Thursday 27 March 2008

Payqar.org կամ payqar.net

Արտակարգ դրության վերացումից հետո
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ ընդհատակյա թերթը հիմա կարող եք կարդալ իր գլխավոր կայքում՝
www.Payqar.org կամ www.Payqar.net

Saturday 15 March 2008

Մինչեւ մարտի 1-ը եւ դրանից հետո

Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-ին: Արդյո՞ք տեղի ունեցածը կանխատեսելի էր ընդդիմության լիդերների համար: Ի՞նչ է լինելու հետո:
Սրանք հարցեր են, որ թերեւս այս օրերին ամենից շատ են հուզում հայաստանցիներին: Այս հարցերը էլ ավելի հրատապ են դառնում իշխանական գռեհիկ քարոզչության ֆոնին, որովհետեւ սա արդեն ոչ թե քարոզչություն է, այլ արհամարհանք սեփական, ավելի ճիշտ գերեվարված ժողովրդի նկատմամբ: Սակայն դառնանք մեր հարցերին եւ փորձենք գտնել պատասխաններ:

Դեռեւս նախագահական ընտրություններից առաջ հասկանալի էր, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը բացառիկ է Երրորդ հանրապետության պատմության մեջ: 1988 թվականի Համազգային Շարժումից ի վեր, սա առաջին հայաստանյան քաղաքական գործընթացն էր, որ հարաճուն, բայց հանդարտ ընթացք ուներ: Անկախությունից ի վեր Հայաստանում ձեւավորված բոլոր քաղաքական ընդդիմադիր գործընթացները հանկարծահաս բռնկվում էին եւ նույնքան հանկարծահաս էլ մարում: Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը ՀՀ նախագահական ընտրությունների քարոզչության մեկնարկի օրը արդեն չորս ամսվա հրապարակային գործունեություն էր վարել: Սրան նախորդել էր խորհրդարանական քննարկումների մի բավական հագեցած շրջան: (Էլ չենք խոսում առաջին նախագահի տասնամյա խորհրդածությունների մասին): Այս արձանագրությունները սակայն միայն վիճակագրական նշանակություն չունեն: Այդ վիճակագրությունը գալիս էր վկայելու, որ սա հերթական քաղաքական բռնկումը չէ, եւ պետք չէ սպասել, որ այն սովորական վախճան կունենա: Սա թերեւս հասկանում էին նաեւ իշխանությունները: Եւ քանի որ ֆորմալ առումով քաղաքական եւ իրապես համաժողովրդական շարժումը կապված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու հետ, Քոչարյան-Սարգսյան զույգը որոշեց արագ ավարտել ընտրությունները` Սերժ Սարգսյանի համար 53 տոկոս նկարելով: Սա իշխանության սպասած էֆեկտը չտվեց եւ նման գործելակերպը ավելի զայրացրեց հանրությանը: Բայց իշխանությունը սրանից անհրաժեշտ հետեւությունը չարեց, եւ շարունակեց կիրառել գործը արագ ավարտելու նախանշված ուղեգիծը: Ի դեպ ավազակապետությունը սեփական իդեաֆիքսերին տրվելու անխոհեմ հակում ունի: Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 21-ի ելույթից հետո բոլոր հեռուստաընկերությունները սկսեցին ցեխ շպրտել առաջին նախագահի ուղղությամբ: Տեր-Պետրոսյանի ասելիքը սակայն ավելի ու ավելի հասանելի եւ ընկալելի էր դառնում մարդկանց: Տոտալ հակաքարոզչությունը շարունակվում էր: Տեր-Պետրոսյանի ժողովրդականությունը` աճում: Հակաքարոզչությունը ավելի գռեհիկ էր դառնում: Տեր-Պետրոսյանի ժողովրդականությունը ավելի արագ էր աճում: Այս պրոցեսը նկարագրում եմ ցույց տալու համար, որ ավազակապետական իշխանությունը ծայրաստիճան պրիմիտիվ է եւ չի տիրապետում քայլերի բազմազանության: Հիմա հիշեցի Տիգրան Լեւոնյանի համեմատությունը. հարցազրույցներից մեկի ժամանակ նա Քոչարյան-Սարգսյան զույգին համեմատել էր կոկորդիլոսի հետ: Շատ դիպուկ համեմատություն է. որքան էլ սարսափազդու է կոկորդիլոսը, նա իրականում պրիմիտիվ կենդանի է, եւ նրա զինանոցում երկու-երեք քայլ կա: Նույնը վերաբերում է նաեւ ավազակապետական իշխանությանը, որը գիտի միայն գնել, ահաբեկել, ոչնչացնել: Հա` նաեւ կոկորդիլոսի արցունքներ թափել: Քոչարյանասերժական ավազակապետության գործունեության ցանկացած դրվագ, համոզված եմ, ձեւավորված է այս բանաձեւի ներքո:

Եւ ուրեմն, երբ իշխանության համար հասկանալի դարձավ, որ ընտրությունների գռեհիկ կեղծումը հանրային բողոքի ալիք է բարձրացրել, նրանք որոշեցին անել հաջորդ քայլը: ԿԸՀ-ն հայտարարեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց առաջին փուլով հաղթել է Սերժ Սարգսյանը: Այս արդյունքները հրապարակվեցին այն ժամանակ, երբ Ազատության հրապարակում արդեն հինգերորդ օրը շարունակվում էր շուրջօրյա հանրահավաքը, որի մասնակիցների թիվը գնալով ավելանում էր: ԿԸՀ-ն խաղարկելով` ավազակապետական զույգը հույս ուներ մարդկանց ներշնչել հետագա պայքարի անիմաստության զգացողություն: Իբր` պայքարը նրա համար էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դառնա նախագահ, եւ ԿԸՀ-ն արդեն վերջնականորեն հայտարարեց, որ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Ասել կուզի` ինչքան ուզում եք ցույց արեք: Այստեղ արդեն խոսք պետք է ասեր առաջին նախագահը: Նա մոտեցավ բարձրախոսին ու շատ հանգիստ հայտարարեց.« ԿԸՀ հայտարարությունը մեր պայքարում ոչինչ չի փոխում, պայքարը շարունակվում է»: Անկեղծ ասած, սա ես համարում եմ համաժողովրդական պայքարի ամենակարեւոր հանգրվանը: Այս տեղում շարժումը կրեց զարմանալի մետամորֆոզներ: Սա այլեւս պայքար է, ոչ թե հանուն որեւէ գործչի նախագահի պաշտոնում տեսնելու` սա պայքար է հանուն ազատության, հանուն արժանապատվության, հանուն քաղաքացիության: Սա պայքար է հանուն ապագայի: Ճիշտն ասած մենք այդ պայքարը հենց սկզբից էլ ընկալել ենք որպես այդպիսին: Բայց թերահավատներն էլ քիչ չէին: Եւ այդ մեծ վերափոխման սիմվոլը ինձ համար դարձավ մի տարօրինակ տեղեկատվություն. ընկերներս ինձ ասացին, որ Ազատության հրապարակում «հակալեւոնականների» վրան է հայտնվել: Առաջին հայացքից սա անհանգստացնող տեղեկատվություն էր. գուցե եկել են սադրանքներ հրահրելու: Սակայն վրանաբնակների պարզաբանումները մեզ համոզեցին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: «Հակալեւոնականների» դիրքորոշումը հետեւյալն էր. մենք այստեղ ենք պայքարելու ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու համար, այլ հանուն մեր ազատության եւ իրավունքների, եկել ենք Տեր-Պետրոսյանին, ինչպես ինքն է խորհուրդ տվել, օգտագործելու որպես գործիք` բռնապետությունից ազատվելու համար: Սա իրապես կարեւոր շրջադարձ էր. Տեր-Պետրոսյանին հաջողվել էր ձեւավորել իրապես համաժողովրդական շարժում: Հաջորդ կարեւոր նորությունը երիտասարդության ակտիվացումն էր: ՀՀ առաջին նախագահի` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հրավիրած հանրահավաքներին երիտասարդության մասնակցությունը հուսադրող չէր: Հանրահավաքի ճնշող մեծամասնությունը 35 տարեկանից բարձր անձինք էին: Ետընտրական հանրահավաքները սակայն երիտասարդությանն էին պատկանում, եւ սա սարսափազդու ուժ եւ էներգիա էր հաղորդում Ազատության հրապարակին: Իսկ Տեր-Պետրոսյանը իրապես հայտնություն էր մեր երիտասարդության համար: Ներկա ուսանողությունը կամ չէր տեսել, կամ չէր հիշում Տեր-Պետրոսյանին: Նրա մասին պատկերացումները սահմանափակվում էին միայն պաշտոնական քարոզչության շրջանակներում: Բայց ահա այդ երիտասարդությունը տեսավ մի բոլորովին ուրիշ մարդու` բարձր ինտելեկտուալ, անզուգական հռետոր, պայքարի աննահանջ մարտիկ, սիրված պապիկ, հոյակապ ասմունքող, մարդ որ լինելով երկրի հիմնադիր նախագահ չի խորշում պար բռնել սեփական ժողովրդի աչքի առաջ, չի խորշում անգամ, ինչպես ինքն է ասում` «ջագի-ջուգի» պարել երիտասարդությանը զվարճացնելու համար: Եւ ի վերջո մարդ, ով գիշերում է Ազատության հրապարակում, առավոտը դիմավորում է իր կողքին կանգնած մարդկանց հետ քոչարի պարելով: Եւ ահա երիտասարդությունը, որ այլեւս ոչ մի լավ բան չի սպասում հայրենի քաղաքական գործիչներից, տեսնում է իր երկրի հիմնադիր նախագահին բոլորովին նոր կերպարով, որպես ապրող, կենդանի մարդ, որպես մեծ առաջնորդ, որպես պայքարի ընկեր: Եւ նա սկսում է հավատալ իր ապագային, նա սկսում է հավատալ ինքն իրեն, նա սկսում է հավատալ Սահմանադրությանը, ըստ որի ինքն է երկրի բարձրագույն իշխանությունը: Եւ ի դեպ. երբ առաջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հիշեցրեց «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսը, շատերը դա համարեցին ավելորդ ու հնացած: Բայց հիմա այդ կարգախոսը ամենասիրելին է երիտասարդության շրջանում եւ հայտնի ռեմիքսը թերեւս հիթ-շքերթի ամենավերին տեղում է:

Եւ ուրեմն շարժումը ծավալվում էր, Ազատության հրապարակը փոթորկվում: Ամեն օր ժամը 15-ից 21-ը` հանրահավաք: Տեղի էին ունենում ամենօրյա երթեր, որոնք ապշեցնում էին իրենց ծավալներով: Ժամը 21-ից սկսվում էր երգ ու պարը, չնայած օրվա ընթաց քում էլ հանրահավաքը բազմաթիվ երաժշտական ընդմիջումներ էր ունենում: Ու որպեսզի տեղի ունեցող ակցիայի ծավալները ճիշտ ընկալվեն, անհրաժեշտ է մի կարեւոր ճշտում անել: Շուրջօրյա ակցիաները չպետք է չափել սովորական հանրահավաքների նման: Սովորական հանրահավաքն ունի մեկնարկի եւ ավարտի հստակ ժամեր: Մարդիկ նման հանրահավաքների գալիս են սկզբից մինչեւ վերջ մասնակցելու: Նման ձեւով հնարավոր չէ մասնակցել շուրջօրյա հանրահավաքների, որովհետեւ մարդը չի կարող 24 ժամ մնալ հանրահավաքում: Ասել կուզի` շուրջօրյա հանրահավաքն ունի հոսուն կազմ. մեկը գալիս էր կեսգիշերին, հրապարակում մինչեւ լույս մնալու համար, մեկը գալիս էր առավոտյան աշխատանքի գնալուց առաջ, մեկը գալիս էր ընդմիջման ժամին, մեկը աշխատանքից հետո, մեկն էլ աշխատանքից հետո գնում էր տուն, սնվում եւ նոր միայն գալիս հրապարակ: Եվ այս ամենով հանդերձ առնվազն ժամը 14:30-ից մինչեւ 22-ը` Ազատության հրապարակը միշտ լեփ լեցուն է եղել: Սա աննախադեպ ծավալների վկայություն է: Ի դեպ այս հանրահավաքները մի յուրատեսակ ռեաբիլիտացիա դարձան մեր ժողովրդի համար: Վերջին տարիներին շատ են տեսակետներ հնչել, թե մեր ժողովուրդը պայքարող չէ, մեր ժողովուրդը կոտրված է, մեր ժողովուրդը հանձնված է: Բայց հանրահավաքների օրերին տասնյակ անգամ եմ տեսել, թե ինչպես քաղաքացին հերթական օրը Ազատության հրապարակը լեփ լեցուն տեսնելով ասել է. «Մեր ժողովրդի ցավը տանեմ»: Սա այս պահին ունեցած մեր կարեւորագույն արդյունքներից մեկն է: Ժողովուրդը վեր գտավ հարգանքն ինքն իր նկատմամբ, եւ սա ամենաշատը սարսափեցրեց Քոչարյան-Սարգսյան զույգին: Նրանց թվում էր, թե իրենք ժողովուրդին վերջնականապես զրկել են ինքնասիրությունից եւ անհրաժեշտ է շտապ կասեցնել իրադարձությունների զարգացման նման անսպասելի ընթացքը: Ժողովրդին Քոչարյանն ու Սարգսյանը պետք է ապացուցեին, որ ինքը ոչինչ է, որ ինքն իրավունք չունի ինքնուրույն մտածելու: Եվ նորից սկսվեց մարդկանց հանրահավաքների քշելու ստորացուցիչ գործընթացը: Այս անգամ քաղաքացիները քշվում էին Սերժ Սարգսյանին պաշտպանելու: Եւ տեղի ունեցավ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող հանրահավաք` Երեւանի հանրապետության հրապարակում: Աննախադեպությունը ոչ թե այն էր, որ մարդկանց քշելով, ստիպողաբար բերել էին Սերժ Սարգսյանին լսելու, այլ այն, որ հանրահավաքի ելքերը փշալարված էին: Սա արված էր այն բանի համար, որ մարդիկ չփախչեին հանրահավաքից` «ընտրյալ» նախագահի հանրահավաքից: Բայց ժողովուրդը այս փորձությունն էլ հաղթահարեց, եւ մարդիկ «Լեւոն, Լեւոն» վանկարկելով հեռացան Հանրապետության հրապարակից ու եկան Ազատության հրապարակ: Այստեղ արդեն Քոչարյանն ու Սարգսյանը ստիպված էին, ուղղակի ստիպված էին բացահայտել իրենց ամենակարեւոր «հաճախորդին»` Արթուր Բաղդասարյանին: Բայց սա նույնպես հակառակ ազդեցությունն ունեցավ եւ Ազատության հրապարակում իրենց խոսակցությունից հրաժարվող հարյուրավոր ՀՀԿ-ականների եւ ԲՀԿ-ականների սկսեցին միանալ նաեւ ՕԵԿ-ականներ: Տեղի էր ունեցել շատ կարեւոր իրադարձություն. այն ինչ մենք պետք է երկար բարակ բացատրեինք մարդկանց, այլեւս բացատրելու կարիք չկար: Արթուր Բաղդասարյանն ի սկզբանե եղել է ավազակապետության սպասարկուն, նրա հինգերորդ` պահեստային անիվը: Իսկ ընդհանրապես Արթուր Բաղդասարյանի բացահայտումով բացահայտվեց ավելի կարեւոր մի բան. ՀՀ-ում չկա այլ ընդդիմություն, քան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերը` մնացածն ընդամենը իշխանության սպասարկուներն են: Այս արձանագրումը էլ ավելի ուժեղացրեց Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժման դիրքերը: Իշխանությունը` Արթուր Բաղդասարյանին իր կողմը տանելով, ուզում էր ընդամենը ապացուցել, որ Ազատության հրապարակում հանրության, ժողովրդի փոքրամասնությունն է: Բայց Արթուրիկին ձայն են տվել քոչարյանասերժական ռեժիմի հակառակորդները, որոնք իրենց խաբված զգացին: Ամեն դեպքում այս չափազանց կոպիտ «գաղտնազերծումը» Քոչարյանին անհրաժեշտ էր ուժային գործողությունների ֆոն ստեղծելու համար: Իշխանության այն հույսը, թե ձերբակալությունները, ահաբեկումները, ստի եւ կեղծիքի հայլուրական տարածումը կկոտրեն Ազատության հրապարակում հավաքվածների ոգին` հօդս ցնդեցին: Մնում էր միայն մի տարբերակ` ուժային: Այլապես Բաղդասարյանի գաղտնազերծումը վճռական թափ էր հաղորդում համաժողովրդական շարժմանը:

Ուժային գործողությունների համար հարկավոր էր ֆորմալ պատճառ, որը գոյություն չուներ: Իշխանությունների այն պնդումը, թե տեղի ունեցող հանրահավաքները ապօրինի են, որովհետեւ իրազեկված չեն Երեւանի քաղաքապետարանին, բացարձակապես լուրջ չէին: «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը, նախատեսում է առանց քաղաքապետարանին իրազեկելու հանրահավաքներ, երթեր անցկացնելու հնարավորություն եւ մենք օգտվում էինք հենց այդ հնարավորությունից: Ուստի ֆորմալ առումով հանրահավաքի «ապօրինի» լինելը չներկայացվեց որպես ուժային գործողության պատճառ: Որպես այդպիսին ներկայացվեց իբր վրաններում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը: Այս ամենը, սակայն հետագայում պետք էր ներկայացնել որպես տեղի ունեցածի բացատրություն:

Իսկ իրականում տեղի ունեցավ հետեւյալը. մարտի լույս 1-ի գիշերը, ժամը 6:20-ի մոտակայքում, վահանավոր, սաղավարտավոր, մահակավոր ոստիկանները շրջափակեցին վրաններում քնած ցուցարարներին: Ոստիկանների գալու պահին վրանաբնակների մի մասը, այդ թվում եւ առաջին նախագահը արթուն էին: Տեր-Պետրոսյանը միանգամից մոտեցավ բարձրախոսին եւ ասաց հետեւյալը. «Հանրահավաքի մասնակիցներ, ձեզ հետ խոսում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, խնդրում եմ ոչ մի կոնտակտ ոստիկանության հետ, եթե նրանք եկել են, նշանակում է մեզ ասելու բան ունեն, եկեք լսենք, թե ինչ են նրանք ուզում»: Սրան հետեւեց մոտ 30 վայրկյանանոց մի դադար` կատարյալ լռություն: Եվ հանկարծ Թումանյանի արձանի թիկունքից ոստիկանները հարձակվեցին: Ոչ մի բառ, ոչ մի պահանջ: Հարվածում են մահակներով, էլեկտրաշոկ են կիրառում ու չեն ասում` ինչ են պահանջում: Սա ասում եմ հատուկ, որովհետեւ նման գործելակերպը հակասում է ոչ միայն տրամաբանությանը, այլեւ` օրենքին: «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքն ասում է, որ եթե հանրահավաքը հարկադիր դադարեցնելու, ցրելու որոշում է կայացվել, նախ այդ մասին պետք է իրազեկվեն կազմակերպիչները, ապա նրանց պետք է ողջամիտ ժամկետ տրվի հանրահավաքը դադարեցնելու համար, իսկ եթե կազմակերպիչները դա հրաժարվում են անել, ոստիկանությունը պարտավոր է առնվազն երկու անգամ բարձրախոսով հայտարարել, որ հանրահավաքի մասնակիցները տեղյակ լինեն, որ իրենց նկատմամբ կարող է ուժ կիրառվել: Այս ամենը սակայն չի արվել: Նաեւ` որեւէ մեկը, որեւէ մեկին խուզարկության պահանջ չի ներկայացրել, եթե ներկայացվեր անպայման կբավարարվեր, որովհետեւ մենք հո լավ գիտեինք, որ վրաններում ոչ մի զենք էլ չկա: Եւ եթե անգամ որեւէ վրանում զենք գտնվեր, դա չէր կարող ազդել շուրջօրյա ակցիայի շարունակության վրա, որովհետեւ ում վրանում զենք է հայտնաբերվում, նրան էլ պետք է պատասխանատվության կանչեն եւ դա չի կարող ազդել զենք չունեցողների` հանրահավաք անցկացնելու իրավունքների վրա: (Ի դեպ հանրահավաքի կարգապահական խմբերը Ազատության հրապարակի մերձակայքում կամ վրանների տակ անընդհատ ինչ-որ բենզինով շշեր, մետաղյա ձողեր, մահակներ էին գտնում, որոնք, ինչպես պարզվեց, տեղադրում էին ԱԱԾ եւ ոստիկանության պրովոկատորները): Կարճ ասած` ուժային գործողության հենց սկզբից իրավապահներն իրենց դուրս դրեցին օրենքից: Ազատության հրապարակում տեղի ունեցավ մեծ կռիվ: Ցուցարարները պաշտպանվում էին գիշերային խարույկի համար բերված վառելափայտով կամ ուղղակի մերկ ձեռքերով: Հասկանալի էր, որ այդպես հնարավոր չէր դիմադրել ոստիկաններին, որոնց թիվը գրեթե հավասար էր այդ պահին հրապարակում եղած ցուցարարների թվին: Ոստիկանությունն էլ, հասկանալի է, զինված էր տվյալ իրավիճակի համար անհրաժեշտ ամեն ինչով: Կռիվը տեւեց մոտավորապես 30-40 րոպե: Շատերը տեղում ձերբակալվեցին, շատերը նահանջում էին կռվելով եւ կռիվը Հյուսիսային պողոտայով հասավ գրեթե Հանրապետության հրապարակ: Ինչ վերաբերում է առաջին նախագահին, հենց սկզբից մոտ 20 հոգանոց մի խումբ նրան մեկուսացրեց եւ տարավ դեպի Թումանյանի արձանը: Մեր տղաներից մի քանիսը ինձ Ազատության հրապարակից տարան ապահով տեղ: Ահա այսպիսին ստացվեց 2008 թվականի գարնանային առաջին լուսաբացը: Բայց սա միայն սկիզբն էր դաժան եւ արյունալի իրադարձությունների: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ իսկապես քոչարյանասերժական ավազակապետության խնդիրը ոչ թե Ազատության հրապարակի հանրահավաքը ցրելն է, այլ ժողովրդին ջարդելը, նրան իր նախկին ստրկական վիճակին վերադարձնելը: Մարդիկ առավոտյան դեպքերից հետո, ոմանք էլ դրա մասին չիմանալով, գալիս են Ազատության հրապարակ` սովորականի նման հանրահավաքի: Ազատության հրապարակը նրանք գտնում են շրջափակված եւ բնականաբար խմբվում են մոտակայքում ու մեկ էլ հանկարծ մահակավոր ոստիկանները հարձակվում են նրանց վրա ու դաժան ծեծի ենթարկում: Հասկացանք` ոստիկանություն է, բայց համաձայնեք` ոչ ոք ոստիկանին իրավունք չի տալիս ուղղակի հարձակվել քեզ վրա ու մահականերով հարվածներ հասցնել, կամ էլ էլեկտրաշոկով տոկի տալ: Ոստիկանը նախ պետք է ասի, թե ինչ է ուզում եւ պետք է հիմնավորի իր պահանջի օրինականությունը: Եւ ահա մարտի մեկին մենք անընդհատ տեղեկատվություն էինք ստանում, թե ոստիկանները մի քանի խումբ մարդկանց ծեծի են ենթարկել Մաշտոցի պողոտայում, Հյուսիսային պողոտայում եւ այլն: Ահա այս ծեծված մարդիկ շիվարած, վիրավորված որոշում են հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Բայց այստեղ էլ նրանց սկսում են ծեծել: Հասկանում եք` ոչ մի պահանջ չեն ներկայացնում, ուղղակի ծեծում են եւ վերջ: Այս լուրը տարածվում է Երեւանով մեկ եւ մարդիկ մեկտեղվում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առաջ, եւ երբ մարդիկ հոգնում են ծեծվելուց, իրենք էլ չհասկանալով, թե ինչպես ուժերի հարաբերակցությունը փոխվում է: Մի քանի տրոլեյբուսներով փակում են ջրցան մեքենաների ճանապարհը, ոստիկանությունը սկսում է բանակցել: Սկսվում է անհեթեթ առաջարկների շարան. հանրահավաքը տեղափոխել երկաթուղու կայարանի մերձակա հրապարակ, «Դինամո» մարզադաշտի մոտ, ի վերջո Մատենադարանի մոտ: Բայց հարց է ծագում` ինչո՞ւ տեղափոխել: Ինչո՞ւ: Պատճառ կարող էր բերվել, որ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը խանգարում էր երթեւեկությանը: Բայց այդտեղ այնքան մարդ էր հավաքված, որ ուր էլ տեղափոխվեին, անգամ Ազատության հրապարակ, փողոց էր փակվելու: Մանավանդ Մատենադարանի դեպքում, որի վրա պնդում էր ոստիկանությունը, փակվելու էր Մաշտոցի պողոտան, Կորյունի փողոցին կապող հանգույցը եւ նույնիսկ Մոսկովյան փողոցը, հնարավոր էր նաեւ Սայաթ Նովա-Բաղրամյան պողոտա- Մաշտոցի պողոտա հանգույցը: Այսինքն բոլոր դեպքերում փողոցներ էին փակվելու: Եվ ուրեմն ինչո՞ւ էր ոստիկանությունը պնդում տեղափոխման վրա: Որովհետեւ այս հատվածում նրանք պատասխան ծեծ էին կերել, տարածքը արգելափակված էր ջրցան մեքենաների եւ այլ տեխնիկայի համար: Նրանց պետք էր մարդկանց դուրս բերել բաց տարածություն չորս կողմից ջարդ ու փշուր անելու համար: Ճանապարհին մի երկու պրովոկատոր կջարդեր մի երկու խանութի ապակի եւ սա էլ կլիներ ուժային գործողությունների ֆորմալ պատճառ: Այս սցենարը չստացվեց եւ ահա լուր եկավ, որ ոստիկանները հեռանում են Ֆրանսիայի հրապարակից: Սա սկզբում լավ լուր թվաց, բայց գրեթե միեւնույն ժամանակ եկավ մյուս լուրը` տարբեր տեղերից, այդ թվում եւ Ղարաբաղից, զորք է բերվել Երեւան,զինվորներին բաժանվել են մարտական փամփուշտներ եւ հրաման կա կրակել ցուցարարների վրա մարտական փամփուշտներով: Ես Ֆրանսիայի հրապարակի ճանապարհին էի, երբ այս լուրը ստացվեց: Ես չէի ուզում հավատալ, որ Քոչարյանն ու Սերժը կկրակեն ժողովրդի վրա, բայց եւ նման հեռանկարին կասկածելու որեւէ հիմք չունեի: Ֆրանսիայի հրապարակի տեսարանը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները, առաջինը` մարդկանց թվով, բայց եւ նկատելի էր, որ սադրիչների թիվն էլ քիչ չէր: Ոմանք մոտենում էին եւ ինչ-որ սադրիչ առաջարկներ անում: Բանը հասավ այնտեղ, որ ես ստիպված էի ոմանց կոպտել: Որոշումը միանշանակ էր` մենք մնում էինք Ֆրանսիայի հրապարակում եւ սպասում առաջին նախագահին: Բայց մյուս կողմից մոտենում էին զինված զորախմբեր, որոնք հրաման ունեին կրակել ժողովրդի վրա: Ի՞նչ անել: Միանշանակ պետք էր հոգ տանել հանրահավաքի մասնակիցների անվտանգության մասին: Առաջին խնդիրը հետեւյալն էր` այնպես անել, որ տեխնիկա չմտնի ցուցարարների մեջ: Մինչ իմ գալը, արդեն իսկ մի քանի կողմից փակված էին Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակի մուտքերը, իսկ հրապարակի կենտրոնում ավտոբուսներ եւ մի քանի ոստիկանական «Վիլիսներ» կային: Ահա այդ մեքենաները տեղափոխեցինք հրապարակի մուտքերի մոտ եւ դրանցով պատնեշներ ձեւավորեցինք` բարիկադներ: Ի դեպ, այդ ընթացքում հրապարակում գտնվող բոլոր մասնավոր մեքենաները հանգիստ եւ առանց խոչընդոտի դուրս են եկել այնտեղից: Իսկ իմ նշած ավտոբուսներով զինվորներ էին բերել հրապարակ: Այս ընթացքում մի քանի կողմից հրապարակ էին գալիս նաեւ քաղաքապետարանին պատկանող ավտոբուսներ, երթուղայիններ, որոնց վարորդները միանում էին պատնեշներ կազմողներին: Ֆրանսիայի հրապարակի մուտքերը փակված էին: Բայց սա դեռ չէր երաշխավորում հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը: Ես մարդկանց բարձրախոսով հստակ ասացի հետեւյալը. «Մենք չենք պատրաստվում որեւէ մեկի վրա հարձակվել, բայց եթե մեզ վրա հարձակվեն` մենք կպաշտպանվենք»: Ո՞րն էր նման դիրքորոշման պատճառը: Իշխանության գործողությունները դուրս էին օրենքի շրջանակից եւ արդեն բեսպրեդելի ոլորտում էին: Մենք չէինք կարող ընկրկել ապօրինության առջեւ, բայց եւ չէինք կարող թույլ տալ, որ մեր կանանց, մայրերին մեր աչքի առաջ շան սատակ անեին, կամ մեզ շան սատակ անեն մեր մայրերի ու կանանց աչքի առաջ: Ահա այստեղ է, որ ես տղամարդկանց խորհուրդ տվեցի ինքնապաշտպանության համար ձեռքներին ունենալ փայտ կամ քար: Այս ընթացքում զորքը մոտեցավ երկու կողմից` Շահումյան հրապարակի եւ «Ձկան խանութի»: Այս ողջ պատմության ամենակարեւոր մասն այն է, որ նրանք ոչ մի պահանջ չունեին: Ի՞նչ էին ուզում նրանք առավոտյան, ի՞նչ էին ուզում կեսօրին, ի՞նչ են ուզում հիմա, այդպես էլ անհայտ մնաց: Եվ ի դեպ, զորքը, բանակը եկել էր մինչեւ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելը եւ ընդհանրապես շարքային ցուցարարը որտեղի՞ց պետք էր իմանար, որ արտակարգ դրություն է հայտարարված: Սրանք շատ կարեւոր նրբություններ են, որոնք բնորոշում են տեղի ունեցածի իրավական բնույթը, ավելի ճիշտ` ապօրինի բնույթը: Եվ ահա մի ինչ-որ պահի երեւանյան մթության մեջ լսվեցին կրակոցներ, պայթյուններ: Ֆրանսիայի հրապարակում ոչ ոք չընկրկեց: Երիտասարդների մի մեծ խումբ շտապեց դեպի «Ձկան խանութի» կողմը, որտեղից լսվում էին պայթյուններն ու կրակոցները: Սկզբում միայն օդ էին կրակում, լուսարձակ փամփուշտներով, բայց մի քանի րոպե անց զոհվեց առաջին ցուցարարը եւ քաղաքացիները հասկացան, որ զորքը եկել է իրենց կոտորելու: Ու սկսվեց իսկական մարտը, փայտերով, խողովակներով զինված տղերքը պաշտպանում էին իրենց` ոչ թե հանրահավաք անելու, այլ ապրելու իրավունքը, իրավունք որի դեմ դուրս էր եկել հայոց բանակը, որը մարտական AKC- ներով ու նռնակներով կրակում էր սեփական ժողովրդի վրա: Այս ընթացքում ես անընդհատ բարձրախոսի մոտ էի: Մի շարք ընկերների հետ մենք փորձում էինք ինչ-որ բաներ ասել ժողովրդին, փորձում էինք այնպես անել, որ խուճապ չլինի: Հետո բարձրախոսի մոտից սկսեցին երգել ազգային ազատագրական երգեր, արտասանել բանաստեղծություններ, հետո կրակոցները դադարեցին: Իմացանք, որ ցուցարարները բանակին ետ են մղել մինչեւ Լեոյի փողոց, մինչեւ Ամիրյան փողոց` Մաշտոցի պողոտայի կողմից: Ու հետո տեղի ունեցավ կարճ դադար ու եկավ խանութների ջարդ ու փշուրի ու թալանի մասին լուրը: Հասկանալի էր, որ սա իշխանական ցերեկային սցենարի ուշացած իրագործումն էր, որովհետեւ, եթե հանրահավաքի շարքային, իսկական մասնակիցները ջարդ ու փշուր անեին, չկար ավելի լավ ու անպաշտպան թիրախ, քան Անդրանիկ Մանուկյանի «Մետրոպոլ» հյուրանոցը, կամ Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանը: Այդ թալանը իշխանությանն անհրաժեշտ էր հաջորդ օրը «Հայլուրով» ցուցադրելու բան ունենալու համար: Ի դեպ «Հայլուրը» մինչեւ այժմ չի ասել, որ ցուցարարների դեմ մարտական փամփուշտներով կրակել են եւ կրակողն էլ բանակն է եղել: Ինչեւէ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպասվում է հերթական գրոհը ցուցարարների վրա, այս անգամ արդեն տանկերով: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը այս ողջ ընթացքում տնային կալանքի տակ էր, հանրահավաքի մասնակիցներին հորդորեց հեռանալ: Մինչ այդ արդեն իմացել էինք, որ արտակարգ դրություն է հայտարարված, որ կան բազմաթիվ վիրավորներ, որ կան բազմաթիվ զոհեր եւ այս ֆոնին խիստ պատեհ էր, որ հարթակից բարձրախոսով «Հայր մերը» հնչեցրեց հայ առաքելական եկեղեցու մի արդար սպասավոր: Ի դեպ Ազատության հրապարակում էլ շատ հաճախ հնչում էր «Հայր մերը» եւ հանրահավաքի մասնակիցները աղոթում էին: Այս անգամ սակայն Ֆրանսիայի հրապարակում շատերի աչքերին արցունքներ երեւացին:

Որոշ հարցեր եւ եզրակացություններ

Արտակարգ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի հրամանագիրը լեգիտիմության հսկայական դեֆիցիտ ունի: Սահմանադրությունն ասում է, որ արտակարգ դրություն հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում: Ի՞նչ վտանգ էր սպառնում սահմանադրական կարգին մարտի մեկին: Միակ վտանգը այն էր, որ ոստիկանությունն ու բանակը դուրս էին եկել օրենքի շրջանակից եւ վերածվել մի մեծ հանցավոր զինված բանդայի: Եվ ընդհակառակը` հենց Քոչարյանի սահմանած արտակարգ դրությունն է սպառնում երկրի Սահմանադրական կարգին, երբ ընդդիմությունը բանտերում է կամ ընդհատակում, մամուլը եւ կուսակցությունները փաստացի փակված են, երթեր եւ ցույցեր անցկացնելը արգելված են, առաջին նախագահը տնային կալանքի տակ է, ժողովուրդը չունի տեղեկատվություն, Երեւանի կենտրոնական փողոցները վերահսկվում են ավտոմատավորների եւ տանկերի կողմից: Ահա այն իրավական ռեժիմը, որով ապահովվում է արտակարգ դրությունը: Բայց նույն Սահմանադրությունն ասում է, որ արտակարգ դրության ռեժիմը սահմանվում է օրենքով: Ուրեմն հարց. կա՞ արդյոք Հայաստանում նման օրենք: Իհարկե չկա: Եւ ուրեմն` ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Քոչարյանը կատարել է գործողություն (սահմանել է արտակարգ դրության իրավական ռեժիմ), որի համար լիազորված չէ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Աղվան Հովսեփյան, սա է իշխանության յուրացումը, եւ ոչ թե այն ծիծաղելի հեքիաթները, որ հնարում եք դուք թերեւս անտաղանդ գրողներ Լեւոն Անանյանի եւ Ռազմիկ Դավոյանի օգնությամբ: Բայց սա ամենը չէ: Ո՞վ է Ռոբերտ Քոչարյանին եւ Սեյրան Օհանյանին իրավունք տվել բանակը հանել քաղաքացիական շարժման դեմ եւ տանկեր ու ավտոմատավորներ կանգնեցնել Երեւանի փողոցներում, կրակել մարդկանց վրա: Ցույց տվեք այն օրենքը, որով նման բան անելու իրավունք է տրված մեկին: Ինչո՞ւ է քաղաքացիների դեմ օգտագործվել մարտական զենք եւ ինչո՞ւ չեն կիրառվել գոնե ռետինե փամփուշտներ: Որովհետեւ` ճիշտ էր նկատել Հրանտը, Քոչարյանի եւ Սերժի համար հրապարակում կանգնածները ոչ թե համաքաղաքացիներ էին, այլ թշնամիներ: Եվ այդ թշնամիներին նրանք բնորոշում են կամ որպես հայաստանցի կամ որպես երեւանցի: Եւ ի դեպ, խորհրդակցություններից մեկի ժամանակ Քոչարյանը թույլ էր տվել այսպիսի արտահայտություն. «Մի հատ փըխկ անեմ, էս երեւանցիք փախչելու են»: Հուսախաբ եղավ, չփախան: Մարտի 1-ի իրադարձություններից հետո հասկանալի դարձավ, որ ռոբերտասերժական իշխանությունը եւ Հայաստանի ժողովուրդը գենետիկորեն անհամատեղելի են: Եւ առաջին նախագահի այն ձեւակերպումը, թե այս երկրից կամ Սերժը պիտի գնա, կամ ժողովուրդն է գնալու, որքան էլ դաժան, նույնքան դիպուկ է:

Ատելության մասին

Իշխանությունը անընդհատ թմբկահարում է, որ մեր շարժումը լի է ատելությամբ եւ հանրահավաքներում էլ ատելություն է քարոզվել: Ամենեւին դժվար չէ հերքել այս անհեթեթ պնդումը: Վերջին օրերի մեր երթերում մի այսպիսի ավանդույթ էր ձեւավորվել. որեւէ տեղում ոստիկանական շարքերի հանդիպելիս երթի մասնակիցները բուռն ծափերով ողջունում էին ոստիկանությանը, երթը պատշգամբներից նայող մարդկանց` լինեին դրանք պետական գերատեսչության, մասնավոր տների, թե իշխանական օլիգարխների պատկանող հիմնարկների պատշգամբներ, ահա այդ մարդկանց ջերմագին ողջույններ էր հղում եւ ստանում պատասխան: Սա իհարկե, ատելության նշան է, բայց համաժողովրդական ատելության` Ռոբի եւ Սերժի նկատմամբ:

Ազատության հրապարակում մարդիկ պարում էին ուրախանում, ուղղակի տոնում իրենց վերածնունդը, հոգ տանում միմյանց մասին: Եւ իսկապես զզվելի է լսել պաշտոնական տեղեկությունը այն մասին, թե հրապարակում մնալու համար մարդկանց փող են տվել: Ինչ վերաբերում է սնունդին, ես անուններով չգիտեմ, բայց դեմքով հիշում եմ տասնյակ մարդկանց, ովքեր հրապարակ սնունդ են բերել եւ մարդկանց բաժանել` տաք թեյ, տաք սպաս, բրդուճներ: Այո կազմակերպիչներն էլ սնունդ բաժանել են, որովհետեւ մեկը 100 դոլարի սնունդ է բերել Ազատության հրապարակ, մյուսը ուղղակի այդ 100 դոլարն է բերել եւ խնդրել, որ կազմակերպիչները դա ծախսեն շուրջօրյա ակցիայի կարիքների համար: Եղել են մարդիկ, ովքեր դեղորայք են բերել, վառելափայտ, տաք ծածկոցներ: Եւ ի դեպ, ամեն օր լուսաբացին Ազատության հրապարակը մաքրվել է, կարգի բերվել: Եւ հանրահավաքի ընթացքում Կենտրոնի թաղապետարանը հրապարակում մի օր աղբահանություն չի իրականացրել: Այդ ամենը արվել է հանրահավաքի մասնակիցների միջոցներով եւ օգնությամբ:

Անկարգություններ կազմակերպելու մասին

Հենց սկզբից ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սահմանել է մեր պայքարի հիմնական սկզբունքը. ոչ մի բռնություն: Փետրվարի 20-ի, այսինքն առաջին հետընտրական հանրահավաքը շատ լարված էր: Մարդիկ պահանջում էին ուժային լուծման գնալ: Տեր-Պետրոսյանը սակայն այդ ագրեսիվությունը հիանալի կերպով վերածեց երգուպարի, տոնախմբության: 10 օր Ազատության հրապարակում տոնախմբություն էր, հրավառությամբ, երգ երաժշտությամբ ու պարով, ազգային պարով: Այս տոնախմբության պատճառով ավազակապետությունը ավելի ատեց ժողովրդին, որը նորանոր պատվիրակներ էր ուղարկում Ազատության հրապարակ, թույլ չտալով, որ տոնախմբությունը մարի: 10 օրվա հանրահավաքների, երթերի ընթացքում չի եղել ոչ մի անախորժություն, ոչ մի անկարգություն: Ժողովուրդը հասել էր հոգեկան եւ հոգեւոր հավասարակշռության: Ու եթե չլիներ ոստիկանական լկտի, ապօրինի բռնությունը, տոնը ընթանալու էր առանց անախորժությունների:

Իշխանության յուրացման մասին

Այն մեղադրանքը, որ դատախազությունը հիմա փորձում է փաթաթել մեր վրա, ուղղակի զավեշտական է: ՔՕ հոդվածը կոչվում է «Իշխանության յուրացում»: Անգամ դպրոցականը կհասկանա, որ այս մեղադրանքի հասցեատերը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, որոնք չեն ընտրվել երկրի նախագահ, բայց յուրացրել են նախագահին ու ժողովրդին պատկանող իշխանությունը: Ընդ որում, ԿԸՀ-ի, ԸԸՀ-ների, մարզպետների, քաղաքապետարանների հետ հանցավոր համաձայնության գալով: Հանցավոր համաձայնության կարեւորագույն օղակ է նաեւ ՍԴ-ն: Սա թերեւս ամենաարգահատելի օղակն է, տառաճանաչ, բայց անդեմ, անողնաշար, անինքնասեր, փափկասուն կոկետուհիների հավաքածու:

Սպասո՞ւմ էինք արդյոք

Արդեն տասը տարի խոսվում է այն մասին, որ քոչարյանական իշխանությունը հանցագործ, մարդասպան իշխանություն է: Եւ այսպես պնդողները գտնվում էին հարթակում: Առաջին նախագահն էլ, որ ղեկավարում է շարժումը, համակարգված եւ ամբողջական ներկայացրեց վարչախմբի հանցավոր էությունը: Այսինքն` նման վարչախմբից կարելի է սպասել ամեն ինչ: Այդ առումով մարտի 1-ի եւ հետագա իրադարձությունները, իհարկե սպասելի էին եւ կանխատեսելի: Ուղղակի մեզնից յուրաքանչյուրը հույս ուներ, որ իշխանության մեջ դեռ ինչ-որ բանականություն եւ բարոյականություն մնացել է: Ի դեպ, մենք տեղյակ էինք նաեւ, որ մարտի լույս մեկի գիշերը ժամը 5-ին ներքին զորքերում, ոստիկանությունում եւ բանակում տագնապ է հայտարարվել: Տեղյակ էինք դեռ փետրվարի 29-ի երեկոյան:

Ի՞նչ է լինելու հետո

Քոչարյանն ու իր Սերժը ապացուցեցին այն, ինչ պահանջվում էր ապացուցել. նրանց իշխանության պահպանումը աղետ է Հայաստանի համար: Նրանց իշխանության պահպանումը նշանակում է կորցնել Լեռնային Ղարաբաղը: Շարժումը պետք է շարունակվի նոր թափով: Հայաստանի հրապարակներում պետք է տեղի ունենան հանրահավաքներ, փողոցներում երթեր, քանի դեռ ավազակապետությունը տապալված չէ: Ընդ որում, պայքարը պետք է շարունակել, թե բանտերում, թե ազատության մեջ, թե ընդհատակում:

Հ.Գ ՀՀ առաջին նախագահը ավազակապետության առանցքային դեմքերին նշելիս մոռացել էր խոսել մի առանցքային դեմքի մասին` Վեհափառ ավազակապետի:

Նիկոլ Փաշինյան

Friday 14 March 2008

ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ 14.03.08

ընդհատակյա թերթ
www.Payqar.org
14.03.08
Հեռու չէ Սադամ Հուսեյնի ռեժիմից

Մարտի 10-ին ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ անցկացված հարցազրույցը:Ստորեւ այն ներկայացնում ենք, որոշ կրճատումներով:

Մարտի 1-ի տարերային հանրահավաքին Ձեր բացակայությունը իրադարձությունների ընթացքի վրա գրեթե վճռորոշ նշանակություն ունեցավ: Ինչու՞ Դուք այնտեղ չգնացիք:

Այո, Ազատության հրապարակում հանրահավաքի ցրումից հետո մարդիկ սկսեցին հավաքվել փողոցներում: Արդյունքում ժողովուրդը հավաքվեց ֆրանսիական դեսպանատան առջեւ: Մարդկանց հավաքվելուց մոտ երեք ժամ անց մեր տղաները դուրս եկան ապաստարաններից եւ գլխավորեցին հանրահավաքը: Սակայն ժողովուրդը պահանջում էր, որ ես գնամ այնտեղ: Ես միակ մարդն էի, որ կարող էր իրավիճակը առնել վերահսկողության տակ:

Դուք ասում եք, որ եթե Դուք հայտնվեիք հրապարակում, ապա դա կարող էր փոխել իրադարձությունների ընթացքը: Այդ դեպքում ինչո՞ւ Դուք այդպես էլ չգնաայնտեղ չհայտնվեցիք: Հրաժարվեիք թիկնազորից եւ հեռանայիք տնից:

Ի՞նչ տեղի կունենար: Կսպանեին: Դա նրանց պետք էր: Հետո կգցեին ինչ որ խուլիգանների վրա: Կասեին, թե մի քանի հոգի, ովքեր դժգոհ էին ինձնից, սպանել են: Եվ դա էլ ավելի կապակայունացներ իրավիճակը:

Դուք գտնում ե՞ք, որ ընդդիմությունը մեղավոր չէ, որ մարդիկ են զոհվել:

Ոչ, ոչ միայն իմ կողմակիցները, այլեւ զինվորներն ու ոստիկանները, որոնք բոլորն էլ այս ռեժիմի զոհերն են դարձել:

Ի՞նչ եզրակացություններ եք արել կատարվածից:

Ես գտնում եմ, որ այն ամենը, ինչ մենք ունենք, միանգամայն նոր իրավիճակ է: Տեղի է ունեցել մեր հասարակության բեւեռայնացում:Մի կողմից իշխանությունններն են եւ իրենց կամակատարները` կրիմինալն ու կոռուպցիան: Մյուս կողմից մեր ժողովուրդը: Իրենց գործողություններով մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց դեմ են տրամադրել ամբողջ ժողովրդին:Նույնիսկ եթե մնան իշխանության մոտ, նրանք կառավարելու են մի ժողովրդի, որն ատելով ատում է իրենց: Ահա այսպիսի իրավիճակ: Եվ այս իրավիճակը չի կարող միջազգային ուշադրության կենտրոնում չլինել: Արդեն կա Արեւմուտքի խիստ քննադատությունը: Ես հուսով եմ, որ միջազգային ճնշումը հուժկու կլինի: Միջազգային հանրությունը արդեն գիտակցում է, որ Հայաստանում հայտնվել է մի ռեժիմ, որը ժողովրդի վստահությունը չի վայելում: Եվ դա կլինի մշտական կոնֆլիկտ: Հինգ տարի կլինի բռնություն` եւ տնտեսության, եւ իրավունքի եւ խոսքի ազատության ոլորտում:

Որո՞նք են Ձեր հետագա քայլերը:

«10 օրը կանցնի: Նրանք ո՞րքան կկարողանան պահպանել արտակագ դրությունը: Մենք չենք նահանջելու, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ այս ատելի, հանցավոր, ավազակապետական ռեժիմի տապալումը: Չենք վախենում բանտերից, տնային կալանքներից եւ սպառնալիքներից: Նրանք շատ փոքր մարդիկ են, որ մեզ վախեցնեն:Գորբաչովը չէր հանդգնում մեզ վախեցնել, մենք հասանք մեր ուզածին: Սակայն շատ կարեւոր է այն հանգամանքը, թե որքանով է Արեւմուտքը հավատարիմ իր սկզբունքներին, որոնց հավատում է: Սա քննություն է Արեւմուտքի համար:

Եթե ձերբակալվեին տիկին Քլինտոնի 50 կողմնակիցներ կամ պարոն Սարկոզիի 50 կողմնակիցներ, ի՞նչ կկատարվեր Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում: Այնտեղ դա անթույլատրելի է: Իսկ այստեղ կարելի է: Այնտեղ եվրոպացիները նման բան թույլ չեն տա: Իսկ այստեղ թույլ են տալիս: Եթե գոյություն ունեն չափանիշներ, ապա դրանք գոյություն ունեն բոլորի համար: Այն, ինչ չի հանդուրժվում Եվրոպայում, չպետք է հանդուրժվի նաեւ այստեղ: Այդ պատճառով էլ մենք դժգոհ ենք դիտորդների դիրքորոշումից:

Ստացվում է այսպես` ժամանում են եվրոպացիները եւ օրինականացնում են անօրինական ընտրությունները: ԵԱՀԿ-ն եւ Եվրախորհուրդըª մեր կազմակերպություններն են, մենք դրանց լիիրավ անդամն ենք: Մեր կառավարությունները դրանց նկատմամբ պարտավորություններ ունեն, բայց այդ կազմակերպություններն էլ մեր ժողովուրդների նկատմամբ պարտավորություններ ունեն: Եվ մենք պահանջում ենք, որ դրանք կատարվեն: Եթե միջազգային հանրությունը ընդունի այս ընտրությունների արդյունքները, ապա դա կնշանակի, որ նրանք պաշտպանում են մի ռեժիմ, որը հեռու չէ Սադամ Հուսեյնի ռեժիմին նմանվելուց:


Հասարակությունը երկփեղկված է

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում նշել է, որ «Հայաստանում այսօր լուրջ խնդիրներ կան. հասարակությունը երկփեղկված է, կա բեւեռացում, մի շարք մարդիկ ձերբակալված են եւ դատվելու են:

Բնականաբար, դրա արդյունքում կան մտահոգություններ` կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ: Ակնհայտ է, որ այս ամենի մեջ կա քաղաքական ենթատեքստ: Քաղաքական գործիչների եւ, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ անհրաժեշտ է սահմանափակել ձերբակալությունները: Դատական հետապնդումները պետք է իրականացվեն միայն այն դեպքերում, երբ կան բռնարարքների եւ հանցագործությունների իրական ապացույցներ, այլապես կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ համատարած կասկածներ կլինեն, որ մարդիկ ձերբակալվել են իրենց գաղափարների համար»: Նշելով, որ հանդիպել է ձերբակալվածների հետ` Թոմաս Համմարբերգը ընդգծել է հետեւյալը. «Ձերբակալվածներից ոմանք ծեծի են ենթարկվել, ինչը, իհարկե, անընդունելի է: Ոմանք ասում են, թե իրենք ամբողջությամբ անմեղ են եւ ընդամենը արտահայտել են իրենց կարծիքները: Իմ փաստարկն այն էր, որ այսպիսի իրավիճակում անհրաժեշտ է ապահովել արդարացի գործընթաց, եւ որ արդարադատության հիմնարար սկզբունքները պետք է հարգվեն»:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը զերծ է մնացել ձերբակալություններին քաղաքական գնահատական տալուց` նշելով, թե միայն, որ աստիճանաբար, «քայլ առ քայլ թուլացվում է արտակարգ իրադրության ռեժիմը: «Ես Հայաստանի նախագահին եւ վարչապետին ասացի, որ այդ փոփոխությունները բավարար չեն: Կարծում եմ, անհրաժեշտ է կայացնել գրաքննությունը վերացնելու որոշում», - այդուհանդերձ, հավելել է նա: Հարցին, թե ով է պատասխանատու մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների համար, Համմարբերգը ասել է. -«Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա իրականացնել անկախ, պրոֆեսիոնալ եւ անկողմնակալ հետաքննություն, որը կպարզի մարտի 1-ի առավոտյան, կեսօրի եւ երեկոյան իրադարձությունների, այդ թվում նաեւ սպանությունների իրական հանգամանքները»:


«Չորրորդ Իշխանություն» թերթի մարտի 14-ին չտպագրված նյութերը

ՄԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Ըստ ՀՀ իրավապահ մարմինների իրենք պարզել են որ ընդդիմությունը հանրահավաքների ժամանակ որոշակի «կոդավորված» բառեր է օգտագործել` «հայրենիք» «ընտանիք» «հաղթել ենք» եւ այլն:

«ՉԻ» - Զարմանալի է որ այս ցանկում «ազատություն» բառը չկա: Օսմանյան Թուրքիայում օրինակ ի թիվս այլ բառերի («Հայրենիք» «Հայաստան» եւ այլն) արգելված էր նաեւ «ազատություն» բառը: Այնպես որ մեր խորին համոզմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այս սադրիչ բառերը պետք է արգելվեն որովհետեւ ինչպես հայտարարեց մի քննիչ դրանք «նեյրոլեզվաբանական ազդեցություն» են թողնում մարդկանց վրա:Այսպիսով Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է սկսվի «Մեր (սադրիչ բառ) ազատ-անկախ» բառերով եւ ավարտվի այսպես. «Ամենայն տեղ մահը մի է մարդ մի անգամ պիտ մեռնի բայց երանի` ով յուր ազգի (մեկ սադրիչ բառ) կզոհվի»:Հ.Գ. Առաջարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնը վերանվանել «Ներքաղաքական կայունություն»:


ՄՈՆՏԱԺՎԱԾ ՊՍԻԽՈԼՈԳԻԱ

Նախօրեին ոստիկանական զորքերի շտաբի պետը լրագրողներին հանգամանորեն բացատրում էր որ մարտական փամփուշտներից բացի լինում են նաեւ ռետինե փամփուշտներ հետո մի քանի անգամ օդ կրակեց ու դիմեց լրագրողներին` «ուզո՞ւմ եք մի հատ էլ ձեզ վրա կրակեմ»:«ՉԻ» - Լրագրողների վրա կրակելու ենթագիտակցական այս մղումն ինքնին շատ խոսուն է: Նորմալ մարդը կամ նման բան ընդհանրապես չէր ասի կամ ծայրահեղ դեպքում կասեր «ուզո՞ւմ եք մի հատ էլ ինքս ինձ վրա կրակեմ»: Բայց խնդիրը սա չէ:
Փաստորեն եթե համադրում ենք պաշտոնական լրատվությունը ստացվում է որ ոստիկանությունը մարտական զենք չի օգտագործել ցուցարարների միջից կրակել են ոստիկանների ուղղությամբ ինչի արդյունքում... ցուցարարներից յոթ հոգի զոհվել է: Մնում է ենթադրել միայն որ ոստիկանական զորքերի ականջին ելույթից առաջ ինչ-որ մեկը չարամտորեն շշնջացել է «հայրենիք» եւ այդ մարդը զանգվածային հիպնոսի մեջ է:


ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Առավոտ: Կանգառում կանգնած` սպասում է երթուղային տաքսու: Մոտենում է առաջին երթուղայինը: «Սա ո՞ւր է գնում» հարցնում է ինքը` բացելով դուռը: «Կինոհայրենիք» պատասխանում է վարորդը: «Հայրենիք» բառը լսելով` ինքը կարճատեւ զանգվածային հիպնոսի մեջ է ընկնում ու փորձում կծոտել անցորդներին բայց քիչ անց սթափվում է եւ կանգնեցնում հաջորդ երթուղայինը: Լսելով որ սա էլ «Հաղթանակ» զբոսայգի է գնում վերջնականապես պսիխոզի մեջ է ընկնում փորձում քաշքշել վարորդի ականջը... Թարսի պես էլ հենց այդ պահին լոտո վաճառող մի կին մոտենում է ու երգեցիկ ձայնով կանչում «ընտանեկա~ն լոտո» «ընտանեկա~ն զառ...»: Բարեբախտաբար կնոջը հաջողվում է ժամանակին փախչել: Վերջապես հանդարտվում է եւ տաքսի նստում: Մի հարյուր մետր չանցած` մեքենան փոսի մեջ է ընկնում: «Ես ցնցվա°ծ եմ» գոռում է ինքը` ցնցումից առաստաղին դիպած գլուխը բռնելով «ես ցնցվա°ծ եմ Բրայզայի հայտարարությունից...»: «Ջանդ յուղի հեսա Կոնդոլիզայի հայտարարությանն ենք հասնում» քմծիծաղ է տալիս վարորդը` ցույց տալով առջեւի հսկայական փոսը...Վերջապես հասնում է նախարարություն: Միջազգային կոնֆերանս է` «Սադամ Հուսեյնի դասերը» թեմայով: Զեկուցողը ներկայացնում է հյուրերին. «սա ռուսական պատվիրակությունն է սա` իրանական իսկ սրանք թուրքերն են...»: «Սրանք թուրքերն են» բառերի վրա իր հետ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում. հարձակվում է պատվիրակների վրա ու սկսում աջուձախ կծոտել ներկաներին...

Կես ժամ անց արտգործնախարարության նոր խոսնակը պաշտոնական հաղորդագրություն է տարածում ըստ որի` միջազգային գիտաժողովի մասնակիցները սադրիչ կոչեր են արել եւ փորձել բռնությամբ տապալել Վարդան Oսկանյանին եւ վերջինս ստիպված է եղել դիմել պատասխան քայլերի` այդ ընթացքում օգտագործելով բացառապես ռետինե ատամներ...Արթնանում է ցնցումներից:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹՆԵՐԸ
Ազգային ժողովում դարձյալ արտահերթ նիստ էր: Նիստին ներկայացած պատգամավորների` ներկաների թիվը մեզ ուրախացրեց, եւ մենք որոշեցինք նրանց դիմել հետեւյալ հարցադրմամբ` «Ինչպե՞ս եք անցկացրել Ձեր գարնանային առաջին օրը` մարտի մեկը»: Ստորեւ ներկայացնում ենք նրանց պատասխաններն առանց մեկնաբանության:

Գալուստ Սահակյան` ՀՀԿ - Ժողովրդի հետ էի: Ժողովուրդ հասկացությունը չի կարելի մասնավորեցնել:
- Որտե՞ղ էիք:
- Ամեն օր, ամեն ժամ ժողովրդի հետ: Առավոտյան կուսակցությունում էի, հետո գնացի ընկերոջս բարեկամի մահվան հետ կապված ցավակցելու: Հետո վերադարձել եմ:
-Երեկոյան ի՞նչ էիք անում:
- Կուսակցությունում էի:

Ջոնիկ Աբրահամյան (Հովիկ Աբրահամյանի եղբայրը), ՀՀԿ-Հանրապետությունում չէի:
-Բա որտե՞ղ էիք:
-Տեղ էի գնացել:
- Բայց տեղյակ էիք, թե Հայաստանում ի՞նչ է կատարվում:
- Չէ, էկել եմ, նոր եմ իմացել:
- Եվ ի՞նչ զգացողություններ ունեցաք:
- Դատապարտում եմ:

Վահե Հակոբյան ՀՀԿ
- Ես ժողովրդի հետ էի:
- Որտե՞ղ:
- Սյունիքում. Քաջարանում:
- Բա ինչո՞ւ չեկաք Երեւան` ժողովրդին պաշտպանելու:
- Ոստիկանությունը ժողովրդին պաշտպանում էր:

Արմեն Պորտոյան ՀՀԿ
- Քաղաքում էի:
- Քաղաքում` որտե՞ղ:
- Տեղում էի, գնացել էի, որ ինչ-որ բանով կարողանամ կանխել, այն էլ` չեղավ:
- Այսինքն` դեսպանատների մոտ էի՞ք:- Ընդեղ գնացի, բայց այնքան խիտ էր, չկարողացա մտնել: Չստացվեց:
- Բայց ի՞նչ առաքելությամբ էիք գնացել այնտեղ:
- Հանդարտեցնելու:
- Բա հետո ո՞ւր գնացիք:
- Գնացի իմ տարածք:
- Էրեբունի՞:
- Այո:
- Էրեբունիում ի՞նչ էիք անում:
- Ուշի-ուշով հետում էին, թե ի՞նչ է լինելու:
- Այսինքն` կողքից հետեւողի դերում էիք:
- Չէ. ինչո՞ւ: Ոչ թե միայն հետեւում էի, այլ ուզում էի կանխել, որ բռնություններ չլինեն:
-Կոնկրետ ի՞նչ քայլեր ձեռնարկեցիք:
- Այն մարդիկ, ովքեր ինձ մոտիկ էին` հանդարտացնում էի: Ժողովրդից ում կարողանում էի` հանդարտության կոչ էի անում: Ասում էի, որ նմանատիպ բաներ չի կարելի անել:

Լեւոն Սարգսյան (Ալրաղացի Լյով), ՀՀԿ
- Պարոն Սարգսյան, Ձեզ մի հարց կարելի՞ է:
- Շմայսին հարցրեք` կպատասխանի:
- Իր տեղը, թե՞ նա նաեւ Ձեր տեղը կարող է պատասխանել:
- Սաղիս տեղն էլ ինքն ա պատասխանելու:
- Այդ դեպքում, պարոն Մովսիսյան (Շմայս, ՀՀԿ), կարո՞ղ եք ասել ինչպե՞ս եք անցկացրել գարնան առաջին օրը` մարտի մեկը, որտե՞ղ էիք:
- Որտեղ որ պետությունն ա եղել, ընդեղ էլ մենք ենք եղել:
- Որտե՞ղ էր պետությունը:
- Պետականության կողքին. գիշերը արտահերթ նիստ էր, եւ մենք այստեղ էինք` Ազգային ժողովում:
-Հետո՞:
-Հետո, քյաչալ պետո, դե գնա հիմա:
- Ուրի՞շ:

Ռուբեն Հայրապետյան(Նեմեց Ռուբո, ՀՀԿ)
- Հարց տալ մի հատ սովորեք, նոր մասնագիտությամբ զբաղվեք:
- Դուք էլ բան ունե՞ք ասելու, պարոն Հայրապետյան: Դուք ինչպե՞ս եք անցկացրել գարնան Ձեր առաջին օրը:
- Ծը:
- Բայց ի՞նչ կա ծպացնելու:
- Ափսոս շատ պուճուր երեխա ես, թե չէ մի երկու բան կասեի... գնա էլի:
- Ընդամենը:
- Ազիզ ջան, ի՞նչ ես ուզում:
- Հարցիս պատասխանեք կամ ասեք` չեմ պատասխանում:
- Պարտավոր եմ ես քո հարցին պատասխանե՞լ: Քեզ հինգ անգամ ասի` չեմ պատասխանում: Խի՞ ես կանգնել գլխիս վերեւը. մենք խոսում ենք, իսկ դու հարցրե՞լ ես` կարելի ա, թե չէ՞:
-Ես հարցրեցի նախապես:
- Իսկ ես ասեցի` ոչ: Ինչի՞ ես հիմա կանգնել ըստեղ: էթիկայի կանոններ կան. ես ասեցի` մենք իրեքով խոսում ենք, դու խի էս էկել խառնվում մեր խոսակցության մեջ:
-Ես աշխատում եմ:
-Դե աշխատում ես, գնա, աշխատելու ժամանակ կգաս` կաշխատես:
-Ես հիմա եմ աշխատանքի մեջ:
-Դու խոմ շառ չե՞ս, թող գնա ստեղից: Հարց ես տալիս` ասում եմ` չեմ պատասխանի. հիմա թող գնա ստեղից, ի՞նչ ես ուզում` վայ:
- Վայ, վայ:


ՆՐԱՆՑ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Ձեզ ենք ներկայացնում վերջին 80 տարվա ընթացքում առավել հայտնի բռնապետներին: Թե ով ինչպես է իշխանության եկել, ինչ «հերոսություններ» է արել իր պաշտոնավարման ընթացքում, ինչ ճակատագրի է արժանացել, եւ այլ մանրամասներ: Հետեւությունները թողնում ենք ձեզ:

ՍԼՈԲՈԴԱՆ ՄԻԼՈՇԵՎԻՉ`
Հարավսլավիայի բռնապետ

1989թ. ընտրվել է Սերբիայի նախագահ: Ընդամենը մի քանի տարում ամբողջությամբ իր ձեռքում կենտրոնացրեց Հարավսլավիայի ողջ իշխանությունը: 1992թ. Բոսնիա-Հերցեգովինայում սկսված պատերազմի ժամանակ սերբական ուժերը Միլոշեւիչի աջակցությամբ հարյուր հազարավոր բոսնիացի մահմեդականների եւ խորվաթների զրկեցին օթեւանից, սպանվեցին մի քանի տասնյակ հազար մարդ, հազարավոր մարդիկ հայտնվեցին համակենտրոնացման ճամբարներում: Ողջ աշխարհը դա համարեց էթնիկական զտումներ:1992թ. ընտրությունների կեղծմամբ Միլոշեւիչը վերընտրվեց Սերբիայի նախագահ:1998թ. Միլոշեւիչը սկսեց իրականացնել Կոսովոյի ալբանացիների դեմ արշավանքը, որի արդյունքում սպանվեց մոտ 10 հազար ալբանացի, իսկ 700 հազար մարդ արտագաղթեց հարեւան երկրներ:
1999թ. Միջազգային տրիբունալը Միլոշեւիչին մեղադրեց «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ: Մեկ տարի անց Միլոշեւիչը կորցրեց իշխանությունը, իսկ 2001թ. ապրիլին ձերբակալվեց եւ տեղափոխվեց Հաագա: Մահացել է Հաագայի բանտում` 2006թ.: Կինն ու որդին առ այսօր հետախուզման մեջ են:

ՆԻԿՈԼԱԵ ՉԱՈՒՇԵՍԿՈՒ`
Ռումինիայի բռնապետ

Չաուշեսկուն ղեկավարել է 1965-1989թթ.: Նրա օրոք Ռումինիան դարձել է Եվրոպայի ամենաաղքատ երկիրը, իսկ Չաուշեսկուի ընտանիքը` ամենահարուստը: Նրանց ընտանիքին են պատկանել Բուխարեստի ամենաշքեղ եւ էլիտար շենքերը, խանութները, հանգստավայրերն ու ռեստորանները: Չաուշեսկուի նստավայրը իր մեծությամբ զիջում է միայն Պենտագոնին:1989թ. Չաուշեսկուի դեմ սկսված տարերային համաժողովրդական ալիքը բռնապետը փորձեց ճնշել, հրամայելով կրակել ցուցարարների վրա: Միայն Բուխարեստում սպանվեց 89 մարդ, իսկ ամբողջ Ռումինիայով սպանվածների թիվը գերազանցեց 1000-ը: Սակայն հաջորդ օրը բանակը կանգնեց ժողովրդի կողքին, իսկ Չաուշեսկուն ձերբակալվեց փախուստի պահին:

1989թ. դեկտեմբերի 25-ին Չաուշեսկուն կանգնեց ռազմական տրիբունալի առջեւ: Դատախազը մի շարք մեղադրանքներ ներկայացրեց բռնապետին, ըստ որոնց վերջինս «իրականացրել է 60 հազ. մարդու կյանք խլած ցեղասպանություն, պետական ունեցվածքին վնաս է հասցրել, քաղաքներում պայթյուններ է կազմակերպել, քայքայել ազգային տնտեսությունը, փորձել է արտասահմանյան բանկերում պահվող ավելի քան 1 մլրդ դոլարի օգտագործմամբ փախչել երկրից»: Նույն օրը արձակվեց վճիռ եւ երեկոյան բռնապետը իր կնոջ հետ գնդակահարվեց:Ըստ որոշ տեղեկությունների, Ռումինիայի Կոմկուսի տարբեր պաշտոններում գտնվող Չաուշեսկուի հարազատների եւ մերձավորների թիվը հասնում էր 300-400-ի: Բռնապետի մոտ հարազատներից առանձնանում էր նրա որդինª Նիկուն (39տ.): Հետաքննությամբ պարզվեց, որ դեկտեմբերի 21-22-ին Սիբիու քաղաքում նրա հրամանով կրակել էին խաղաղ հանրահավաքի մասնակիցների վրա, որի հետեւանքով սպանվել էր 89 մարդ: Նիկուից բացի, դատարանի առջեւ կանգնեցին Չաուշեսկուի մյուս 2 զավակներըª Վալենտինն ու Զոյան, որոնք մեղադրվեցին պետական ունեցվածքը անձնական նպատակներով օգտագործելու մեջ: Հոդվածի առաջին մասում հիշատակված Նիկոլաե Անդրուցենª բռնապետի եղբայրը, մեղադրվեց առավել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունների եւ ցեղասպանություն դրդելու մեջ: Իսկ Չաուշեսկուի մյուս եղբայրըª Մարինը, որն Ավստրիայում առեւտրի ներկայացուցչության նախագահն էր, անմիջապես ինքնասպանություն գործեց:

ԻԴԻ ԱՄԻՆ`
Ուգանդայի բռնապետ1971-1979թթ.

Իդի Ամինը Ուգանդայում ոչնչացրել է մոտ կես միլիոն մարդ, այդ թվում` բոլոր քաղաքական հակառակորդներին, անցանկալի լրագրողներին, ամբողջ ցեղերի: Անձամբ սպանել է մի քանի տասնյակ մարդու, այդ թվում` իր կանանցից երեքին: Մշտապես օժանդակել է մի շարք ահաբեկչական կազմակերպությունների, որոնց շնորհիվ էր հաճախ իրականացնում իր հակառակորդների սպանությունները:1979թ. փախել է երկրից` իր հետ վերցնելով հսկայական հարստություն: 2003թ. մահացել է Սաուդյան Արաբիայում:

ՄՈՀԱՄԵԴ ՍՈՒՀԱՐՏՈ`
Ինդոնեզիայի բռնապետ

1965թ. իշխանությունը զավթել է ռազմական հեղաշրջմամբ, որի արդյունքում սպանվել է առնվազն 500 հազ. մարդ (այլ տեղեկություններով` 2 միլիոն): Եվս 250 հազ. մարդ սպանվել է ինդոնեզիական զորքերի կողմից Արեւելյան Թիմորի օկուպացման ժամանակ: Ֆիզիկապես ոչնչացրել է իր մի քանի հազար քաղաքական հակառակորդներին: Իր պաշտոնավարման ընթացքում հսկայական հարստություն է կուտակել` մոտ 15 մլրդ դոլար: Իշխանությունը կորցնելուց հետո նրա նկատմամբ դատավարություն սկսվեց: Նրա կրտսեր որդին դատապարտվեց 15 տարվա ազատազրկման` դատավորի սպանություն կազմակերպելու համար:

ԺԱՆ-ԿԼՈԴ ԴՅՈՒՎԱԼՅԵ`
Հաիթիի բռնապետ

Իշխանությունը 1971թ. ժառանգել է հորից: Իր պաշտոնավարման ընթացքում սպանել է մոտ 60 հազար քաղաքական հակառակորդների: 1986թ. փախել է երկրից, եւ առ այսօր բնակվում է Փարիզում:

ՀԻՍԵՅՆ ՀԱԲՐԵ`
Չադի բռնապետ

Իր պաշտոնավարման 8 տարվա ընթացքում սպանել է մոտ 40 հազար մարդ, եւս 200 հազարին բանտարկել է կամ ուղարկել համակենտրոնացման ճամբարներ: 1990թ. փախել է հարեւան Սենեգալ երկիր:

ՄԵՆԳԻՍՏՈՒ ՀԱՅԼԵ ՄԱՐԻԱՄ`
Եթովպիայի բռնապետ

Իր պաշտոնավարման 17 տարիների ընթացքում` 1974-1991թթ. երկրում սպանվել է մոտ 200 հազ. մարդ: Անձամբ սպանել է Եթվոպիայի վերջին կայսրին` Հայլե Սելասիեին: Նրա օրոք Եթովպիայի տնտեսությունը ամբողջությամբ փլուզվել է: Միայն սովից մահացել է 1.5 միլիոն մարդ: 1991թ. փախել է Զիմբաբվե:

ՖԵՐԴԻՆԱՆԴ ՄԱՐԿՈՍ`
Ֆիլիպինների բռնապետ

Իր պաշտոնավարման ընթացքում` 1965-1986թթ. սպանել է մի քանի հազար մարդ: Նրա օրոք Ֆիլիպինների բանտերում են հայտնվել մի քանի տասնյակ հազար քաղբանտարկյալ: 1986թ. փախել է երկրից: Նրա ընտանիքի հարստությունը գնահատվում է մոտ 100 մլրդ դոլար: Ֆիլիպինների իշխանությունների բոլոր փորձերը` այդ գումարները վերադարձնելու ուղղությամբ, առ այսօր չեն պսակվել հաջողությամբ:

ՊՈԼ ՊՈՏ`
Կամբոջայի բռնապետ

Համարվում է 20-րդ դարի մեծագույն ոճրագործներից մեկը: Իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Կամբոջայում սպանվել է մոտ երեք միլիոն մարդ: 1985թ., երբ ընդդիմությունը վիետնամական զորքերի օգնությամբ կարողացավ վերահսկողություն սահմանել երկրում, փախավ ջունգլիներ: 1998թ. մահացել է զինվորական բանտում:


ԱՈՒԳՈՒՍՏՈ ՊԻՆՈՉԵՏ`
Չիլիի բռնապետ

1973թ. ռազմական հեղաշրջմամբ զավթել է Չիլիի իշխանությունը: Հեղաշրջման ժամանակ զոհվել է Չիլիի նախագահ Սալվադոր Ալիենդեն: Նրա օրոք սպանվել է մոտ երեք հազար չիլիացի: Նրա կարգադրությամբ Չիլիի հատուկ ծառայությունները 1976թ. սպանեցին Վաշինգտոնում բնակվող Օռլանդո Լետելյերին` Ալիենդեի կառավարության նախկին անդամին: 1998թ. թողել է իշխանությունը: Մի քանի անգամ ձերբակալվել է, նրա նկատմամբ դատավարությունները առ այսօր շարունակվում են:

ԱՆԱՍՏԱՍԻՈ ՍՈՄՈՍԱ`
Նիկարագուայի բռնապետ

1956թ. Սոմոսան իշխանությունը ժառանգեց հորից, որին սպանեցին 1956թ.: Նրա պաշտոնավարման ընթացքում երկրում սպանվեց 50 հազ. մարդ, 120 հազարը արտաքսվեց երկրից, եւս 600 հազարը զրկվեց օթեւանից: Սոմոսայի հրահանգով սպանվեցին հազարավոր քաղաքական հակառակորդներ, լրագրողներ եւ նույնիսկ հոգեւորականներ: 1980թ. Սոմոսան փախավ երկրից` իր ընտանիքի, հանցակիցների տասնյակ անդամների հետ, բնականաբար, չմոռանալով իր հետ տանել նաեւ մոտ 400 միլիոն կանխիկ ԱՄՆ դոլար: Նույն տարվա սեպտեմբերին սպանվել է Պարագվայի մայրաքաղաքում` Ասունսիոնում, վրիժառուների կողմից: Չնայած շրջում էր զրահապատ մեքենայով` մոտ 15 թիկնապահների ուղեկցությամբ:

ՄՈՒՀԱՄԵԴ ԶԻԱ-ՈՒԼ-ՀԱԿ`
Պակիստանի բռնապետ

1977թ. հուլիսին ռազմական հեղաշրջմամբ զավթել է իշխանությունը` տապալելով նախագահ Զուլֆիկար Ալի Բհուտոյին: Երկու տարի անց, Զիա-ուլ-Հակի հրահանգով Բհուտոն կախաղան հանվեց: Պակիստանում շիա մահմեդականների նկատմամբ զանգվածային բռնությունների հեղինակն էր: Նրա օրոք երկրում իրականացվեցին տասնյակ աղմկոտ սպանություններ:1988թ. զոհվել է ավիավթարից, որը, ինչպես հետագայում պարզվեց, կազմակերպված ահաբեկչության արդյունք է եղել:

ԻՍԼԱՄ ՔԱՐԻՄՈՎ`
Ուզբեկստանի բռնապետ

Միանձնյա իշխում է 1989թ. ի վեր: Նրա պաշտոնավարման ընթացքում բռնադատվել են հարյուրավոր քաղաքական հակառակորդներ, փակվել են տասնյակ ընդդիմադիր եւ անկախ լրատվամիջոցներ, մտցվել է գրաքննություն: Նրա ընտանիքի անդամների ձեռքում է կենտրոնացված երկրի ազգային հարստության զգալի մասը:2005թ. մայիսի 14-ին դաժան հաշվեհարդար է տեսել Անդիժանում հավաքված ցուցարարների հետ: Պաշտոնական տվյալներով, ցուցարարների դեմ զենք կիրառելու արդյունքում սպանվել է 189 մարդ, մինչդեռ բազաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, խոսքը գնում է ավելի քան 500 մարդու մասին:

ՍԱԴԱՄ ՀՈՒՍԵՅՆ`
Իրաքի բռնապետ

20-րդ դարի խոշորագույն ոճրագործներից մեկը: Միայն իր կողմից սկսված Իրաքա-իրանյան պատերազմի ժամանակ սպանվել է 100 հազար իրաքցի եւ 400 հազար իրանցի: Իրականացրել է ցեղասպանություն Հյուսիսային Իրաքի քրդերի նկատմամբ: Նրանց նկատմամբ կիրառել է քիմիական զենք: Ընդհանուր առմամբ 100 հազար քրդերի սպանության պատասխանատուն է: Մոտ երկու միլիոն քուրդ անտուն է մնացել: Ողջ գործունեության ընթացքում նրա վրա մեծ ազդեցություն է թողել Ստալինի կերպարը:Մինչեւ 1979թ. Սադամ Հուսեյնը ղեկավարում էր երկրի հատուկ ծառայությունները: Այդ տարիներին նրա անձնական հրահանգներով ամենասարսափելի խոշտանգումների ենթարկվելուց հետո բանտերում սպանել են մի քանի հազար քաղաքական հակառակորդների:1979թ. հուլիսին Իրաքի նախագահ Ալ-Բաքրը հրաժարական տվեց (իրականում նա վաղուց տնային կալանքի տակ էր): Նրա իրավահաջորդ հռչակվեց Սադամ Հուսեյնը: Բառացիորեն մի քանի ժամ անց ձերբակալվում է հեղափոխական ղեկավարության խորհրդի գլխավոր քարտուղար Աբդ ալ-Հուսեյն Մասհադին, ով խոշտանգումների ներքո խոստովանում է, թե խոշոր դավադրություն էր պատրաստում: Երկու օր անց, իշխող «ԲԱԱՍ» կուսակցության համագումարում Մասհադիին ներս են հրավիրում, եւ նա, որպես դավադրության մասնակիցներ, մատնացույց է անում համագումարի 60 պատվիրակների, որոնց անմիջապես ձերբակալում են: Հաջորդ մի քանի օրվա ընթացքում սպայական բարձրագույն անձնակազմի ներկայացուցիչներ, իրաքյան կառավարության փոխվարչապետներ եւ պաշտոնյաներ մահապատժի են ենթարկվում:Մի անգամ «Նյուսուիք» հանդեսի լրագրողը Սադամ Հուսեյնին հարցնում է խոշտանգումների եւ մահապատիժների մասին, եւ վերջինս զարմացած պատասխանում է. «Իհարկե, այդ ամենը կա: Բա իշխանությունների դեմ հանդես եկողների հետ ուրիշ ինչպե՞ս պիտի վարվել»:1991թ. զավթել է Քուվեյթը: Քուվեյթում մի քանի հարյուր մարդ է սպանվել: Իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է լարված կամ պատերազմական հարաբերություններ ունենալ բոլոր հարեւանների` Իրանի, Սիրիայի, Թուրքիայի, Իսրայելի, Քուվեյթի հետ: 2003թ. ապրիլից, երբ ամերիկյան զորքերը մտան Բաղդադ, փախուստի մեջ էր: Նույն տարվա դեկտեմբերին հայտնաբերվել եւ ձերբակալվել է: Իրաքի ժողովրդի դեմ կատարած ծանրագույն հանցագործությունների համար Իրաքի դատարանը 2005թ. նոյեմբերին նրան դատապարտեց մահապատժի: Նույն տարվա դեկտեմբերի 30-ին Սադամ Հուսեյնը կախաղան հանվեց:


ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾԵԼ ԵՎ ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐ Է ՀԱԳՑՐԵԼ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ

Մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների նկատմամբ իրագործած բռնություններին ականատես ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը եւս դաժան ծեծի է ենթարկվել իրավապահների կողմից: Նա մեզ պատմեց որ գնացել էր Ազատության հրապարակ` ֆոտոռեպորտաժ պատրաստելու այն մասին թե ինչպես են ցուցարարները դիմավորում իրենց գարնան առաջին օրը բայց ընկել է ոստիկանների «ճանկը»:

- Նպատակս գարնան առաջին օրը Ազատության հրապարակում մեր ժողովրդին լուսանկարելն էր - մեզ հետ զրույցում ասաց «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» օրաթերթերի ֆոտոլրագրող Գ. Շամշյանը:
- Ես ցանկանում էի Շարժումը եւ գարնան առաջին օրվա ուրախ տրամադրությունների զուգակցումը ներկայացնել: Սակայն օրը ողբերգական դարձավ: Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները առավոտ շուտ` մթնշաղին անակնկալ հարձակվեցին ժողովրդի վրա: Ազատության հրապարակում հավաքված մարդկանց մեծ մասը վրաններում քնած էր մարդիկ այդպիսի բիրտ վերաբերմունք չէին սպասում: Շատերն անակնկալի էին եկել ահաբեկված ու վախեցած էին դա երեւում էր նրանց աչքերից: Ես նկարահանումներս սկսեցի Թումանյանի արձանի մոտից: Այնտեղ համազգեստավոր ոստիկաններ էին որոնց մի մասը դիմակներով էր իսկ ձեռքներին ռետինե մահակներ ու էլեկտրաշոկեր կային: Նրանք ծեծում էին բոլոր նրանց ովքեր քաղաքացիական հագուստով էին: Ես հասցրեցի այս տեսարանից 10-15 կադր նկարել: Այդ պահին հիշեցի մեծն լոռեցու` Թումանյանի «Թագավորն ու չարչին»` «Առաջը ջուր հետեւը սուր սուգ վայնասուն իրարանցում» ու գնացի դեպի Կարապի լիճ որպեսզի այդ ջարդը այնպես նկարեմ որ Թումանյանի արձանն էլ երեւա այդ ամենում: Երբ լուսանկարում էի հեռվից ոստիկանության աշխատակիցները ֆոտոխցիկից արձակված լույսից նկատեցին ինձ ու նրանցից մի քանիսը ամենալկտի արտահայտություններով հայհոյանքներով հարձակվեցին ինձ վրա:
- Դու չհասցրեցի՞ր ասել որ լրագրող ես:
- Ես հասցրեցի հանել վկայականս ու ներկայանալ` ասելով որ իրավունք չունեն խոչընդոտելու իմ լրագրողական գործունեությունը: Բայց դա նրանց չսթափեցրեց ավելին` նրանցից մեկը որ ավելի ագրեսիվ էր հարձակվեց ինձ վրա ու հարվածելով գետնին տապալեց: Ոստիկանության գնդապետը ամենավերջին հայհոյանքներով ասաց թե «այնպես խփեք, որ հետքեր չլինեն»: Ու այդպես օմոնականները 15-20 հոգով սկսեցին ինձ գետնին ընկած վիճակում իրենց խոսքերով ասած` ոտքերով «սամասուդ» անել: Նրանք իմ ձեռքից խլեցին լուսանկարչական ապարատը: Այդ ժամանակ իմ ձեռքերը հետեւից ոլորեց եւ ձեռնաշղթաներ հագցրեց երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսինը (Արման Հարությունյանը) ով աշխատում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Ձեռքերս մեջքիս շղթայված Շուշան Պետրոսյանի ամուսինը մի քանի հոգու հետ բերանքսիվայր ինձ քարշ տվեց դեպի Ազատության հրապարակ: Մոտ 20 րոպե պառկած եմ մնացել ասֆալտին իսկ երգչուհու ամուսինն էլ բոլոր իր գործընկերներին տեղեկացնում էր թե ով եմ ես` «կյանքներս կերել ա» խոսքերով որին հաջորդում էին ոտքերով հարվածները մեջքիս ու ոտքերիս: Նրանց ավելի էին կատաղեցնում իմ բջջային հեռախոսների զանգերը. մեկը Բեթհովենի Հաղթական սիմֆոնիան էր մյուսը` «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: «Էս պայքարի ես հելե հա՞» - ասում էին նրանք ու հայհոյում թե° ինձ, թե° թերթերի խմբագիրներին: Իսկ ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի պետի տեղակալ Էդիկ Գալստյանը ավելի հեռուն էր գնում` հայհոյանքներով հորդորելով թե «խառը վախտ ա դրա աչքը հանենք»: Դրանից հետո ինձ տեղավորեցին ոստիկանության ցանցապատ ավտոմեքենան եւ տարան Երեւանի ոստիկանություն: 10-15 րոպե միջանցքում պահելուց հետո ինձ նույն մեքենայով տեղափոխեցին Կենտրոնի ոստիկանություն որից հետո էլ տարան Քանաքեռ-Զեյթուն համայնքի ոստիկանություն: Այնտեղ ինձ ասացին որ պետք է ստորագրեմ ինչ-որ թղթեր` արձանագրություններ որ իբր ինձ իրենք բերել են Օպերայի տարածքից ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու եւ զազրախոսելու համար: Ես հրաժարվեցի ստորագրել նրանց ներկայացրած թղթերի տակ` հայտարարելով որ ոստիկաններն են իմ լրագրողական աշխատանքը խոչընդոտել եւ ինձանից հափշտակել ֆոտոխցիկը: ՔՀԲ-ի աշխատակցի աշխատասենյակում ինձ մի պահ մենակ թողեցին եւ ես հասցրեցի զանգահարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին ինչպես նաեւ իմ գործընկերներին` հայտնելով թե որտեղ եմ եւ ինչ է պատահել ինձ հետ: Ուրախությամբ պետք է նշեմ որ մոտ 10 րոպե հետո օպեր-լիազորը ինձ տարավ իր պետի` Արթուր Աբրահամյանի մոտ: Այնտեղ էր նաեւ ՄԻՊ Արմեն Հարությունյանը որը եւս մեծ խոչընդոտների գնով էր մտել ոստիկանության շենք: Եթե չլիներ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը վստահ եմ որ Քանաքեռի ոստիկանությունում ինձ հետ կվարվեին այնպես ինչպես Շուշան Պետրոսյանի ամուսինն ու նրա կոլեգաները` Ազատության հրապարակում:

Հ. Գ. Այս խոսքերը գլխավոր դատախազությունը կարող է համարել վկայություն եւ կցել հարուցված քրեական գործին:


ԻՆՉՈՒ ԱՐԳԵԼԵՑԻՆ ԴՈՆ ՄԱՐԿԵՍԻՆ

Չգիտեմ որ իշխանամետ որ պայծառ ուղեղում ծագեց «Չորրորդ իշխանություն» թերթի կայքէջը փակելու լուսավոր գաղափարը: Ինչպես հայտնի է համապատասխան փաստաթղթերով արգելված էր հրապարակել մամուլում այլ տեղեկություններ որոնք տարբերվում են պաշտոնական տեղեկատվությունից: Ընթերցողը կարող է մտածել որ մեր նյութերում պարունակվում հենց այդպիսի տեղեկատվություն:

Ավաղ ստիպված եմ վշտացնել: Թերթի էլեկտրոնային տարբերակը կրում է զուտ պատմագիտական գրական-գեղարվեստական բնույթ: Այնտեղ պարունակվում էին ինտերնետից քաղված նյութեր` հայտնի բռնապետների մահվան մասին ինչպես նաեւ հատվածներ Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» գրքից: Եվ այնուամենայնիվ կայքէջը փակվեց: Սկսենք բռնապետներից: Հարց է ծագում. ինչն էր վրդովվեցրել այդ նյութի մեջ համապատասխան մարմինների համապատասխան աշխատակիցներին: Մի՞թե նյութում նշված բռնապետների վախճանը չի համապատասխանում իրողությանը: Կամ մի՞թե նրանց գործունեությունը չի դատապարտվել միջազգային հեղինակավոր դատական ատյանների կողմից: Ավելին նույն դատական ատյանների կողմից տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտվել նշված բռնապետների հետեւորդները: Արգելելով տվյալ նյութը` մեր պաշտոնյաները փաստորեն դրդում էին միջազգային հանրությանը այն սխալ մտքին որ մեր հարազատ իշխանությունները կարող են իրենց նույնացնել նշված բռնապետների հետ: Քավ լիցի մեր թերթը նման բան նկատի չուներ: Պատասխան պետք է տան այն պաշտոնյաները ովքեր ենթագիտակցորեն պատկերացնում էին այս ամենը: Պատմությունը շատ դեպքեր գիտի երբ փորձում էին սրբագրել անցյալը: Ավելին ընթերցողը հավանաբար կհիշի Օրուելի անմահ ստեղծագործության հերոսին որն աշխատելով «ճշմարտության նախարարություն» կոչվող գործակալությունում զբաղված էր հին թերթերը սրբագրելով: Պատմության սրբագրումը ինչպես նաեւ պատմության արգելելը երբեք որեւէ մեկին օգուտ չի բերել: Ցավալիորեն պատմությունը օբյեկտիվ գիտություն է: Նյութում նշված բռնապետները ապրել են հենց այնպիսի կյանք եւ ունեցել են այնպիսի վախճան ինչպես նշված է եւ ոչ մի պաշտոնյա ի վիճակի չի փոխել այն ինչ արդեն եղել է: Այժմ անդրադառնանք երկրորդ հարցին: Ինչո՞ւ արգելեցին Գաբրիել Գարսիա Մարկեսին: Պարոնայք Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությունները պաշտոնապես տպվել են մեր երկրում: Ավելին պարբերաբար նրա ստեղծագործություններից որոշ հատվածներ բեմադրվում են մեր թատրոններում: Ավելին երիտասարդության հալալ կեսը լսում է «կՏսՍՏՉվՌՍց վՌՍՑՏ վպ տՌՔպՑ» երգը որը գրված է Մարկեսի համապատասխան գրքի մոտիվներով: Այսինքն Մարկեսը լիովին թույլատրելի եւ մեր պետականության հիմքերը չխարխլող հեղինակ է: Իհարկե որոշ երկրներում որոշ հեղինակների ստեղծագործություններ իսկապես արգելվում են: Միջնադարում որոշ գրքեր նույնիսկ այրում էին: Սակայն մեր հարազատ իշխանությունները վստահաբար չէին կարող արգելել Նոբելյան մրցանակի դափնեկրին: Սա ինչ-որ ուժերի չարամիտ սադրանքն էր:
Հ.Գ. Սենյոր Մարկես գրքի կամ նրա որեւէ հատվածի արգելումը սովորաբար այդ ստեղծագործության լավագույն գովազդն է: Եվ եթե Հայաստանի Հանրապետությունում կային դեռ մարդիկ ովքեր չէին կարդացել ձեր հանճարեղ ստեղծագործությունները ապա վստահ եմ որոշ մեր կարծիքով անպատասխանատու պաշտոնյաների վարքագծի պատճառով ձեր գործերի ընթերցումը նոր թափ կստանա մեր կապուտաչյա հայրենիքում:

ՇՊԱՏԻ

ՈՎ ԻՆՉՊԵՍ ԷՐ «ԿԱՅՈՒՆԱՑՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ»

Մարտի 13-ին նախագահ Քոչարյանը որոշել է փոփոխություններ կատարել արտակարգ դրության մասին մարտի 1-ի հրամանագրում եւ փոքր-ինչ «մեղմացնել» լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները: Ըստ այս որոշման այսօրվանից «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը»: Ինչպես տեսնում եք ձեւակերպումները խիստ անորոշ են: Օրինակ որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել թե ինչ է նշանակում «իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն»: Այս ձեւակերպման տակ ինչ ասես կարելի է հասկանալ: Օրինակ` գրում ես որ վաղը Երեւանում լավ եղանակ է լինելու եւ ինչ-որ մեկը դա ընկալում է որպես մարդկանց` փողոց դուրս գալու (այսինքն` իրավիճակն ապակայունացնելու) կոչ: Իսկ եթե գրում ես որ վերջին մի քանի օրերին Երեւանում հացը 20-30 տոկոսով թանկացել է դա արդեն միանշանակ «միտված է ապակայունացնել իրավիճակը: Բայց խնդիրը միայն սա չէ: Վերջին երկու շաբաթվա ընթացքում իշխանություններն ազգաբնակչության նկատմամբ բառիս բուն իմաստով լրատվական տեռոր էին իրականացնում. ոչ իշխանական թերթերն առանց որեւէ պատճառաբանության չէին տպագրվում իսկ հեռուստաընկերություններն ու իշխանական թերթերը սանձարձակ միակողմանի քարոզչություն էին իրականացնում: Այլ կերպ ասած «արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված» սահմանափակումները տարածվում էին միայն ազատ մամուլի վրա իսկ իշխանահաճ լրատվամիջոցները միակողմանի քարոզչությամբ ավելի էին խորացնում լարված մթնոլորտը եւ «ակնհայտ սուտ» կամ «իրավիճակն ապակայունացնող» լուրեր էին հրապարակում: Խոսենք կոնկրետ փաստերով: Նախ` «ակնհայտ սուտ» մասով: Մարտի 4-ին ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը իշխանական բոլոր լրատվամիջոցներով հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «ուզում եմ նշել որ հատուկ ստորաբաժանումները զինված են եղել միայն վահաններով ռետինե մահակներով եւ սաղավարտներ են կրել այլ զենք չեն ունեցել... Մեր ցուցումն է եղել` առանց զենքի դուրս գալ եւ ոստիկանության կողմից զենք չի կիրառվել»: Ուղիղ ութ օր անց ոստիկանական զորքերի շտաբի պետը մանրամասն բացատրում էր թե ինչ բան է լուսարձակող փամփուշտը ռետինե փամփուշտը եւ այլն: Հարց է ծագում` եթե ոստիկաններն «այլ զենք չեն ունեցել» ինչի՞ համար էր այդ թամաշան:Հիմա անդրադառնանք իշխանական թերթերի պահվածքին: «Հայոց աշխարհ» թերթն օրինակ մարտի 1-2-ի դեպքերի մասին նյութը վերնագրել էր այսպես. «Այստեղով թուրքն է անցել»: Երեւի իշխանությունների կարծիքով տասնյակ հազարավոր ցուցարարներին «թուրք» անվանելը նպաստում է իրավիճակի կայունացմանը: Նույն թերթի արդեն մարտի 11-ի համարում կարդում ենք. «Այո նրանց մեջ կային նաեւ զոհեր պատահականորեն մահացած մարդ էր մեկը մյուսը բաշիբոզուկ էր իր նմանի հարվածից մահացավ...»: Այս տողերը տպագրող լրատվամիջոցը հասկանալի է առաջնորդվել է բացառապես երկրի ներքաղաքական լարվածությունը թուլացնելու մտահոգությամբ իշխանություններն էլ մտածել են որ արտակարգ դրության պայմաններում մարդկանց կրքերը հանդարտեցնելու համար հենց այդպիսի բաներ պետք է հրապարակել: Իրեն շատ ավելի վատ էր պահում «Իսկական իրավունք» կոչվող թերթը: Այս երկու թերթերը հիմնական մի զբաղմունք ունեին` կոչ էին անում աջուձախ ձերբակալել բոլորին: Այդ նույն ժամանակ ազգային անվտանգության աշխատակիցը տպարանում նստած արգելում էր տպագրել «Չորրորդ իշխանություն» թերթը որը համարձակվել էր հատվածներ ներկայացնել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վերնագրով «սադրիչ» վեպից: Կամ էլ գուցե իշխանություններին զայրացրել էր այդ համարի առաջին էջում զետեղված Վազգեն Սարգսյանի «սադրիչ» լուսանկարը (մարտի 5-ը նրա ծննդյան օրն էր):Ինչեւէ: Մենք ամեն դեպքում պատրաստ ենք աշխատել «մամուլի գործունեության սահմանափակման» ցանկացած ռեժիմի պայմաններում: Միայն թե «սահմանափակումները» լինեն հստակ ձեւակերպված եւ հարգվեն ձեւակերպողների կողմից:

------------

ԼՂ հարցը ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում երեկ քվեարկության է դրվել Ադրբեջանի կողմից ներկայացված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը: Այն 39 կողմ, 7 դեմ, 100 ձեռնպահ ձայներով ընդունվել է:
Ընդունված բանաձեւով լուրջ անհանգստություն է հայտնվում, որ «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ռեգիոնում եւ նրա շուրջ զինված հակամարտությունը շարունակում է սպառնալիք ստեղծել միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը եւ բացասաբար է անդրադառնում Հարավային Կովկասի երկրների հումանիտար իրավիճակի վրա:
Միաժամանակ, Գլխավոր ասամբլեան բանաձեւով անդամ-պետություններին կոչ է անում հարգել եւ պաշտպանել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Հռչակագրում նաեւ նշվում է.«Գլխավոր ասամբլեան կրկին հայտարարում է, ոչ մի երկիր չպետք է օրինական ճանաչի այն վիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության տարածքների օկուպացիայից հետո, եւ չպետք է նպաստի կամ աջակցի այդ իրավիճակի պահպանմանը»: Ընդունված փաստաթղթով նաեւ ընդգծվում է «Ադրբեջանի Հանրապետության օկուպացված բոլոր տարածքներից հայկական ուժերի անհապաղ, անվերապահ եւ լիակատար դուրս բերման» անհրաժեշտությունը:
Բանաձեւը նաեւ հաստատում է «Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներից վտարված ազգաբնակչության անքակտելի իրավունքը վերադառնալ իրենց տները» եւ ընդգծում, որ «անհրաժեշտ է ստեղծել պատշաճ պայմաններ բնակչության վերադարձի, այդ թվում նաեւ` հակամարտությունից տուժած տարածքների համապարփակ վերականգնման համար:


Քաղաքական շմոն մետրոյում

Այս օրերին Երեւանի մետրոյի կայարաններում ոստիկանությունը երիտասրադներին հրավիրում է տեղի բաժին եւ խուզարկում:

Սակայն, այս ամենի մեջ ուշագրավն այն չէ, որ ոստիկանները երիտասարդ տղաներից պահանջում են գրպաններում եղած չեղածը դատարկել սեղանին: Էականը այդ ընթացքում տրվող հարցերն են, որոնք բացառապես վերաբերվում են երիտասարդների քաղաքական դիրքորոշմանը: Ոստիկանները ուղղակի հարցնում են, թե նախագահական ընտրություններում տվյալ երիտասարդը ում օգտին է քվեարկել: Իսկ քանի որ երիտասարդներից ոչ ոք մտադիր չէ անազատության մեջ հայտնվել, այն էլ նման հիմար ձեւով, արդյունքում մետրոյի կայարանների ոստիկանության բաժիններում Սերժ Սարգսյանի վարկանիշը գրեթե 150 տոկոս է:


Պահանջում են առ ոչինչ ճանաչել

«Ժառանգություն» կուսակցությունը այսօր դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է առ ոչինչ ճանաչել Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ին ստորագրած «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերը, նույն հրամանագրի 4-րդ կետի 6-րդ եւ 7-րդ կետերը ճանաչել ոչ իրավաչափ, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը եւ պաշտպանության նախարարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ կատարելուց զերծ մնալ:
Ներկայացված հայցադիմումում, որը վարչական դատարանում ներկայացնելու է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, բավական մանրամասն փաստարկված է, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը անհիմն եւ հակաօրինական: Եթե կարճ ձեւակերպենք, խոսքն այն մասին է, որ Քոչարյանն առանց օրինական հիմքերի սահմանափակել է ՀՀ Սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով ՀՀ քաղաքացիներին տրված իրավունքների մեծ մասը: Ավելին, այն սահմանափակումները, որոնք սահմանվել են Քոչարյանի հրամանագրով կիրառվում են խտրական ձեւով: Ասենք, մամուլի գործունեությանը վերաբերվող սահմանափակումները կիրառվում են միայն ընդդիմադիր եւ իշխանություններին ենթարկվել չցանկացող լրատվամիջոցների նկատմամբ: Իսկ այն լրատվամիջոցները, որոնք ծառայում են իշխանություններին եւ զբաղված են ընդդիմության հասցեին լուտանքներ տեղալով, անարգել գործում են: Ինչեւէ, հայցադիմումը, որը շուրջ 20 էջից է բաղկացած, փաստում է, որ Քոչարյանը մեղմ ասած ապօրինություն է թույլ տվել: Ակնհայտ է, որ եթե վարչական դատարանը այն քննարկի, ապա միայն այդ փաստը բավարար է, որպեսզի հրամանագրի ապօրինությունը հրապարակայնացվի: Այս տեսանկյունից ուշագրավ են այն լուրերը, ըստ որոնց, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը վարչական դատարանից պահանջել է ինչ-որ ձեւ գտնել եւ հայցադիմումի քննարկումը մերժել: Առաջիկա երեք օրերին պարզ կլինի վարչական դատարանը վարույթ կընդունի հայցադիմումը, թե` ՀՀ օրենսդրությունը խախտելով կհրաժարվի այն քննել:


վարչական տույժ տնտեսագետին

Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը երեկ հրավիրվել է ոստիկանություն, որտեղ նրան հայտնել են, թե մտադիր են տույժի ենթարկել` չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար:
«Ես ասել եմ, որ մասնակցել եմ հանրահավաքներին նաեւ այլընտրանքային տեղեկատվություն ստանալու համար, եւ դա իմ սահմանադրական իրավունքն է: Բայց ինձ ասել են, որ հանրահավաքները արտոնված չեն եղել, եւ ես ենթարկվելու եմ վարչական տույժի»,-«Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Էդուարդ Աղաջանովը: Ոստիկանությունում նրան հայտնել են, թե համապատասխան փաստաթղթերը երկուշաբթի օրը կուղարկվեն վարչական դատարան, որն էլ կորոշի տույժի չափը:


Խեղճ Սերժիկ

Երբ ընտրություններից հետո Վահան Հովհաննիսյանը հրաժարական տվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից` իր այդ որոշումը կապելով ընտրությունների արդյունքների հետ, ՀՅԴ-ն պաշտոնապես հայտարարեց, թե Հովհաննիսյանին կարող են հետեւել նաեւ ՀՅԴ-ական նախարարները:

Ավելին, դաշնակցականները նույնիսկ հայտարարեցին, թե ցանկացած պահի կարող են դուրս գալ կոալիցիայի կազմից: Առ այսօր, սակայն, ՀՅԴ-ական նախարարները չեն հրաժարվել իրենց պաշտոններից, իսկ դաշնակցական վերնախավն էլ, մեր տեղեկություններով, ակտիվ երկխոսության մեջ է մտել իշխանությունների հետ` հետագա համագործակցության շուրջ: Ասում են` մի քանի օր առաջ համագործակցության պայմանները հստակեցնելու համար տեղի է ունեցել հանդիպում, որին իշխանությունների կողմից մասնակցել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Դաշնակցության կողմից` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Այս անգամ, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՅԴ-ն չի բավարարվել ունեցած 3 նախարարական պորտֆելներով, եւ կոալիցիայի մեջ մտնելու համար մի շարք առանցքային պաշտոններ է պահանջել: Մեր տեղեկություններով, դաշնակցությունը Սերժ Սարգսյանից, ի թիվս սոցապ եւ կրթության նախարարությունների, պահանջել է նաեւ պաշտպանության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը, հարկայինն ու մաքսայինը: Ընդ որում, դաշնակները պահանջնում են նաեւ, որ իրենց նախարարներից մեկը համատեղության կագով զբաղեցնի նաեւ փոխվարչապետի պաշտոնը: Այս ամենի դիմաց, ՀՅԴ-ն պատրաստ է հրաժարվել գյուղնախարարի պորտֆելից: Ու եթե Դաշնակցությունը մնում է կոալիցիայի կազմի մեջ, ապա նրան է մնում նաեւ ԱԺ փոխնախագահի թափուր մնացած պաշտոնը. այստեղ, մեր տեղեկություններով, դաշնակցականները մտադիր են նշանակել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանին: Ի դեպ, վերջին շրջանում սկսել են շրջանառվել լուրեր, թե Դաշնակցությունը ուզում է ստանալ նաեւ ԱԳ նախարարի պաշտոնը: Այս մի տարբերակը, սակայն, ՀՅԴ մեր աղբյուրները բացառում են` նշելով, թե Սփյուռքում պարզապես «ճիշտ» չեն հասկանա, եթե արտգործնախարարը դաշնակցական լինի: Մի խոսքով, ՀՅԴ մեր աղբյուրները պնդում են, թե դաշնակցական ԱԳ նախարարը չի կարողանալու աշխատել Սփյուռքի հետ: Իսկ ընդհանրապես, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, դաշնակցության վերնախավը ոչ այնքան շատ մտահոգված է ստանալիք պաշտոններով, որքան Վահան Հովհաննիսյանի համար հարմար պաշտոն ստանալու դարդով: Այդ է պատճառը, որ դաշնակցական վերնախավը Սերժից պաշտոնների այդքան լայն սպեկտոր է պահանջել. մեկը կընտրի ընկեր Վահանը, մնացածներն էլ բաժին կստանան մնացած դաշնակցականները: Ու հիմա դաշնակցությունը ընկեր Վահանի համար առաջին հերթին պաշտպանության նախարարի պաշտոնն է ուզում, բայց եթե մնացած պաշտոններն էլ Սերժը տա դաշնակցականներին, ապա ՊՆախարարի պաշտոնը ինքնաբերաբար բաժին կհասնի պաշտնապության նախկին փոխնախարար, գեներալ Արթուր Աղաբեկյանին: Հենց այս հարցերն է, որ արդեն քանի օր է քննարկման առարկա է դարձել ՀՅԴ վերնախավում: Մեր տեղեկություններով, վերնախավի գերակշիռ մասը հակված է իշխանությունների հետ համագործակցությանը: Միակ հարցն այն է մնում, թե պահանջվածից քանի՞ պաշտոն կտա Սերժը դաշնակներին: Իսկ որ վերջինս ուզում է, որպեսզի դաշնակցությունը եւս մաս կազմի կոալիցիային, արդեն ակնհայտ է. համենայնդեպս, երեկ Սերժ Սարգսյանը հեռուստատեսությամբ հայտարարել է, թե ՀՅԴ-ն եւս կոալիցիայի մաս կկազմի: Նշանակում է` Սերժ Սարգսյանը ընդունել է դաշնակցության խաղի կանոնները: Ի դեպ, այստեղ մի ուշագրավ հանգամանք կա. այս մի պարտիայում խաղի կանոնները սկսել են թելադրել դաշնակցականները: Իսկ վերջիններս թույլ տեղը լավ են զգում: Նշանակում է` դաշնակցությունը արդեն հասկացել է, որ Սերժ Սարգսյանը նախանձելի վիճակում չէ, ավելին, ՀՅԴ-ում տեսնում են, որ Սերժի դիրքերը թուլանում ու թուլանում են, դրա համար է վերջինս համագործակցության կոչեր անում այլ ուժերին: Իսկ դաշնակցության կարիքը այս պարագայում, ստացվում է` Ազատիչը խիստ է զգում: Այդքան միասին աշխատել են, իրար մասին լիքը բաներ գիտեն: Այնպես որ, ԱԺ ընտրություններից հետո միահեծան կառավարություն կազմած Ազատիչը, հիմա ստիպված բաժան-բաժան է անում իր պաշտոնները, ամբողջը չկորցնելու հույսով:

Ու չնայած այս ամենին, մի չլուծված հարց, այնուամենայնիվ, մնում է. մարդիկ շատ են, պաշտոնները` քիչ: Վարչապետի պաշտոնն էլ ընդհանրապես մի հատ է: Ո՞ւմ պիտի խոստանա Ազատիչն այդ աթոռը. դաշնակները դեմ չեն լինի, Հովիկ Աբրահամյանը միշտ պատրաստ է, բա հըլը դեռ Քոչարյանն էլ կա: Մի խոսքով. խեղճ, Սերժիկ:


Բռնապետությունը պահպանելու փորձ

Հայաստանյան 10 լրատվամիջոցները երեկ հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ. «Մարտի 13-ին հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը« որը« համաձայն իր իսկ մեկնաբանության« կոչված էր մեղմելու արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները:
Նույն օրը տպարաններ ներկայացվեցին մարտի 1-ի հայտնի հրամանագրով, ըստ էության, արգելված թերթերը: Տպարաններում գրաքննություն իրականացնող Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները« մանրակրկիտ ծանոթանալով դրանց բովանդակությանը եւ« իրենց վկայությամբ` զեկուցելով համապատասխան անձանց« առանց որեւէ հիմնավորման հայտարարեցին« թե ներկայացված թերթերի տպագրությունն արգելվում է: Միակ պատճառաբանությունը հայտնվել է «Առավոտ» օրաթերթի ներկայացուցչին. ԱԱԾ աշխատակիցները առաջարկել են խմբագրել Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսի որոշ ձեւակերպումներ եւ անթույլատրելի են համարել մարտի 1-ին վիրավորվածների հետ հարցազրույցի հրապարակումը: Խմբագրությունը չի համաձայնվել:

Մենք` ներքոստորագրյալներս« ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք« որ տպարան ներկայացված թերթերի հրապարակումները որեւէ մեկին որեւէ հիմք չեն տալիս անհայտ անձանց բանավոր հրահանգներով ոտնահարել տեղեկություններ տարածելու մեր սահմանադրական իրավունքը« կասեցնել մեր մասնագիտական գործունեությունը եւ հասարակությանը կերակրել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ: Մանավանդ որ« պաշտոնական կոչվող այդ տեղեկատվությունը գերհագեցած է սադրանքներով« ծառայում է մի խումբ մարդկանց շահերին« չի արտահայտում հասարակական տրամադրությունները եւ ընդամենը խորացնում է կասկածամտության« պետական կառույցների հանդեպ անվստահության« տարբեր խավերի միջեւ թշնամանքի մթնոլորտը:

Ռոբերտ Քոչարյանի մարտի 13-ի հրամանագիրը« դատելով կատարված փաստից եւ այն իրողությունից« որ առ այսօր փակ են նաեւ ինտերնետային կայքերը« կոպտորեն խախտված են խոսքի եւ մամուլի ազատության համընդհանուր ճանաչված սկզբունքները« ընդամենը խղճուկ փորձ է միջազգային ու հայ հանրության աչքերին թոզ փչելու: Մենք հայտարարում ենք« որ գավառական խորամանկություններով անհնար է ժողովրդավարության պատրանք ստեղծել ու դրանով դիմակայել միջազգային հեղինակավոր կառույցների արդարացի պահանջներին` ապահովել խոսքի ազատությունը եւ վերջ տալ ապօրինի սահմանափակումներին եւ արգելքներին: ՀՀ իշխանությունների գործողությունները մենք գնահատում ենք որպես բռնապետությունը պահպանելու փորձ` իբր ներքաղաքական կայունությունը վերականգնելու« իրականում` իշխանությունից կառչած մնալու նպատակով»:

Հայտարարությունը ստորագրել են
«Ա1+»-ի նախագահը
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրը
«Ժամանակ Երեւան» թերթի խմբագիրը
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիրը
«Հայք» օրաթերթի գլխավոր խմբագիրը
«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիրը
«Լրագիր» կայքէջի խմբագիրը
«Հետք» կայքէջի խմբագիրը
«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիրը
«Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիրը
Հայտարարությունը բաց է՝ այն կարող են ստորագրել նաեւ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:


Նա երազ էր տեսել

Մեր պատմության մեջ սեւ տառերով գրվելիք մարտի մեկից առաջ Գոռ Քլոյանը երազ էր տեսել, որ իր ատամները թափվում են բռան մեջ, եւ արդեն մարտի մեկից հետո նրա անունը հնչեց այդ օրը զոհվածների անունների շարքում:

Գոռն առավոտյան երազը պատմել է մորը, նա էլ, վատ բան կանխագուշակելով, ենթադրել է, թե որդու` արդեն ծեր տատիկ-պապիկների հետ կարող է բան պատահել: Բայց ճակատագիրը դաժան անակնկալ էր պատրաստել հենց 28-ամյա Գոռի համար. այդ օրը նա գնացել էր հանրահավաքի, հետո ոտքից վիրավորվել ու որոշ ժամանակ անց մահացել, քանի որ, ըստ նրա մոր` տիկին Ազատուհու հաղորդածի, հրազենից վնասվել էր սրտից սնուցվող աորտան: «Երրորդ շտապօգնության հիվանդանոցից մի բուժքույր զանգահարեց եւ ասաց, որ Գոռը ոտքից վիրավորվել է, նրան վիրահատում են, եւ ամեն ինչ լավ կլինի: Գնացի: Զգացի, որ վիրահատությունը երկարում է: Հասկանում էի` ոտքի վիրահատություն եւ այդքան երկա՞ր: Ժամեր էր անցնում»,- այդ ամենն առանց հուզմունքի չէր կարողանում վերհիշել Գոռի մայրը` ենթադրելով, թե գուցե իր որդին շատ ավելի շուտ էր մահացել, պարզապես բժիշկները չէին կարողանում հայտնել այդ գույժը: «Հասկանում էի` բժիշկները խուսափում էին մեզնից, ինչպես հասկացա` իրենց սիրտն էլ չէր տալիս, որ ասեն` ձեր տղան այլեւս չկա»,- իր վշտի մասին էր պատմում տիկին Ազատուհին ու չէր կարողանում զսպել արցունքները, որին անմիջապես արձագանքեց Գոռի 3-ամյա որդին` Սարգիսը: «Չեմ լացում, բալես, ուղղակի գլուխս է ցավում, դեղ բեր խմեմ»,- թոռանը հավատացնում էր որդեկորույս մայրը` մեզ բացատրելով, թե նա ուշիուշով հետեւում է, որպեսզի տատը հանկարծ չլացի: Իսկ Գոռի մյուս որդին ընդամենը 2 ամսական է: «Իմ վիշտն ու ցավը, աշխարհը գիտի, այնքան մեծ է: Բառ չեմ գտնում: Ո’չ հարց եմ կարողանում տալ, ո’չ պատասխան: Չգիտեմ` ումից ինչ պահանջեմ»,- արցունքները զսպելով ասում է տիկին Ազատուհին: Երկու երեխաների հայրը, որը ֆիրմաներից մեկում որպես վարորդ-առաքիչ էր աշխատում, 30 տարեկան էլ դեռ չկար եւ կյանքից հեռացավ` բազմաթիվ ծրագրեր անավարտ թողած: Նրա ծնողները պատմում են, որ Գոռը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, եղել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ: Ավելին, նրա հայրը նույնպես, իր իսկ խոսքերով, ամբողջ քարոզարշավի ժամանակ եղել է Սերժ Սարգսյանի կողքին, քանի որ նրա հետ շրջագայող բեռնատար ավտոմեքենայի վարորդն էր: Ու նա վարչապետից իր կորստի կապակցությամբ ցավակցական հեռագիր էր սպասում, որն այդպես էլ չի ստացել ու դրանից անչափ վիրավորվել: Իսկ ինչո՞ւ էր Գոռը որոշել մասնակցել ընդդիմության հանրահավաքներին: Գուցե, անձամբ տեսնելով ընտրական գործընթացն իր ամբողջ վեհությամբ` հիասթափվե՞լ էր: Ծնողները վստահեցնում են, թե գոնե իրենց հետ նա այդ մասին չի կիսվել ու ոչինչ չի պատմել: Ասում են նաեւ, թե մինչ այդ օրը Գոռը չէր մասնակցում հանրահավաքներին եւ նույնիսկ նրա ընկերներն են ապշած, թե ինչպե՞ս եղավ, որ մարտի մեկին որոշեց գնալ: Ինչեւէ: Վերջին օրերին այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ հատկապես զոհվածների հարազատները կա’մ ասում են, թե նրանք առաջին անգամ էին հայտնվել ընդդիմության հանրահավաքներին, կա’մ էլ վստահեցնում, թե իրենք տեղյակ չեն եղել, որ նրանք մասնակցում են դրանց:

Թերթերը չեն տպագրվել, մեղմացումներ չկան
(Human Rights in Armenia Newsletter)
Ռոբերտ Քոչարյանի մարտի 13-ի հրամանագրով փոփոխություններ են կատարվել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնք վերաբերում են լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին:

Փոխվել է մարտի 1-ի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը` «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններումե, շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ` «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը: Իրականում սակայն ոչ մի բան էլ չի փոխվել, իրականացել է նախօրեին հնչած մեր մտավախությունը, մարտի 1-ից չհրատարակվող թերթերը լույս չեն տեսել նաեւ մարտի 14-ին։ Իսկ թե ինչու, պարզաբանում են թերթերի խմբագիրները։ Արմինե Օհանյան «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր.–Մարտի 13-ին մենք աշխատել ենք, ամփոփել ենք 15 օրվա իրադարձությունները, գիշերվա 2-ին թերթը տարել ենք տպարան, ուր նստած էր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը, որը առանց որեւէ պատճառաբանության ասել է, որ թերթը չի տպվելու։ Թերթը տպել արգելելու վերաբերյալ պատճառաբանություն ներկայացնելու մեր առաջարկին ի պատասխան ասաց, թե պատճառներ չի ներկայացնում։ Այսպես մերժել են բոլոր թերթերին։ Տպագրվել են այն թերթերը, որ մարտի 1-ից հետո էլ էին տպագրվում։ Այնպես որ մամուլի ազատության սահմանափակումները չեն մեղմացել, դրանք ընդամենը ֆորմալ քայլ էին, Արեւմուտքին ցույց տալու համար, որ իշխանությունները զիջումների են գնում, բայց իրականում ներքին կարգով պահեցին նախկին վիճակը։ Ու հայտնի չէ, թե չորս օրից հետո, երբ արտակարգ դրությունը վերացած լինի, հնարավոր լինելո՞ւ է տպագրվել, թե իշխանությանը այս վիճակը այնքան դուր կգա, որ կշարունակեն նույն գրաքննությունը այլ մեթոդներով կիրառել։ Արամ Աբրահամյան «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր.-Երեկ մենք աշխատել ենք, թերթը պատրաստել, տարել տպարան։ Տպարանում նստած էր Ազգային անվտանգության ծառայության գրաքննիչը, ով թույլ է տալիս, կամ արգելում է տպագրությունը։ Տարան մեր թերթի 4-րդ, 5–րդ, 6-րդ, 7-րդ էջերը, ուր Լեւոն Տեր–Պետրոսյանի բաց թողնված ասուլիսներն էին։ ԿԳԲ–ի գրաքննիչը ասաց, որ այդ ասուլիսներում պարունակվում է ակնհայտ սուտ տեղեկատվություն, ինչը հակասում է նախագահի հրամանագրին, եւ թերթը չի կարող տպվել եւ արգելեց թերթի տպագրությունը։ Նրանք միջազգային հանրության աչքին թոզ փչելու համար հայտարարեցին, թե մեղմացումներ են արել, բայց ոչ մի բան էլ չեն մեղմացրել։ «Հայկական ժամանակ» օրաթերթի գործող խմբագիր Հայկ Գեւորգյանն էլ ասաց, որ երեկոյան թերթը սովորականի պես տարել են տպարան ու էլի հանդիպել Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի, ով կարդացել է նյութերը, հեռախոսով ինչ–որ մեկի հետ զրուցել եւ ասել, որ «Հայկական ժամանակըե չի տպագրվելու։ Հայկ Գեւորգյանը եւս կարծում է, որ մամուլի ազատության սահմանափակումների մեղմացումները «մեղմացումներ չէին, այլ միջազգային հանրության աչքին թոզ փչել։ Իշխանությունները հստակ ցանկ ունեն, թե որ թերթերը չեն տպագրելու»։ Հայտարարված մեմղացումներից հետո չեն գարծում նաեւ էլեկտրոնային թերթերը։ «Լրագիր» էլեկտրոնային թերթի խմբագիր Հայկազն Ղահրիյանը ասաց, թե ինչպես մարտի մեկին, այնպես էլ այսօր, իրենց չաշխատելու պատճառը խմբագրությունը չէ, այլ նրանք, ովքեր անջատել են թերթը։ Հայկազն Ղահրիյանի կարծիքով, եթե իշխանությունները թույլ չեն տալիս թերթերին աշխատել, նշանակում է, որ սահմանափակումներիր ոչ մի մեղմացում էլ չի եղել։


Վաղ թե ուշ ճշմարտությունը կպարզվի

Շվեդիայի հայկական ընկերակցությունների միության խորհուրդը օրերս բաց նամակ է հղել Հայասանի կառավարությանը, Հանրային հեռուստատեսությանը եւ մասնավորապես` Հայլուրին:
Դրանում, մասնավորապես, նշվում է. «Շվեդիայում հայկական համայնքի անդամները շվեդական մամուլի հետ միասին, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայերը մեծագույն ցավով հետեւում են Հայաստանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների զարգացումներին: Երկար ժամանակ նախընտրական քարոզարշավը թվում էր անկախացումից հետո ամենաակատիվներից մեկը եւ չնայած դեռեւս գոյություն ունեցող թերությունների, ընդունվում էր, որպես երկրում ժողովրդավարության հաստատման ուղղությամբ կատարվող դրական քայլերից մեկը: Այնուամենայնիվ շատ կարճ ժամանակի ընթացքում պարզվեց, որ դա կարճ ապրող ցանկալի մտածողություն էր: Որպես քաղաքացիներ մի երկրի, որին շատ այլ ազգեր հետեւում են եւ համարում ազատ եւ ժողովրդավար ազգ, վերջին շաբաթներում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները միանգամայն համարում ենք որպես չընդունվող վարքագիծ, որը չի համապատասխանում 21-րդ դարի Հայաստանին: Արտակարգ դրության մասին հայտարարությունը, չզինված ցուցարարների վրա կրակելը, համարյա բռնապետության հաստատումը, ինչպիսին է գրաքննության մտցնելը դատապարտվում է ինչպես արտասահմանյան, այնպես էլ Շվեդական բոլոր կառույցների եւ կազմակերպությունների կողմից: Այն, որ Հայասատանը նկարագրվում է որպես հետսովետական օլիգարխիական ղեկավարումով պետություն, գովելի իմիջ չէ: Ինչ վերաբերում է Հայաստանյան հանրային հեռուստատեսությանը եւ մասնավորապես «Հայլուրի» կողմից լուսաբանվող լուրերին` ինչպես նախընտրական քարոզարշավի եւ մարտի 1-ի հուզումների ժամանակ, այնպես էլ դրան հաջորդող օրերին, կարելի է բնութագրել որպես ամբողջապես միակողմանի, կանխակալ եւ գրգռիչ մեկնաբանություն, որը «Հայլուր»-ն իրեն թույլ տվեց տարածել: Մենք գտնում ենք, որ դա շատ արտասովոր է, որ լրատվամիջոցները ոչ մի անգամ թույլ չտվեցին ընդդիմությանը ներկայանալ եւ դատապարտել կամ չդատապարտել տեղի ունեցածը, այսպիսով արձանագրելով, թե արդյոք դա պաշտպանում է այդ գործողությունները կամ առանձնացնում եւ դատապարտում է դրանք: Ցավոք, Հ1-ը եւ մասնավորապես Հայլուրը ոչ մի բան չեն արել լուսաբանելու եւ դրանով ներդրում կատարելու Հայաստանի ներկայիս իրավիճակի լավացմանը, բայց վարկաբեկել են նրանց ովքեր համամիտ չեն պետական քաղաքականության հետ: Այսպիսով, հանրային հեռուստատեսությունը եւ լուրերի գործակալությունները հավասարապես պատասխանատվություն են կրում երկրի ապակայունացման համար: Չնայած դրան, այժմ, երբ Հ1-ը տարածում է իր հաղորդումները արտասահմանում, հիմնականում զարգացած ժողովրդավարական երկրներում, յուրաքանչյուր զգայուն եւ ողջամիտ մարդ հարցականի տակ է դնում խնդրի միակողմանի լուսաբանումը, այսինքն ինչու ընդդիմությունից ոչ մեկին հնարավորություն չի տրվում բացատրելու եւ պաշտպանելու համար:

Ի վերջո, այն, որ գրեթե ողջ լրատվամիջոցների, ռադիոյի, ինտերնետային կայքերի` ինչպիսիք են Armenialiebrty.org եւ Youtube.com, փակելը մեծ մտավախությունների տեղիք են տալիս: Մենք ծաղրում եւ դատապարտում էինք Թուրքիային, որ նույն ձեւով է վարվում Հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ, երբ թուրքական կառավարությունը արգելեց Youtube.com «իր քաղաքացիներին անհիմն ստից պաշտպանելու համար»: Արդյո՞ք Հայաստանը եւ Հայատանի կառավարությունը չեն դիմում նույն գործողություններին: Եվ արդյո՞ք հայակական կառավարությունը իրապես հավատում է այն բանին, որ ինտերնետային կայքերը եւ տեղեկատվությունը ու փաստագրված իրականությունը կանհետանան այն բանի պատճառով, որ դրանց հասանելիությունը Հայաստանում արգելվում է: Եվ ինչքա՞ն է տեւելու արգելքը եւ, հետո, ի՞նչ: Տեղեկատվությունը, նկարները եւ տեսաձայնագրությունները դեռ առկա կլինեն այնտեղ եւ հասարակությունը կիմանա այդ փաստերի մասին, որոնք ներկայացվում են բոլոր կողմերից` թեր եւ դեմ:


ամերիկահայերը պահանջում են նոր ընտրություններ անցկացնել

«Հանուն ժողովրդավարական Հայաստանի» կազմակերպության եւ ՍԴՀԿ Հայ-ամերիկյան խորհրդի ներկայացուցիչներ Համբիկ Սարաֆյանը եւ Սեւակ Խաչատրյանը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ-ի պետքարտուղարության կովկասյան հարցերով գրասենյակի վարիչ Փոլ Ուոհլըրզի հետ եւ պետքարտուղարության Հայաստանի բաժնի պատասխանատու Քրիսթին Ռայթի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ամերիկահայ համայնքին մտահոգող հարցեր, մասնավորապես` Հայաստանում գործադրվող բռնությունները եւ քաղաքական հետապնդումները: Կողմերը կարծիք են հայտնել, որ ժողովրդավարական գործընթացները, օրենքի գերակայությունը եւ խոսքի ազատությունը պետք է հարգվեն Հայաստանում: Հայ պատվիրակները ԱՄՆ-ի կառավարությանը կոչ են արել հետեւողական լինել` մինչեւ նշված հարցերի շուրջ գործնական արդյունքների հասնելը: Հայ պատվիրակները պետքարտուղարության ներկայացուցիչներին են հանձնել նաեւ 10 հազար ամերիկահայերի ստորագրությամբ մի գրություն, ըստ որի` վերջիններս Հայաստանի իշխանություններից պահանջում են վերացնել արտակարգ դրությունը, ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, վերացնել մամուլի ազատության, հանրահավաքների կազմակերպման իրավունքի սահմանափակումները, չեղյալ հայտարարել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները եւ անցկացնել նոր ընտրություններ: Պետքարտուղարության ներկայացուցիչները նշել են, որ իրենց համար կարեւոր նշանակություն ունի ԱՄՆ-ի հայ համայնքի կարծիքը`միաժամանակ նշելով, որ իրենք մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ մեծ թվով հեռախոսազանգեր եւ նամակներ են ստացել:

Հայ համայնքի ներկայացուցիչները նույն հարցով հանդիպումներ են ունեցել Կոնգրեսի եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:


Նահանջ դեպի բռնապետություն

Ամերիկյան Jane’s հետազոտական կենտրոնը, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կանխատեսել է, թե այժմ Արեւմուտքի համար ավելի դժվար կլինի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկվող որեւէ փաստաթղթի ստորագրմանը պաշտոնական Երեւանի կողմից:

Ըստ Jane’s-ի վերլուծաբանների, հաշվի առնելով «մինչեւ վերջ պայքարելու» Լեւոն Տեր-Պետրոսյանի խոստումը` հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները արտակարգ դրությունը վերացնելուց հետո կանգնեն Երեւանում փողոցային ավելի մեծ բողոքների փաստի առաջ, թեեւ անհավանական է, որ դրանք ուղղակիորեն սպառնան կառավարության կայունությանը: Իշխանությունները կարող են փորձել կանխել նման ցույցերը` ձերբակալելով նախկին նախագահին եւ էլ ավելի նահանջելով դեպի բռնապետություն: «Բոլոր դեպքերում, այժմ Արեւմուտքի համար ավելի դժվար կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկվող որեւէ փաստաթղթի ստորագրման պաշտոնական Երեւանի կողմից, քանի որ ներքին կայունությունը առաջնայնություն է ստանում բանակցությունների նկատմամբ, եւ հանրային աջակցություն ձեռք բերելու նպատակով օգտագործվում է ազգայնական հռետորաբանություն», - ամփոփում են Jane’s-ի վերլուծաբանները:


ՈՎ ԻՆՉԻՑ Է ԽՈՍՈՒՄ...

Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրեց, թե մեծահոգաբար վերանայում է արտակարգ դրության մասին հրամանագրի ԶԼՄ-ներին վերաբերող դրույթները:

Իսկ իրականում միայն գումարելիների տեղերն են փոխվելու, և այն սողանցքը, որն իշխանությունները թողնում են իրենց համար, ցանկացած պահի ցանկացած լրատվամիջոցի կարող է օրենքից դուրս հայտարարել: Վերոնշյալ սահմանափակումներն, ըստ Քոչարյանի, վերաբերելու են միայն սադրիչ գործողություններին և ակնհայտ կեղծ լրատվության տարածմանը: Երկրի նախագահը հավանաբար տեղյակ չի, որ նման դեպքերն այս երկրում վաղուց կարգավորվում են մեկ այլ օրենքով և իր ասածը հեռու է հայտնություն լինելուց: Սակայն դրա մասին չէ, որ ուզում ենք խոսել, այլ այն մասին, որ եթե հիշյալ կարգը կիրառվեր որևէ օրինական երկրում, ապա հատկապես ու՞մ մեղքն ու պատիժը ամենամեծը կլիներ:Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ միայն վերջին երկու շաբաթների ընթացքում իշխանական քարոզչամեքենան այնքան կեղծիք ու սուտ է արտանետել, որ դրանցով մի քանի ստվարածավալ հատորներ կարելի է կազմել: Ցանկացած հայաստանցի գիտի, որ եթե թվարկելու լինենք անցած 10 տարիներին Քոչարյանի ու նրա թիմի մոգոնած կեղծ ու սադրիչ տեղեկությունները, ապա հանրային գրադարանը կլցվի ծայրեծայր: Եվ որպեսզի մեզ ազատենք այսպիսի ահռելի բեռից, սակայն նաև հիմնավորած լինեն մեր պնդումները, ընտրենք ամենաչնչին ժամանակահատվածը` հենց երեկ Քոչարյանի 5-10 րոպեանոց զրույցը լրագրողների հետ, իսկ այդ զրույցից` ընդամենը մեկ-երկու պարբերություն, և այն ժամանակ պարզ կդառնա, թե ում հետ գործ ունենք:

Ինչպես և պետք էր սպասել, նախագահը շինհրապարակում կանգնած վերստին խոսում էր մարտի 1-ի իրադարձությունների մասին (հիմա այլ թեմայով մարդկանց չես զբաղեցնի): Ինչ-որ բաներ էր ասում և ահա հիշատակում է մի թիվ. «108 ոստիկան է վիրավորվել այդ հանրահավաքի ժամանակ...»: Սա ասում է Ռ. Քոչարյանը: Նույն Քոչարյանը մարտի 2-ին ասում էր ընդամենը 8 վիրավորված ոստիկանի մասին: Օրվա երկրորդ կեսին առողջապահության նախարարից նա լսում է, որ վիրավորված են 58 իրավապահներ: Մարտի 3-ին ոստիկանության մամլո քարտուղար Սայադ Շիրինյանը խոսում է հիվանդանոցում գտնվող 43 ոստիկանության ծառայողների և 131 զինծառայողների մասին: Այդ ընթացքում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը «թարմացնում է» իր տեղեկությունները և զեկուցում, որ վերքեր են ստացել 72 զինծառայողներ ու իրավապահներ: Բայց մարտի 4-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ամոթով է թողնում նրան` հայտնելով, թե վնասվածքներ ունեն 117 ոստիկաններ: Իր դատախազի ու նախագահի համար էլ ավելի հիմար վիճակ է ստեղծում դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը, որը հենց այն պահին, երբ Քոչարյանը քաղցր-քաղցր զրուցում էր լրագրողների հետ, «Արմինֆո»-ի թղթակցին հայտնում է, թե վիրավորված են 180 ոստիկաններ...Որտեղի՞ց են ծնվում այս ցուցանիշները: Չէ՞ որ նույնիսկ Քոչարյանն էր խոստովանում, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո որևէ միջադեպ չի գրանցվել: Այդ ո՞ր ճակատում ու ո՞ր բախումներում են մարտի 1-ից հետո վիրավորվում տասնյակ ու տասնյակ նորանոր համազգեստավորներ...

Նման պրոգրեսիվ շիլաշփոթը շատ ավելի խառնիճաղանջ կդառնար, եթե մենք մեջբերեինք նաև այն բոլոր հակասական տեղեկությունները, որոնք վերաբերում են վիրավոր շարքային քաղաքացիներին: Սակայն դա չենք անի, այլ կբավարարվենք ընդամենը մեկ կարևոր հղումով: Եթե չեք մոռացել, Ս. Շիրինյանն, արցունքն աչքերին, խոսում էր 18-20 տարեկան վիրավորված 131 զինծառայողների մասին: Իսկ ահա ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Ս. Օհանյանը մարտի 4-ին բառ առ բառ հայտարարեց հետևյալը. «Զինված ուժերից զոհեր ու վիրավորներ չկան...»: Ահա այսպիսի բաներ: Հիմա գլխի ընկա՞ք, թե ովքեր են սադրիչ լուրեր ու սուտ տեղեկություններ հաղորդողները:

Բայց սա ընդամենը Քոչարյանի հիշատակած մեկ թվի մասին էր: Հիմա դիտարկենք երկրորդ թիվը` արտասանված նույն զրույցի ժամանակ: Խոսելով այն մասին, թե ազգադավ ընդդիմությունը որքան վնասներ է պատճառել երկրին, նախագահն ասում է «Անցյալ տարի Հայաստան է այցելել 510 հազար զբոսաշրջիկ», ինչը նշանակում է, թե այս տարի այդքանի հույս չունենաք: Կարո՞ղ ենք գոնե այս միամիտ ցուցանիշին հավատ ընծայել: Պարզվում է, որ դա էլ հեշտ չի լինելու: Բանն այն է, որ այս տարվա հունվարի 31-ին առևտի և տնտեսական զարգացման նախարարության տարածած տեղեկատվության համաձայն «2007 թվին Հայաստան են այցելել 480 հազար միջազգային զբոսաշրջիկներ` կանխատեսված 450 հազարի դիմաց»: Այսինքն, 30 հազարով պակաս, քան Քոչարյանի հայտնածն է: Կեղծ տեղեկատվությու՞ն է: Անշուշտ: Օրենքով պատժելի՞ է: Իհարկե: Եվ հիմա փաստեր խեղաթյուրող այս մարդն ու նրան կից պաշտոնյաները պիտի վերահսկեն մեր ազնվությունը: Հավանաբար հենց այսպիսին է եղել այն առակի սկզբնաղբյուրը, որտեղ գայլին գառների հովիվ են կարգում...

բանաձեւ են ընդունել
Եվրոպական խորհրդարանը երեկ տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ ձայների 60 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ բանաձեւ է ընդունել, որում Հայաստանի իշխանություններին կոչ է արել վերացնել արտակարգ դրությունը:

Բանաձեւի մեջ, մասնավորապես, նշվում է, որ «նախագահական ընտրությունների արդյունքները խաղաղ կերպով վիճարկող ընդդիմության կողմնակիցների նկատմամբ ոստիկանների կողմից գործադրված ճնշումները, ի վերջո, հանգեցրին 8 մարդու մահվան եւ տասնյակ վիրավորների: Մարտի 1-ին հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ լրատվամիջոցների ազատությունը երկրում սահմանափակվել է»: Միաժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել անհապաղ կազմակերպել մարտի 1-ի դեպքերի թափանցիկ, անկախ եւ անկողմնակալ քննություն` իսկ սխալ պահվածքի ու քրեական բռնարարքների համար պատասխանատուներին կանգնեցնել դատարանի առաջ: Եվրոպացի խորհրդարանականները Հայաստանի կառավարությանը կոչ են արել վերացնել արտակարգ դրությունը, վերականգնել լրատվամիջոցների ազատությունը, ինչպես նաեւ ազատել բոլոր այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են հավաքների ազատության իրենց իրավունքից օգտվելու պատճառով:

Անդրադառնալով Եվրոպական հարեւանության ծրագրին, որում ընդգրկված է նաեւ Հայաստանը, պատգամավորները Եվրամիության գործադիր մարմնին` Եվրոպական հանձնաժողովին կոչ են արել կենտրոնանալ հատկապես հայաստանյան դատական համակարգի անկախության ապահովման ու ոստիկանական ուժերի մարզումները կազմակերպելու անհրաժեշտության վրա: Հայաստանի իշխանություններին Եվրախորհրդարանը կոչ է անում նաեւ արագորեն կյանքի կոչել այն բոլոր փոփոխությունները, որոնք բխում են Միջազգային դիտորդական առաքելության վերջին եզրակացություններից:


Չարենց- 111

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է:

Մեծ գրողն իր հավերժական հեռուներից հաղորդակից է յուրաքանչյուր սրտի հետ, եթե այնտեղ բաբախում է ազատ ապրելու փափագը: Մենք զգալու ենք նրա մշտական ներկայությունն այն բոլոր ճակատագրական և բեկումնային պահերին, երբ ճշմարիտ խոսքի ուժը զորավիգ է լինում վհատվածներին, ճամփա է հարթում մոլորվածների համար, լույս է տալիս խավարում խարխափողներին: Եվ երբ Ազատության հրապարակում ծավալվեց համաժողովրդական շարժման ալիքը, վերստին չարենցյան տողերի արձագանքն էր, որ հնչեց արթնության կոչի նման: Մարդիկ լսեցին այն, ինչ լսել էին հազար անգամ, սակայն հիմա ծանոթ բառերը վերածնվեցին` նոր շնչով, նոր իմաստ ու թարմություն առած:Բայց, ինչպես որ նույն կրակով մեկը ջերմանում է, իսկ մյուսը հրդեհ է բորբոքում, այդպես էլ թե նախկինում ու թե այսօր գտնվեցին մարդիկ, որոնք պատրաստ են շահարկել ամեն մի սրբություն, միայն թե կյանքի կոչեն իրենց ճղճիմ, կասկածելի նպատակները:Դեռ նախընտրական պայքարի առաջին օրերից, երբ զանազան «գելափ»-ներից այն կողմ ամենքն էլ հասկացան ուժերի հարաբերակցության իրական պատկերը, իշխանական թեկնածուի բանակում ցավով նկատեցին, որ պայքարում կան նաև ինտելեկտուալ եզրեր, ինչից բոբիկ էին ու զրկված, սակայն ստիպված էին այդ անծանոթ դաշտում էլ ոտք դնել: Ու հենց այդ ժամանակ էլ Չարենցի անունը ոմանց համար վերածվեց խաղագումար դրված մանրադրամի:
Չար լեզուներն ասում են, թե դեռ սկզբնական փուլում Սերժ Սարգսյանի շտաբը մի տեսահոլովակ էր պատրաստել, որտեղ թեկնածուն իր ընտրողների համար Չարենց էր արտասանում: Սակայն այն բանից հետո, երբ ժողովրդի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը հնչեցրեց Չարենցի հայտնի տողերը, անմիջապես որոշեցին տեսահոլովակը եթեր չուղարկել: Պոեզիան` պոեզիա, բայց պայքարի մեջ բանաստեղծներն էլ կարող են դառնալ յուրային կամ օտար: Եվ օտարացած Չարենց բանաստեղծն այնքան ժամանակ սերժականների համար մնաց ընդդիմադիր, մինչև որ մի օր, Կապանում, մոռացած իր սուրբ դավանանքը, Սերժ Սարգսյանը փորձեց երեխաների հետ «Ես իմ անուշ...»-ը արտասանել: Ասում ենք` փորձեց, քանի որ բանաստեղծությունը նրա շուրթերից հնչեց ճիշտ այնքան անաղարտ, որքան «շտկել» բառը` երևանյան հանրահավաքում: Հասկանալով, որ բանասիրական կրթությամբ հանդերձ նա գրականությանն այնքան է մոտ, որքան նախագահական աթոռին, հետագայում խոհեմաբար լռեց, և իրապես հաճելի կլինի, եթե այդ լռությունը շարունակվի հնարավորինս երկար: (Այս հույսը միայն Չարենցին չի վերաբերում, այլ մնացած գրողներին ևս: Ո՞վ կարող է մոռանալ, թե Սերժ Սարգսյանը Նժդեհի հրապարակում հավաքած միտինգի ժամանակ ինչպես աղավաղեց Պարույր Սևակի չքնաղ բանաստեղծությունը...):

Եվ ո՞վ պիտի ասի, թե չարություն կար Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտողության մեջ, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար Չարենցն ընդամենը հազար դրամանոցի վրայի նկար է: Եվ ո՞վ պիտի ասի, թե տասնամյակներ առաջ հանճարեղ բանաստեղծը հենց այսօրվա «հերոսների» համար չէր գրել այս էպիգրամը.

Ես հարց եմ տալիս հաճախ հիմա ինձ`
Նայելով ոմանց «փառավոր» դնչին,
Թե ինչու է դարն այսքան վիթխարի,
Իսկ սրանք- այսքան փոքրիկ ու չնչին...

«Քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» չարենցյան պատգամը մեր ժողովրդի համար հատկապես այսօր արդիական է դարձել առավել, քան երբևէ, քանի որ փոքրիկներից ու չնչիններից ձերբազատվելու համար է նրա աննահանջ շարժումը: Վկան` այն յոթ զոհվածների արյունը: Վկան` այն հազարների բռունցքը, որ պաշտպանեց իրեն ու իր իրավունքը: Եվ վկան` վաղվա օրը, որ պիտի բացվի Չարենցի երազած արևային քաղաքի վրա:

Thursday 13 March 2008

ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ -13.03.08

ընդհատակյա թերթ
www.Payqar.org
13.03.08



ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ


Մարտի 1-ի երեկոյան Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակից դեպի Պարոնյան փողոց քայլելիս, ի թիվս մոտ 30 քաղաքացիների, դաժան ծեծի են ենթարկվել նաեւ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը եւ դուստրը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մշտապես մասնակցող Գրիզելդա եւ Գայանե Ղազարյանները պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի տիկնոջ հրավերով երեկոյան ժամը 21-ի սահմաններում որոշել են գնալ Պարոնյան 18 հասցեում գտնվող նրանց բնակարան եւ փոքր-ինչ հանգստանալուց հետո հետ վերադառնալ: Ճանապարհին նրանք ականատես են եղել, թե ինչպես է ամբողջ Մաշտոցի պողոտան` մինչեւ Ամիրյան փողոց, լցված ոստիկաններով: Տիկին Գրիզելդան պատմում է, որ ոստիկանների մի մասն այդ պահին շարժվել է դեպի քաղաքապետարան, իսկ մի փոքր մաս էլ, պոկվելով խմբից, սկսել է «քշել» տարբեր պատճառներով հանրահավաքից անջատված խմբին: «Ես մոտեցա սպաներից մեկին եւ ասացի, որ երբ այս ամենը վերջանա, նրա «պագոնները» պոկել կտամ, քանի որ շատ լավ եմ ճանաչում իրեն»,- պատմում է Գրիզելդա Ղազարյանը: Իսկ սպային նա ճանաչել է դեռեւս Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունից: Հայհոյելով եւ ձեռքի ռեզինե մահակով հարվածելով Գրիզելդա Ղազարյանի որովայնին` ոստիկանը շարունակել է «քշել» մարդկանց: Նրանց հասցրել են Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկ, որտեղ էլ, լսելով կրակոցներ, մարդիկ վախեցել են եւ մտածել, որ հրապարակում այդ պահին դիակներ են միայն եւ պետք է հետ գնալ այնտեղ:


«Հրապարակում մեր հարազատներն էին, որդիս: Շատ վախեցանք եւ գոռում էինք` էս ի՞նչ եք անում, պետությունը մենք ենք, մի միլիոն սպանեցիք, 2 միլիոն սպանեցիք, ո՞ւմ համար եք մնալու էս երկրում: Ի պատասխան` շիթավոր ոստիկանները սկսեցին խփել շիթերին, որ մեր ձայնը չլսվի, որ մեր քարոզչությունը տեղ չհասնի, ազդեցություն չգործի»,- պատմում է Գրիզելդա Ղազարյանը: Ոստիկաններն ավելի կատաղած են վազել դեպի մարդիկ, որոնք էլ սկսել են թաքնվել շենքերում: Մուտքերի մոտից քարշ տալով ոստիկաններից մեկը Գայանեին գցել է փողոց եւ իրեն միացած մի քանի ոստիկանների հետ սկսել ոտքերով հարվածել աղջկան: Այդ ընթացքում դաժան ծեծի է ենթարկվել նաեւ տիկին Գրիզելդան, չնայած Շիրխանյանի կնոջ հորդորներին, թե նա Ռաֆայել Ղազարյանի կինն է: Ծեծելուց հետո Գայանեին նորից քարշ տալով (այս անգամ նա ցավից չի կարողացել քայլել) հասցրել են մոր մոտ: Մտցնելով շենք` սպաներից մեկը նրանց ասել է, որ ինքը փրկել է նրանց կյանքը: Հետո սպան լքել է նրանց, եւ մայր ու դուստր փորձել են որեւէ մեկի բնակարան մտնել: Առաջին հարկում նրանց առաջ դուռ չեն բացել: Բարձրանալով երկրորդ հարկ` պարզել են, որ գրեթե բոլոր փախածները այդտեղի բնակարաններից մեկում են: Այդ տանն էլ Գայանեն զանգել է իր երկու ծանոթներին եւ խնդրել շտապօգնություն ուղարկել: «Որոշ ժամանակ անց երկուսն էլ զանգեցին եւ ասացին նույն բանը. շտապօգնությունից ասում են, որ իրենք Լեոյի փողոցին են հասել, բայց չեն կարողանում առաջ գալ, քանի որ ոստիկանները կրակում են իրենց մեքենաների վրա»,- ծանոթների ասածն է պատմում Գայանեն: Հետո պատշգամբից լսել են, թե ինչպես են ոստիկանները թաքնված մարդկանց փնտրում: «Այսինքն` նրանք ոչ թե մարդկանց ցրելու նպատակ ունեին, այլ ծեծելու եւ այդքանից հետո էլ դեռ չէին հանգստացել»,- մտածել է Գայանեն: Արդեն գիշերը` ժամը երկուսն անց կես, եկել է շտապօգնության մեքենան, բայց Ղազարյանները հրաժարվել են նրանց հետ գնալ: «Ասացին, որ պիտի տանեն Էրեբունու հիվանդանոց, բայց ես գիտեմ, որ այնտեղ ինձ կսպանեին: Ես չուզեցի գնալ նաեւ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, եւ մեր մեքենայով գնացինք Հանրապետական հիվանդանոց: Այնտեղ բժիշկները զարմացան, որ ոստիկաններից բացի ուրիշ քաղաքացի են ներս թողել»,- պատմում է Գայանեն: Այդ հիվանդանոցում էլ հենց տկն Գրիզելդայի գլխին 8 կար է դրվել: Նա հրաժարվել է մնալ հիվանդանոցում եւ խնդրել է իր հիվանդության պատմությունը տալ` բուժումը շարունակելու համար, բայց չեն տվել` ասելով. «Քանի որ դուք կապված եք այդ դեպքերի հետ, մենք չենք կարող հիվանդության պատմությունը տալ: Դատախազությունը հարցում կանի, մենք նրանց կտանք պատասխանը, իսկ ձեզ` պատճենը»: Այս ամենից հետո էլ Գայանեին հեռացրել են աշխատանքից: Ու չնայած դրան, տկն Գրիզելդան հավատում է, որ հաղթելու է եւ հաղթանակած էլ պիտի ապրի միմիայն Հայաստանում:


ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՈՐՈՆՈՒՄ


Գարնան առաջին օրը Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերից մեկը 46-ամյա Հովհաննես Հովհաննիսյանն էր, ում մասին նրա բակի հարեւաններն ասում են` արդարություն փնտրող մարդ էր:

Ու թեեւ նա արդարություն էր որոնում, սակայն այն, ինչ գտավ, որեւէ ընդհանրություն չունի այդ հասկացության հետ: Հովհաննես Հովհաննիսյանը կամ, ինչպես նրա մասին խոսելիս հարեւաններն են ասում, Հովիկը, այլեւս չկա, եւ նրա ընտանիքը մնացել է շիվար: Կինն ու երկու երեխաները պատուհասած արհավիրքից հետո երեկ առաջին անգամ էին տուն վերադարձել:


Մինչ այդ բնակվել են Հովհաննեսի ծնողական տանը, որտեղից էլ կատարվել է նրա հուղարկավորության արարողությունը: Ամուսնուն կորցրած Լիլյան անչափ սակավախոս էր: Նա չէր կարողանում ու նաեւ չէր ցանկանում իր ցավն արտահայտել բառերի միջոցով: Մանավանդ` խոսել ու պատմել մի բանի մասին, որին ներկա չի եղել: Ասում էր` դեպքերի միայն հաջորդ օրն են իրենց զանգահարել ու տեղեկացրել, որ Հովհաննեսը զոհվել է: Թե ո՞վ էր այդ բոթը հայտնողը, տիկին Լիլյան չգիտի: «Ես միայն մտածում եմ, որ անմեղ զոհ եմ ունեցել: Ո՞վ է դրա համար պատասխան տալու»,- հարց է ուղղում այրիացած կինը` վստահեցնելով, որ իր արհեստավոր ամուսինը հանրահավաքներին չէր մասնակցում, ու այդ օրն էլ «հաճախորդի» տնից է վերադառնալիս եղել. Հովհաննեսը սանտեխնիկ էր, եւ հենց որ մեկնումեկը ջրի խողովակների հետ կապված խնդիր էր ունենում, անմիջապես զանգահարում էր նրան: Այդ անգամ էլ, ինչպես վստահեցնում են Հովհաննեսի տանը, նա աշխատանքի էր գնացել ու պետք է տուն վերադառնար: Բայց ուշացել է: Ծանոթ-բարեկամներն անընդհատ զանգահարել ու հետաքրքրվել են` Հովհաննեսը չեկա՞վ: Նա այլեւս չէր գալու եւ իր ընտանիքը թողնելու էր նաեւ առանց կերակրողի, որովհետեւ միակ աշխատողն ինքն էր: Հարեւանները պատմում էին, որ նրան անընդհատ աշխատանքային գործիքներով լի պայուսակը ձեռքին էին տեսնում: Ճիշտ է, տիկին Լիլյան մասնագիտություն ունի, սակայն արդեն այնքան էլ երիտասարդ չէ, ուստիեւ չի համապատասխանում աշխատանք գտնելու համար այսօրվա ընդունված չափանիշներին: Եւ չնայած ամուսնու մահվան հարցում տիկին Լիլյան մեղավորներ չի փնտրում, գոնե մինչ այս պահը, ասելով` «Ի՞նչ իմանամ` ո՞ւմ մեղադրեմ», սակայն նրա հարեւանները չեն խուսափում այդ մասին խոսելուց: Թեեւ պետք է նշել, որ ամեն դեպքում` ակնհայտ էր մարդկանց զգուշավորություն ցուցաբերելու հանգամանքը: Ստալինի ժամանակների շունչն էր մի տեսակ զգացվում: Բայց լիովին զգուշավորություն պահպանել չի լինում, եւ մարդկանց թեկուզ կատակով արված արտահայտությունների միջից դուրս է գալիս նրանց իրական վերաբերմունքը:


««Հայլուր» նայեք, «Հայլուրից» ճիշտը չկա»,- օրինակ` հեգնանքով ասում էին նրանք: Ինչեւէ: Հովհաննես Հովհաննիսյանի հարեւանները կարծում են, որ այդ մարդկանց զոհվելու պատճառ են հանդիսացել Ազատության հրապարակում նույն օրը վաղ առավոտյան կատարված դեպքերը, երբ մահակավորները սկսել են ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին: ««Հայլուր» ենք լսում, ստացվում է` մեղավորը մեռնողներն են, բայց մեղավորը Օպերայում կատարված դեպքերն են: Գիշերով քնած մարդու վրա կհարձակվե՞ն»,- ասում էին նրանք ու հաղորդում իրենց իմացածը, ըստ որի` «գրոհայինները» կտրել են վրանների թելերը եւ դրանից հետո սկսել են խփել վրանների տակ մնացած մարդկանց` չնայելով` ո՞վ կա, ո՞վ չկա այնտեղ: Ահա այդպիսի անմարդկային վերաբերմունքն էլ ունեցավ իր շարունակությունը, բայց արդեն Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակում: Իսկ որ այդքան զոհ ունենալուց հետո մեր երկրում Սգո օր չհայտարարվեց, Հովհաննես Հովհաննիսյանի հարեւանները համարում են սխալ, ի տարբերություն նրա կնոջ, որն այդպիսի միտք չի արտահայտում: Կարծես վիրավորանք պարունակող տոնով նա ասում էր. «Իրենց գործն է: Մենք մեր սուգն արել ենք»: Նա նաեւ վստահեցնում էր, որ չի տեսել, թե իր զոհված ամուսինն ինչպիսի վնասվածք էր ստացել, սակայն հետո չէր ժխտում, որ կարծես գլխին ստացած հրազենային վնասվածքից է մահացել: «Ես չեմ նայել»,- ասում էր նա:



ԱՇԽԱՐՀԸ ՑՆՑՎԱԾ Է

Մարտի 1-ին Հայաստանում կատարված ողբերգական իրադարձությունները եւ դրանց հաջորդած զարգացումները լուրջ արձագանք ստացան ամբողջ աշխարհում:

Առաջին իսկ օրվանից տասնյակ միջազգային կառույցներ, եվրոպական երկրներ, հայտնի ու անհայտ կազմակերպություններ հատուկ հայտարարություններ ընդունեցին Հայաստանի վերաբերյալ եւ դեռ շարունակում են ընդունել: Հայ հանրությունը, սակայն, միայն մասամբ է ծանոթ դրանց, քանի որ եթե նույնիսկ ՀՀ իշխանական ԶԼՄ-ները անդրադառնում են այդ հայտարարություններին, ապա միայն համապատասխան սրբագրումներ անելուց հետո: Ուստի հարկ ենք համարում ներկայացնել այդ հայտարարությունների հատկապես այն հատվածները, որոնք կրճատվել են իշխանական ԶԼՄ-ների կողմից: Այսպես` մարտի 1-ին Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ նույն օրը իր մտահոգությունն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նա, մասնավորապես, նշել է, որ ցնցված է առնվազն 8 զոհերի մասին տեղեկություններով, միաժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է արել «հետաքննել մահվան բոլոր դեպքերը եւ ուժի կիրառման չարաշահման վերաբերյալ մեղադրանքները, կենտրոնանալ հանցագործությունների կատարողներին հայտնաբերելու եւ ոչ թե քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու վրա»: Հայտնի իրադարձությունների ժամանակ Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն, իր հերթին, նշել է, որ ձերբակալությունները պետք է իրականացվեն միմիայն ապացույցներով: Եվրոպացի դիվանագետը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դե յուրե տնային կալանքի տակ չէ, իսկ դե ֆակտո՝ այո: Տալվիտիեն Հայաստանի իշխանություններին կոչ է արել վերացնել արտակարգ իրադրությունը:

Մարտի 3-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները Հայաստանի իշխանություններին կոչ է արել վերացնել հայտարարված արտակարգ իրադրությունը եւ չսահմանափակել Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղաշարժվելու իրավունքը: Իր հերթին, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը` ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին մարտի 4-ին Վիեննայում հայտարարել է, որ արտակարգ դրությունը չպետք է իշխանությունների կողմից օգտագործվի` հասարակությանը տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ստանալու իրավունքից զրկելու նպատակով: ՀՀ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ մարտի 4-ին հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Հայտարարության մեջ նշվում է. «Մենք խիստ մտահոգված ենք շաբաթ օրը տեղի ունեցած բռնությամբ, որը դատապարտում ենք ամենայն խստությամբ: Հուսով ենք, որ շատ շուտով, օրինակ, ամբողջ ծավալով կվերականգնվի լրատվամիջոցների ազատությունը, եւ որ հնարավոր կլինի վերացնել արտակարգ իրավիճակը»:

Մարտի 7-ին Հայաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, որը ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ վերջիններիս հետ խոսել է արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին: Բրայզան խստորեն դատապարտել է ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործադրած բռնությունները: Իսկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Բրայզան դա որակել է որպես «ցավալի» եւ ասել, թե ակնհայտ է, որ կառավարական ուժերի արձագանքը «կոպիտ եւ վայրագ էր»:


Ամերիկացի դիվանագետը նաեւ մտահոգություն է հայտնել անկախ մամուլի նկատմամբ գործադրվող սահմանափակումների վերաբերյալ: Նա հորդորել է վերացնել արտակարգ դրությունը եւ իշխանություններին կոչ է արել վերջ տալ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ առնչություն ունեցող ընդդիմության ակտիվիստների ձերբակալություններին: Իսկ ահա փետրվարի 19-ի ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը մարտի 10-ին ողջունել է արտակարգ իրավիճակի երկու դրույթների չեղյալ հայտարարումը եւ կոչ է արել հանել արտակարգ իրավիճակի մնացած դրույթները: Նույն օրը Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել միջազգային օրենքները եւ միջազգային քննիչներ հրավիրել` մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը քննելու համար: «Միայն նման միջազգային հետաքննությունը արժանահավատ կհամարվի հայաստանցիների կողմից»,- հայտարարել է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Գունար Կառլսենը: Վերջինս նաեւ նշել է, որ լայն տարածում է ստացել թերահավատությունը այն բանի հանդեպ, թե ինչպես են իշխանություններն անցկացրել նախագահական ընտրությունները, եւ ահագնանում են վրդովմունքն ու հուսահատությունը այն միջոցների կապակցությամբ, որոնցով դադարեցվել են խաղաղ ցույցերը: Մարտի 11-ին եռօրյա այցով Երեւան ժամանելուց առաջ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հայտարարել էր, որ մտահոգված է Հայաստանում մարդու իրավունքների վիճակով եւ արտակարգ դրության հայտարարման հետեւանքներով: Իր հերթին, Սպիտակ տան մամուլի խոսնակ Թոնի Ֆրատոն երեկ մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ քաղաքական երկխոսության կոչ արել: «Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի օրենքի գերակայությունը, վերացնի արտակարգ դրությունը եւ վերականգնի մամուլի ազատությունը: ԱՄՆ-ն դատապարտել է մարտի 1-ի եւ 2-ի բռնությունները, որոնց հետեւանքով մարդիկ զոհվեցին, եւ դրան հետեւած իշխանության գործողությունները, ներառյալ ընդդիմադիրների ձերբակալումը, մամուլի ազատության, ինչպես նաեւ հավաքվելու իրավունքի սահմանափակումը», - հայտարարել է Սպիտակ տան խոսնակը:


Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ երեկ իր մտահոգությունն է հայտնել Եվրամիության նախագահությունը` իշխանություններին կոչ անելով վերացնել արտակարգ դրությունը: ԵՄ նախագահության կողմից երեկ ընդունված հայտարարության մեջ Հայաստանի իշխանություններին կոչ է արվում «ազատ արձակել այն մարդկանց, որոնք ձերբակալվել են իրենց քաղաքական ակտիվության պատճառով, եւ ձեռնպահ մնալ հետագա ձերբակալություններից»: Նշենք, որ սրանք ամբողջը չեն, եւ այս ընթացքում Հայաստանին վերաբերող հայտարարություններ ընդունած կառույցների եւ երկրների շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Մասնավորապես, դրանց մեջ են` «Human Rights Watch», «Amnesty International» կազմակերպությունները, Բալկանյան քաղաքական ակումբը, Կանադայի ԱԳ նախարարությունը, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան եւ այլն:


միայն ժողովրդավարական միջավայրում


«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը երեկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված նամակում նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան իրավունք ունի կասեցնել կամ դադարեցնել Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում:

Այս նամակը պաշտոնական զգուշացում է, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից ֆինանսավորման վրա: Դանիլովիչը նաեւ գրել է, որ կորպորացիան վերանայում է Հայաստանում իր աշխատանքի գործառնական տեսանկյունները հայտնի իրադարձությունների լույսի ներքո, ներառյալ լրատվամիջոցների ազատության սահմանափակումը եւ արտակարգ դրության հայտարարումը, եւ ուշի ուշով հետեւում է իրադրությանը ԱՄՆ-ի կառավարության եւ դոնոր գործընկերների հետ միասին: «Որպես Հայաստանի բարեկամ եւ երկարաժամկետ տնտեսական աճի, կայունության եւ ժողովրդավարության ջատագով՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան պարտավորություն ունի հաստատելու, որ մեր ծրագիրը գործում է ժողովրդավարական միջավայրում: Կորպորացիայի համաձայնագիրը Հայաստանի ժողովրդի հետ` 235,6 միլիոն դոլար հատկացնելու վերաբերյալ, հիմնված է երկրի քաղաքական ցուցանիշներով ձեւավորվող շարունակական ընթացիկ կատարողականի վրա»,- եզրափակել է Ջոն Դանիլովիչը:



առանց երկակի ստանդարտների

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունները Կոսովոյի խորհրդարանի կողմից փետրվարի 17-ին ընդունված անկախության հռչակագրի կապակցությամբ երեկ հանդես են եկել հայտարարությամբ:

«Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցությունները իրենց համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Ղարաբաղի խորհրդարանի մամուլի ծառայությունը, պաշտպանում են ազատ ինքնորոշման իրավունքը եւ ողջունում միջազգային հանրության կեցվածքը Կոսովոյի բնակչության մեծամասնության մարդկային եւ քաղաքացիական իրավունքների հարգման հարցում: Միաժամանակ, պատգամավորները աշխարհի երկրների խորհրդարաններին կոչ են արել հետեւողական լինել ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա կազմավորված պետությունների ճանաչման հարցում` ձեռնպահ մնալով երկակի ստանդարտներից:


չեն հանդուրժվելու


Միջազգային ճգնաժամային խմբի` Եվրոպայի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը երեկ ամերիկյան «Wall Street Journal» պարբերականում հրապարակված հոդվածում նշել է, որ Հարավային Կովկասում քչերն են հավատում, թե կարող են իշխանություն փոխել խաղաղ ճանապարհով` քվեատուփերի միջոցով:

Նրա խոսքերով, Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած բռնությունները թեեւ առաջինն էին Երեւանի փողոցներում, սակայն տեղավորվում են Հարավային Կովկասում արդեն շատ ծանոթ վտանգավոր սխեմայի շրջանակներում: Ըստ Ֆրեյզերի, «հաճախ կրկնվող սցենարը հետեւյալն է. նախ խախտումները եւ ընտրակեղծիքների մասին պնդումները ստվերում են ընտրությունները, այնուհետեւ ընդդիմությունը բողոքի զանգվածային ցույցեր է կազմակերպում, եւ վերջապես` ուղարկվում է ոստիկանությունը եւ անհամարժեք ուժ է գործադրում` ծեծելով ազատելով փողոցները ցուցարարներից: Դա այնքան սովորական բան է դարձել Հայաստանում եւ Ադրբեջանում, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն այժմ կարծես նույնքան ժամանակ են ծախսում հետընտրական պայքարին պատրաստվելու վրա, որքան ծախսում են քվեների համար ընտրարշավի վրա: Նույնը, ինչպես երեւում է, սպասվում է Վրաստանում մայիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված, որտեղ նոյեմբերին կառավարության հարձակումը խաղաղ ցուցարարների վրա նախորդեց հունվարյան նախագահական ընտրություններին»: Ֆրեյզերը գրում է, որ տարածաշրջանում անչափ շատ ընտրություններ են ստվերվել ձայների վատ կամ շատ վատ հաշվարկով, ընդդիմադիր ակտիվիստների ահաբեկմամբ, քվեատուփերի լցոնմամբ, բազմակի քվեարկությամբ, կողմնակալ ընտրական հանձնաժողովներով, կառավարության թեկնածուի աջակցման համար պետական ռեսուրսների օգտագործմամբ եւ լրատվամիջոցների կողմից ընտրարշավի աղավաղված լուսաբանմամբ: «Դա չէ այն հետխորհրդային իրականությունը, որի հույսը ունեին շատերը: Խորհրդային Միության փլուզումից եւ Հարավային Կովկասի հանրապետությունների անկախացումից հետո բոլորը խոսում էին նրանց ժողովրդավարացման մասին»,- շեշտում է Սաբինա Ֆրեյզերը: Վերջինս գտնում է, որ մեղքի իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը: Միջազգային հաստատությունները ներկայացնող դիտորդները, հատկապես` խորհրդարանականները, սովորաբար հակված են շատ արագ հավանություն տալ ընտրություններին` առաջնորդվելով քաղաքական նպատակներով. աջակցել կառավարության թեկնածուին հանուն «տարածաշրջանային կայունության» կամ էլ պարզապես նպաստել առանձին դաշնակիցների` իշխանության մնալուն: Ֆրեյզերը շատ ավելի վստահելի է համարում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության գնահատականները, որոնք հիմնված են շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ տեւած դիտարկումների վրա, եւ որոնք վերջնական տեսքով շատ ավելի ուշ են ներկայացվում:


Հոդվածագիրը շեշտում է, որ ընտրությունների նման սցենարը կկրկնվի, մինչեւ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն նոր ուղեգիծ չորդեգրեն` աջակցելով ավելի շատ այդ երկրների հաստատություններին, այլ ոչ թե անհատներին: «Նրանք պետք է հստակ հասկացնեն, որ կեղծված ընտրությունների հերթական շրջանը չի հանդուրժվելու: Խորհրդային Միության փլուզումից 17 տարի անց բոլոր այդ երկրները պետք է արդեն իմանան` ինչպես անցկացնել իսկական ընտրություններ: Ժամանակն է, որպեսզի տեղի իշխանությունները եւ նրանց օտարերկրյա գործընկերները Հարավային Կովկասում եւ նախկին Խորհրդային Միության որեւէ այլ վայրում ժողովրդավարական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու եւ հետագա արյունահեղություններից խուսափելու համար անհրաժեշտ քաղաքական կամք ցուցաբերեն»,- եզրափակում է Սաբինա Ֆրեյզերը:


ՇՈՈՒԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն 2 շաբաթ է` պաշտոնական քարոզչությունը մարտի 1-ի իրադարձությունները յուրովի է մեկնաբանում` փորձելով խաղաղ ցուցարարներին ներկայացնել որպես հանցագործներ:
Այս ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ՀՀ ոստիկանությունը պարբերաբար հրապարակում են ինչ-որ տվյալներ, առանձին անձանց ցուցմունքներ, որոնց նպատակը նույնն է` խաղաղ ցուցարարներին ներկայացնել որպես հանցագործներ: ՀՀ իրավապահների եւ զինված ուժերի զենքը կոչված է պաշտպանել Հայաստանի քաղաքացիներին: Մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգության առանցքային կողմերից մեկն այն է, որ այդ զենքերը կրակեցին քաղաքացիների վրա, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ զոհվեցին` պաշտոնապես ութ հոգի: Այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանի իրավապահները ողբերգական իրադարձությունների ամենակարեւոր այդ կողմը` մարդկանց սպանության դեպքերը, մտադիր չեն լուրջ քննել: Դեռեւս մարտի 5-ին ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հայտարարել է, որ ոստիկանները ցուցարարների դեմ հրազեն չեն օգտագործել եւ մարդկանց վրա չեն կրակել:


Այսինքն` նախաքննության ամենասկզբում իրավապահները գործնականում բացառեցին իրավապահների կողմից իրենց լիազորությունները գերազանցելու վարկածները քննելու տարբերակը: Մի խոսքով, մարդկանց սպանության դեպքերը նախաքննության մարմինը քննելու է այնքանով, որքանով հնարավոր կլինի այդ սպանությունները բարդել ընդդիմության եւ ցուցարարների վրա: Մարտի 1-ի ողբերգական դեպքերի նախաքննության վերաբերյալ տրամադրվող պաշտոնական տեղեկատվության բովանդակությունը, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս: Հեռուստատեսությամբ հրապարակում են ոստիկանության տրամադրած տեսանյութերը, որոնցում ինչ-որ երիտասարդներ իբր ցուցմունքներ են տալիս եւ պատմում, թե ինչպես են իրենք թալանել Մաշտոցի պողոտայի խանութները: Չնայած նույն այդ երիտասարդները նշում են, որ իրենք հանրահավաքի հետ կապ չեն ունեցել, բայց ոստիկանությունը եւ գլխավոր դատախազությունը, միեւնույն է, այնպես են ամեն ինչ ներկայացնում, իբրեւ հենց այդ թալանչիներն են եղել ցուցարարները: Սա այն դեպքում, երբ նույն ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել եւ հարցաքննվել են շուրջ 800 քաղաքացիներ, որոնցից շուրջ 150-ը կալանավորված են: Իսկ ինչո՞ւ ՀՀ գլխավոր դատախազությունը չի հրապարակում, ասենք, մարտի 1-ի առավոտյան ժամը 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված մարդկանց ցուցմունքները: Փաստաբանների տրամադրած տվյալներից ակնհայտ է դառնում, որ մարտի 1-ի առավոտյան, երբ մարդկանց առանց տարբերակման ուժի գործադրմամբ փողոցից բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, նրանց հետագա ճակատագրերը որոշվել է ըստ իրենց բացատրությունների: Նրանք, ովքեր գրել են, որ իրենք պատահական անցորդ են եւ հավաստել են, որ հանրահավաքի չեն մասնակցել, ազատ են արձակվել: Էական չի էլ եղել` այդ մարդիկ իրականում հանրահավաքին մասնակցել են, թե` ոչ: Ոստիկանության համար առավել կարեւոր է եղել, որպեսզի քաղաքացին ընդունի այն խաղի կանոնը, որն իրեն պարտադրվել է, այսինքն` հանրահավաքին մասնակցելն ընկալի որպես օրենքի խախտում եւ իր բացատրությամբ փաստի, որ ինքը նման «օրինախախտման» չի մասնակցել: Իրավապահների այս մոտեցման նպատակը մարդկանց վախեցնելը եւ հետագայում հանրահավաքներին մասնակցելուց հեռու պահելն է: Իսկ այն մարդիկ, ովքեր մարտի 1-ի առավոտյան բերման են ենթարկվել եւ գրել են այն, ինչ տեսել են, կամ ինչ իրենց հետ է տեղի ունեցել, հայտնվել են անազատության մեջ: Փաստաբանները պատմում են, որ բոլոր այն դեպքերում, երբ մարդը իր բացատրություններում գրել է, որ մարտի 1-ի առավոտյան ինքը եկել է Մաշտոցի պողոտա, եւ այնտեղ հասնելուն պես ոստիկանները հարձակվել են իր վրա, ու ծեծուջարդով բերման են ենթարկվել ոստիկանություն, տվյալ քաղաքացին հետագայում ինքն է դարձել մեղադրյալ, եւ նրան այլեւս ազատ չեն արձակել: Նույն կերպ անազատության մեջ են հայտնվել նաեւ մարտի 1-ի` լույս 2-ի գիշերվա իրադարձություններից հետո բերման ենթարկված ցուցարարները: Տվյալ դեպքում խոսքը թալանով զբաղված երիտասարդների մասին չէ: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության ակտիվիստներին, ապա պաշտոնական քարոզչության տեսանկյունից նրանց ցուցմունքները եւ բացատրությունները «ցենզուրայից» դուրս են: Դրանք հիմնականում շատ կարճ են եւ փաստում են միայն, որ իրենց նկատմամբ սկսված հետապնդումը քաղաքական է: Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների նախաքննությունը ի սկզբանե չի կարող օբյեկտիվ լինել, որովհետեւ այն վարողը շահագրգիռ կողմ է: Ինչպե՞ս կարող է ոստիկանությունը պատասխանել այն հարցին, թե իրավապահներից ովքեր են կրակել խաղաղ ցուցարարների վրա: Այսինքն` մարտի 1-ի նախաքննությունը միայն մեկ դեպքում կարող է հավատ ներշնչել, եթե այն իրականացվի անկախ միջազգային կառույցի կողմից: Հենց այդ նպատակով էլ ԵՄ նախագահությունը դեռեւս մարտի 4-ին ՀՀ իշխանություններին առաջարկել էր միջազգային անկախ հետաքննություն անցկացնել:


ՀԱՆԴԻՊԵԼ Է


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, իսկ այնուհետեւ` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ:

Հանդիպումների ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ իշխանությունները շահագրգռված չեն մարտի 1-ի իրադարձությունների համապարփակ հետաքննությամբ, եւ կարեւորել է այդ իրադարձությունների վերաբերյալ միջազգային անկախ հետաքննության անցկացումը, որը ներառված է նաեւ ԵՄ նախագահության կողմից արված առաջարկում: Առաջին նախագահը նաեւ տեղեկացրել է, որ առ այսօր շարունակվում են իր կողմնակիցների ձերբակալությունները, որոնցից մի քանիսի նկատմամբ իրավապահ հաստատություններում կիրառվում են բռնություններ, եւ նրանց է հանձնել համապատասխան տեղեկանքներ ինչպես ձերբակալված, այնպես էլ բռնության ենթարկված անձանց վերաբերյալ:


վտանգված է


ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ԱՄՆ-ի 2009-ի բյուջեի նախագծի շուրջ Կոնգրեսի հատկացումների ենթահանձնաժողովում նախօրեին հայտարարել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագիրը վտանգված է:

Նա նշել է, որ վերջերս հայտարարված արտակարգ դրությունը Հայաստանում ամերիկյան որոշ ծրագրեր առկախելու անհրաժեշտություն է առաջացրել: Ռայսի խոսքերով, հարկ կլինի զգուշացնել հայերին, որ արտակարգ դրությունը վտանգում է նաեւ «ՀՄ»-ի ծրագիրը:


բազար

Երբ ընտրություններից հետո Վահան Հովհաննիսյանը հրաժարական տվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից` իր այդ որոշումը կապելով ընտրությունների արդյունքների հետ, ՀՅԴ-ն հայտարարեց, թե նրան կարող են հետեւել նաեւ ՀՅԴ-ական նախարարները:
Դաշնակցականները նույնիսկ հայտարարեցին, թե ցանկացած պահի կարող են դուրս գալ կոալիցիայի կազմից: Առ այսօր, սակայն, ՀՅԴ-ական նախարարները չեն հրաժարվել իրենց պաշտոններից, իսկ դաշնակցական վերնախավն էլ, մեր տեղեկություններով, ակտիվ երկխոսության մեջ է մտել իշխանությունների հետ` հետագա համագործակցության շուրջ: Այս անգամ, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՅԴ-ն չի բավարարվել ունեցած երեք նախարարական պորտֆելներով եւ կոալիցիայի մեջ մտնելու համար մի շարք կարեւոր պաշտոններ է պահանջել: Հենց այս հարցերն էլ արդեն 3 օր է` քննարկման առարկա են դարձել ՀՅԴ վերնախավում: Փաստորեն, Դաշնակցությունը զգում է Սերժ Սարգսյանի խոցելի վիճակը եւ փորձում է հնարավորինս շատ օգուտ քաղել Սարգսյանի խոցելիությունից:


ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ
Նկարում պատկերվածը մի դրվագ է մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնող սիրողական տեսախցիկով նկարահանված ֆիլմից, որը ներկայումս ակտիվորեն շրջանառվում է հանրության շրջանում:

Photo path: http://www.payqar.org/payqar/100.jpg

Պարզվում է, սակայն, որ այդ ֆիլմն «ակնհայտ սուտ է», քանի որ, ինչպես ՀՀ դատախազությունն է պնդում, մարտի 1-ին ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ բանակը ժողովրդի վրա չեն կրակել: Իսկ ֆիլմի այդ մասը, որտեղ համազգեստավոր մարդասպանները ուղիղ նշանառությամբ կրակում են, ըստ նույն դատախազության, մոնտաժված է: Բոլոր նրանք, ովքեր տեսել են այս կադրերը, իհարկե, հասկանում են, որ սա չի կարող մոնտաժ լինել եւ ոչ էլ գեղարվեստական ֆիլմ է: Ակնհայտ ճշմարտություն է, որ համազգեստավորները կրակում են, ընդ որում` ոչ թե հատ-հատ, այլ կրակահերթերով եւ անընդհատ նույն ուղղությամբ` թիրախներին անպայմանորեն սպանելու հստակ նպատակով: Բայց սա, ըստ պաշտոնական տեղեկատվության, սուտ է եւ կեղծիք: Ըստ նույն պաշտոնական տեղեկատվության, «ակնհայտ ճշմարտություն է» այն, որ ցուցարարներն են սկսել կրակել ոստիկանների ու զինվորների վրա, բայց դեպքի վայրում հատուկ ծառայությունների մի քանի տասնյակ պրոֆեսիոնալ նկարահանողներ այդպես էլ որեւէ անժխտելի փաստ չեն կարողանում ներկայացնել, որ ցուցարարները կրակում են: Իսկ այն կադրերից, որոնք ներկայացվում են, ուղղակի ակնհայտ է դառնում, որ դրանք հստակ բեմադրված են: Օրինակ` մոխիրի տակից հանվող պլաստիկե ներարկիչը կրակի մեջ, փաստորեն, չի հալվում: Կամ Ազատության հրապարակում գիշերային հարձակումից հետո ոստիկանը վրանի մոտ գտնում է ատրճանակ եւ առանց ձեռնոցների վերցնում ու կինոխցիկի առաջ ցույց տալիս` առանց դրա վրայի մատնահետքերը պահպանելու մտահոգության: Ի դեպ, սա նկատել էր նույնիսկ «Նյու Յորք Թայմսը» եւ հստակ արձանագրել, որ զենքերն ու զինամթերքը խաղաղ ցուցարարներին ցրելուց հետո են հայտնվել: Պաշտոնական քարոզչությունն ակնհայտ ստի եւ ակնհայտ ճշմարտության այս ձեւախեղումը հասցրել է պարզապես աբսուրդի մակարդակի: Իշխանությունը պետք է որ դասեր քաղած լիներ վերջին մի քանի ամսում իր իրականացրած քարոզչության եւ հակաքարոզչության արդյունքից. որքան շատ են քննադատում ու հայհոյում ընդդիմությանը, այնքան բարձրանում է նրա հեղինակությունը, իսկ որքան շատ են գովերգում ու դիֆիրամբներ ձոնում իշխանությանը, այնքան ավելի շատ մարդկանց համար է այն դառնում ատելի ու անտանելի: Սրանից ուղղակիորեն հետեւում է, որ քոչարյանասերժական ռեժիմի դեմ պայքարողների թիվն ավելի է մեծանալու, եւ այդ պայքարը մտնում է մի նոր փուլ: