն քաղաքական և պետական գործիչները այլ նաև հասարակ քաղաքացիներն իրավունք չունեն անտարբեր մնալու: Առավել ևս անտարբերության դրսևորման իրավունք չունեն ազգային, տարածաշրջանային ու մայրցամաքային այնպիսի հանրային ինստիտուտներ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն»:

Ստրուկ էիր, ստրուկ էլ մնայի՞ր
Երեւանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, որը Պետրոս Ղազարյանի շաբաթօրյա հաղորդման հյուրերից մեկն էր, վերջին ողբերգական իրադարձությունների առիթով հիշել էր Սողոմոն իմաստունին, երբ նա վճռում է կիսել երեխային, որպեսզի դրա համար կռվող երկու կանաց էլ հնարավոր լինի բաժին հանել:
Այդկերպ Սողոմոն իմաստունը պարզում է, թե ով է երեխայի իրական մայրը, քանի որ վերջինս գերադասում է հրաժարվել նրանից, քան թե մասնատված տեսնել: Արա Երնջակյանը պատմում էր այս ամենը, իսկ հեռուստադիտողը մտածում էր` տեսնես ի՞նչ եզրակացություն է անելու Երնջակյանը: Եւ նրա ասածը մոտավորապես հետեւյալն էր` եթե նախագահ դառնալու հավակնություններ ունեցող մարդը, այսինքն` Լեւոն Տեր-Պետրոսյանը, գիտի, որ իր քայլերը պատճառ են դառնալու, որպեսզի գոնե մեկ կաթիլ արյուն թափվի, ապա նա պետք է հրաժարվեր իր հավակնություններից: Արդյո՞ք դա չի նշանակում, որ «Առաջ, Հայաստան» գովաբանող Արա Երնջակյանն, այդպիսով, ընդունում է, որ մենք ունենք մարդասպան իշխանություն եւ նրա դեմ ստրկության լուծը թոթափելու յուրաքանչյուր փորձ պետք է ստանար այնպիսի հակահարված, ինչպիսին ստացավ մարտի մեկին: Եւ ուրեմն` պետք է համակերպվել ստրկացման վիճակի հետ ու չփորձե՞լ դրա դեմ պայքարել:

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԱՐՏԻ 9-ի դրությամբ
Արտակարգ դրության պայմաններում շարունակվում են խուզարկությունները, ձերբակալությունները, ծեծով, ստորացմամբ, մարդու տարրական իրավունքների ոտնահարմամբ ուղեկցվող հարցաքննությունները:
Շարժման ղեկավարների եւ ակտիվիստների մի մասը ծերբակալված է, մի մասն անցել է ընդհատակ: Տեղեկություններ են ստացվում մեկուսարաններում եւ քննչական գործողությունների ընթացքում իրականացվող խոշտանգումների մասին:
Վարչախմբի գործողությունները նպատակ ունեն.

Բարոյապես սպանել Շարժման ակտիվիստներին եւ ամբողջ երկրում վերականգնել վախի մթնոլորտը
Ահա ոստիկանական բաժիններում արձանագրված մի քանի փաստեր, որոնք պատկերացում են տալիս մարդկանց նկատմամբ վերաբերմունքի բնույթի մասին:
- Ոստիկանական բաժնում երկար ժամանակ պահվող կինը, երբ խնդրել է բնական կարիքները հոգալու հնարավորություն տալ, նրան ստիպել են, որ այդ բանը անի դուռը բաց զուգարանում` քննիչի եւ ոստիկանների աչքի առջեւ:
- Մի այլ կնոջ 4 տարեկան երեխայի հետ մի քանի օր բերման են ենթարկել եւ առավոտից մինչեւ ուշ երեկո, առանց սննդի հնարավորության, պահել ոստիկանական բաժանմունքում, որպեսզի դրանով ստիպեն նրա ամուսնուն ներկայանալ ոստիկանություն:
- Ծանր կոտրվածքներ ունեցող, գիպսի մեջ կապկպված հիվանդին տարել են ոստիկնություն «կարճ զրույցի», որը տեւել է շուրջ 20 ժամ: Ընդ որում` հարցաքննությունն իրոք տեւել է մեկ ժամ, սական դա իրականացվել է վերջին ժամվա ընթացքում:
- Ոմանք, արդեն իսկ տեղեկացնում են, որ իրենց դաժան ծեծի ենթարկելով կամ սպառնալիքներով ստիպել են կեղծ ցուցմունքններ ստորագրել Շարժման ղեկավարների մասին:
Կան ավելի սահմռկեցուցիչ դեպքեր: Դաժանություններն իրականացնում են հատուկ առանձնացված քննիչները եւ ոստիկանության առանձին աշխատակիցներ: Ոստիկնությունն ընդհանուր առմամբ ավելի զուսպ է: Եւ դա այն պատճառով, որ սրանք մարտի 1-ին նույնպես դարձել են դիմակավոր պատժիչ մարդասպանների թիրախը:
Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձանց (որոնց` շուրջ 4000 հոգու ցուցակները հայտնի են), հանրահավաքների եւ երթերի առավել ակտիվ մասնակիցների (որոնց հնարավոր է եղել արձանագրել), պարզապես նախընտրական շրջանում նրա օգտին արտահայտված կամ նրան ձայն տված հազարավոր մարդկանց, կանչում են ոստիկանություն` «զրույցի»: Հսկայական այս ցուցակից այն մարդկանց, ովքեր աշխատում են պետական որեւէ հիմնարկում, ազատում են աշխատանքից, իսկ մասնավոր սեկտորում աշխատողներին պահանջում են, որ աշխատանքից ազատեն գործատուները:

Ծանր մեղադրանքներով գործեր թխել Շարժման ղեկավարության եւ առաջին հերթին` Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ
Քոչարյան-Սարգսյան զույգը համաժողովրդական շարժման քաղաքական ողջ էլիտային ձերբակալելու հրաման է տվել: Խնդիրը` նրանց դեմ ծանր մեղադրանքներ հարուցելով տեւական ժամանակով նրանց ազատությունից զրկելն է: Ձերբակալված կամ հետախուզման մեջ են կենտրոնական շտաբի անդամների մեծ մասը, շրջանային շտաբների ղեկավարներ եւ ընտրական գործընթացների համակարգողներ: Նույն խմբի մեջ են դասվում հանրահավաքներում բոլոր ելույթ ունեցողները: Կարճ քննչական գործողություններ կատարելուց հետո, նրանց նկատմամբ սովորաբար մեղադրանք է հարուցվում Քր. օրենսգրքի 300 (Պետական իշխանությունը յուրացնելու), 316 (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու), 225 (Զանգվածային անկարգություններ կազմակերպելու), 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու ու անցկացնուլու) եւ այլ հոդվածներով:

Քննչական գործողությունների հիմնական միտումն ու ուղղվածությունը, անկախ նրանից, թե ով է հարցաքննվողը, հենց սա է` ցուցմունքներ կորզել այն մասին, թե իբր հանրահավաքները եւ այլն ուղղված են եղել պետական հեղաշրջման միջոցով իշխանությունը յուրացնելուն: Դրանով Քոչարյան-Սարգսյան զույգը նպատակ ունի մի կողմից արդարացնել ապօրինի արտակարգ դրություն հաստատելու իր որոշումը, մյուս կողմից` իր վրայից գցել այն սպանությությունների մեղքը, որ կատարեցին իրենց հրամանով` հատուկ այդ նպատակով Հայաստան բերված հատուկ ջոկատայինները:

Հասարակական մթնոլորտը
Չնայած գործադրված համընդհանուր բռնություններին, որեւէ մեկին անհնար է թվում արյունով եկեծ եւ արդեն երկրորդ անգամ սեփական ժողովրդի արյան վրա իր իշխանությունը հաստատել փորձող ռեժիմի հարատեւումը: Հակառակ դեպքում նրանք այլ բան չեն տեսնում, քան երկրից հեռանալը:
Սակայն նաեւ չեն պատկերացնում, թե ինչպես կարող է 3 միլոն մարդ ստիպված լինի հեռանալ երկրից` այն թողնելով երկու կամ թեկուզ երկու տասնյակ մարդու: Ուստիեւ շատերն ասում են, որ պարզապես սպասում են արտակարգ դրության շրջանի ավարտին` համարելով, որ հենց հաջորդ օրը պետք է հանրահավաքներ անել:

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղեկություններ են ստացվել, որ միջազգային ճնշման արդյունքում հնարավոր է, որ առաջիկա երկուշաբթի օրը հանվի արտակարգ դրությունը:
Ոմանք տեսել են, թե ինչպես ավտոբուսներով Հայաստանից դուրս են բերվում հատուկ պատժիչ ջոկատայինները: Ավտոբուսներն ուղղություն են վերցրել դեպի Ղարաբաղ:
Ոստիկանական բաժանմունք է հրավիրվել եւ հարցաքննվել Ստեփան Դեմիրճյանը, ինչից հետո նրան տուն են թողել:
Մի խուսբ երկրապահների հրավիրել են ոստիկանական բաժանմունքներ, սպառնալիքներով նրանցից ստորագրություն վերցրել, որ նրանք այլեւս չեն մասնակցի որեւէ հանրահավաքի:
Շրջում են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում պատկերված են մարտի 1-ին ուշ երեկոյան տեղի ունեցած ընդհարման եւ ոճրագործության առանձին դրվագներ: Դրանցից մեկում, մի քանի րոպե տեւողությամբ, պատկերված է, թե ինչպես միմյանց դեմ հանդիման կանգնած են ոստիկանական ստորաբաժանումները եւ ժողովուրդը: Որեւէ ընդհարում չկա: Ապա ոստիկանները դուրս են գնում ու նրանց ետեւից երեւում են սեւազգեստ ու դիմակավորված հատուկ ջոկատայինները` ավտոմատներով զինված: Նրանք սկսում են կրակել, հիմնականում մեկական կրակոցներով: Ընկնում է առաջին սպանվածը, ապա` ուրիշներ: Սպանվածներին ոտքերից ու ձեռքերից բռնած տեղավորում են ինչ-որ մեքենայի մեջ: Կրակոցները շարունակվում են: Մինչդեռ հանրապետության դատախազության մամլո խոսնակաը հայտարարում է, թե այդ օրը զինվորների կողմից հրազեն չի օգտագործվել:

1 comment:

antuan said...

Հայկական արդի իրականության մեջ արդեն շատ է խոսվել ու գրվել "մտավորականության" դերի մասին: բայց քանի որ մեր "մտավորականության" հորիզոնը սահմանափակվում է Ա.Ե.-ով, կամ էլ օրինակ` Գրողների միության ղեկավարով..... այս երկրից պետք է շատ շտապ հեռանալ.... կամ ել դիմում ներկայացնենք ՄԱԿ, որ հայերի համար պետություն ստեղծելու տարածք տան, ասենք, Աֆրիկանում. "Սեւ" մայրցամաքում մենք իրոք կտարբերվենք մեր "ժողովրդավարության ձեռքբերումներով"` Զիմբաբվեի ֆոնին:

Իսկ եթե ավելի լուրջ, կարծում եմ ստեղծված իրավիճակից պետք է դրական եզրահանգումներ անել.
1. վերջապես եւ վերջնական հստակ դարձավ բոլորի համար, թե "հանուն" ում են "աշխատում" Ա.Գեղամյանը, Ա.Բաղդասարյանը եւ մյուսները:

2. Որպես հետեւանք պարոն ԼՏՊ-ի "քաղաքական վերակենդանացման" մենք ունեցանք մի հասարակություն, որը այլեւս ԵՐԲԵՔ չի կարող ապրել անազատության մեջ, անկախ նրանից, թե ապրիլի 9-ին ով երդում կտա.

3. Եկեղեցին, հանձին ՆՍՕՏՏ Կաթողիկոսի վերջապես հասկացավ, որ հասարակության մեջ ինքը վստահություն այլեւս չի վայելում: Դասեր քաղելով` շուտով դրականորեն կակտիվանա:

4. Վերջնականապես վերացավ վստահությունը մամուլի որոշ աղբյուրների` Հայոց Աշխարհ, Գոլոս Արմենիի, Հ1, Հ2... եւ այլն... նկատմամբ: Իշխանությունները ամեն դեպքում ստիպված են լինելու ստեղծել այլընտրանքային ԶԼՄներ....

մի խոսքով.... մեզ սպասում են ՄԵԾ ժամանակներ, ՄԵԾ փոփոխություններ!!!!

Ես դեռ անկեղծորեն պահպանում եմ լավատեսական դիմակս:

հարգանքով`
Թաթուլ Սարգսյան
http://armenianevolution.blogspot.com
tsargsian@gmail.com