Wednesday 12 March 2008

ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ 12.03.08

ընդհատակյա թերթ
www.Payqar.org
12.03.08

Տիգրան Կիմիչը Վիկտոր Սողոմոնյանի ոճով
ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ, ԱԳՆ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարեպետյանի հրաժարականից հետո հեռուստաէկրանների աստղ դարձած Տիգրան Բալայանը, ով նաեւ ոչ անհայտ Կիմ Բալայանի որդին է, արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզաի Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտնի հայտարարությանը:

«Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը կարող է նման կամայական հայտարարություններ անել»,- հայտարարել է Տիգրան Կիմիչը` հավելելով, թե «նման միակողմանի մեղադրանք հնչեցնելը անհիմն եւ անօգուտ է»: «Վիրավորված ոստիկանների թիվը` 108, որոնցից 43-ը հրազենային կամ բեկորային վնասվածքներով, հստակորեն ցույց է տալիս, որ ցուցարարները զինված են եղել հրազենով եւ պայթուցիկ նյութերով: Սա համընկնում է իրավապահ մարմինների օպերատիվ տեղեկատվությանը, որը հանրությանն այս ամենի մասին տեղյակ էր պահել մարտի 1-ից դեռ օրեր առաջ: Այս պարագայում կառավարության արձագանքը որպես «ընդդիմադիր բողոքի ցույցերի ցրում» պիտակավորելը կամ որպես «կոպիտ եւ դաժան» որակելը ճշգրիտ չէ: Դա ամենեւին ոստիկանության կողմից քաղաքացիների վրա հարձակում չի եղել»- շարունակել է երիտասարդ Բալայանը: Վերջինս նույնիսկ նշել է, թե մարտի 1-ին տեղի ունեցած բռնությունները, իրոք, լրջագույն մտահոգություն են մեզ բոլորիս համար Հայաստանում, առաջին հերթին` կառավարության համար, որը պատասխանատվություն է կրում երկրում կարգուկանոնի եւ անվտանգության պահպանման համար: «Կառավարությունը, զսպվածություն դրսեւորելով, փորձում էր պահպանել կարգուկանոնը, սակայն, ինչպես նախապես զգուշացնում էին իրավապահ մարմինները, այն վերածվեց ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախման: Այն պարագայում, երբ կա ութ զոհ (որոնցից մեկը ոստիկան է) եւ տասնյակ վիրավորներ (որոնցից շատերը իրավապահ մարմիններից են), կասկած չի կարող լինել, որ սա լուրջ եւ իրավամբ դատապարտելի բռնարարք էր, ինչպես ինքը պարոն Բրազյան է նշում»,- ոչ մի կերպ չէր հանսգտանում Տիգրան Կիմիչը: Վերջինս միջազգային կառույցների ներկայացուցիչների վրա հեռվից հոխորտալու մեկ այլ հայտնի մամլո քարտուղարի` Վիկտոր Սողոմոնյանի ոճով ավելացրել է նաեւ բառացիորեն հետեւյալը. «Այսօր` այդ ահավոր օրվանից 10 օր անց, Հայաստանի առջեւ կանգնած հիմնական խնդիրն ամբողջությամբ քննել եւ հասկանալն է, թե ինչ տեղի ունեցավ, եւ միասին առաջ գնալու ուղիներ փնտրելն է: Միջազգային հանրությունը պետք է խրախուսի բոլոր ներգրավված կողմերին` պատասխանատվություն ստանձնելու մեր հասարակության հիմքերին հասցված վնասի համար եւ փնտրելու առաջ գնալու ներառական ուղիներ: Թյուր տեղեկացվածության հիման վրա արված հայտարարությունները կարող են եւ արդեն իսկ նպաստում են քաղաքական լարվածության սրմանը»: Բալայան կրտսերի ինտելեկտը, թերեւս ընդամենը այնքան է, որ նա ոչ «թյուր տեղեկատվության» աղբյուր է համարում է «Հայլուրը»: Բայց այդպիսի «ինտելեկտուալներ» Հայաստանում բարեբախտաբար արդեն շատ քիչ են մնացել:


Խուզարկություն
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ մոտ երկուսուկես ժամ խուզարկել են ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի աշխատասենյակը եւ ընդունարանը:

Նրանք փնտրել են զենք զինամթերք: Սակայն ոչինչ չգտնելով, ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ տարել են Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներից մի քանի CD, Արարատ Զուրաբյանի 2 նոթատետրերը եւ նշումներ արած թղթեր: ԱԱԾ-ն իր հետ տարել է նաեւ ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչիկ Քոքոբելյանի աշխատասենյակում գտնվող համակարգիչը: Ի դեպ, ԱԱԾ-ականները դատարանի որոշմամբ ունեցել են միայն Արարատ Զուրաբյանի աշխատասենյակն ու ընդունարանը խուզարկելու թույլտվություն եւ Քոքոբելյանի սենյակում գտնվող համակարգիչը տարել են անօրինական:

ԱՄՆ-ը պնդում է, որ պետք է պատժել նրանց, ովքեր ուժ են գործադրել
Երեկ ուշ երեկոյան Վաշինգտոնում «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան Հայաստանի քաղաքական ուժերին կրկին հորդորել է երկխոսություն սկսել:

Այն հարցին, թե ի՞նչ հավելյալ մանրամասներ կարող է հաղորդել ամերիկացի դիվանագետը ԱՄՆ-ի կողմից երկխոսության, այսպես կոչված, «կլոր սեղանի» ձեւաչափի վերաբերյալ, Բրայզան պատասխանել է. - «Մենք կցանկանայինք տեսնել, որ բոլոր խոշորագույն քաղաքական կուսակցությունների` ընդդիմադիր, իշխանամետ, կոալիցիայի անդամները, բոլորը հավաքվեն միասին քննարկման համար, քննարկում, որը կներկայացնի Հայաստանի բոլոր քվեարկողներին, որը կխոսի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների ապագայի եւ դրանց ամրապնդման մասին: Թե որո՞նք կլինեն կոնկրետ թեմաները` դա մասնակիցների գործն է, իհարկե: Սակայն բանավեճի սեղանի շուրջ քննարկումների միջոցով սեփական երկրի քաղաքական ապագան որոշելու գործընթացն է այն ճանապարհը, որով պետք է կառուցել առողջ ժողովրդավարություն, այլ ոչ թե փողոցը»:

«Մենք պաշտպանում ենք անկախ հետաքննության առաջարկը եւ կարծում ենք, որ դա օգտակար կլինի: Բայց, միաժամանակ, ես կարծում եմ, որ շատ դժվար կլինի երբեւէ գնահատել ճշգրտորեն, թե ինչպես այդ ողբերգական իրադարձությունները տեղի ունեցան: Այժմ մենք պետք է առաջ շարժվենք: Վերականգնենք ընտրություններին հասցված վնասները` պատժելով այն մարդկանց, որոնք ապօրինի կերպով ուժ են գործադրել կամ խախտել են ընտրությունների մասին օրենքը»-նշել է ամերիկացի դիվանագետը պատասխանելով այն հարցին թե ինչպես է ԱՄՆ-ը վերաբերվում Եվրամիության նախագահության` անկախ հետաքննություն անցկացնելու առաջարկին:

Ռադիոկայանի այն հարցին, թե հակառակ ԱՄՆ-ի` ձերբակալությունները դադարեցնելու մասին կոչերին, ընդդիմության ակտիվիստներին շարունակում են ձերբակալել եւ ինչ է արվում այդ առնչությամբ` Մեթյու Բրայզան ընդգծել է. «Սա մի խնդիր է, որը պետք է լուծվի Հայաստանի կառավարության կողմից, իհարկե, եւ մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը` վերջ տալ քաղաքական ղեկավարների ձերբակալություններին եւ վերականգնել ժողովրդավարական այն պահը, որը բնորոշ էր Հայաստանին մինչեւ այս վերջին ընտրությունները»:

Անդրադառնալով Հայաստանի գլխավոր դատախազի այն պնդումներին, թե «ընդդիմության առաջնորդները հոգեբանական դիվերսիա են իրականացրել մարդկանց նկատմամբ», ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնականն արձագանքել է.-«Օհ, այ քեզ հայտարարություն: Պարոն Տեր-Պետրոսյանը ակնհայտորեն շատ հայտնի քաղաքական գործիչ է, ով շատ հմուտ է իր հռետորության մեջ, այնպես որ, նա մարդկանց ոգեշնչելու կարողություն ունի եւ անում էր դա Երեւանի Ազատության հրապարակում ունեցած իր ելույթներում: Սա այն դեպքը չէ, երբ մասնավոր մի ղեկավար կախարդական հնարքներ է գործադրում. Lեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս իբրեւ քաղաքական գործիչ»: Ամերիկացի բարձաստիճան պաշտոնյան նշել է նաեւ, որ ինքն այցելել է Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Lեւոն Տեր-Պետրոսյանին եւ, իր կարծիքով, օգտակար զրույց ունեցել նրա հետ: «Ես, մասնավորապես, քաջալերեցի նրան` լիարժեք մասնակցել Հայաստանի կառավարության հետ երկխոսությանը եւ ուղիներ փնտրել` Հայաստանում ժողովրդավարության ընթացքը վերականգնելու համար», - մանրամասնել է Մեթյու Բրայզան:

Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին եւ դրանց վերաբերյալ «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը տված հարցազրույցին, որտեղ Բրայզան Հայաստանի կառավարության արձագանքը գնահատել էր որպես «կոշտ ու վայրագ», նա նշել է.-«Վայրագություն տեղի է ունեցել երկու կողմերում էլ, եւ ես փորձել եմ դա հասկացնել իմ բոլոր հարցազրույցներում: Խնդիրն այն է, որ երբ մարդիկ փողոցներում հայտնվում են առճակատման իրավիճակում, եւ չկա տեղեկատվության ազատ հոսք` անկախ մամուլի միջոցով, յուրաքանչյուր կողմ փորձում է մեղավոր ճանաչել մյուսին: Բայց ի վերջո, իհարկե, կառավարությունը պատասխանատու է քաղաքացիների դեմ կառավարական ուժեր գործադրելու համար: Իսկ քաղաքացիներն էլ պատասխանատու են խաղաղ կերպով բողոքելու եւ օրենքի սահմաններում տեղավորվող մեխանիզմներ գործադրելու հարցում: Ահա այս ենք մենք կոչ անում բոլոր կողմերին»:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Միացյալ Նահանգների նախագահը միջամտի Հայաստանում ստեղծված ներքաղաքական լարվածությունը հարթելու գործընթացին, Մեթյու Բրայզան ասել է.-«Մենք Հայաստանի կառավարության հետ հաղորդակցության շատ արդյունավետ միջոցներ ունենք, եւ ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունների հետ այժմ տեղի ունեցող հաղորդակցությունը բավարար է: Նախագահ Բուշը իր որոշումը կկայացնի, եւ եթե նա ցանկանա ներգրավվել գործընթացում, դա, իհարկե, նրա որոշումն է»:

Ամերիկացի բարձաստիճան դիվանագետը միաժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանում, ինչպես նաեւ ողջ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մշտական շփումներ է ունենում Ռուսաստանի կառավարության եւ դիվանագիտական շրջանակների իրենց գործընկերների հետ: «Այդուհանդերձ, մենք չենք համաձայնեցնում մեր դիվանագիտական դիրքորոշումները այն առումով` ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն», - ասել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականն եւ ընդգծել.-«Միացյալ Նահանգները հստակ դիրքորոշում ունի, թե ինչ է նշանակում իսկական ժողովրդավարություն ստեղծելը, եւ մենք այդ նպատակին հետամուտ ենք լինում մեր սեփական ուղիով` սերտորեն համագործակցելով Հայաստանի կառավարության եւ քաղաքացիների հետ»:
ընդդեմ գրաքննության

Այսօր մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ տարածել են համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշվում է.
«Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրը՝ մարտի 2-ին, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցներն այցելեցին թերթերի խմբագրություններ` ներկայացնելով անստորագիր եւ չկնքված մի երկտող, որով զգուշացվում էր, որ եթե թերթերի հրապարակումները պարունակեն պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն, ապա տվյալ թերթի գործունեությունը կդադարեցվի: Նույն գիշեր տպարան տարված թերթերի նյութերը մանրակրկիտ ստուգել են ԱԱԾ աշխատակիցները եւ բանավոր հրահանգով արգելել տպագրությունը:Նկատի ունենալով, որ պաշտոնական կոչվող տեղեկատվությունն առնվազն միակողմանի է, չի արտացոլում կատարվածի ամբողջական պատկերը եւ առանց ընդհատումների եթեր է սփռվում շուրջ մեկ տասնյակ հեռուստաալիքներով` առանձին թերթեր պարզապես հրաժարվեցին լույս տեսնել, մյուսներն էլ հայտնվեցին հարկադիր պարապուրդի մեջ: Սա մեզ հիմք է տալիս հայտարարելու, որ ՀՀ իշխանությունները պարզապես արգելել են իրենց համար անցանկալի լրատվամիջոցների գործունեությունը: Մանավանդ որ, արտակարգ դրության պայմաններում հրատարակվող «յուրային» պարբերականների վրա ամենեւին էլ չէր տարածվել բացառապես պաշտոնական լրատվություն հրապարակելու պահանջը: Տեղեկատվական տեռորը լիակատար դարձնելու համար արգելափակվել են նաեւ ինտերնետային կայքէջերը: Ավելին, CNN ու Euronews հեռուստաալիքների թողարկումները, որոնք անդրադառնում են Հայաստանում կատարվող իրադարձություններին, ընդհատվում են, եւ փոխարենը հեռարձակվում են գովազդային հոլովակներ, իսկ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը ընդհանրապես դադարեցվեց:Մենք հայտարարում ենք, որ այս ամենը ոչ միայն չի նպաստում հասարակության մեջ առկա լարվածության թուլացմանը, այլեւ խորացնում է ատելության ու թշնամանքի մթնոլորտը£ Պաշտոնական կոչվող տեղեկատվություն սփռող լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը եւ մանավանդ մամուլի խոսնակները իրենց ագրեսիայով ընդամենը նպաստում են անառողջ տրամադրությունների բորբոքմանը եւ խորացնում են անվստահությունը պետության նկատմամբ£Ստեղծված իրավիճակում ոտնահարվել է տեղեկություններ տարածելու եւ ստանալու մեր սահմանադրական իրավունքը, խախտվել են խոսքի եւ մամուլի ազատության համընդհանուր ճանաչված սկզբունքները, լրատվամիջոցները կրում են նյութական կորուստներ, Հայաստանում իրականացվում է գրաքննություն, եւ մեր երկիրը հայտնվել է տեղեկատվական լիակատար շրջափակման մեջ:

«Ա1+»-ի նախագահ
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Երեւանի մամուլի ակումբի նախագահ
«Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագիր
«Ինտերնյուս» կազմակերպության ղեկավար
«Լրագիր» կայքէջի գլխավոր խմբագիր
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ
«Հայք» օրաթերթի գլխավոր խմբագիր
«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր
«Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր
«Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիր
«ԱրմենիաՆաու» էլեկտրոնային հանդեսի խմբագիր


Քոչարյանի անօրինական ակտը
Մի խումբ փաստաբաններ այսօր տարածել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է.

«Մենք, որպես մարտի 1-ին և 2-ին զանգվածային բռնությունների արդյունքում իրավապահ մարմինների կողմից տարբեր ոստիկանական բաժանմունքներ և կալանավայրեր տեղափոխված անձանց շահերի պաշտպաններ տալիս ենք հայտարարություն ՀՀ Նախագահ Ռ. Քոչարյանի մարտի 1-ի հրամանագրի կապակցությամբ, տվյալ հրամանագրի համապատասխանությունը վիճարկելով ՄԻԵԿ-ի դրույթների համապատասխանության ներքո: Մենք գտնում ենք, որ ՀՀ Նախագահի հրամանագիրը հակասում է նույն կոնվենցիայի 6-րդ և 10-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետությանը որպես բարձր պայմանավորվող կողմ, տվյալ դեպքում, ուղղակիորեն խախտել է իր կողմից ստանձնած պարտավորությունները: Չնայած արտակարգ դրություն հայտարարելով փորձ է արվում հիմնավորել դրա անհրաժեշտությունը՝ ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու պատճառաբանմամբ, սակայն հրամանագրով սահմանված սահմանափակումները այսօր պետությունում ստեղծել են սարսափի, ահաբեկման, նույն բնակչության իրավունքների և օրինական շահերի կոպիտ ոտնահարման իրադրություն:

Միարժամանակ անվերահսկելի են դարձել նախաքննական մարմինների ապօրինի գործողությունները: Մասնավորապես հրամանգրի 4-րդ կետը սահմանափակում է ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացումը, տեղաշարժերի և զանգվածային լրատվական միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում: Սա թույլ է տալիս սահմանափակել և վերահսկելի դարձնել մեր պաշտպանական գործունեության ռեալ և արդյունավետ իրականացմանը, քանի որ պաշտպանական գործունեությունը իր մեջ ներառում է նաև հրապարակային քննարկումները, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ուշադրության սևեռումը կատարված իրավախախտումներին, որը չի արվում: Մարտի 5-ի մամուլի ասուլիսում ՀՀ Նախագահը ընդդիմադիր ուժերին ուղղակի մեղադրանք առաջադրեց, որով էլ առաջնորդվում են նախաքննական մարմինները: Նրաց կողմից հայտարարվեցին կոնկրետ անձանց ուղղված մեղադրանքներ, որով խախտվեց անմեղության կանխավարկածի սկզբունքը: Պաշտանական լրատվության միակողմանի, սադրիչ և մեղադրական քարոզչությունը տարածվում է բոլոր ԶԼՄ-ների միջոցով, որով բացառվում է այլակարծությունը, այդ թվում մեր պաշտպանյալների պաշտպանական իրավունքից բխող տեսակետների և կարծիքների ներկայացումը: Ավելին, ՀՀ Նախագահի կողմից կոշտ քննադատության է ենթարկվել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, որը արձանագրել էր խաղաղ ցուցարարների իրավունքների շարունակաբար խախտվող փաստերի մասին՝ անձանց ոստիկանության տարբեր բաժանմունքներում ապօրինաբար պահելը, հարազատներին որևէ տեղեկություն չտրամադրելը, մասսայական բռնությունների կիրառելը և պաշտպանություն նախապատրաստելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ չստեղծելու շարունակական դեպքերը: Ուստի և սույն հրամանագիրը պետք է դիտել որպես ՀՀ սահմանադրությանը և ՄԻԵԿ-ին հակասող պետական ակտ»:


օրինակ վերցրեք Սահակաշվիլիից
Armenia-Today պարբերակականը այսօր հրապարակել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված իրադրության շուրջ քաղաքագետ Մանվել Սարգսյանի տեսակնետներն ու կանխատեսումները:

Նա, մասնավորապես, նշել է, որ հետընտրական շրջանում Հայաստանում տեղ գտած զարգացումները արմատականորեն տարբերվում են այլ երկրներում ստեղծված իրավիճակից, որտեղ, այսպես կոչված թավշյա կամ գունավոր հեղափոխություններ են տեղի ունեցել: Մանվել Սարգսյանը ընդգծել է, որ թավշյա հեղափոխությունների հիմքում ընկած են եղել բացառապես էլիտայի ներսում առկա տարաձայնությունները, իսկ Հայաստանի պարագայում իրավիճակն այլ է: Քաղաքագետի խոսքերով, Հայաստանի պարագայում իշխանությունների ընդհանուր անգործունակությունը կտրուկ առճակատման մեջ է մտել ստեղծված բարդ իրավիճակի հետ, իսկ իշխանությունները անզոր են գտնվել եւ նրանց համար միակ ելքը ուժային մեխանիզմների կիրառումն ու արտակարգ դրության հայտարարումն է եղել: Ըստ քաղաքագետի, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների առանձնահատկություններից է նաեւ արտաքին գործոնի իսպառ բացակայությունը: «Հայաստանում տեղ գտած իրադարձությունները կրում էին զուտ ներքին բնույթ, որեւէ արտաքին գործոնի կիրառում պայքարի ընթացքում չի օգտագործվել»-ընդգծել է քաղաքագետը: Վերջինս նաեւ նշել է, որ մինչեւ հանրահավաքի ցրումը միջազգային կառույցներն ու գերտերությունները չեզոքություն են պահպանել եւ չմիջամտելու դիրքորոշում էին որդեգրել` երկրի իշխանություններին չներկայացնելով որեւէ էական պահանջ: Սարգսյանը նաեւ պնդել է, որ ընդդիմադիր ուժերի գործողությունները հակառուսական բնույթ չեն կրել, ինչը նկատվել է հետխորհրդային այլ երկրներում:

Խոսելով իրադարձությունների հետագա զարգացման մասին` քաղաքագետը նշելէ, որ դատելով իշխանությունների հայտարարություններից` վերջիններս դեռեւս հույս ունեն ուժային ճանապարհով ճնշել ընդդիմությանը: Ըստ նրա, երկրի ղեկավարությունը անգործունակ է եւ թույլ, նրանց գործողությունների մեջ չկա տրամաբանություն, այդ իսկ պատճառով կայունության վերականգնման համար իշխանությունները պետք է վերականգնեն հասարակության վստահությունը` հակառակ դեպքում իրավիճակը հետագայում եւս շարունակելու է սրվել:

Սարգսյանի կարծիքով, ճնշումների ցանկացած տարբերակ ավելի է բարդացնելու իշխանությունների վիճակը: Քաղաքագետը հիշեցրել է, որ Վրաստանի նախագահը իրադրության կայունացման համար հրաժարական էր տվել եւ հայտարարել նոր ընտրություններ: «Եվ նկատի առնելով, այն հանգամանքը, որ մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո Հայաստանում իրադրությունը բարդացել է, հայաստանյան իշխանությունները պետք է էլ ավելի ծայրահեղ քայլի դիմեն` գիտակցելով, որ պտուտակների ձգումը անհեռանկարային է»,- եզրափակել է քաղաքագետը:


կիսում են մտահոգությունը
«Դեմո» հանրային թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը եւ «Karabakh-open» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Նաիրա Հայրումյանը այսօր տարածել են համատեղ հայտարարություն:

Դրանում, մասնավորապես, նշվում է.«Ուշի ուշով հետևելով մայր Հայաստանի ներքաղաքական ցավալի զարգացումներին և տեղեկատվական դաշտում դրանց անդրադարձներին, խոր մտահոգություն ենք հայտնում անհանդուրժողականության առկա դրսևորումների կապակցությամբ և համոզված ենք, որ միայն երկրի ու ժողովրդի ճակատագրի շուրջ շահագրգիռ ու պատասխանատու երկխոսության միջոցով կարելի է ելք գտնել ստեղծված վտանգավոր իրավիճակից, ինչը հնարավոր չէ առանց տեղեկատվական դաշտի բնականոն գործունեության: Ծանոթանալով խնդրո առակայի շուրջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարների հայտարարություններին՝ մենք ևս կիսում ենք նրանց մտահոգությունը և ՀՀ իշխանություններին կոչ անում բեկանել արտակարգ դրության մասին հրամանագրով նախատեսված լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները, առավել ևս, որ դրանք փաստացիորեն կիրառվում են անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ միայն: Կատարվածը գնահատելով որպես քաղաքացիների՝ տեղեկություններ տարածելու եւ ստանալու սահմանադրական իրավունքի, ինչպես նաև խոսքի եւ մամուլի ազատության համընդհանուր ճանաչված սկզբունքների խախտում, ՀՀ իշխանություններին կոչ ենք անում վերանայել իրենց որոշումը»,-ասված է հայտարարության մեջ:


Վախենում են անգամ նկարից
Երեկ գիշեր անհայտ անձինք ներկել են Վարդանանց 5 հասցեում տեղակայված Լեւոն Տեր-Պետրոսյանի ենթաշտաբի ապակիները, որոնց ետեւում փակցված էին ՀՀ առաջին նախագահի նկարները:

Իհարկե, կասկած չկա, որ դա արել է վերջին շրջանում մայրաքաղաքում վխտող քրեական տարրերից կազմված ինչ-որ հրոսակախումբ, որը կատարում է ավազակապետության ղեկավարների պատվերները: Ուշագրավն այն է, որ այդ ավազակապետերը արդեն վախենում են ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանից, այլ նաեւ նրա նկարներից: Այդ «քաջերին» տեղեկացնենք, որ կոնկրետ իրենք պետք է վախենան նաեւ Տեր-Պետրոսյանի ստվերից, անունից, եւ հատկապես ծխամորճից, որովհետեւ, կան տեղեկություններ, որ հենց այդ ծխամորճով է Լեւոն Տեր-Պետրոսյանը հիպնոսացնում, ու ինչպես Աղվան Հովսեփյանն է ասում, «հոգեխանգարմունքի» մեջ գցում մարդկանց: Ինչեւէ, ենթաշտաբի հետ կատարվածի առնչությամբ հաղորդում է տրվել ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժին:


Նորից են դիմելու
ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակից ուժերից սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատրաստվում է մարտի 13-ին դիմել Երեւանի քաղաքապետարան` մարտի 21-ին, 22-ին եւ 23-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ հանրահավաքի իրազեկում ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաքի իրազեկման համար երեկ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից Երեւանի քաղաքապետարան էր դիմել Արտակ Զեյնալյանը: Քաղաքապետարանը, սակայն, մերժել էր իրազեկումը: Իրականում, ըստ «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքի, քաղաքապետարանն իրավունք չուներ մերժել իրազեկումը: Սույն կառույցն այդ իրազեկումը կա’մ պետք է ի գիտություն ընդուներ կամ էլ հանրահավաքի անցկացման համար այլ տեղ առաջարկեր: Այժմ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Երեւանի քաղաքապետարանին ընտրության հնարավորություն է տալու` Ազատության հրապարակ կամ Մատենադարան, եթե 21-ին համար չէ, ապա` 22 կամ 23: Տեսնենք, թե քաղաքապետարանը որքան է մերժելու հանրահավաքի իրազեկման դիմումները:


Իր դիմումի համաձա՞յն
Մեր տեղեկություններով` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի գործավարուհի Անահիտ Սարգսյանն իր աշխատանքից զրկվել է` ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու պատճառով:

Մամլո դիվանից «ՀԺ»-ի թղթակցի հարցին ի պատասխան, ինչպես եւ սպասվում էր, հայտնել են, որ նա մարտի 10-ին, իրոք, ազատվել է զբաղեցրած պաշտոնից, սակայն` իր դիմումի համաձայն: «Թեմն ունի 500 աշխատող, որոնք պարբերաբար փոխվում են, ինչպես բոլոր հիմնարկներում»,- ասել է Մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանը` մանրամասնելով, թե մի աշխատողի փոփոխությունը չի նշանակում գլոբալ փոփոխություններ: Հիշեցնենք, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին ամեն մի պատեհ առիթով իր նպաստը բերած Նավասարդ Կճոյանն է:


ՀԱՄԱԿՐԵԼՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է
«Գլաձոր» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհիներից մեկի անկեղծ խոստովանությունը, թե Նիկոլ Փաշինյանն իրեն դուր է գալիս, անախորժ ավարտ է ունեցել թե այդ ուսանողուհու և թե նրա համակուրսեցիների համար:

Ամբիոնի վարիչ Էմանուել Մանուկյանը` դերասան Գուժ Մանուկյանի եղբայրը, սպառնալիքներ է տեղացել «մոլորված» լսարանի գլխին, անպատվել է աղջկան «անվայել» պահվածքի համար: Նույն օրը ամբիոնի դասախոսների առաջ վերջինս նաև բոցաշունչ մի ճառ է արտասանել` հրահանգելով համալսարանի պատերի ներսում խեղդել յուրաքանչյուր «հակապետական» համակրանք:


«ԵՍ ՔԵԶ Ի՞ՆՉ ՀԱՐՑՆԵՄ...»
«Երբ կրակում են ավտոմատները, մուսաները լռում են» հայտնի ասույթը ճշմարտացի է եղել բոլոր մտածող, բանական մարդկանց համար:
Բացառություն կարող են լինել միայն այն մարդկանց մուսաները, ովքեր հենց իրենք են կրակում: Այդ իսկ պատճառով էլ կարիք չկա զարմանալու, որ հատկապես այս օրերին կրակահերթերի ու համազարկերի աղմուկից աչքերն է բացել Սերժ Սարգսյանի մուսան ու հագեցում է պահանջում: Իր դարակազմիկ խոհերն ի լուր աշխարհի հաղորդելու համար Սերժին այլևս չեն բավարարում իշխանամետ ու ծառայամիտ լրատվամիջոցները: Հիմա էլ նոր բան է մտածել: Եվ այդ «բանը» օրը տասն անգամ տասնյակ հետուստաալիքներով պտտում են խազ ընկած ձայնասկավառակի նման: Սերժ Սարգսյանը բարեհաճել է պատասխանել հանրությանը հուզող հարցերին ոչ այլ կերպ, քան վիրտուալ տիրույթներում: Էկրաններին ժամը մեկ հայտնվում են այն ինտերնետային կայքերի հասցեներն ու հեռախոսահամարները, որոնցով կարելի է հղել հարցերը: Զարմանում ես, թե ինչպե՞ս է, որ այս անգամ իշխանությունները չեն օգտագործել ձեռքի տակ եղած հնարավորությունների ամբողջ զինանոցը: Չէ՞ որ վերը հիշատակված հասցեներից բացի կարելի էր անկաշկանդ օգտվել նաև մի քանի պոռնոկայքերից, «секс по телефону» ծառայության ազատ հեռախոսահամարներից` վստահ լինելով, որ հենց այդ տարածքներում կգտնվի ամենահամապատասխանող լսարանը:

Ամեն դեպքում, պատմական ասուլիսից առաջ չափազանց դժվար է գուշակություններ կատարել, թե ովքեր ու ինչպիսի հարցեր պիտի ուղղեն նրան: Բանն այն է, որ բոլոր հարցերը տրվեցին ու բոլոր պատասխանները սպառվեցին այն պահին, երբ զորքը ներխուժեց Ազատության հրապարակ: Էլ ի՞նչ հարցնես այդ ներխուժող հարցասերից:

Սակայն արի ու տես, որ պաշարը լիովին չի սպառվել: Ո՞վ չգիտի, որ նման պահերին, ինչպես պատվիրված մղձավանջ, միշտ էլ հայտնվում է մեկը, ասենք կանացի ամբավարարվածությամբ տառապող որևէ հիստերիկ ուսուցչուհի, ով հանրայինի խոսափողը տեսնելիս արդեն գրգռվում է ու սկսում է ճղճղալ, թե կախել է պետք Տեր-Պետրոսյանին: Ահա հենց նա կամ նրա նման մեկը անպայման զանգ կտա իր սիրասուն վարչապետին ու հեշտամոլ ձայնով կհարցնի նրան. «Ի՞նչ է ձեզ համար հայերենասիրությունը...»: Իսկ հաշիշածխով պարուրված վարչապետը, որ չգիտի այդ հարցի պատասխանը, քանի որ երբեք հայրենիք չի ունեցել, հանկարծ կհիշի անձնական օգտագործման դատախազ Աղվան Հովսեփյանի բոլորովին վերջերս արտասանած խոսքերը. «Ես, որպես հանրապետության գլխավոր դատախազ, սիրում եմ իմ հարենիքը», այսինքն դատախազ լինելն է այդպես պարտավորեցնում, այլապես թքած ունի թե հայրենիքի և թե նրա բնակիչների վրա: Ու հենց նրա պես էլ կպատասխանի Սերժ Սարգսյանը: Կրկին կգեղգեղա այն մասին, որ բոլորն էլ իր քույրերն ու եղբայրներն են, հատկապես նրանք, որոնց երեկ գնդակահարեց և առանձնապես նրանք, որոնց վաղն է գնդակահարելու: Կասի, որ իր հորեղբոր տղաներն են բանտերում փակվածները և իր մորաքրոջ աղջիկներն են փողոցներում ծեծված կանայք: Ահա այսպես ներշնչված ու «մուսայոտված» կպատասխանի Սերժ Սարգսյանն իրեն ուղված հարցերին:

Իսկ գուցե ոչինչ էլ չլինի: Կլսենք սոսկ արդեն պատրաստ հարցերի պատրաստ պատասխաններ, ինչպիսիք տեսել ու լսել ենք հազար անգամ:

Եվ ո՞վ գիտե, գուցե գտնվի նաև մեկը, ում խղճի ձայնը կարթնանա քնած մուսայի փոխարեն և բոլոր այդ նամակների ու հեռախոսազանգերի հեղեղի միջից նա գուցե շշնջա վարչապետի ծավալուն ականջին` հիշեցնելով մեկ այլ հանրահայտ ասույթ ևս. «Հայրենասիրությունը ստահակների վերջին ապաստանն է»:


Ո՞րն է Ռոբերտ, սուտն ակնհայտ….
Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է, թե արտակարգ դրության ժամկետի երկարացման որեւէ պատճառ չի տեսնում:

Ավելին, Քոչարյանը հայտարարել է, թե այսօր կամ վաղը կստորագրի արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների աշխատանքների սահմանափակումների մեղմացմանը վերաբերող հրամանագիր: Քոչարյանի խոսքերով, հրամանագրում հստակ նշված կլինեն այն գործողությունները, որոնցից ԶԼՄ-ները պետք է զերծ մնան, մասնավորապես` «ակնհայտ սուտ եւ սադրիչ տեղեկությունների հրապարակումից»: Քոչարյանը, սակայն, չի մանրամասնել, թե իր պատկերացումներով որո՞նք են ակնհայտ սուտ եւ սադրիչ տեղեկությունները, եւ ըստ էության, ո՞րն է լինելու իր նոր եւ հին հրամանների տարբերությունը:


Սերժ Սարգսյանը տնտեսագիտականում
Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է անցկացրել տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ:

Սույն հոգեցունց հանդիպման ընթացքում Սերժ Ազատիչը մի ուշագրավ հայտարարություն է արել. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»: Մյուս, կողմից, Գարեգին Ազարյանի ու Գագիկ Հարությունյանի կողմից նախագահ հռչակված Սարգսյանը ավելացրել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվության աստիճանը պետք է որոշի ժողովուրդը:

Բրայզան երկխոսության կոչ է անում
Երեկ ուշ երեկոյան Վաշինգտոնում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան կրկին հորդորել է Հայաստանի քաղաքական ուժերին սկսել երկխոսություն:

Այն հարցին, թե ի՞նչ հավելյալ մանրամասներ կարող է հաղորդել ամերիկացի դիվանագետը ԱՄՆ-ի կողմից երկխոսության, այսպես կոչված, «կլոր սեղանի» ձեւաչափի վերաբերյալ, Բրայզան պատասխանել է. «Մենք կցանկանայինք տեսնել, որ բոլոր խոշորագույն քաղաքական կուսակցությունների` ընդդիմադիր, իշխանամետ, կոալիցիայի անդամները, բոլորը հավաքվեն միասին քննարկման համար, քննարկում, որը կներկայացնի Հայաստանի բոլոր քվեարկողներին, որը կխոսի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների ապագայի եւ դրանց ամրապնդման մասին: Թե որո՞նք կլինեն կոնկրետ թեմաները` դա մասնակիցների գործն է, իհարկե: Սակայն բանավեճի սեղանի շուրջ քննարկումների միջոցով սեփական երկրի քաղաքական ապագան որոշելու գործընթացն է այն ճանապարհը, որով պետք է կառուցել առողջ ժողովրդավարություն, այլ ոչ թե փողոցը»: Հայաստանի իշխանություններն ասում են, թե անվտանգության ուժերը զենք չեն օգտագործել մարտի 1-ի ցույցը ցրելիս: Ընդդիմությունն էլ մեղադրում է, թե հատուկ ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա` միաժամանակ պնդելով, թե տուժածների թիվը շատ ավելի մեծ է, քան կառավարությունն է հաղորդում: Եվրամիության նախագահությունը առաջարկել է անկախ հետաքննություն անցկացնել: Իսկ Միացյալ Նահանգները աջակցում է այդպիսի հետաքննություն անցկացնելու առաջարկը: «Մենք պաշտպանում ենք անկախ հետաքննության առաջարկը եւ կարծում ենք, որ դա օգտակար կլինի», - ասել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը` հավելելով. «Բայց, միաժամանակ, ես կարծում եմ, որ շատ դժվար կլինի երբեւէ գնահատել ճշգրտորեն, թե ինչպես այդ ողբերգական իրադարձությունները տեղի ունեցան: Այժմ մենք պետք է առաջ շարժվենք: Վերականգնենք ընտրություններին հասցված վնասները` պատժելով այն մարդկանց, որոնք ապօրինի կերպով ուժ են գործադրել կամ խախտել են ընտրությունների մասին օրենքը»: Չնայած Միացյալ Նահանգների կոչերին` ձերբակալությունները դադարեցնելու մասին, ընդդիմության ակտիվիստներին շարունակում են ձերբակալել: Ի՞նչ է արվում այդ առնչությամբ: Ի պատասխան Բրայզան արձագանքել է. «Սա մի խնդիր է, որ պետք է լուծվի Հայաստանի կառավարության կողմից, իհարկե, եւ մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը` վերջ տալ քաղաքական ղեկավարների ձերբակալություններին եւ վերականգնել ժողովրդավարական այն պահը, որը բնորոշ էր Հայաստանին մինչեւ այս վերջին ընտրությունները»:


«Պայքարը չի ավարտվել»
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցները մեծ հարված են հասցրել Տեր-Պետրոսյանի թիմին: «Ձերբակալվել է ողջ ակտիվը:

Մեկուսարանում են Զուրաբյանը եւ Արզումանյանը, թաքնվում է Արամ Սարգսյանը: Մենք կաթվածահար ենք», - նշել է Ավետիս Ավագյանը: Միաժամանակ, թերթը մեջբերել է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի խոսքերը. «Պայքարը չի ավարտվել: Ժողովուրդը վրդովված է եւ վիրավորված: Մարդիկ ցանկանում են, որ հանրահավաքները շարունակվեն»:


Օմբուդսմեն. ԶԼՄ-ների նկատմամբ գործող սահմանափակումները պետք է վերացվեն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր հայտարարել է, որ արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների նկատմամբ գործող սահմանափակումները պետք է վերացվեն:

«Որպես մարդու իրավունքների պաշտպան գտնում եմ, որ անհրաժեշտ է վերացնել նախագահի հրամանագրով նախատեսված լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները:

Համոզված եմ, որ ժողովրդավարական հասարակությունների համար բազմակարծությունը շատ կարեւոր է», - ասել է օմբուդսմենը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ փաստաթղթում սահմանվել է, որ լրատվամիջոցները ներքաղաքական հարցերը լուսաբանելիս պետք է օգտվեն միայն պետական մարմինների պաշտոնական հաղորդագրություներից: Երեւանում լույս չեն տեսնում մի շարք թերթեր, «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան վերահեռարձակողները հրաժարվել են Երեւանում վերահեռարձակել ռադիոկայանի հաղորդումները, արգելափակվել է ռադիոկայանի ինտերնետային կայքը: Անդրադառնալով մարտի սկզբին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձություններին, Արմեն Հարությունյանն ասել է. - «Պարտադիր եմ համարում ստեղծված իրավիճակի բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների խորը ուսումնասիրությունը»:


ԱՄՆ Պետդեպը անբավարար է գնահատել մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակը Հայաստանում
Հրապարակվել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքներին վերաբերող ամենամյա զեկույցը, որտեղ մասնավորապես Հայաստանին վերաբերվող մասում նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակը Հայաստանում 2007 թվականին եղել է անբավարար:

Ըստ այդ փաստաթղթի՝ անցած տարվա գարնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հիմնականում համապատասխանել են միջազգային չափանիշներին, բայց անցկացվել են թերություններով: Միաժամանակ, զեկույցում նշված է, որ քաղաքացիները ի վիճակի չեն եղել ազատորեն փոխելու իշխանություններին: Ականատեսների վկայությամբ՝ իրավապահները երբեմն ծեծի են ենթարկել ձերբակալվածներին, իսկ ձերբակալությունները որոշ դեպքերում ինքնակամ բնույթի են եղել: Զեկույցում նաեւ նշվում է, որ իշխանությունները սահմանափակումներ են մտցրել մարդկանց մասնավոր կյանքի ոլորտում, խղճի, մամուլի ազատության եւ հավաքվելու իրավունքի բնագավառում:


Սպառնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցչին
Երեկ ժամը 21-ին մոտ հարձակում է տեղի ունեցել Հանրապետություն կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա:

Այդ գրասենյակում էր տեղակայված նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբերից մեկը: Հարձակման պահին գրասենյակում եղել է միայն կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Վերջինիս խոսքերով 3-4 երիտասարդներ պոկել են գրասենյակի վրա փակցրած պաստառներըպատառոտել եւ արագ հեռացել: Այդ անձինք, ինչպես նկատել է Արտակ Զեյնալյանը աթոռ եւ դանակ են վերցրել մոտակա սրճարանից: Այս հարձակումից մոտ երկու ժամ առաջ գրասենյակում գտնվող Արտակ Զեյնալյանին է զանգահարել մի անհայտ անձ եւ սպառնալիքներ ու հայհոյանքներ տեղացել նրա հասցեին: Ըստ Զեյնալյանի զանգարողը օգտվել է տաքսաֆոնից: Զանգահարողը սպառնացել է թե «Եթե չես ուզում հետդ մի բան պատահի, տանից դուս չգաս»: Դրանից մոտ 20 րոպե անց Զեյնալյանին է զանգահարել կինը եւ տեղեկացրել, որ ինչ-որ մեկը զանգահարել է տուն եւ համանման սպառնալիքներ տեղացել: Արտակ Զեյնալյանը այս իրադարձությունները ուղղակիորեն պայմանավորում է նրանով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հանրահավաքի մասին երեկվա իրազեկումը ինքն է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: «Նախկինում իրազեկման քննարկմանը մասնակցում էր միայն մեկ արձանագրող: Այս անգամ դրանք երեքն էին, որոնցից երկուսը` բավական բնորոշիչ դեմքերով»,-ասում է Զեյնլյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը մտադիր է ամեն օր հանրահավաքի մասին իրազեկում ներկայացնել քաղաքապետարան եւ կուսակցության վրա իրականացված հարձակումն ու իրեն ուղղված սպառնալիքները, ըստ Զեյնալյանի ընդամենը մի նպատակ ունեն` անել այնպես, որ ամենաօրյա իրազեկումներ չներկայացվեն: «Դա ակնհայտորեն նյարդայնացնում է որոշ մարդկանց եւ նրանք էլ գործի են դնում ավազակապետության սպասավորներին»,-ասում է Զեյնալյանը: Բայց Արտակ Զեյնալյանը մտադիր չէ ընկրկել. «Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակվել եմ ներկայացուցիչ (հանրահավաքների մասին իրազեկումը քաղաքապետարանում քննարկելիս-խմբ) եւ դիմելու եմ ամեն օր մինչեւ իրազեկումն ընդունվի ի գիտություն»,-ասում է Արտակ Զեյնալյանը: Այսօր առավոտյան Արտակ Զեյնալյանը երեկվա դեպքերի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, դատախազություն եւ ԱԱԾ:

No comments: