Tuesday 29 April 2008

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՈՒ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Եթե մի պահ վերանանք մեզ հայտնի հանգամանքներից, կարող է տպավորություն ստեղծվել, թե մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործը էական հաջողությունների հասել: Կալանավորվել են հարյուրից ավելի անձինք, ովքեր այս գործի շրջանակներում մեղադրյալ են համարվում: Բայց եթե անգամ մի պահ մոռանանք, որ այս մարդիկ քաղբանտարկյալներ են, իրավիճակը շատ ավելի աբսուրդային է դառնում, որովհետեւ հովսեփյանական նախաքննությունը պատասխան չի տալիս ամենակարեւոր հարցերին: Ավելին, այդ նախաքննություն կոչվածը չի էլ ձգտում գտնել այդ հարցերի պատասխանը: Իսկ որո՞նք են այդ հարցերը: Օրինակ` ո՞վ է կրակել քաղաքացի Ռուբեն Թորոսյանի ուղղությամբ, որն իր տան պատշգամբում ծխելիս է եղել: Ո՞վ է կրակել հրազենային վնասվածք ստացած մյուս քաղաքացիների վրա: Խոսքը, ի դեպ, նաեւ ոստիկանների մասին է. որովհետեւ երբ ասում են, թե ոստիկանները հրազենային կամ բազմաբեկորային վնասվածք են ստացել, սա դեռ ոչինչ չի նշանակում: Նախաքննության հիմնական խնդիրը պետք է լինի կրակողին հայտնաբերելը, եւ դա պետք է լինի կոնկրետ անուն-ազգանունով մարդ: Նույնը վերաբերում է նաեւ նռնակ նետողին: Եթե անգամ դատախազությունը գտնում է, որ զոհված ցուցարարները «իրենց մեղքով են սպանվել», ինչպես պնդում է հնագույն մասնագիտության տեր մի երգչուհի, միեւնույնն է այդ «հանցագործներին» սպանած անձանց անուն ազգանունները պետք է հայտնի դառնան հանրությանը, հանրությունը պետք է իմանա ո՞վ է նա` ոստիկա՞ն, թե օլիգարխի թիկնապահ, ինչ ավտոմատից է նա կրակել, որտեղ եւ ո՞ւմ անունով է գրանցված այդ զենքը, քանի մետր հեռավորության վրա է գտնվել կրակոցի պահին նրա ապագա զոհը, ո՞ր ժամին է գրանցվել առաջին սպանությունը, որտեղ է գտնվել սպանվածը: Նախաքննությունը պետք է պատասխանի նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ զինվորականներից մեկը, որ մահացավ հիվանդանոցում, թիկունքից էր վիրավորվել: Կարճ ասած, նախաքննության հիմնական խնդիրը ամեն պայթյունի, ամեն կրակոցի հանգամանքները ճշտելն է, նռնակ նետած ամեն մարդու ինքնությունը պարզելը: Եւ ի դեպ, միջազգային փորձագետները հենց այստեղ էին հարկավոր` պարզելու համար ամեն վնասվածքի ծագումնաբանությունը: Բայց հիմա նման փորձաքննության հնարավորությունները կամ նվազել են կամ ընդհանրապես վերացել: Դատախազությունը փորձում էր ցույց տալ, որ զոհված ոստիկան-զինվորականները մահացել են բեկորային, այսինքն նռնակի պայթյունից առաջացած վնասվածքներից, բայց նրանցից ոմանց հարազատների զրույցները լրագրողների հետ բոլորովին ուրիշ բանի մասին են վկայում: Կարճ ասած, Աղվան Հովսեփյանը չարաչար սխալվում է մտածելով, թե կկարողանա «լափշա կախել» հանրության ականջներից: Հիմա նա ոչ թե նախաքննությոն է իրականացնում, այլ քաղաքական շոու է փորձում բեմադրել. կալանավորել են մի քանի տասնյակ քաղաքական գործիչների, անունն էլ դրել զանգվածային անկարգություններ: Սա ուղղակի ծիծաղելի է. մարտի 1-ին մարդիկ սպանվել են կոնկրետ անձանց գործողությունների արդյունքում, բայց Հովսեփյանն ուզում է կոնկրետ անձի սպանությունը լղոզել տասնյակ, հարյուր հազարավոր անձանց գործողությունների մեջ: Սա արտաիրավական մոտեցում է, իսկ իրավական մոտեցումը ասում է. եթե սպանության վայրում 200 հազար մարդ է եղել. կոնկրետ մարդուն սպանածը մի հոգի է, ամենաշատը` մի քանի հոգի, եւ հատուկ քննչական ծառայությունը պետք է աշխատի այս մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ, մի բան, որ մինչ օրս չի արվել եւ չի արվում: Եւ ի դեպ, եթե ոստիկանների ու զինվորների մեջ ոչ մի ցուցարար չի եղել, ցուցարարների մեջ եղել են բազմաթիվ ոստիկաններ ու ԱԱԾ-ականներ` քաղաքացիական հագուստով: Եւ դա նկատելի է նաեւ հայաստանում տարածվող DVD սկավառակների վրա եղած տեսագրություններում: Իսկ արդյո՞ք նախաքննությունը պարզել է քաղաքացիական հագուստով այն երիտասարդի ինքնությունը, ով ավտոմատ է ստանում ոստիկանների ձեռքից: Արդյոք քննությունը պարզել է նրա գտնվելու վայրը դեպքերի ամենաթեժ պահին: Իհարկե չի պարզել, որովհետեւ հովսեփյանական նախաքննության ոճը մեզ արդեն հայտնի է 10 տարի, եւ այդ ոճի էությունը շատ պարզ է. թաքցնել հանցագործներին եւ դատապարտել անմեղ մարդկանց:

Monday 28 April 2008

ԿԳԲ-Ն ՊԱՐՏՎԵԼ Է, ԿԳԲ-Ն ՊԵՏՔ Է ՓԼՈՒԶՎԻ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Երբ իմ բարեկամ Միքայել Հայրապետյանը մեկ տարի առաջ «Իմպիչմենտ» դաշինքի հանրահավաքներից մեկում հայտարարեց, թե նախկին Կագեբեի, այժմ` ԱԱԾ-ի` Երեւանի Նալբանդյան փողոցում գտնվող շենքը անհրաժեշտ է քանդել եւ նրա տեղում մի մեծ փոս թողնել, այս միտքը ոմանց տարօրինակ թվաց:

Վերջին տասը տարիները, սակայն, ապացուցել են այս մտքի ճշմարտացիությունը` այդ շենքի ոչ թե ֆիզիկական, գոնե բովանդակային կազմաքանդման իմաստով: Վերջին շրջանում հենց ԱԱԾ-ն է դարձել Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումների եւ բռնաճնշումների դրոշակակիրը, եւ այդ գործողությունների իմաստը հասկանալու համար` նախ անհրաժեշտ է ըմբռնել այս կառույցի ներքին բովանդակությունն ու մղումները, ճանաչել նրա իդեալները, տեղեկանալ նրա գործունեության չերեւացող կողմերի մասին: Եւ որպեսզի այս մասին խոսելիս վերացական պատկերներ չնկարագրեմ, արժե ընթերցողին ներկայացնել կոնկրետ կերպարների:

Ինչպես արդեն տեղեկացել եք կնոջս` Աննա Վ. Հակոբյանի հոդվածից, ընդդիմության ակտիվիստների դեմ գործողություններում ակտիվորեն ներգրավված է ԱԱԾ օպերատիվ բաժիններից մեկի ղեկավար, փոխգնդապետ Կարեն Մանուկյանը: Վերջինիս ես ճանաչում եմ անձամբ եւ նրա հետ առնչվել եմ մեր թերթի աշխատակիցների նկատմամբ հարձակումների դեպքերի կապակցությամբ, որոնցից երկուսով զբաղվել է նա: «Բարեւ-բարլուսի» մակարդակով նա սովորական, նորմալ մարդու տպավորություն է գործում: Իսկ ինչպիսի՞ն է նրա աշխատանքային աշխարհայացքը. Մանուկյանի աշխատասենյակի պատից մեզ է նայում Ֆելիքս Ձերժինսկու պատկերը: Բայց սա սովորական լուսանկար չէ, այլ սովորական թղթի վրա տողային տպիչով տպված արտացոլանք: Այս եղանակով տպված պատկերը աղավաղված է ստացվում, եւ տվյալ դեպքում դա հատուկ է արված` կերպարին առասպելականություն հաղորդելու համար:

Հիշեցնեմ, որ Ֆելիքս Ձերժինսկին սովետական Կագեբեի հիմնադիրն է, որ իր ժամանակ կոչվում էր Վեչեկա: Հիշեցնեմ նաեւ, որ ԿԳԲ-ն մարդկության պատմության ամենագազանաբարո, հակամարդկային կազմակերպություններից մեկն էր, որի գործունեությունը կարելի է համեմատել միայն նացիստական Գեստապոյի հետ, եւ հենց Կագեբեի շինծու մեղադրանքների զոհն են դարձել տասնյակ միլիոնավոր անմեղ մարդիկ, սովետական քաղաքացիներ:

Բայց Մանուկյանի աշխատասենյակից կախված Ձերժինսկին եզակի չէ: Նման պատկերներ կան բազմաթիվ ԱԱԾ-ականների սենյակներում, եւ դա միայն թղթի կտոր չէ, այլ մտածողության, հոգեբանության արտահայտություն: Սրանում համոզվեցի նույն Մանուկյանի արած մի արտահայտություն լսելով. իմ ներկայությամբ դիմելով սենյակում գտնվող մի երիտասարդի` անկախ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետը ասաց. «Անգամ Ամերիկան այս կազմակերպությանը չկարողացավ խաբել, դու ուզում էիր խաբե՞լ»: Ինչպես հասկացաք, «այս կազմակերպությունը», որին անգամ ԱՄՆ-ն չի կարողացել խաբել, սովետական ԿԳԲ-ն է:

Համաձայնեք, որ այս նախադասությունը չէր կարող հենց այնպես ձեւակերպվել. սա մի ամբողջ միջավայրի, համակարգի մտածողության արտահայտումն է, եւ այդ համակարգը իրեն համարում է խորհրդային ԿԳԲ-ի ժառանգորդը, նրա մասը, նրա զավակը: Զավեշտը, սակայն, այն է, որ համակարգը կոչվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն: Հայաստանի անկախության եւ անվտանգության խնդիրները սպասարկելու կոչում ունեցող այս կարեւորագույն կառույցի այսօրվա պաշտոնյաները ուղղակի չեն նկատել մի քանի «աննշան» իրադարձություններ, ինչպես, օրինակ, Հայաստանի անկախացումն է: Եւ այսպիսի «անտեղյակության» մեջ գտնվող մարդիկ, բնականաբար, իրենց պետք է համարեն ԿԳԲ-ական, իրենց կառույցը պետք է դիտարկեն որպես սովետական մեծ ԿԳԲ-ի մասնիկ, այն ԿԳԲ-ի, որը դարձել է տասնյակհազարավոր անմեղ հայորդիների, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության գաղափարական հոր` Գարեգին Նժդեհի դահիճը: Սովետական Հայաստանի ԿԳԲ-ն, ի դեպ, Հայաստանի կոմունիստական ղեկավարությանը ենթարկվել է այնքանով, որքանով դա թույլ է տվել Մոսկվան: Եւ հիմա պատահական չէ, որ Հայաստանում որեւէ ուժային գործողության դիմելու համար` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ստիպված են ստանալ Մոսկվայի թույլտվությունը: Եւ եթե Ռուսաստանի հատուկ ծառայությունները ցանկանան հավաքագրել Հայաստանի ԱԱԾ որեւէ մակարդակի պաշտոնյայի, դա կանեն առանց որեւէ դժվարության, որովհետեւ մեր ԱԱԾ մթնոլորտը, բարոյականությունը, հոգեբանությունը ոչ միայն նպաստավոր է սրա համար, այլեւ մղում է նման քայլի: Հայաստանի բազմաթիվ ԱԱԾ-ականներ Ռուսաստանին կհանձնեն մեր երկրի պետական գաղտնիքները, կկատարեն ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարությունները ու իրենց պետական դավաճան չեն համարի: Չէ՞ որ ԿԳԲ-ականը պետք է ծառայի ԿԳԲ-ին, որի ժառանգորդը ռուսական հատուկ ծառայություններն են: Եւ կասկած չկա, որ Հայաստանի ԱԱԾ բազմաթիվ աշխատակիցներ հենց այսպես էլ վարվում են: Բայց միանշանակ ճիշտ է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ ասում է, թե հայ-ռուսական հարաբերությունների պրոբլեմները ոչ թե Ռուսաստանում են, այլ Հայաստանում, նրա իշխանավորների մտածողության, բարոյականության, պետական շահի եւ պետականության նրանց ընկալման մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԱԾ-ի այսօրվա վիճակին, այն ուղղակիորեն կապվում է համակարգի ղեկավարի պաշտոնում Նարիմանովի` Սերժ Սարգսյանի գործունեության հետ:


ԿԳԲ-ական ռեւանշ
Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարար դարձավ 1995 թվականին` Դավիթ Շահնազարյանից հետո: Ամրացնելով այս պաշտոնում իր ունեցած դիրքերը եւ պատրաստվելով 1998 թվականի իշխանափոխությանը` Սերժ Սարգսյանը սկսեց ազատվել Դավիթ Շահնազարյանի կադրերից` նրանց փոխարինելով նախկին ԿԳԲ-ականներով, այսպես կոչված` պրոֆեսիոնալ կադրերով: Սրանք այն մարդիկ են, ում սենյակներում այսօր փակցված են Ֆելիքս Ձերժինսկու պատկերները: Ինչ խոսք, Շահնազարյանի հետ ԱԱ մարմիններում հայտնվածները (այդ մարդկանց թիվը մեծ չէր, եւ Շահնազարյանը ԱԱ-ում կադրային ջարդ չիրականացրեց, այլ միայն քաղաքականապես անհրաժեշտ փոփոխություններ) պրոֆեսիոնալ չէին, բայց նրանք հասկանում էին, որ Հայաստանը անկախ պետություն է, պայքարել էին այդ անկախության համար, այնպես, ինչպես Ձերժինսկիի ստեղծած ՎՉԿ-ի առաջին սերնդի աշխատակիցները գաղափար չունեին հատուկ ծառայությունների գործունեության մասին, բայց պայքարել էին հանուն այն երկրի ստեղծման, որին պետք է ծառայեր իրենց կառույցը: Եւ իմիջիայլոց, Դավիթ Շահնազարյանը Հայաստանի հատուկ ծառայությունների ղեկավար դարձավ միայն այն բանից հետո, երբ հասկանալի դարձավ, որ այդ ծառայությունը առաջվա նման ուզում է ծառայել Մոսկվային եւ չի նկատել Հայաստանի անկախությունը, չի ուզում ենթարկվել անկախ Հայաստանի ղեկավարին: Սերժ Սարգսյանի ղեկավարած ԱԱ նախարարության գործունեության մի դրվագին ես արդեն անդրադարձել եմ Մաքսային պետական կոմիտեի այժմ արդեն նախկին պետ Արմեն Ավետիսյանի մասին պատմող հոդվածում: Բայց դա Հայաստանի հատուկ ծառայությունների բարոյալքման մեծ պատմության մի փոքր դրվագն է միայն: Այդ բարոյալքման բարձրակետը դարձավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Հիշեցնենք, որ մինչեւ Պետական պահպանության ծառայության ստեղծումը հենց ԱԱ-ն էր պատասխանատու պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար, եւ բացի հոկտեմբերի 27-ի զոհերից, Սերժ Սարգսյանի` ազգային անվտանգության նախարար եղած ժամանակ սպանվել են ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, ՊՆ փոխնախարար Վահրամ Խոռխոռունին, ՆԳ փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանը: Այդ ընթացքում էր, որ Սերժ Սարգսյանի շրջապատի մի շարք մարդիկ իրագործեցին նախնական կապիտալի կուտակումը` դառնալով միլիոնատերեր:

Իսկ երբ հոկտեմբերի 27-ից հետո Սերժ Սարգսյանը ստիպված էր հեռանալ ԱԱ նախարարի պաշտոնից, եւ երբ Քոչարյանի իշխանությունը վերականգնել էր իր անվտանգությունը, ազգային անվտանգության համակարգին հասցվեց վերջին, սոսկալի հարվածը: Հատուկ ծառայությունները (ինչպես նաեւ ոստիկանությունը) դուրս բերվեցին կառավարության կազմից, դարձան կառավարությանը առընթեր ծառայություններ` համապատասխան օրենքների հիման վրա: Այս փոփոխության իմաստն այն էր, որ այդ կառույցի ղեկավարը այլեւս ոչ թե նախարար է լինելու, այլ տնօրեն, եւ որպես հետեւանք` այդ պաշտոնում չի կարող լինել քաղաքական դեմք, այլ միայն համակարգի ներկայացուցիչ: Եւ եթե հաշվի առնենք, որ մինչ այդ արդեն ԱԱԾ-ն նորից լցվել էր Ձերժինսկու պատկերի առաջ աղոթող անձանցով, որոնք բացարձակ անհաղորդ էին Հայաստանի անկախության, ինքնիշխանության, մեծության իդեալներին եւ իրենց համարում էին եւ համարում են ԿԳԲ-ական, հասկանալի կդառնա, որ Հայաստանը դե ֆակտո մնաց առանց ազգային անվտանգության համակարգի: Այժմ արդեն ունենք սալդաֆոններից կազմված մի կառույց, որը բացարձակ գաղափար չունի ո°չ ազգայինի, ո°չ անկախ պետություն ստեղծելու հրամայականի մասին եւ պատրաստ է միայն հրամաններ կատարել: Այսպիսով, ԱԱԾ-ն պետական մարմնից վերածվեց բութ գործիքի` դառնալով հանցավոր վարչակազմի հիմնական նեցուկներից մեկը:

ազգիս էլիտան ծանրացավ սրտիս
Մինչ հայրենի ԱԱԾ-ի դեգրադացիայի պատմության հետագա շարադրանքին անցնելը, անդրադառնանք հատուկ ծառայությունները սեփական նպատակների համար օգտագործելու քոչարյանասերժական մի մեթոդի եւս: Սերժն ու Քոչարյանը արագ հասկացան, որ մարդկանց անցյալը, նրանց անձնական կյանքը հետազոտելով` կարելի է քաղաքական լուրջ հաղթաթղթեր ստանալ: Նրանք արագ հասկացան, որ Հայաստանի հատուկ ծառայության այս պոտենցիալը չի օգտագործվում: Ու սկսեցին օգտագործել. պարզվեց, որ Հայաստանի գիտական, մշակութային, քաղաքական էլիտայի մի բավական ծանրակշիռ հատված խորհրդային տարիներին չի կարողացել զերծ մնալ ԿԳԲ-ի գործակալ դառնալու մեղքից: Այդ մարդիկ, որոնք ակադեմիկոս են, նշանավոր դերասան, սիրված նկարիչ կամ երգիչ, քաղաքական գործիչ, գործակալ լինելով, մատնագրեր են գրել իրենց ընկերների բարեկամների, հայտնի ժամանակակիցների դեմ, եւ եթե այդ ամենը հայտնի դառնա, նրանք միանգամից կդառնան զրո, ոչինչ: Այդ գաղտնիքները պահվում են ԿԳԲ-ի արխիվներում, ու այդ արխիվների տերը ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն է: Ուրեմն հենց նրա ձեռքում է գտնվում իրենց բարոյական «կենաց ու մահու» հարցի լուծումը: Ավազակապետական զույգը վարպետորեն օգտագործում է այս գործոնը եւ հասարակական քաղաքական կյանքում ձեռք բերում հուսալի հենարան: Այդ «հայտնի մտավորականները», գիտնականները, արվեստագետները, որոնք իրենց անունը ձեռք են բերել ԿԳԲ-ի հետ համագործակցելու, այսինքն` իրենց շրջապատի վրա մատնագրեր գրելու, «ժողովրդի թշնամիներին» հալածելու շնորհիվ, անհրաժեշտ պահերին իրենց աջակցությունն են հայտնում ավազակապետական իշխանությանը, հրապարակային ելույթներում թաքուն կամ բացահայտ փառաբանում «մեծ առաջնորդներին»: Իհարկե, չեմ ասում, թե Քոչարյանին կամ Սարգսյանին աջակցող բոլոր «մտավորականները» ԿԳԲ-ի գործակալներ են, բայց նրանց թիվը եւ իշխանության աջակցությունը բավարար է` համապատասխան ֆոն, բազա, միտում ստեղծելու համար: Նախորդ հրապարակումներից մեկում ես արդեն խոսել եմ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ԿԳԲ-ական անցյալի մասին: ԳԱԱ նախագահ լինելուց առաջ նա ԵՊՀ ռեկտոր էր: Եւ ահա, պատկերացրեք, թե նա որքան մարդկանց կարող էր գցել սերժանտական ցանցի մեջ` կանգ չառնելով ոչնչի առաջ. չէ՞ որ իր թիկունքում նա մահացու սպառնալիք ունի: Բայց որպեսզի Ռադիկ Մարտիրոսյանի պարագան եզակի չթվա, հիմա կխոսեմ մեկ այլ սուբյեկտի մասին եւս, որովհետեւ այն արարքը, որ նա իրեն թույլ է տվել Սերժ Սարգսյանի անմիջական հանձնարարությամբ, ամենաստորներից է: Խոսքը ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանի մասին է, որի մասին մեր հեռուստաընկերությունները ֆիլմ են ցուցադրում` նրան ներկայացնելով որպես մեծագույն անհատ: Ահա այս մեծագույն անհատը 1998 թվականի արտահերթ նախագահական ընտրությունների շրջանում, երբ Կարեն Դեմիրճյանը հաղթական կերպով վերադարձել էր քաղաքական կյանք եւ սպառնալիք էր դարձել Ռոբերտ Քոչարյանի կարիերայի համար, ահա այդ ժամանակ Սերժ Սարգսյանը Ֆադեյ Սարգսյանի վրա տեղադրում է հատուկ-լսող սարքավորումներ եւ նրան ուղարկում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանի հետ հանդիպման: Կարեն Դեմիրճյանը, բնականաբար, ընդունում է իր վաղեմի «ընկերոջը», «զինակցին», հարեւանին եւ նրա հետ անկեղծ զրույց ունենում իր քաղաքական ծրագրերի, հետագա անելիքների մասին եւ չի էլ կասկածում, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իր խոսակցությունը լսում են «ուղիղ եթերում», եւ որ Ֆադեյը ոչ թե զրուցում է իր հետ, այլ հարցազրույց է անում Սերժ Սարգսյանի կազմած հարցաշարով: Պետք է ենթադրել, որ այսօրինակ զրույցները պարբերական են եղել, բայց խոստովանեմ, ինձ հայտնի է այդպիսի մեկ դեպքի մասին: Ահա այսպիսի «վարք մեծաց»:

Բայց հասարակական-քաղաքական կյանքում կան նաեւ երիտասարդ գործիչներ, որոնք ԿԳԲ-ի հետ չեն առնչվել: Ինչպե՞ս վարվել նրանց հետ. միկրոսկոպի տակ առնել նրանց անձնական կյանքը: Եթե նրանց կյանքում ոչ մի վարկաբեկող բան չկա, ուրեմն պետք է փորփրել նրանց հարազատների կյանքը եւ ձեռք բերել կոմպրոմատներ: Իհարկե, բոլոր ժամանակներում ամենաբարձրը գնահատվել են սեռական բնույթի կոմպրոմատները: Մարդիկ երբեմն տարօրինակ հակումներ են ունենում. մեկը սիրում է տղամարդկանց հետ սեքսով զբաղվել` տղամարդ լինելով հանդերձ, մյուսը դավաճանում է կնոջը, սիրուհի ունի կամ պուտանկաների հետ է շփվում, երրորդի կինն է ամուսնուն անհավատարիմ, չորրորդը սեփական կնոջ հետ այցելում է կասկածելի ակումբներ: Բնականաբար, բոլոր այս հարցերով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը, որը պետք է համապատասխան դոսյեներ կազմի եւ դրանք ապահովի «վիդեոմատերյալներով»:

Այսինքն` եթե որեւէ մեկը գեյ է, պետք է ԱԱԾ-ն դա ապացուցող նկարահանում անի, նկարահանի սեռական ակտը: Ինքներդ եք հասկանում, սա հեշտ գործ չէ եւ պահանջում է նյութական միջոցներ, տեխնիկա, մարդկային ռեսուրս, օպերացիաների մանրամասն պլանավորում եւ իրագործում: Եւ վերջին տասը տարիների ընթացքում հայրենի ԱԱ-ն իրականացրել է բազմաթիվ այդօրինակ օպերացիաներ: Եթե ձեզ զարմացրել է որեւէ քաղաքական գործչի դիրքորոշման փոփոխությունը, դավաճանությունը, մի զարմացեք. ուրեմն այդ մարդը կամ նրա հարազատները ինչ-որ մութ պատմության մեջ են ընկել կամ եղել երբեւէ կամ էլ ունեն սեռական տարօրինակ հակումներ: Մեր քաղաքական գործիչներից շատերի «ծախվելը» մարդիկ սովոր են բացատրել փողի գործոնով: Ինչ խոսք, փողը որոշակի դեր խաղում է, բայց որպեսզի մարդուն տրամադրեն փողով ծախվելուն, դրանից առաջ նրան դեմ են տալիս կոմպրոմատը: Սա տրամաբանական է, որովհետեւ տվյալ մարդը փողը վերցնելուց հետո կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ նրա վրա ազդեցության լծակ է պետք: Մյուս կողմից` միայն կոմպրոմատի գործադրումը «զոհին» թշնամաբար է տրամադրում «գնորդի» նկատմամբ, ինչը նույնպես անթույլատրելի է: Ի վերջո, կոմպրոմատը օգտագործում են ոչ թե թշնամի, այլ բարեկամ ձեռք բերելու համար, եւ սա հայտնի թխվածքաբլիթի եւ մտրակի մեթոդն է: Եւ ի դեպ, տեսեք` նկարագրված իրավիճակին ինչքան է համապատասխանում Սերժ Սարգսյանի սիրած «հաճախորդ» բառը: Այժմ, որպես այս գլխի ամփոփում պատմեմ մի քաղաքական գործչի եւ նրա ընտանիքի պատմությունը, որը էական նշանակություն է ունեցել վերջին տարիների ներքաղաքական զարգացումների վրա:

Պարզվում է` Հայաստանում մի տարօրինակ ակումբ կա, որտեղ այցելում են ամուսնական զույգեր: Այսինքն` ամուսինը այնտեղ է գնում իր կնոջ հետ: Այստեղ գալիս են բազմաթիվ այլ զույգեր, եւ ակումբի իմաստն այն է, որ տեղի է ունենում պարտնյորների փոխանակում: Այսինքն` ակումբի անդամները մի քանի ժամով ուրիշին են հանձնում իրենց կանանց, եւ իրենք էլ ուրիշ կին են ընտրում: Ակումբային այս հավաքից հետո նրանք սովորականի նման վերադառնում են տուն որպես սիրող ամուսիններ: Նման ակումբներ կան աշխարհի բազմաթիվ երկրներում, եւ բնական է` մեր երկրում նման ակումբի ի հայտ գալը եւ մանավանդ դրանցում հայտնի քաղաքական գործիչների հայտնվելը չէր կարող վրիպել ԱԱԾ-ի աչքից: Եւ մինչ շատերը չեն կարողանում հասկանալ վերջին մի քանի կարեւոր իրադարձությունների, քաղաքական վայրիվերումների իմաստը, ամեն ինչ ծայրահեղ պարզ է. ԱԱԾ-ն ունի համապատասխան նկարահանումներ:

Ի դեպ, պարզվում է, որ իշխանական եւ մերձիշխանական կուսակցությունների համամասնական ցուցակները կազմելիս հաշվի է առնվում նաեւ ԱԱԾ ֆակտորը, այն, թե ինչպիսի դոսյեներ ունի ԱԱԾ-ն այս կամ այն անձի վրա: Ինչքան հաստ են դոսյեները, այնքան տվյալ մարդը հարմար է համարվում` խորհրդարանում դեպուտատ աշխատելու համար: Իհարկե, եթե հաջողվում է ընդդիմության մեջ էլ համանման մարդիկ ունենալ, դա մեծ հաջողություն է: Իսկ ընդհանրապես, Հայաստանի ԱԱԾ-ն հսկայական միջոցներ եւ ժամանակ է ծախսում` ընդդիմադիր գործիչների գաղտնալսելու, նրանց շրջապատում գործակալներ ներդնելու եւ այս կարգի այլ գործողություններ իրականացնելու համար: Բայց հայ ԿԳԲ-ականները մնացել են ութսունական թվականների մակարդակի վրա, եւ լուրջ մարդկանց համար դժվար չէ նկատել եւ կանխատեսել նրանց գործողությունները, գործակալներին, պրովոկատորներին:

ԿԳԲ-ական կրախ
Ինչպես արդեն նշեցի, հայրենի ԿԳԲ-ականները չեն նկատել Հայաստանի անկախության` իրենց համար տխուր հանգամանքը: Նրանք չեն նկատել իրենց համար տխուր մեկ այլ հանգամանք. այն, որ իրենց պաշտամունքի առաջվա` սովետական ԿԳԲ-ն գլոբալ պայքարում խայտառակ պարտություն է կրել, եւ դրա վկայությունն է դրան ծնած երկրի` ԽՍՀՄ փլուզումը: Ընդ որում, մինչեւ հիմա ԿԳԲ-ականները չեն ուզում ընդունել, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է ոչ թե արտաքին ներգործության, այլ հենց ԿԳԲ-ի գործունեության արդյունքում: Փտած այս համակարգը դարձել էր քաղաքացիների թշնամին, առաջընթացի հիմնական խոչընդոտը:

Այս իրողությունների ընկալման բացակայությունը, բնականաբար, պիտի օգներ, որ հայրենի ԱԱԾ-ն ինքն իր համար աննկատ համակվեր փտախտով եւ կրեր խայտառակ պարտություններ: Եւ այդպես էլ եղավ: ԱԱԾ վերնախավը սկսեց «իր աճող դերը» օգտագործել` անձնական բարեկեցության հասնելու համար: ԿԳԲ-ականները տենդագին կերպով ձեռք են բերում սեփականություն, քթները խոթում են բիզնեսի այս կամ այն ոլորտներ: Այս երեւույթի ամենավառ դրսեւորումը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանն էր, որը, ինչպես պարզվեց, զբաղվում էր բանանի «կանտրաբանդայով»: Այս փաստը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը Հարությունյանին ազատեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: Սակայն սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Հարությունյանի պաշտոնանկության պատճառը բանանի «կանտրաբանդայով» զբաղվելն էր. Ռոբերտ Քոչարյանը միշտ էլ իմացել է այդ գործի մասին եւ պաշտոնանկության մասին որոշում կայացրել է այն բանից հետո, երբ հասկացել է, որ Հարությունյանը սկսել է հաշիվների մեջ խաբել իրենց: Այս վարկածի մասին է խոսում երկու հանգամանք. պաշտոնանկությունից հետո Հարությունյանին չդատեցին, ինչը նշանակում էր, որ ավելորդ աղմուկ բարձրացնելը ցանկալի չէ: Եւ հետո` Գրիգորի Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ լինելով, իր «Գրիառ» ֆիրմայով շենքեր էր կառուցում Բուզանդի փողոցում, ինչը նշանակում է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալի բիզնեսով զբաղվելը ընդունելի հանգամանք էր Ռոբերտ Քոչարյանի կողմից, քանի որ «Գրիառը» երկար տարիներ բացահայտ գործունեություն էր ծավալում, եւ ֆիրմայի անունն էլ ձեւավորվել էր հայրենի ԱԱԾ ղեկավար աշխատողի անուն ազգանվան ռուսերեն տարբերակից` Գրիգորի Առուծյունյան: ԱԱԾ տնօրենի բոլոր տեղակալները, այսպես թե այնպես, ներգրավված են բիզնեսում եւ միլիոնատերեր են: Պետք է խոստովանել, որ այս իմաստով ամենախեղճը ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն է: Մեր մեջ ասած` համակարգի ներսում նրան «դոձիկ» են համարում, մի յուրօրինակ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւ, որին այդ պաշտոնում նշանակել են տեղը զբաղեցնելու եւ դրա համար ներքին գզվռտոցը կանխելու համար:

Ինչեւէ, բիզնես-արատը ԱԱԾ-ում լրջորեն է տարածվել. տարածքային կառույցների ղեկավարները «կռիշ» են կանգնում տարբեր բիզնեսմենների, օբյեկտների համար: Իհարկե, այս «բարիքներից» ոչ բոլորն են կարողանում օգտվել, եւ ինչպես ողջ հանրության շրջանում, այնպես էլ ԱԱԾ ներսում մեծանում է ճեղքվածքը հարուստների եւ աղքատների միջեւ: Այս պայմաններում, բնականաբար, համակարգը պետք է լիովին բարոյալքվեր եւ խայտառակ պարտություններ կրեր: Հենց այդպիսի խայտառակ պարտություններ դարձան Մուրադ Բոջոլյանի, փաստաբան Վահե Գրիգորյանի, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործերը, որոնք ԱԱԾ-ին դարձրին համընդհանուր ծաղրի ու ծիծաղի առարկա: Բայց սրանք միայն ծաղիկներն էին, եւ մեծ պարտությունները դեռ առջեւում էին:

2007 թվականի աշնանային մի օր պարզվեց, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ինտերնետ ցանցով մտել են Հայաստանի ԱԳ նախարարության համակարգչային ցանց եւ «քաշել» այնտեղ եղած ողջ տեղեկատվությունը. արխիվ, դիվանագիտական նամակագրություն, գաղտնի փաստաթղթեր, անգամ անձնական նամակներ: Հիմա կարող ենք արձանագրել, որ Հայաստանի դիվանագիտությունը Ադրբեջանից ոչ մի գաղտնիք չունի: Այս տեղեկատվությունը միայն պատահաբար մամուլ ընկավ, եւ չպետք է բացառել, որ նույն ճակատագրին են արժանացել այլ գերատեսչությունների համակարգչային ցանցեր եւս, որովհետեւ դրանք ԱԳՆ ցանցից ավելի պաշտպանված դժվար թե լինեին, իսկ դրանց պաշտպանությամբ զբաղվում է նույն ԱԱԾ-ն: Այս խայտառակության համար ԱԱԾ-ում, ըստ էության, ոչ ոք չպատժվեց, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն էլ գիտեր, որ ինքը ողջ ԱԱԾ-ն նետել է ընդդիմության, ավելի ճիշտ` Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարի, եւ Ադրբեջանի դեմ պայքարի համար ռեսուրսները էականորեն նվազել են:

Ճակատագրի հեգնանքով, սակայն, ԿԳԲ-ական փտած համակարգը պարտություն էր կրելու նաեւ Տեր-Պետրոսյանի դեմ մղված պայքարում: ԱԱԾ-գործադրած տիտանական ջանքերի նպատակը այն էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերստին չստանձնի համաժողովրդական լիդերի դերը, չկարողանա համախմբել ընդդիմությանը, չկարողանա համաժողովրդական շարժում կազմակերպել. չստացվեց: Պարզվեց` տարբեր կուսակցություններում ներդրված ազդեցության գործակալները, շանտաժը, ակտիվիստների «մշակումները» ի վիճակի չեն կանխել իրադարձությունների հետագա ընթացքը: Եւ եթե այս ֆոնին դիտարկենք մարտի 1-ի իրադարձությունները եւ դրանց հաջորդած ռեպրեսիաները, դրանք իրենց բնույթով շատ են հիշեցնում 1990 թվականի ԿԳԲ-ական պուտչը ԽՍՀՄ-ում, որը դարձավ ԿԳԲ-ական համակարգի կարապի երգը: Կասկած չկա, որ Հայաստանում էլ ԿԳԲ-ական դավադրությունը կարժանանա նույն ճակատագրին, ուղղակի այս պարագայում մենք պարտադրված ենք զգույշ գործել` մեր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը անդառնալի ու անլուծելի խնդիրների առաջ չկանգնեցնելու համար: Եւ ամեն ինչ հենց այդպես էլ ընթանում է:

էժան սադրանքներ
Իհարկե, ԱԱԾ այս շրջանի գործունեության մասին խոսելիս հնարավոր չէ չանդրադառնալ փետրվարի 21-ից Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցող շուրջօրյա հանրահավաքների ընթացքում ԱԱԾ գործունեությանը: Ինչպես գիտեք, Ազատության հրապարակում բացահայտվեցին սադրիչ գործողություններ իրականացնող երկու ԱԱԾ-ականներ: Նրանց վրա տեղադրված էին լսող սարքավորումներ: Ի՞նչ էին այդ մարդիկ անում Ազատության հրապարակում. նախ ինչ-որ բաներ էին տեղադրում վրանների տակ, մոտակայքում զենք թաղում, նռնակներ, բենզինով շշեր: Եւ հետո, «գաղափարական աշխատանք» իրականացնում հանրահավաքի մասնակիցների շրջանում: Ասենք, սովորական քաղաքացու նման զրույցի են բռնվում հանրահավաքի մասնակից խմբերի հետ եւ հարմար պահի սկսում իրենց խոսակցությունը: Ասենք, ասում են. «Չէ, ախպեր, էսպես չի լինի, քանի օր Օպերայում հավայի կայնած ենք: Սրանց դեմ ուժով պիտի խոսես, ճիշտ չե՞մ ասում»: Անպայման կգտնվեն մեկը կամ մի քանիսը, որ կասեն` ճիշտ ես ասում, բա ոնց: Սա ձայնագրվեց ԱԱԾ-ում: Հետո սադրիչը, ասենք, ասում է. «Ճիշտը նախագահականը գրավելն ա, հեռուստատեսությունը նույնպես, հարկավոր է զինվել: Ճիշտ չե՞մ ասում»: Բնականաբար, սկսվում է խոսակցություն, որտեղ հնչում են կարծիքներ, այդ կարծիքները ձայնագրվում են ԱԱԾ-ում, մոնտաժվում եւ ծառայում արդեն հարուցված քրեական գործին. իբր Ազատության հրապարակում հավաքվածները պատրաստում են զինված հեղաշրջում, պատրաստվում են գրավել հեռուստատեսությունը եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց ինչպես ասացի, ԿԳԲ-ական համակարգը այնքան է բարոյալքվել, որ իր մտահղացումները, իր «մտավորականների» կրակոտ ելույթները, իր «Հայլուրի» զազրելի ռեպորտաժները այլեւս որեւէ մեկի վրա տպավորություն չէին գործում, եւ մարտի 1-ին ավազակապետությունը ստիպված էր դեն նետել բարեպաշտի իր դիմակը եւ ներկայանալ իր հրեշավոր ու զազրելի ողջ կերպարով, բացահայտել իր հանցավոր ու անբարո էությունը:

վերջաբան
Չեմ կարող պնդել, թե այսօրվա ԱԱԾ-ի բոլոր աշխատակիցները անձնատուր են եղած ապօրինությանը, անբարոյականությանը, ազգային անվտանգության շահերի դավաճանությանը: Բայց եթե կան բացառություններ, նրանք միայն բացառություններ են, եւ այդպիսին լինելով` հաստատում են համակարգի հանցավոր բնույթը: Մեծ հաշվով, արդի ԱԱԾ-ն մի համակարգ է, որի անբարո բնույթը ոչ մի սահման չունի, այդ համակարգը ի վիճակի է ցանկացած անբարոյականության: Սրա վկայությունն է շղթայված ազգային հերոսի` Սասուն Միքայելյանի ցուցադրումը հեռուստատեսությամբ: Չկա մի որեւէ ստորություն, որ սպասելի չլինի այդ համակարգից: Չկա այնպիսի մի ստորություն, որի հնարավորության մասին ինձ ասեն, եւ ես ասեմ` չեն անի նման բան: Այս համակարգից ամեն ինչ սպասելի է: Եւ ամենեւին չզարմացա, երբ իմացա, որ մանկահասակ երեխաներիս ականջն են գցել, թե իրենց կարող են առեւանգել, որպեսզի ես հանձնվեմ: Նման պահվածքը ամենեւին էլ զարմանալի չէ այն անձանց համար, ում գլխավերեւում փակցված է Ձերժինսկու նման պատմական ճիվաղի պատկերը: Եւ ի դեպ, ես ուզում եմ որոշ դիտարկումներ անել իմ այսօրվա կարգավիճակի կապակցությամբ: Թող փոքրոգություն չհամարվի, բայց ուզում եմ անկեղծ խոստովանել, որ ինձ դուր չի գալիս, երբ ասում են, որ ես թաքնված եմ: Համաձայնեք, թաքնված մարդը թերթում հոդվածներ չի տպագրի, այն էլ` այսպիսի ինտենսիվությամբ:

Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան, որ չնայած իրենց տանն են գիշերում, այցելում են իրենց աշխատավայրեր, անգամ հայտնվում են ուղիղ հեռուստատեսային եթերում, բայց այդ ընթացքում միշտ թաքնված են ապրում, եւ դա այդ մարդկանց ճիշտ բնորոշումն է: Իսկ ես հիմա ընդամենը գտնվում եմ ընդհատակում` երկու տրիվիալ պատճառով. նախ, իմ բազմաթիվ ընկերների նման, ես նույնպես չէի կարող հենց այնպես հանձնվել ԱԱԾ-ին, որովհետեւ դա կլիներ գերի հանձնվելու նման մի բան: Այն օրերին ինձ չկարողացան ձերբակալել ու հիմա էլ չեն կարողանում հայտնաբերել: Եւ ճիշտն ասած` ինձ հաճույք է պատճառում այն միտքը, թե դա նրանց ինչքան է ներվայնացնում: Հիմա այն մասին, թե ինչ եմ պատրաստվում անել. երբ բոլորին հասկանալի կլինի, որ ավազակապետական ԿԳԲ-ն ի վիճակի չէ լուծել ինձ հայտնաբերելու պրիմիտիվագույն խնդիրը, այս փուլի իմ անելիքն արած կլինեմ: Այս հոդվածի տպագրությունից որոշ ժամանակ անց ես կրճատելու եմ իմ ընդհատակյա ռեժիմը. արդեն բացահայտ դուրս եմ գալու փողոց, քայլելու եմ իմ սիրելի Երեւանի կենտրոնում, ժպտալու եմ իմ սիրելի քույրերին եւ եղբայրներին ու շարունակ պայքարելու եմ, պայքարելու եմ մինչեւ վերջ:

Հ.Գ. Այս տարեսկզբին Հայաստան էին բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԱԾ մոտ 200 աշխատակիցներ, որոնք ամեն օր աշխատանքի էին ներկայանում ԱԱԾ կենտրոնական եւ տարածքային գրասենյակներ: Ղարաբաղցի ԱԱԾ-ականները որեւէ կոնկրետ գործով զբաղված չէին, այլ հսկում էին Հայաստանի գործընկերների աշխատանքները:

Friday 25 April 2008

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ԿՈՒՌՎԱԶԻԵ» ԽՄԵԼԻՍ

Կեւորկովյան թատրոնի վաստակավոր արտիստ Սերժիկ Սարգսյանը ետընտրական գաստրոլները սկսեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեից: Վերջին 8 տարիներին մաքսայինի ղեկավար Արմեն Ավետիսյանի պաշտոնանկության առիթով մաքսավորներին հադիպելով Սերժը լուտանքներ թափեց նրանց գլխին, ասելով, թե ՄՊԿ-ում իշխում են հոռի բարքերը, կաշառակերությունն ու կոռուպցիան: Ներկայացման նպատակը մեկն էր. հանրությանը ցույց տալ, թե ահա սկսվում է կոռուպցիայի դեմ ահարկու պայքարի մի աննախադեպ շրջան: Բայց եթե անտեղյակ հեռուստադիտողի համար Սերժ Սարգսյանի «մաքսային ելույթը» դրամա էր, տեղեկացված մարդկանց համար դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ կոմեդիա:

Առաջին հայացքից այս պատմությունը կարող է բարենպաստ տպավորություն գործել. ահա Սերժը պաշտոնանկ է անում Արմեն Ավետիսյանին, որը Մաքսայինը վերածել է հանցագործ մի կառույցի: Իրականում, սակայն, Արմեն Ավետիսյանը պաշտոնանկ է արվել ոչ թե հանցավոր գործունեության, այլ վատառողջության պատճառով: Վերջին մեկ տարվա մեծ մասը Արմեն Ավետիսյանն անցկացրել է տարբեր երկրներում բուժման տարբեր կուրսեր ընդունելով, ու նրան պաշտոնում պահելը սադիզմ կլիներ: Իսկ ընդհանրապես, այս իրավիճակը հասկանալու համար պետք է տեղյակ լինել, թե ով է Արմեն Ավետիսյանը: Սերժ Սարգսյանը հաճախ է իր շրջապատում ասել, որ ինքը արու զավակ չունենալով Արմեն Ավետիսյանին որդու տեղ է ընդունում: Արմենն էլ բնականաբար չի հրաժարվել այդպիսի «բարձր հայրությունից» ու նրա ողջ կարիերան կապված է հենց Սերժ Սարգսյանի հետ:

Ավետիսյանի մասին հանրությունն առաջին անգամ տեղեկանում է 1998 թվականի իշխանափոխությունից հետո: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ՆԳ եւ ԱԱ նախարար է, իսկ Ավետիսյանը Ազգային անվտանգության ծառայության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ: Իշխանությունը զավթելու ուղղությամբ առաջին լուրջ քայլը արած ղարաբաղյան կլանը լուրջ տնտեսական ամբիցիաներ ունի. կլանի ներկայացուցիչները պետք է սեփականություն ձեռք բերեն, բիզնեսի ոլորտներ ստանան: Իսկ սրա համար ավելի հարմար գործիք, քան ԱԱ նախարարության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն է, դժվար է մտածել: Արմեն Ավետիսյանի թեթեւ ձեռքով գործարար աշխարհի տարբեր ներկայացուցիչներ հայտնվում են ԱԱՆ մեկուսարաններում եւ այնտեղից դուրս են գալիս միայն իրենց սեփականության կամ բիզնեսի մի մասից հրաժարվելու, այն ղարաբաղցի կամ էլ Սերժի հովանավորությունը վայելող այլ անձանց զիջելու գնով: Այսպես ձեւավորվում է ղարաբաղյան կլանի տնտեսական հենքը: Արմեն Ավետիսյանը դառնում է կլանի եւ Սերժ Սարգսյանի սիրելին. նա փողի գետեր է ուղղում դեպի իր ղեկավարությունը: 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո Սերժ Սարգսյանը ստիպված է հեռանալ Ազգային անվտանգության նախարարի պաշտոնից: Ու չնայած Արմեն Ավետիսյանը շարունակում է մնալ ԱԱՆ-ում, իրականում նա ենթարկվում է ոչ թե նոր նախարար Կառլոս Պետրոսյանին, այլ իր հոգեւոր հայր Սերժ Սարգսյանին: Բնականաբար այս իրավիճակը դուր չի գալիս Կառլոս Պետրոսյանին, ու նա ամեն ինչ անում է Ավետիսյանի կյանքը անտանելի դարձնելու համար: Բայց գալիս է 2000 թվականի մայիսը, վարչապետ Արամ Սարգսյանը պաշտոնանկ է արվում, Սերժ Սարգսյանը նշանակվում է պաշտպանության նախարար, ու չնայած Կառլոս Պետրոսյանը պահպանում է իր պաշտոնը, Արմեն Ավետիսյանը նշանակվում է Մաքսային պետական կոմիտեի պետ:

Վազգեն Սարգսյանը վարչապետ դառնալով լուրջ տնտեսական հարվածներ էր հասցրել ղարաբաղյան կլանին, մասնավորապես վերացրել էր կլանի մենաշնորհային դիրիքերը բիզնեսի մի շարք գերշահութաբեր ոլորտներում: Եւ ահա մաքսայինի ղեկավարի պաշտոնում Արմեն Ավետիսյանը մեկ խնդիր ուներ. այնպես անել, որ հավքն իր թեւով, օձն իր պորտով չկարողանան Հայաստան ներմուծել այն ապրանքատեսակներից, որոնց մենաշնորհը Սերժը նվիրել է ախպերության ներկայացուցիչներին: Մաքսայինը, բնականաբար, այս խնդիրը փայլուն ձեւով լուծեց: Արդյունքում, ասենք Սադախլոյից մեկ-երկու պարկ մուրաբայի շաքարավազ գնած բագրատաշենցիների դեմ քրեական գործեր էին հարուցվում` մաքսանենգության մեղադրանքով, իսկ ասենք մի քանի հարյուր հազար դոլար արժեցող ավտոմեքենաները մաքսազերծվում էին ծիծաղելի գներով, եթե իհարկե դրանք պատկանում էին ձեզ հայտնի մարդկանց: Թերեւս ընթերցողներից շատերն են բախվել այն իրավիճակի հետ, երբ իրենց ընտանիքի անդամների համար արտերկրից 2-3 բջջային հեռախոս բերելիս մեղադրվել են մաքսանենգության մեջ, եւ ստիպված են եղել մաքսայինին հանձնել «կանտրաբանդան», անտրամաբանական տուրքեր վճարելուց խուսափելու համար: Ահա այսպես Ավետիսյանը պահպանում էր Սեդրակ Ռոբերտովիչ Քոչարյանի բիզնեսի անձեռնմխելիությունը: Այս պայմաններում, բնականաբար, Ավետիսյանը ինքը անձեռնմխելիություն ստացավ: Շուտով նա դարձավ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նա հագնում է 10-30 հազար դոլարանոց կոստյումներ, վարում անբարո կյանք, խմում աշխարհի ամենաթանկարժեք խմիչքներից: Մի քանի տարի առաջ նա «վառվել էր» պուտանկաների հետ 7 հազար դոլարանոց 2 շիշ «Կուռվազիե» կոնյակ խմելիս, իսկ վերջին ամանորից առաջ իր ընտանիքի ամանորյա սեղանի համար 20 շիշ 800 եւ 20 շիշ 1000 դոլարանոց կոնյակ էր գնել: Եւ հետաքրքիր է, որ այս առեւտուրն արել էր «Դյութի ֆրիից», այսինքն անմաքս առեւտրի ցանցից:

Բայց Հայաստանի ժողովուրդը թերեւս չհասցնի Ավետիսյանին կանգնեցնել դատարանի առաջ. ասում են, որ նա հիվանդ է ոչ թե հեպատիտով, ինչպես ըհնդունված է կարծել, այլ մի հիվանդությամբ, որի մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել: Իրավ Աստծո պատիժը շատ ավելի դաժան է, քան կարող է լինել մարդկայինը:

Հ.Գ. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի ելույթում Արմեն Ավետիսյանին դասել է ավազակապետության հենասյուների շարքին:

Tuesday 22 April 2008

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Սերժ Սարգսյանի թիմակիցները արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ երկխոսություն սկսելու` միջազգային հանրության կոչերին տարակուսում են. «Ինչպես կարելի է երկխոսություն սկսել այն ուժի կամ գործչի հետ, որը իշխանավորներին համարում է ավազակ, նրանց համեմատում մոնղոլ-թաթարների հետ»:

Իզուր են զարմանում սերժանտները. իրենց ղեկավարը Արտաշես Գեղամյանին անվանեց «դատարկ դհոլ», նրան ծախու ապրանքի հատկանիշներ վերագրեց, եւ ինչպես տեսնում ենք, Արտաշն ու Սերժը ախպեր են դարձել, Արթուր Բաղդասարյանին անվանեցին պետական դավաճան, հաճախորդ, եւ հիմա Արթուրիկը պառկած է Սերժի ոտքերի տակ, Սերժը Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանեց, եւ դա փաստորեն շոյել է Մանուկյանին: Այս իրավիճակի գաղտնիքը, թերեւս այն է, որ Սերժիկը Վազգեն Մանուկյանին լավ իմաստով է «իդիոտ» անվանել, Արթուրիկն էլ լավ իմաստով է դավաճան ու հաճախորդ: Գեղամյանին էլ «դատարկ դհոլ» ասելով նկատի է ունեցել նրա «ընդգծված ազգային բնույթը»:

2-րդ դիտարկում

Սերժ Սարգսյանը ակնհայտորեն մտադիր է ճոռոմ ձեւակերպումների ծխածածկույթի տակ մոռացության մատնել քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդիրը եւ նրանց գլխին Վիշինսկի-Բերիայի ոճով Աղվանասերժական դատավարություններ սարքել: Եթե վարչախումբը անկեղծ է ճգնաժամը հաղթահարելու մասին իր ճամարտակությունների մեջ, պետք է րոպե առաջ փոխեր բոլոր կալանված քաղաքական գործիչների խափանման միջոցները` առնվազն: Այսինքն այդ մարդիկ վաղուց պետք է լինեին ազատության մեջ: Եւ Սերժ Սարգսյանը պետք է իմանա, որ այդ մարդկանց հետապնդման, կալանքի ամեն ժամը ավելի է մեծացնում հավանականությունը, որ ինքն ու իր վարչախումբը կմնան «անհասկացողության պատի» փլատակների տակ, որը ժողովուրդը կքանդի առանց իշխանության օգնության եւ ի հեճուկս նրա:

3-րդ դիտարկում

«Մանկական զբոսայգու» հանրահավաքը ցույց տվեց, որ համաժողովրդական շարժումը իսկապես հաղթող շարժում է: Այդ հանրահավաքի մասին հայտարարությունը հրապարակվեց միայն միջոցառման նախորդ օրը, ընդ որում այն չէր կապվում Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ ընդդիմության լիդերներից որեւէ մեկի անվան հետ: Փաստորեն հանրահավաքը կազմակերպվեց մեկ օրվա ընթացքում: Արդյունքում ստացվեց տպավորիչ մասշտաբային ակցիա եւ դեռ հաշվի չառած վերջին ամիսներին Հայաստանում ծայր առած ստալինյան ռեպրեսիաները:

Այսուհանդերձ, ներկա պայմաններում իսկապես շատ հրատապ է դառնում ինֆորմացիայի բերանացի փոխանցման համակարգի մշակումը: Որքան էլ զավեշտական հնչի, ընդդիմության տասնյակ հազարավոր ակտիվ կողմնակիցներ հանրահավաքի մասին տեղեկացել են դրա տեղի ունենալուց հետո` երեկոյան «Հայլուրից»:

Monday 21 April 2008

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Մենք` ՀՀ քաղաքացիներս գարնանամուտի շարժումը հասցնելու ենք հաղթական ավարտի: Սերժը հեռացվելու է նախագահականից եւ ենթարկվելու է համարժեք պատասխանատվության: Համարժեք իր գործած հանցանքներին: Նույնը վերաբերվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանին եւ հանցավոր ղարաբաղյան կլանի մյուս ներկայացուցիչներին: Հասկանալի է, որ այսօր շարժման տասնյակ հազարավոր ակտիվիստներ եւ ուղղակի համակիրներ իրենց մտքում հաղթանակի զանազան սցենարներ են մտմտում: Հարկ եմ համարում որոշ դիտարկումներ եւ առաջարկներ անել այս թեմայով:

Իշխանությունները իրենց տեսանկյունից շատ ճիշտ են վարվում, երբ շրջափակում են Ազատության հրապարակը, որովհետեւ մարտավարական իմաստով մեր առաջին խոշոր խնդիրը հենց Ազատության հրապարակ վերադառնալն է: Ստեղծված պայմաններում, սակայն այդ վերադարձը չի կարող լինել սովորական եւ դրան պետք է նախորդեն որոշակի քայլեր: Այդ քայլերը պետք է իրագործեն քաղաքական կուսակցությունները, եւ անհատ, այսինքն որեւէ կուսակցության, կազմակերպության մեջ չընդգրկված անձինք:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ համախոհ կուսակցությունների ղեկավարումները պետք է որոշեն Ազատության հրապարակ վերադառնալու օրը եւ ժամը: Ի դեպ, շատ կարեւոր է, որ մեր գործընկերները ամեն օր դիմում են Երեւանի քաղաքապետարան հանրահավաք անցկացնելու արտոնություն ստանալու համար: Նույնը վերաբերում է նաեւ հյուրանոցների դահլիճներում: Հավաքներ անելու փորձերին: Ոչինչ, որ մերժվում են: Փոխարենը հանրությունը համոզվում է, որ ինքը զրկված է իր սահմանադրական իրավունքները իրացնելու հնարավորությունից: Եւ այսպես, Ազատության հրապարակ վերադառնալու օրը եւ ժամը որոշում է համաժողովրդական շարժման քաղաքական ղեկավարությունը: Շատ կարեւոր է, որ մենք անհամբեր չգտնվենք եւ շտապեցնող ճնշումներ գործադրելու փորձեր չանենք այս հարցում: Եւ ահա, մինչ որոշվում է Ազատության հրապարակ վերադառնալու օրը եւ ժամը, բազմաթիվ գործեր կան անելու, եւ այդ գործը պետք է իրենց վրա վերցնեն ազատության մեջ գտնվող ակտիվիստները: Ու չնայած այդ գործը հիմա էլ շատ լավ արվում է, այսուհանդերձ եւս մեկ անգամ արձանագրենք: Առաջին խնդիրը Ազատության հրապարակի ոգու պահպանումն է: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է տարածել շարժման երգերը, գրել նոր երգեր, բանաստեղծություններ, ստեղծել եւ տարածել վիզուալ նյութեր. ի դեպ զարմանալի է մեր նկարիչների, դիզայներների պասիվությունը. վերջին ամիսները պլակատների առատ նյութ են տվել, սակայն այս առումով շատ բան չի արվել: Լավ կլիներ ունենալ լոգոներ, պլակատներ, որոնք տարածվեին թեկուզ էլեկտրոնային տարբերակով: Կարելի է նաեւ թռուցիկների տարածմամբ զբաղվել. օրինակ փոքր թղթերի վրա ուղղակի տպագրել «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Հիմա», «Սերժիկ հեռացիր» եւ դրանք տարածել Երեւանում, մարզերում: Սա անտեղյակներին ցույց կտա, որ պայքարը շարունակվում է: Եւ ընդ որում, սա պետք է արվի տարերայնորեն, այսինքն չկերնտրոնացված ձեւով. եթե յուրաքանչյուր ակտիվիստ այսպիսի բովանդակությամբ 15-20 թռուցիկ պատրաստի եւ փակցնի իրեն հարմար տեղերում, Հայաստանը ուղղակի կհեղեղվի: Թող քերեն ոստիկանները:

Ի դեպ, շատ կարեւոր է մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող DVD սկավառակների տարածումը նույն ձեւով: Եթե մեզնից յուրաքանչյուրը ինքն իր նախաձեռնությամբ 10 հատ սկավառակի վրա ձայնագրի նշված ֆիլմը եւ ամենատարբեր ուղղություններով ցրի, դա արդեն հսկայական գործ է: Մի զլացեք անել այդ գործը` հի-մա, հի-մա, հի-մա:

Այս եւ նմանատիպ միջոցառումները, ինչպես ասվեց հարկավոր են Ազատության հրապարակի ոգին բարձր պահելու համար: Ի դեպ, այս իմաստով կարեւորագույն միջոցառումը քաղաքական զբոսանքներն են, որոնք հոյակապ ծառայում են իրենց նպատակին:

Իսկ այժմ անդրադառնանք Ազատության հրապարակի ազատագրման կազմակերպչական հարցերին: Այդ օրը մարդիկ պետք է Ազատության հրապարակ գան ոչ թե անհատապես, այլ խմբերով: Եւ հիմա` մեզնից յուրաքանչյուրը պետք է ձեւավորի իր խումբը կամ ընդգրկվի որեւէ խմբի մեջ: Այս խմբերը, որ պետք է բաղկացած լինեն նվազագույնը 10 հոգուց, ըստ էության պետք է դառնան ոչ ֆորմալ կազմակերպություններ եւ ունենան իրենց ղեկավարը: Մինչ հանրահավաքի օրը նրանք պետք է զբաղվեն DVD-ներ, թռուցիկներ տարածելու եւ այս կարգի այլ գործերով: Իսկ հանրահավաքի օրը խմբի ղեկավարը պետք է իր ընկերներին տեղյակ պահի հանրահավաքի տեղի, ժամի մասին, մարդկանց առաջնորդի դեպի «դեպքի վայր»:

Ի դեպ, արդեն իսկ ձեւավորվել է ընդհատակում գտնվողների «հարվածային-հանրահավաքային» խումբը, որի ղեկավար ենք ընտրել Խաչատուր Սուքիասյանին… Սա, իհարկե, կատակ է. ուղղակի երբ Սուքիասյանի եւ իմ նկարները տեսնում եմ մետրոյում, մի կերպ եմ զսպում քրքիջս: Հա, ի դեպ, պարոնայք ոստիկաններ. կարող էիք չէ, ավելի լավ նկարներ ընտրել: Եթե չունեք, կարող եմ ուղարկել: Կամ ավելի ճիշտ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կմոտենամ հերթապահ ոստիկանին ու նրան կհանձնեմ իմ նախընտրական լուսանկարը. նաեւ Խաչատուր Սուքիասյանի:
Սա ի միջիայլոց. ասեմ, նաեւ, որ Ազատության հրապարակի ազատագրման հանրահավաքի խմբերի անդամները պետք է տրամադրվեն այնպես, որ հրապարակ գալով մի կողմ են թողնում իրենց բոլոր գործերը` անձնական թե աշխատանքային: Այդ օրվանից իրենց գործը լինում է հաղթանակը: Ասեմ նաեւ, որ հանրահավաքային խաղաղ խմբերի ձեւավորումը կարեւոր է նաեւ ինֆորմացիոն ու արագաշարժության տեսակետից, եւ հիմա շատ կարեւոր է տեղեկատվական բանավոր, այսինքն բերանացի փոխանցման մեխանիզմների մշակումը: Այս մեխանիզմը պետք է ծառայի նրան, որ մի քանի ժամվա ընթացքում հնարավոր լինի Երեւանում տարածել անհրաժեշտ տեղեկատվություն:

Հիմա անդրադառնանք այն հարցին, թե որքանով կաշխատի այս համակարգը: Դա կախված է մեկ մարդուց, եւ այդ մարդը դու ես, սիրելի բարեկամ, որ այս պահին կարդում ես այս տողերը: Եթե դու հիմա չխնայես քո 1000 դրամը հենց հիմա գնաս եւ գնես 10 հատ մաքուր DVD սկավառակ, եւ դրանց վրա ձայնագրես մարտի 1-ի դեպքերի մասին պատմող ֆիլմը, ու այն ուղարկես մարզերում կամ Երեւանում ապրող քո ծանոթներին, կամ ուղղակի փողոցում նվիրես պատահական մարդկանց, ուրեմն ամեն ինչ շատ լավ է ընթանում: Եթե չունես այդ ֆիլմը, չես տեսել, հետաքրքրվիր, շրջապատում որեւէ մեկը կունենա: Եթե շրջապատում ոչ ոք չունի` արի հյուսիսային պողոտա, հետաքրքրվիր եւ ինչ-որ կերպ կգտնես: Եթե համակարգիչ չունես, կամ նրա վրա DVD ձայնագրող սարք չկա, դարձյալ հետաքրքրվիր եւ շրջապատում որեւէ մեկը հաստատ կունենա:

Բայց սա ամենը չէ. հաջորդ քայլով փորձիր ձեւավորել քո հանրահավաքային խումբը, կամ ընդգրկվիր որեւէ այդպիսի խմբի մեջ: Եթե այս ամենը անես, եւ վերը նկարագրված անելիքի մասին պատմես ուրիշներին, նշանակում է հաղթանակին շատ չի մնացել: Ի դեպ, ժամկետների մասին: Պետք չէ հաղթանակի համար սահմանել որեւէ ժամկետ` մեկ շաբաթ, մեկ ամիս, երեք ամիս: Եթե ժամկետ ես սահմանում, նշանակում է պայքարի ես տրամադրված այդքան ժամկետով: Բայց չէ որ մենք պայմանավորվել ենք պայքարել մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ: Ինչ վերաբերվում է մեր մյուս կարեւոր կարգախոսին «Հիմա»-ին, դա նշանակում է, որ մենք պետք է գործենք հենց հիմա. եթե նկարիչ ենք, պետք է պլակատ պատրաստենք հենց հիմա եւ ոչ թե հետո, երաժիշտ ենք` պետք է երգ գրենք հիմա, եթե ուզում ենք հաղթել, մեր խումբը պետք է ձեւավորենք հիմա, DVD բազմացնենք հիմա, թռուցիկ կպցնենք հիմա, քաղաքական զբոսանքի գնանք հիմա, զանազան ակցիաներ մտածենք ու կազմակերպենք հիմա: Եւ այս հիմաների ամբողջությունը, այդ հետեւողականությունը Հայաստանին կպարգեւի հաղթանակ:
Իսկ եթե քեզ թվա, որ այս ամենը ոչ թե դու ինքդ պիտի անես այլ ասենք քո ընկերը, հարեւանը կամ բարեկամը, նշանակում է դու պարտվում ես-հիմա: Բայց ես գիտեմ, որ այդպես չի լինի, որովհետեւ մեր շարժումը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է: Ուրեմն, պայքար պայքար մինչեւ վերջ:

Հ.Գ. Սերժը հիմա անշուշտ գործի է դրել իր ամենասիրած զենքը. ընդդիմությանը, նրա ակտիվիստներին պառակտելու փորձերը: կասկած չունեմ, որ նա ոչ մի արդյունքի չի հասնելու, բայց եւ մենք չպետք է կորցնենք զգոնությունը:

Հ.Գ.-2 Հատուկ ուշադրությամբ պետք է վերաբերվել քաղբանտարկյալների դատավարություններին: Դատարանները պետք է վերածել Ազատության հրապարակի, եւ բացի այս ամբողջական տեղեկություններ հավաքել ապօրինություն թույլ տված դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանների, օպերների, քրեակատարողական հիմնարկների ծառայողների մասին:

Thursday 27 March 2008

Payqar.org կամ payqar.net

Արտակարգ դրության վերացումից հետո
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ ընդհատակյա թերթը հիմա կարող եք կարդալ իր գլխավոր կայքում՝
www.Payqar.org կամ www.Payqar.net

Saturday 15 March 2008

Մինչեւ մարտի 1-ը եւ դրանից հետո

Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-ին: Արդյո՞ք տեղի ունեցածը կանխատեսելի էր ընդդիմության լիդերների համար: Ի՞նչ է լինելու հետո:
Սրանք հարցեր են, որ թերեւս այս օրերին ամենից շատ են հուզում հայաստանցիներին: Այս հարցերը էլ ավելի հրատապ են դառնում իշխանական գռեհիկ քարոզչության ֆոնին, որովհետեւ սա արդեն ոչ թե քարոզչություն է, այլ արհամարհանք սեփական, ավելի ճիշտ գերեվարված ժողովրդի նկատմամբ: Սակայն դառնանք մեր հարցերին եւ փորձենք գտնել պատասխաններ:

Դեռեւս նախագահական ընտրություններից առաջ հասկանալի էր, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը բացառիկ է Երրորդ հանրապետության պատմության մեջ: 1988 թվականի Համազգային Շարժումից ի վեր, սա առաջին հայաստանյան քաղաքական գործընթացն էր, որ հարաճուն, բայց հանդարտ ընթացք ուներ: Անկախությունից ի վեր Հայաստանում ձեւավորված բոլոր քաղաքական ընդդիմադիր գործընթացները հանկարծահաս բռնկվում էին եւ նույնքան հանկարծահաս էլ մարում: Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը ՀՀ նախագահական ընտրությունների քարոզչության մեկնարկի օրը արդեն չորս ամսվա հրապարակային գործունեություն էր վարել: Սրան նախորդել էր խորհրդարանական քննարկումների մի բավական հագեցած շրջան: (Էլ չենք խոսում առաջին նախագահի տասնամյա խորհրդածությունների մասին): Այս արձանագրությունները սակայն միայն վիճակագրական նշանակություն չունեն: Այդ վիճակագրությունը գալիս էր վկայելու, որ սա հերթական քաղաքական բռնկումը չէ, եւ պետք չէ սպասել, որ այն սովորական վախճան կունենա: Սա թերեւս հասկանում էին նաեւ իշխանությունները: Եւ քանի որ ֆորմալ առումով քաղաքական եւ իրապես համաժողովրդական շարժումը կապված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու հետ, Քոչարյան-Սարգսյան զույգը որոշեց արագ ավարտել ընտրությունները` Սերժ Սարգսյանի համար 53 տոկոս նկարելով: Սա իշխանության սպասած էֆեկտը չտվեց եւ նման գործելակերպը ավելի զայրացրեց հանրությանը: Բայց իշխանությունը սրանից անհրաժեշտ հետեւությունը չարեց, եւ շարունակեց կիրառել գործը արագ ավարտելու նախանշված ուղեգիծը: Ի դեպ ավազակապետությունը սեփական իդեաֆիքսերին տրվելու անխոհեմ հակում ունի: Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 21-ի ելույթից հետո բոլոր հեռուստաընկերությունները սկսեցին ցեխ շպրտել առաջին նախագահի ուղղությամբ: Տեր-Պետրոսյանի ասելիքը սակայն ավելի ու ավելի հասանելի եւ ընկալելի էր դառնում մարդկանց: Տոտալ հակաքարոզչությունը շարունակվում էր: Տեր-Պետրոսյանի ժողովրդականությունը` աճում: Հակաքարոզչությունը ավելի գռեհիկ էր դառնում: Տեր-Պետրոսյանի ժողովրդականությունը ավելի արագ էր աճում: Այս պրոցեսը նկարագրում եմ ցույց տալու համար, որ ավազակապետական իշխանությունը ծայրաստիճան պրիմիտիվ է եւ չի տիրապետում քայլերի բազմազանության: Հիմա հիշեցի Տիգրան Լեւոնյանի համեմատությունը. հարցազրույցներից մեկի ժամանակ նա Քոչարյան-Սարգսյան զույգին համեմատել էր կոկորդիլոսի հետ: Շատ դիպուկ համեմատություն է. որքան էլ սարսափազդու է կոկորդիլոսը, նա իրականում պրիմիտիվ կենդանի է, եւ նրա զինանոցում երկու-երեք քայլ կա: Նույնը վերաբերում է նաեւ ավազակապետական իշխանությանը, որը գիտի միայն գնել, ահաբեկել, ոչնչացնել: Հա` նաեւ կոկորդիլոսի արցունքներ թափել: Քոչարյանասերժական ավազակապետության գործունեության ցանկացած դրվագ, համոզված եմ, ձեւավորված է այս բանաձեւի ներքո:

Եւ ուրեմն, երբ իշխանության համար հասկանալի դարձավ, որ ընտրությունների գռեհիկ կեղծումը հանրային բողոքի ալիք է բարձրացրել, նրանք որոշեցին անել հաջորդ քայլը: ԿԸՀ-ն հայտարարեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց առաջին փուլով հաղթել է Սերժ Սարգսյանը: Այս արդյունքները հրապարակվեցին այն ժամանակ, երբ Ազատության հրապարակում արդեն հինգերորդ օրը շարունակվում էր շուրջօրյա հանրահավաքը, որի մասնակիցների թիվը գնալով ավելանում էր: ԿԸՀ-ն խաղարկելով` ավազակապետական զույգը հույս ուներ մարդկանց ներշնչել հետագա պայքարի անիմաստության զգացողություն: Իբր` պայքարը նրա համար էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դառնա նախագահ, եւ ԿԸՀ-ն արդեն վերջնականորեն հայտարարեց, որ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Ասել կուզի` ինչքան ուզում եք ցույց արեք: Այստեղ արդեն խոսք պետք է ասեր առաջին նախագահը: Նա մոտեցավ բարձրախոսին ու շատ հանգիստ հայտարարեց.« ԿԸՀ հայտարարությունը մեր պայքարում ոչինչ չի փոխում, պայքարը շարունակվում է»: Անկեղծ ասած, սա ես համարում եմ համաժողովրդական պայքարի ամենակարեւոր հանգրվանը: Այս տեղում շարժումը կրեց զարմանալի մետամորֆոզներ: Սա այլեւս պայքար է, ոչ թե հանուն որեւէ գործչի նախագահի պաշտոնում տեսնելու` սա պայքար է հանուն ազատության, հանուն արժանապատվության, հանուն քաղաքացիության: Սա պայքար է հանուն ապագայի: Ճիշտն ասած մենք այդ պայքարը հենց սկզբից էլ ընկալել ենք որպես այդպիսին: Բայց թերահավատներն էլ քիչ չէին: Եւ այդ մեծ վերափոխման սիմվոլը ինձ համար դարձավ մի տարօրինակ տեղեկատվություն. ընկերներս ինձ ասացին, որ Ազատության հրապարակում «հակալեւոնականների» վրան է հայտնվել: Առաջին հայացքից սա անհանգստացնող տեղեկատվություն էր. գուցե եկել են սադրանքներ հրահրելու: Սակայն վրանաբնակների պարզաբանումները մեզ համոզեցին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: «Հակալեւոնականների» դիրքորոշումը հետեւյալն էր. մենք այստեղ ենք պայքարելու ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու համար, այլ հանուն մեր ազատության եւ իրավունքների, եկել ենք Տեր-Պետրոսյանին, ինչպես ինքն է խորհուրդ տվել, օգտագործելու որպես գործիք` բռնապետությունից ազատվելու համար: Սա իրապես կարեւոր շրջադարձ էր. Տեր-Պետրոսյանին հաջողվել էր ձեւավորել իրապես համաժողովրդական շարժում: Հաջորդ կարեւոր նորությունը երիտասարդության ակտիվացումն էր: ՀՀ առաջին նախագահի` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հրավիրած հանրահավաքներին երիտասարդության մասնակցությունը հուսադրող չէր: Հանրահավաքի ճնշող մեծամասնությունը 35 տարեկանից բարձր անձինք էին: Ետընտրական հանրահավաքները սակայն երիտասարդությանն էին պատկանում, եւ սա սարսափազդու ուժ եւ էներգիա էր հաղորդում Ազատության հրապարակին: Իսկ Տեր-Պետրոսյանը իրապես հայտնություն էր մեր երիտասարդության համար: Ներկա ուսանողությունը կամ չէր տեսել, կամ չէր հիշում Տեր-Պետրոսյանին: Նրա մասին պատկերացումները սահմանափակվում էին միայն պաշտոնական քարոզչության շրջանակներում: Բայց ահա այդ երիտասարդությունը տեսավ մի բոլորովին ուրիշ մարդու` բարձր ինտելեկտուալ, անզուգական հռետոր, պայքարի աննահանջ մարտիկ, սիրված պապիկ, հոյակապ ասմունքող, մարդ որ լինելով երկրի հիմնադիր նախագահ չի խորշում պար բռնել սեփական ժողովրդի աչքի առաջ, չի խորշում անգամ, ինչպես ինքն է ասում` «ջագի-ջուգի» պարել երիտասարդությանը զվարճացնելու համար: Եւ ի վերջո մարդ, ով գիշերում է Ազատության հրապարակում, առավոտը դիմավորում է իր կողքին կանգնած մարդկանց հետ քոչարի պարելով: Եւ ահա երիտասարդությունը, որ այլեւս ոչ մի լավ բան չի սպասում հայրենի քաղաքական գործիչներից, տեսնում է իր երկրի հիմնադիր նախագահին բոլորովին նոր կերպարով, որպես ապրող, կենդանի մարդ, որպես մեծ առաջնորդ, որպես պայքարի ընկեր: Եւ նա սկսում է հավատալ իր ապագային, նա սկսում է հավատալ ինքն իրեն, նա սկսում է հավատալ Սահմանադրությանը, ըստ որի ինքն է երկրի բարձրագույն իշխանությունը: Եւ ի դեպ. երբ առաջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հիշեցրեց «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսը, շատերը դա համարեցին ավելորդ ու հնացած: Բայց հիմա այդ կարգախոսը ամենասիրելին է երիտասարդության շրջանում եւ հայտնի ռեմիքսը թերեւս հիթ-շքերթի ամենավերին տեղում է:

Եւ ուրեմն շարժումը ծավալվում էր, Ազատության հրապարակը փոթորկվում: Ամեն օր ժամը 15-ից 21-ը` հանրահավաք: Տեղի էին ունենում ամենօրյա երթեր, որոնք ապշեցնում էին իրենց ծավալներով: Ժամը 21-ից սկսվում էր երգ ու պարը, չնայած օրվա ընթաց քում էլ հանրահավաքը բազմաթիվ երաժշտական ընդմիջումներ էր ունենում: Ու որպեսզի տեղի ունեցող ակցիայի ծավալները ճիշտ ընկալվեն, անհրաժեշտ է մի կարեւոր ճշտում անել: Շուրջօրյա ակցիաները չպետք է չափել սովորական հանրահավաքների նման: Սովորական հանրահավաքն ունի մեկնարկի եւ ավարտի հստակ ժամեր: Մարդիկ նման հանրահավաքների գալիս են սկզբից մինչեւ վերջ մասնակցելու: Նման ձեւով հնարավոր չէ մասնակցել շուրջօրյա հանրահավաքների, որովհետեւ մարդը չի կարող 24 ժամ մնալ հանրահավաքում: Ասել կուզի` շուրջօրյա հանրահավաքն ունի հոսուն կազմ. մեկը գալիս էր կեսգիշերին, հրապարակում մինչեւ լույս մնալու համար, մեկը գալիս էր առավոտյան աշխատանքի գնալուց առաջ, մեկը գալիս էր ընդմիջման ժամին, մեկը աշխատանքից հետո, մեկն էլ աշխատանքից հետո գնում էր տուն, սնվում եւ նոր միայն գալիս հրապարակ: Եվ այս ամենով հանդերձ առնվազն ժամը 14:30-ից մինչեւ 22-ը` Ազատության հրապարակը միշտ լեփ լեցուն է եղել: Սա աննախադեպ ծավալների վկայություն է: Ի դեպ այս հանրահավաքները մի յուրատեսակ ռեաբիլիտացիա դարձան մեր ժողովրդի համար: Վերջին տարիներին շատ են տեսակետներ հնչել, թե մեր ժողովուրդը պայքարող չէ, մեր ժողովուրդը կոտրված է, մեր ժողովուրդը հանձնված է: Բայց հանրահավաքների օրերին տասնյակ անգամ եմ տեսել, թե ինչպես քաղաքացին հերթական օրը Ազատության հրապարակը լեփ լեցուն տեսնելով ասել է. «Մեր ժողովրդի ցավը տանեմ»: Սա այս պահին ունեցած մեր կարեւորագույն արդյունքներից մեկն է: Ժողովուրդը վեր գտավ հարգանքն ինքն իր նկատմամբ, եւ սա ամենաշատը սարսափեցրեց Քոչարյան-Սարգսյան զույգին: Նրանց թվում էր, թե իրենք ժողովուրդին վերջնականապես զրկել են ինքնասիրությունից եւ անհրաժեշտ է շտապ կասեցնել իրադարձությունների զարգացման նման անսպասելի ընթացքը: Ժողովրդին Քոչարյանն ու Սարգսյանը պետք է ապացուցեին, որ ինքը ոչինչ է, որ ինքն իրավունք չունի ինքնուրույն մտածելու: Եվ նորից սկսվեց մարդկանց հանրահավաքների քշելու ստորացուցիչ գործընթացը: Այս անգամ քաղաքացիները քշվում էին Սերժ Սարգսյանին պաշտպանելու: Եւ տեղի ունեցավ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող հանրահավաք` Երեւանի հանրապետության հրապարակում: Աննախադեպությունը ոչ թե այն էր, որ մարդկանց քշելով, ստիպողաբար բերել էին Սերժ Սարգսյանին լսելու, այլ այն, որ հանրահավաքի ելքերը փշալարված էին: Սա արված էր այն բանի համար, որ մարդիկ չփախչեին հանրահավաքից` «ընտրյալ» նախագահի հանրահավաքից: Բայց ժողովուրդը այս փորձությունն էլ հաղթահարեց, եւ մարդիկ «Լեւոն, Լեւոն» վանկարկելով հեռացան Հանրապետության հրապարակից ու եկան Ազատության հրապարակ: Այստեղ արդեն Քոչարյանն ու Սարգսյանը ստիպված էին, ուղղակի ստիպված էին բացահայտել իրենց ամենակարեւոր «հաճախորդին»` Արթուր Բաղդասարյանին: Բայց սա նույնպես հակառակ ազդեցությունն ունեցավ եւ Ազատության հրապարակում իրենց խոսակցությունից հրաժարվող հարյուրավոր ՀՀԿ-ականների եւ ԲՀԿ-ականների սկսեցին միանալ նաեւ ՕԵԿ-ականներ: Տեղի էր ունեցել շատ կարեւոր իրադարձություն. այն ինչ մենք պետք է երկար բարակ բացատրեինք մարդկանց, այլեւս բացատրելու կարիք չկար: Արթուր Բաղդասարյանն ի սկզբանե եղել է ավազակապետության սպասարկուն, նրա հինգերորդ` պահեստային անիվը: Իսկ ընդհանրապես Արթուր Բաղդասարյանի բացահայտումով բացահայտվեց ավելի կարեւոր մի բան. ՀՀ-ում չկա այլ ընդդիմություն, քան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերը` մնացածն ընդամենը իշխանության սպասարկուներն են: Այս արձանագրումը էլ ավելի ուժեղացրեց Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժման դիրքերը: Իշխանությունը` Արթուր Բաղդասարյանին իր կողմը տանելով, ուզում էր ընդամենը ապացուցել, որ Ազատության հրապարակում հանրության, ժողովրդի փոքրամասնությունն է: Բայց Արթուրիկին ձայն են տվել քոչարյանասերժական ռեժիմի հակառակորդները, որոնք իրենց խաբված զգացին: Ամեն դեպքում այս չափազանց կոպիտ «գաղտնազերծումը» Քոչարյանին անհրաժեշտ էր ուժային գործողությունների ֆոն ստեղծելու համար: Իշխանության այն հույսը, թե ձերբակալությունները, ահաբեկումները, ստի եւ կեղծիքի հայլուրական տարածումը կկոտրեն Ազատության հրապարակում հավաքվածների ոգին` հօդս ցնդեցին: Մնում էր միայն մի տարբերակ` ուժային: Այլապես Բաղդասարյանի գաղտնազերծումը վճռական թափ էր հաղորդում համաժողովրդական շարժմանը:

Ուժային գործողությունների համար հարկավոր էր ֆորմալ պատճառ, որը գոյություն չուներ: Իշխանությունների այն պնդումը, թե տեղի ունեցող հանրահավաքները ապօրինի են, որովհետեւ իրազեկված չեն Երեւանի քաղաքապետարանին, բացարձակապես լուրջ չէին: «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը, նախատեսում է առանց քաղաքապետարանին իրազեկելու հանրահավաքներ, երթեր անցկացնելու հնարավորություն եւ մենք օգտվում էինք հենց այդ հնարավորությունից: Ուստի ֆորմալ առումով հանրահավաքի «ապօրինի» լինելը չներկայացվեց որպես ուժային գործողության պատճառ: Որպես այդպիսին ներկայացվեց իբր վրաններում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը: Այս ամենը, սակայն հետագայում պետք էր ներկայացնել որպես տեղի ունեցածի բացատրություն:

Իսկ իրականում տեղի ունեցավ հետեւյալը. մարտի լույս 1-ի գիշերը, ժամը 6:20-ի մոտակայքում, վահանավոր, սաղավարտավոր, մահակավոր ոստիկանները շրջափակեցին վրաններում քնած ցուցարարներին: Ոստիկանների գալու պահին վրանաբնակների մի մասը, այդ թվում եւ առաջին նախագահը արթուն էին: Տեր-Պետրոսյանը միանգամից մոտեցավ բարձրախոսին եւ ասաց հետեւյալը. «Հանրահավաքի մասնակիցներ, ձեզ հետ խոսում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, խնդրում եմ ոչ մի կոնտակտ ոստիկանության հետ, եթե նրանք եկել են, նշանակում է մեզ ասելու բան ունեն, եկեք լսենք, թե ինչ են նրանք ուզում»: Սրան հետեւեց մոտ 30 վայրկյանանոց մի դադար` կատարյալ լռություն: Եվ հանկարծ Թումանյանի արձանի թիկունքից ոստիկանները հարձակվեցին: Ոչ մի բառ, ոչ մի պահանջ: Հարվածում են մահակներով, էլեկտրաշոկ են կիրառում ու չեն ասում` ինչ են պահանջում: Սա ասում եմ հատուկ, որովհետեւ նման գործելակերպը հակասում է ոչ միայն տրամաբանությանը, այլեւ` օրենքին: «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքն ասում է, որ եթե հանրահավաքը հարկադիր դադարեցնելու, ցրելու որոշում է կայացվել, նախ այդ մասին պետք է իրազեկվեն կազմակերպիչները, ապա նրանց պետք է ողջամիտ ժամկետ տրվի հանրահավաքը դադարեցնելու համար, իսկ եթե կազմակերպիչները դա հրաժարվում են անել, ոստիկանությունը պարտավոր է առնվազն երկու անգամ բարձրախոսով հայտարարել, որ հանրահավաքի մասնակիցները տեղյակ լինեն, որ իրենց նկատմամբ կարող է ուժ կիրառվել: Այս ամենը սակայն չի արվել: Նաեւ` որեւէ մեկը, որեւէ մեկին խուզարկության պահանջ չի ներկայացրել, եթե ներկայացվեր անպայման կբավարարվեր, որովհետեւ մենք հո լավ գիտեինք, որ վրաններում ոչ մի զենք էլ չկա: Եւ եթե անգամ որեւէ վրանում զենք գտնվեր, դա չէր կարող ազդել շուրջօրյա ակցիայի շարունակության վրա, որովհետեւ ում վրանում զենք է հայտնաբերվում, նրան էլ պետք է պատասխանատվության կանչեն եւ դա չի կարող ազդել զենք չունեցողների` հանրահավաք անցկացնելու իրավունքների վրա: (Ի դեպ հանրահավաքի կարգապահական խմբերը Ազատության հրապարակի մերձակայքում կամ վրանների տակ անընդհատ ինչ-որ բենզինով շշեր, մետաղյա ձողեր, մահակներ էին գտնում, որոնք, ինչպես պարզվեց, տեղադրում էին ԱԱԾ եւ ոստիկանության պրովոկատորները): Կարճ ասած` ուժային գործողության հենց սկզբից իրավապահներն իրենց դուրս դրեցին օրենքից: Ազատության հրապարակում տեղի ունեցավ մեծ կռիվ: Ցուցարարները պաշտպանվում էին գիշերային խարույկի համար բերված վառելափայտով կամ ուղղակի մերկ ձեռքերով: Հասկանալի էր, որ այդպես հնարավոր չէր դիմադրել ոստիկաններին, որոնց թիվը գրեթե հավասար էր այդ պահին հրապարակում եղած ցուցարարների թվին: Ոստիկանությունն էլ, հասկանալի է, զինված էր տվյալ իրավիճակի համար անհրաժեշտ ամեն ինչով: Կռիվը տեւեց մոտավորապես 30-40 րոպե: Շատերը տեղում ձերբակալվեցին, շատերը նահանջում էին կռվելով եւ կռիվը Հյուսիսային պողոտայով հասավ գրեթե Հանրապետության հրապարակ: Ինչ վերաբերում է առաջին նախագահին, հենց սկզբից մոտ 20 հոգանոց մի խումբ նրան մեկուսացրեց եւ տարավ դեպի Թումանյանի արձանը: Մեր տղաներից մի քանիսը ինձ Ազատության հրապարակից տարան ապահով տեղ: Ահա այսպիսին ստացվեց 2008 թվականի գարնանային առաջին լուսաբացը: Բայց սա միայն սկիզբն էր դաժան եւ արյունալի իրադարձությունների: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ իսկապես քոչարյանասերժական ավազակապետության խնդիրը ոչ թե Ազատության հրապարակի հանրահավաքը ցրելն է, այլ ժողովրդին ջարդելը, նրան իր նախկին ստրկական վիճակին վերադարձնելը: Մարդիկ առավոտյան դեպքերից հետո, ոմանք էլ դրա մասին չիմանալով, գալիս են Ազատության հրապարակ` սովորականի նման հանրահավաքի: Ազատության հրապարակը նրանք գտնում են շրջափակված եւ բնականաբար խմբվում են մոտակայքում ու մեկ էլ հանկարծ մահակավոր ոստիկանները հարձակվում են նրանց վրա ու դաժան ծեծի ենթարկում: Հասկացանք` ոստիկանություն է, բայց համաձայնեք` ոչ ոք ոստիկանին իրավունք չի տալիս ուղղակի հարձակվել քեզ վրա ու մահականերով հարվածներ հասցնել, կամ էլ էլեկտրաշոկով տոկի տալ: Ոստիկանը նախ պետք է ասի, թե ինչ է ուզում եւ պետք է հիմնավորի իր պահանջի օրինականությունը: Եւ ահա մարտի մեկին մենք անընդհատ տեղեկատվություն էինք ստանում, թե ոստիկանները մի քանի խումբ մարդկանց ծեծի են ենթարկել Մաշտոցի պողոտայում, Հյուսիսային պողոտայում եւ այլն: Ահա այս ծեծված մարդիկ շիվարած, վիրավորված որոշում են հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Բայց այստեղ էլ նրանց սկսում են ծեծել: Հասկանում եք` ոչ մի պահանջ չեն ներկայացնում, ուղղակի ծեծում են եւ վերջ: Այս լուրը տարածվում է Երեւանով մեկ եւ մարդիկ մեկտեղվում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առաջ, եւ երբ մարդիկ հոգնում են ծեծվելուց, իրենք էլ չհասկանալով, թե ինչպես ուժերի հարաբերակցությունը փոխվում է: Մի քանի տրոլեյբուսներով փակում են ջրցան մեքենաների ճանապարհը, ոստիկանությունը սկսում է բանակցել: Սկսվում է անհեթեթ առաջարկների շարան. հանրահավաքը տեղափոխել երկաթուղու կայարանի մերձակա հրապարակ, «Դինամո» մարզադաշտի մոտ, ի վերջո Մատենադարանի մոտ: Բայց հարց է ծագում` ինչո՞ւ տեղափոխել: Ինչո՞ւ: Պատճառ կարող էր բերվել, որ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը խանգարում էր երթեւեկությանը: Բայց այդտեղ այնքան մարդ էր հավաքված, որ ուր էլ տեղափոխվեին, անգամ Ազատության հրապարակ, փողոց էր փակվելու: Մանավանդ Մատենադարանի դեպքում, որի վրա պնդում էր ոստիկանությունը, փակվելու էր Մաշտոցի պողոտան, Կորյունի փողոցին կապող հանգույցը եւ նույնիսկ Մոսկովյան փողոցը, հնարավոր էր նաեւ Սայաթ Նովա-Բաղրամյան պողոտա- Մաշտոցի պողոտա հանգույցը: Այսինքն բոլոր դեպքերում փողոցներ էին փակվելու: Եվ ուրեմն ինչո՞ւ էր ոստիկանությունը պնդում տեղափոխման վրա: Որովհետեւ այս հատվածում նրանք պատասխան ծեծ էին կերել, տարածքը արգելափակված էր ջրցան մեքենաների եւ այլ տեխնիկայի համար: Նրանց պետք էր մարդկանց դուրս բերել բաց տարածություն չորս կողմից ջարդ ու փշուր անելու համար: Ճանապարհին մի երկու պրովոկատոր կջարդեր մի երկու խանութի ապակի եւ սա էլ կլիներ ուժային գործողությունների ֆորմալ պատճառ: Այս սցենարը չստացվեց եւ ահա լուր եկավ, որ ոստիկանները հեռանում են Ֆրանսիայի հրապարակից: Սա սկզբում լավ լուր թվաց, բայց գրեթե միեւնույն ժամանակ եկավ մյուս լուրը` տարբեր տեղերից, այդ թվում եւ Ղարաբաղից, զորք է բերվել Երեւան,զինվորներին բաժանվել են մարտական փամփուշտներ եւ հրաման կա կրակել ցուցարարների վրա մարտական փամփուշտներով: Ես Ֆրանսիայի հրապարակի ճանապարհին էի, երբ այս լուրը ստացվեց: Ես չէի ուզում հավատալ, որ Քոչարյանն ու Սերժը կկրակեն ժողովրդի վրա, բայց եւ նման հեռանկարին կասկածելու որեւէ հիմք չունեի: Ֆրանսիայի հրապարակի տեսարանը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները, առաջինը` մարդկանց թվով, բայց եւ նկատելի էր, որ սադրիչների թիվն էլ քիչ չէր: Ոմանք մոտենում էին եւ ինչ-որ սադրիչ առաջարկներ անում: Բանը հասավ այնտեղ, որ ես ստիպված էի ոմանց կոպտել: Որոշումը միանշանակ էր` մենք մնում էինք Ֆրանսիայի հրապարակում եւ սպասում առաջին նախագահին: Բայց մյուս կողմից մոտենում էին զինված զորախմբեր, որոնք հրաման ունեին կրակել ժողովրդի վրա: Ի՞նչ անել: Միանշանակ պետք էր հոգ տանել հանրահավաքի մասնակիցների անվտանգության մասին: Առաջին խնդիրը հետեւյալն էր` այնպես անել, որ տեխնիկա չմտնի ցուցարարների մեջ: Մինչ իմ գալը, արդեն իսկ մի քանի կողմից փակված էին Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակի մուտքերը, իսկ հրապարակի կենտրոնում ավտոբուսներ եւ մի քանի ոստիկանական «Վիլիսներ» կային: Ահա այդ մեքենաները տեղափոխեցինք հրապարակի մուտքերի մոտ եւ դրանցով պատնեշներ ձեւավորեցինք` բարիկադներ: Ի դեպ, այդ ընթացքում հրապարակում գտնվող բոլոր մասնավոր մեքենաները հանգիստ եւ առանց խոչընդոտի դուրս են եկել այնտեղից: Իսկ իմ նշած ավտոբուսներով զինվորներ էին բերել հրապարակ: Այս ընթացքում մի քանի կողմից հրապարակ էին գալիս նաեւ քաղաքապետարանին պատկանող ավտոբուսներ, երթուղայիններ, որոնց վարորդները միանում էին պատնեշներ կազմողներին: Ֆրանսիայի հրապարակի մուտքերը փակված էին: Բայց սա դեռ չէր երաշխավորում հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը: Ես մարդկանց բարձրախոսով հստակ ասացի հետեւյալը. «Մենք չենք պատրաստվում որեւէ մեկի վրա հարձակվել, բայց եթե մեզ վրա հարձակվեն` մենք կպաշտպանվենք»: Ո՞րն էր նման դիրքորոշման պատճառը: Իշխանության գործողությունները դուրս էին օրենքի շրջանակից եւ արդեն բեսպրեդելի ոլորտում էին: Մենք չէինք կարող ընկրկել ապօրինության առջեւ, բայց եւ չէինք կարող թույլ տալ, որ մեր կանանց, մայրերին մեր աչքի առաջ շան սատակ անեին, կամ մեզ շան սատակ անեն մեր մայրերի ու կանանց աչքի առաջ: Ահա այստեղ է, որ ես տղամարդկանց խորհուրդ տվեցի ինքնապաշտպանության համար ձեռքներին ունենալ փայտ կամ քար: Այս ընթացքում զորքը մոտեցավ երկու կողմից` Շահումյան հրապարակի եւ «Ձկան խանութի»: Այս ողջ պատմության ամենակարեւոր մասն այն է, որ նրանք ոչ մի պահանջ չունեին: Ի՞նչ էին ուզում նրանք առավոտյան, ի՞նչ էին ուզում կեսօրին, ի՞նչ են ուզում հիմա, այդպես էլ անհայտ մնաց: Եվ ի դեպ, զորքը, բանակը եկել էր մինչեւ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելը եւ ընդհանրապես շարքային ցուցարարը որտեղի՞ց պետք էր իմանար, որ արտակարգ դրություն է հայտարարված: Սրանք շատ կարեւոր նրբություններ են, որոնք բնորոշում են տեղի ունեցածի իրավական բնույթը, ավելի ճիշտ` ապօրինի բնույթը: Եվ ահա մի ինչ-որ պահի երեւանյան մթության մեջ լսվեցին կրակոցներ, պայթյուններ: Ֆրանսիայի հրապարակում ոչ ոք չընկրկեց: Երիտասարդների մի մեծ խումբ շտապեց դեպի «Ձկան խանութի» կողմը, որտեղից լսվում էին պայթյուններն ու կրակոցները: Սկզբում միայն օդ էին կրակում, լուսարձակ փամփուշտներով, բայց մի քանի րոպե անց զոհվեց առաջին ցուցարարը եւ քաղաքացիները հասկացան, որ զորքը եկել է իրենց կոտորելու: Ու սկսվեց իսկական մարտը, փայտերով, խողովակներով զինված տղերքը պաշտպանում էին իրենց` ոչ թե հանրահավաք անելու, այլ ապրելու իրավունքը, իրավունք որի դեմ դուրս էր եկել հայոց բանակը, որը մարտական AKC- ներով ու նռնակներով կրակում էր սեփական ժողովրդի վրա: Այս ընթացքում ես անընդհատ բարձրախոսի մոտ էի: Մի շարք ընկերների հետ մենք փորձում էինք ինչ-որ բաներ ասել ժողովրդին, փորձում էինք այնպես անել, որ խուճապ չլինի: Հետո բարձրախոսի մոտից սկսեցին երգել ազգային ազատագրական երգեր, արտասանել բանաստեղծություններ, հետո կրակոցները դադարեցին: Իմացանք, որ ցուցարարները բանակին ետ են մղել մինչեւ Լեոյի փողոց, մինչեւ Ամիրյան փողոց` Մաշտոցի պողոտայի կողմից: Ու հետո տեղի ունեցավ կարճ դադար ու եկավ խանութների ջարդ ու փշուրի ու թալանի մասին լուրը: Հասկանալի էր, որ սա իշխանական ցերեկային սցենարի ուշացած իրագործումն էր, որովհետեւ, եթե հանրահավաքի շարքային, իսկական մասնակիցները ջարդ ու փշուր անեին, չկար ավելի լավ ու անպաշտպան թիրախ, քան Անդրանիկ Մանուկյանի «Մետրոպոլ» հյուրանոցը, կամ Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանը: Այդ թալանը իշխանությանն անհրաժեշտ էր հաջորդ օրը «Հայլուրով» ցուցադրելու բան ունենալու համար: Ի դեպ «Հայլուրը» մինչեւ այժմ չի ասել, որ ցուցարարների դեմ մարտական փամփուշտներով կրակել են եւ կրակողն էլ բանակն է եղել: Ինչեւէ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպասվում է հերթական գրոհը ցուցարարների վրա, այս անգամ արդեն տանկերով: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը այս ողջ ընթացքում տնային կալանքի տակ էր, հանրահավաքի մասնակիցներին հորդորեց հեռանալ: Մինչ այդ արդեն իմացել էինք, որ արտակարգ դրություն է հայտարարված, որ կան բազմաթիվ վիրավորներ, որ կան բազմաթիվ զոհեր եւ այս ֆոնին խիստ պատեհ էր, որ հարթակից բարձրախոսով «Հայր մերը» հնչեցրեց հայ առաքելական եկեղեցու մի արդար սպասավոր: Ի դեպ Ազատության հրապարակում էլ շատ հաճախ հնչում էր «Հայր մերը» եւ հանրահավաքի մասնակիցները աղոթում էին: Այս անգամ սակայն Ֆրանսիայի հրապարակում շատերի աչքերին արցունքներ երեւացին:

Որոշ հարցեր եւ եզրակացություններ

Արտակարգ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի հրամանագիրը լեգիտիմության հսկայական դեֆիցիտ ունի: Սահմանադրությունն ասում է, որ արտակարգ դրություն հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում: Ի՞նչ վտանգ էր սպառնում սահմանադրական կարգին մարտի մեկին: Միակ վտանգը այն էր, որ ոստիկանությունն ու բանակը դուրս էին եկել օրենքի շրջանակից եւ վերածվել մի մեծ հանցավոր զինված բանդայի: Եվ ընդհակառակը` հենց Քոչարյանի սահմանած արտակարգ դրությունն է սպառնում երկրի Սահմանադրական կարգին, երբ ընդդիմությունը բանտերում է կամ ընդհատակում, մամուլը եւ կուսակցությունները փաստացի փակված են, երթեր եւ ցույցեր անցկացնելը արգելված են, առաջին նախագահը տնային կալանքի տակ է, ժողովուրդը չունի տեղեկատվություն, Երեւանի կենտրոնական փողոցները վերահսկվում են ավտոմատավորների եւ տանկերի կողմից: Ահա այն իրավական ռեժիմը, որով ապահովվում է արտակարգ դրությունը: Բայց նույն Սահմանադրությունն ասում է, որ արտակարգ դրության ռեժիմը սահմանվում է օրենքով: Ուրեմն հարց. կա՞ արդյոք Հայաստանում նման օրենք: Իհարկե չկա: Եւ ուրեմն` ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Քոչարյանը կատարել է գործողություն (սահմանել է արտակարգ դրության իրավական ռեժիմ), որի համար լիազորված չէ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Աղվան Հովսեփյան, սա է իշխանության յուրացումը, եւ ոչ թե այն ծիծաղելի հեքիաթները, որ հնարում եք դուք թերեւս անտաղանդ գրողներ Լեւոն Անանյանի եւ Ռազմիկ Դավոյանի օգնությամբ: Բայց սա ամենը չէ: Ո՞վ է Ռոբերտ Քոչարյանին եւ Սեյրան Օհանյանին իրավունք տվել բանակը հանել քաղաքացիական շարժման դեմ եւ տանկեր ու ավտոմատավորներ կանգնեցնել Երեւանի փողոցներում, կրակել մարդկանց վրա: Ցույց տվեք այն օրենքը, որով նման բան անելու իրավունք է տրված մեկին: Ինչո՞ւ է քաղաքացիների դեմ օգտագործվել մարտական զենք եւ ինչո՞ւ չեն կիրառվել գոնե ռետինե փամփուշտներ: Որովհետեւ` ճիշտ էր նկատել Հրանտը, Քոչարյանի եւ Սերժի համար հրապարակում կանգնածները ոչ թե համաքաղաքացիներ էին, այլ թշնամիներ: Եվ այդ թշնամիներին նրանք բնորոշում են կամ որպես հայաստանցի կամ որպես երեւանցի: Եւ ի դեպ, խորհրդակցություններից մեկի ժամանակ Քոչարյանը թույլ էր տվել այսպիսի արտահայտություն. «Մի հատ փըխկ անեմ, էս երեւանցիք փախչելու են»: Հուսախաբ եղավ, չփախան: Մարտի 1-ի իրադարձություններից հետո հասկանալի դարձավ, որ ռոբերտասերժական իշխանությունը եւ Հայաստանի ժողովուրդը գենետիկորեն անհամատեղելի են: Եւ առաջին նախագահի այն ձեւակերպումը, թե այս երկրից կամ Սերժը պիտի գնա, կամ ժողովուրդն է գնալու, որքան էլ դաժան, նույնքան դիպուկ է:

Ատելության մասին

Իշխանությունը անընդհատ թմբկահարում է, որ մեր շարժումը լի է ատելությամբ եւ հանրահավաքներում էլ ատելություն է քարոզվել: Ամենեւին դժվար չէ հերքել այս անհեթեթ պնդումը: Վերջին օրերի մեր երթերում մի այսպիսի ավանդույթ էր ձեւավորվել. որեւէ տեղում ոստիկանական շարքերի հանդիպելիս երթի մասնակիցները բուռն ծափերով ողջունում էին ոստիկանությանը, երթը պատշգամբներից նայող մարդկանց` լինեին դրանք պետական գերատեսչության, մասնավոր տների, թե իշխանական օլիգարխների պատկանող հիմնարկների պատշգամբներ, ահա այդ մարդկանց ջերմագին ողջույններ էր հղում եւ ստանում պատասխան: Սա իհարկե, ատելության նշան է, բայց համաժողովրդական ատելության` Ռոբի եւ Սերժի նկատմամբ:

Ազատության հրապարակում մարդիկ պարում էին ուրախանում, ուղղակի տոնում իրենց վերածնունդը, հոգ տանում միմյանց մասին: Եւ իսկապես զզվելի է լսել պաշտոնական տեղեկությունը այն մասին, թե հրապարակում մնալու համար մարդկանց փող են տվել: Ինչ վերաբերում է սնունդին, ես անուններով չգիտեմ, բայց դեմքով հիշում եմ տասնյակ մարդկանց, ովքեր հրապարակ սնունդ են բերել եւ մարդկանց բաժանել` տաք թեյ, տաք սպաս, բրդուճներ: Այո կազմակերպիչներն էլ սնունդ բաժանել են, որովհետեւ մեկը 100 դոլարի սնունդ է բերել Ազատության հրապարակ, մյուսը ուղղակի այդ 100 դոլարն է բերել եւ խնդրել, որ կազմակերպիչները դա ծախսեն շուրջօրյա ակցիայի կարիքների համար: Եղել են մարդիկ, ովքեր դեղորայք են բերել, վառելափայտ, տաք ծածկոցներ: Եւ ի դեպ, ամեն օր լուսաբացին Ազատության հրապարակը մաքրվել է, կարգի բերվել: Եւ հանրահավաքի ընթացքում Կենտրոնի թաղապետարանը հրապարակում մի օր աղբահանություն չի իրականացրել: Այդ ամենը արվել է հանրահավաքի մասնակիցների միջոցներով եւ օգնությամբ:

Անկարգություններ կազմակերպելու մասին

Հենց սկզբից ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սահմանել է մեր պայքարի հիմնական սկզբունքը. ոչ մի բռնություն: Փետրվարի 20-ի, այսինքն առաջին հետընտրական հանրահավաքը շատ լարված էր: Մարդիկ պահանջում էին ուժային լուծման գնալ: Տեր-Պետրոսյանը սակայն այդ ագրեսիվությունը հիանալի կերպով վերածեց երգուպարի, տոնախմբության: 10 օր Ազատության հրապարակում տոնախմբություն էր, հրավառությամբ, երգ երաժշտությամբ ու պարով, ազգային պարով: Այս տոնախմբության պատճառով ավազակապետությունը ավելի ատեց ժողովրդին, որը նորանոր պատվիրակներ էր ուղարկում Ազատության հրապարակ, թույլ չտալով, որ տոնախմբությունը մարի: 10 օրվա հանրահավաքների, երթերի ընթացքում չի եղել ոչ մի անախորժություն, ոչ մի անկարգություն: Ժողովուրդը հասել էր հոգեկան եւ հոգեւոր հավասարակշռության: Ու եթե չլիներ ոստիկանական լկտի, ապօրինի բռնությունը, տոնը ընթանալու էր առանց անախորժությունների:

Իշխանության յուրացման մասին

Այն մեղադրանքը, որ դատախազությունը հիմա փորձում է փաթաթել մեր վրա, ուղղակի զավեշտական է: ՔՕ հոդվածը կոչվում է «Իշխանության յուրացում»: Անգամ դպրոցականը կհասկանա, որ այս մեղադրանքի հասցեատերը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, որոնք չեն ընտրվել երկրի նախագահ, բայց յուրացրել են նախագահին ու ժողովրդին պատկանող իշխանությունը: Ընդ որում, ԿԸՀ-ի, ԸԸՀ-ների, մարզպետների, քաղաքապետարանների հետ հանցավոր համաձայնության գալով: Հանցավոր համաձայնության կարեւորագույն օղակ է նաեւ ՍԴ-ն: Սա թերեւս ամենաարգահատելի օղակն է, տառաճանաչ, բայց անդեմ, անողնաշար, անինքնասեր, փափկասուն կոկետուհիների հավաքածու:

Սպասո՞ւմ էինք արդյոք

Արդեն տասը տարի խոսվում է այն մասին, որ քոչարյանական իշխանությունը հանցագործ, մարդասպան իշխանություն է: Եւ այսպես պնդողները գտնվում էին հարթակում: Առաջին նախագահն էլ, որ ղեկավարում է շարժումը, համակարգված եւ ամբողջական ներկայացրեց վարչախմբի հանցավոր էությունը: Այսինքն` նման վարչախմբից կարելի է սպասել ամեն ինչ: Այդ առումով մարտի 1-ի եւ հետագա իրադարձությունները, իհարկե սպասելի էին եւ կանխատեսելի: Ուղղակի մեզնից յուրաքանչյուրը հույս ուներ, որ իշխանության մեջ դեռ ինչ-որ բանականություն եւ բարոյականություն մնացել է: Ի դեպ, մենք տեղյակ էինք նաեւ, որ մարտի լույս մեկի գիշերը ժամը 5-ին ներքին զորքերում, ոստիկանությունում եւ բանակում տագնապ է հայտարարվել: Տեղյակ էինք դեռ փետրվարի 29-ի երեկոյան:

Ի՞նչ է լինելու հետո

Քոչարյանն ու իր Սերժը ապացուցեցին այն, ինչ պահանջվում էր ապացուցել. նրանց իշխանության պահպանումը աղետ է Հայաստանի համար: Նրանց իշխանության պահպանումը նշանակում է կորցնել Լեռնային Ղարաբաղը: Շարժումը պետք է շարունակվի նոր թափով: Հայաստանի հրապարակներում պետք է տեղի ունենան հանրահավաքներ, փողոցներում երթեր, քանի դեռ ավազակապետությունը տապալված չէ: Ընդ որում, պայքարը պետք է շարունակել, թե բանտերում, թե ազատության մեջ, թե ընդհատակում:

Հ.Գ ՀՀ առաջին նախագահը ավազակապետության առանցքային դեմքերին նշելիս մոռացել էր խոսել մի առանցքային դեմքի մասին` Վեհափառ ավազակապետի:

Նիկոլ Փաշինյան